Saturday, February 6, 2016

ԽԱՆԴ



ԽԱՆԴ

Խանդն իրականում կողմերից մեկի զայրույթն է մյուսի դավաճանության կամ կարծեցյալ դավաճանության պատճառով։

Սխալ է կարծել, թե խանդը թուլամորթության կամ գտիտության արդյունք է, կամ մանավանդ՝ հիվանդություն։ Առանց պատճառի կամ առիթի ոչինչ չի լինում։ Ճիշտ է՝ պատճառների կամ առիթների շարունակական բնույթը կարող են շարունակական զայրույթ առաջ բերել, բայց խանդը, կամ ավելի ճիշտ, զայրույթը, որքան էլ շարունակական, միևնույն է՝ հիվանդություն չէ։ Հիվանդություն է երբ կողմերից մեկը, դավաճանություն կամ խոստման խախտում նկատելով, մնում է միանգամայն անտարբեր։

Հետևաբար, զայրույթը, կամ խանդը կողակցի դավաճանության կամ կարծեցյալ դավաճանության պատճառով միանգամայն բնական է։

Բայց այս ամենի պատճառը զուրգերի միջև սիրո բացակայությունն է։ Սիրո բացակայությունը բերում է անվստահության, անվստահությունը՝ կասկածների, իսկ կասկածներով ծանրաբեռնված մարդը կողակցի ամեն արարք կարող է դավաճանության փորձ ընկալել, որն էլ բնականաբար առաջ է բերում զայրույթ, կամ խանդ, ինչպես սխալմամբ սովոր ենք որակել այն։

Զայրույթի պատճառ կարող է դառնալ նաև այն, երբ կողմերից մեկը փորձում է, իր պարտավորություններն ու պատասխանատվություններն անտեսելուն զուգահեռ, պահպանել կամ չափազանցնել սեփական իրավունքները։ Ընդհանրապես ներդաշնակությունը իրավունքների ու պարտավորությունների սերտ կապն է։ Այլ կերպ ասած՝ իրավունքների հետ միասին նույնքան պարտավորություններ են գալիս։ Եվ հակառակը՝ պարտավորությունների հետ նույնքան իրավունքներ են ենթադրվում։ Ընտանեկան դժբախտությունները սկսվում են, երբ կողմերից մեկը հրաժարվում է իր պարտավորություններից, կամ պարտավորությունների մի մասից, միաժամանակ պահպանելով այդ պարտավորությունների հետ եկած բոլոր իրավունքները։

Անսահման ազատության, հատկապես ազատ սիրո կողմնակիցները չեն ընդունում որևէ պատասխանատվություն ու պարտավորություններ։ Ազատությունն ու պատասխանատվությունն անհամատեղելի բաներ են նրանց համար։ Բայց, որքան էլ բաղձալի, ազատությունն իրավունքների պես իր հետ նույնքան պարտավորություններ ու պատասխանատվություն է բերում։ Շատերը ձգտում են անսահման ազատության՝ ազատության որևէ պարտավորություններից ու պատասխնատվությունից, միաժամանակ չհասկանալով, որ դրանով դնում են աններդաշնակության հիմքը։ Չկա ազատություն առանց պարտավորությունների ու պատասխանատվության։

Փոխպարտավորություններ կան ոչ միայն ամուսնացած զույգի, այլ նաև ցանկացած մտերիմ զույգի միջև, ընդ որում, հենց նույն փոխպարտավորությունները, անկախ այն բանից, որ դեռ չեն փոխանակվել ամուսնության մասին պաշտոնական հայտարարություններ։ Սա հասկանալու համար պատկերացնենք մի զույգի մտերմություն։ Մի՞թե տղամարդը կնոջը պաշտպանելու ոչ մի պարտավորություն չունի։ Մի՞թե նա կթողնի, որ անարգեն նրան, կամ ծուռ նայեն։ Կամ մի՞թե կինը, եթե իրոք սիրում է տղամարդուն, որևէ անհարգալից վերաբերմունք կդրսևորի նրա հանդեպ, կամ մի՞թե, նրա հետ մտերմություն անելով, միաժամանակ սերտ մանավանդ սեռական մերձեցում կպահպանի ուրիշ տղամարդկանց հետ։ Ի դեպ հարկ է նշել, որ երկու սեռերի միջև չի կարող լինել սեռականից բացի այլ փոխհարաբերություն։ Ցանկացած, նույնիսկ ինտելեկտուալ, շփում երկու հակառակ սեռերի միջև սեռական շփում է։ Պարտադիր չէ, որ բանը հասնի մարմնականի։ Երկու հակառակ սեռի անհատների միջև ընկերական հարաբերություններ ընդհանրապես հնարավոր չեն։ Ամեն դեպքում այդ հարաբերությունները նույնը չեն, ինչ միևնույն սեռի մարդկանց միջև։

Դառանլով մտերիմ զույգին, նրանց միջև առկա փոխպարտավորությունները գործում են այնքան ժամանակ, որքան տևում է նրանց մտերմությունը։ Մտերմության ավարտից հետո այդ փոխպարտավորությունները մեծամասամբ կորցնում են իրենց ուժը։

Երբ մտերմության ընթացքում կողմերից մեկը կամա թե ակամա փորձում է խախտել նրանց միջև առկա փոխպարտավորությունը, ապա մյուսի մոտ արդարացի զայրույթ է առաջանում, որն էլ սխալմամբ կոչում ենք խանդ։

Ի դեպ, փոխպարտավորությունները ոչնչով չեն շղթայում կողմերից ոչ մեկին։ Կարիք չկա վախենալ սեփական ազատությունները կորցնելուց։ Լիարժեք փոխվստահության՝ սիրո, մթնոլորտում պարտավորությունները նույնիսկ բերկրալի են։ Երկու միմյանց սիրող սրտեր միմյանց հանդեպ անսահման հոգատարություն ունեն։ Ու այդ հոգատարությունը երբեք պարտավորության ծանր բեռ չեն համարում, այլ միայն բերկրանք։

Ազատությունը կորում է այն ժամանակ, երբ կողմերից մեկը, չկատարելով իր պարտավորությունները, պահանջում է մյուսից կատարել իրենը։

Ամուսնական արարողությունը միայն կողմերի միջև իրենց մտերմության ընթացքում առաջացած փոխպարտավորությունների պաշտոնական բարձրաձայնումն է. այն, որ աղջիկը խոստանում է հարգել, սիրել ու հնազանդվել, իսկ տղան խոստանում է պաշտել, պաշտպանել ու սիրել։

Ի դեպ, ամուսիններից մեկի կողմից իր խոստման խախտումը դավաճանություն է ու հետևաբար մյուս կողմին ինքնաբերաբար ազատում է իր պարտավորություններից։ Իսկ եթե ավելի ճշգրիտ, ապա այդ դավաճանությունը ինքնաբերաբար չեղյալ է դարձնում ամուսնական կապը։ Պաշտոնական լուծարումը միայն ժամանակի հարց է։

©
Դավիթ Միրզոյան
6 Փետրվար 2016

Հ.Գ. Երկու սիրող սրտերի միջև ամուսնական կապ է ձևավորվում աստիճանաբար, երբ նրանք հասնում են միմյանց հանդեպ լիարժեք փոխվստահության։ Ամուսնական ծիսակատարությունն ու հրապարակավ խոստումների փոխանակությունն արվում են միայն համայնքի անդամների համար, որ բոլորը տեղեկանան և ըստ այդմ վերաբերվեն զույգին։ Նաև նրա համար, որ վկաների ներկայությամբ կատարված ծիսակատարությունը կարծես քարի պես մի բան է դնում ու զմրսում զույգի կապը, դրանով դժվարացնելով այդ կապի քանդվելը։