Sunday, June 18, 2023

«ՀԱՅԻ ՈՒԺ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ» ՀՌՉԱԿԱԳԻՐ

 «ՀԱՅԻ ՈՒԺ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ» ՀՌՉԱԿԱԳԻՐ

Իմ լավ ազգակիցներ, ողջունում եմ ձեզ բոլորիդ։ Անչափ ուրախալի է տեսնել ազգի ճակատագրով մտահոգ նվիրյալների ձեր կուռ համախմբվածությունը։ Մեր ազգային խնդիրներին դիմակայելու և դրանք լուծելու անհրաժեշտությունը վաղուց էր հասունացել։ Համոզված եմ, որ միահամուռ ջանքերով կկարողանաք սարեր շարժել։
Պատմության ընթացքում աստիճանաբար կորցնելով մեր ազգային ուսմունքն ու ազգային պետությունը, մենք ազգովի ստիպված ենք եղել պահպանել մեր գոյությունը պետականության տարբեր կազմավորումների տեսքով, հաճախ էլ օտար պետությունների կազմում որպես հասարակ, երբեմն էլ հալածված ու անարգված հպատակներ։ Օտարի իշխանության ներքո երբեմն ունեցել ենք նաև արտոնյալ կարգավիճակ, սակայն համաձայնեք՝ ոչինչ չի կարող փոխարինել սեփական ազգային պետությանը, ագամ եթե այն չի ընդգրկում մեր պատմական բնօրրանի ողջ տարածքը։
Ներկայումս ազգովի կանգնած ենք մեր ազգային պետությունը վերականգնելու հրամայականի առջև։ Մեր ազգի վերջին մի քանի հազարամյակի պատմությունը մարող փառքի, անհետացող ազգային արժեքների ու ազգաբնակչության պատմություն է եղել։ Ցավոք, մեր անցյալում հաճախ են եղել կտրուկ և անչափ ողբերգական իրադարձություններ, եղել են նաև հույս արթնացնող կարճատև զարթոնքներ, բայց մեր անցյալի պատմությունը հիմնականում աստիճանաբար քայքայվող ու խեղաթյուրվող մշակույթի, կրճատվող տարածքների, մեր անհետացող տեսակի և ամենակարևորը՝ անհետացող, իսկ վերջին մի քանի հարյուրամյակում արդեն, իսպառ անհետացած ուսմունքի և մշակույթի պատմություն է եղել։ Մեր ազգային ուսմունքն ու մշակույթը կորցնելով, մենք ազգովի վերածվել ենք իր կենսագրությունը մոռացած և իր իսկական էությունը չճանաչող, ջունգլիների օրենքներով առաջնորդվող խառնափնթոր ու օտարամոլ մի ժողովրդի։
Եվ այս ամենի մեղավորը մենք ենք՝ մեր նախնիներից սկսած մինչև ներկա սերունդը։ Այդ մենք ենք գործել առաջին և հետագա բոլոր սխալները, կորցրել ենք մեր ազգային ուսմունքը, միաժամանակ որդեգրելով օտարների արժեքներն ու օրենքները, օտարի մշակույթը, օտարի նիստն ու կացը, խոնարհվել, կռացել ու գետնին ենք հավասարվել օտարի առաջ։ Եվ, ցավոք, դեռ շարունակում ենք սխալներ գործել ու ավելի նվաստանալ, ուծանալ ու անհետանալ։ Ազգային ուսմունքի չլինելու և մեր համընդհանուր խավարամտության պատճառով, շարունակում ենք չտարբերել լավը վատից, արժանավորին անարժանից և չենք կարողանում դուրս գալ ահագնացող ազգային ճգնաժամից, մեր երկրի իշխանական լծակների մոտ ենք բերում փողամոլ ու ապազգային, երբեմն էլ հակազգային հանցագործ տարրերի, որոնք մինչ այժմ միայն արհամարհել, նվաստացրել, ստորացրել, կողոպտել ու անարգել են բոլորիս և կործանման հասցրել։ Պատկերավոր ասած՝ ազգովի ընկել ենք անդունդի հատակում գտնվող ճահիճն ու շարունակում ենք ընկղմվել։
Մոտ երեսուն տարի առաջ շատերս մեծ ուրախությամբ ընդունեցինք երկրի անկախացումը։ Մեր պայծառ հույսերն ու ակնկալիքները, սակայն, ջարդուփշուր եղան։ Ամեն ինչ հենց սկզբից գնաց սխալ ճանապարհով՝ ընդունվեց օտարից փոխ առնված գաղափարախոսություն, կիսատ-պռատ կերպով փոխ առնված սահմանադրություն, օտար օրենսդրություն, օտար կառավարման և տնտեսավարման համակարգ և այլն։ Երկիրը կողոպտվեց, անարգվեց, արմատացավ ու տարածվեց կոռուպցիան, բարգավաճեց տգիտությունն ու թալանը, տարածվեց «էլիտար» հանցագործությունն ու լկտիությունը։ Երկու տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունները նոր կյանքի հույս ներշնչեցին հայ ժողովրդին։ Սակայն դեռևս ոչ ոք չգիտի, թե ի՞նչ ուղղությամբ է պետք ընթանալ, ո՞ւր նավարկել։ Անորոշության սև ամպն է կախվել ու ծանրացել անդունդի հատակում գտնվող ճահճի մեջ արդեն մինչև կոկորդներս ընկղմված մեր ազգի գլխին։
Իմ լավ ազգակիցներ, վաղուց ժամանակն է սկսել ինքնափրկության գործընթացը, այլապես խայտառակ կերպով անհետանալու ենք աշխահի պատմության թատերաբեմից։ Այն ազնվասիրտ հայորդիները, ովքեր գոտեպնդում են իրենք իրենց և մյուս բոլորին սին համոզմունքով, թե հնագույն ազգերից միայն մենք ենք մնացել, հետևաբար արտոնյալ կարգավիճակ ունենք տիեզերքում և երբեք չենք վերանա աշխարհի երեսից, ինչպես շատ հինավուրց ազգեր են վերացել, ապա լավ կլինի նկատեն, որ ի տարբերություն բոլոր այն դեպքերի, որ նկատի ունեն, մենք՝ հայերս, մեծաքանակ և օվկիանոսից օվկիանոս տարածված ազգ ենք եղել, մինչդեռ մյուս բոլոր անհետացած ազգերը միայն այս կամ այն գետի ափին ծվարած փոքրաթիվ ժողովուրդներ են եղել։ Ինքնախաբեությամբ զբաղվելը անչափ կործանարար զբաղմունք է։ «Լավ ասենք, որ լավ լինի» հանրահայտ ինքնախաբեության տեխնոլոգիան մեր ազգի ողբերգությունն է։ Վատը լավ համարելը, կամ սխալի վրա աչք փակելը ո՛չ վատը լավ կդարձնի, ո՛չ էլ սխալն ու մոլորությունը՝ ճշմարիտ ընկալում։ Վատը լավ համարելը ավելի է մեծացնում այն, իսկ սխալի վրա աչք փակելը թույլ չի տալիս, շտկել այն։ Ինչպե՞ս կարելի է բուժել հիվանդին, եթե աչք փակես հիվանդության ախտանշանների վրա։
Ինչևէ... տիեզերքն իր օրենքներն ունի և նրա համար «ֆավորիտներ» չկան։ Տիեզերքը գործում է արդարության սկզբունքով։ Եթե որևէ ազգ իրեն արժանավայել չի պահում՝ չի կատարում իր գենետիկ կոդից բխող առաքելությունը, ապա ոչնչացվելու է, կա՛մ ուրիշ ազգերի ձեռքով, կա՛մ, ինչպես մեր դեպքում, նաև ուրիշ ազգերի մեջ ձուլվելով։ Մենք շատ վաղուց արդեն կորցրել ենք մեր ազգային ուսմունքն ու մշակույթը և դարձել ենք օտարամոլ, հաճույքով ուծանում ենք և՛ ներսում, և՛ դրսում ու, ցավոք, դասեր չենք քաղում դեռ։
Ընդհանրապես, հիվանդությունը բուժելու համար նախ պետք է ընդունել, որ այն կա, հետո փորձել դիտարկումներ անել, նկատել հիվանդության ախտանշանները, և հանգել ճշմարիտ ախտորոշման։ Ախտորոշելուց հետո հարկավոր է պարզել հիվանդության պատճառները։ Այնուհետև փորձել վերացնել այդ պատճառները, քանի որ շատ հաճախ հիվանդության պատճառները վերացնելուց հետո, վերանում է նաև հիվանդությունը։ Բայց երբեմն անհրաժեշտ է լինում հիվանդին որոշ ժամանակով պահել առողջացման ռեժիմի մեջ, երբեմն էլ դեղամիջոցներ և այլ բուժամիջոցներ գործածել։ Թեթև դեպքերում բավարար է միայն բացատրել հիվանդին իր հիվանդության պատճառներն ու ներկայացնել բուժման ծրագիրը և հիվանդն ունքնուրույն կսկսի կիրառել դրանք և ապաքինվել։ Բայց ծանր դեպքերում երբեմն հարկ է լինում հիվանդին հիվանդանոց տեղափոխել, ժիշկների հսկողության և բուժքույրերի խնամքի ներքո, քանի որ հիվանդն ինքնուրույն չի կարող կատարել բժշկի բոլոր խորհուրդները։ Առավել ծանր դեպքերում անհրաժեշտ է լինում շտապ բուժօգնություն կազմակերպել կամ տանը, կամ էլ հիվանդին անմիջապես հիվանդանոց տեղափոխել, նրա կյանքը փրկելու համար։ Իսկ երբեմն հիվանդի վիճակն այնքան ծանր է, որ բժիշկների անմիջական միջամտության կարիքը կա, վիրահատական մեթոդների կիրառման և դեղամիջոցների ինտենսիվ ներարկման միջոցով։
Մենք՝ հայ ազգի նվիրյալ զավակներս, ծայրաստիճան անհանգստացած ենք մեր ազգի ներկա վիճակով և շատ հնարավոր անփառունակ ապագայով։ Փոխաբերական իմաստով ասած՝ գործ ունենք ծանր, համարյա մահամերձ հիվանդի հետ, որը սակայն իրեն ամենևին էլ հիվանդ չի համարում, ոչինչ չի ուզում հասկանալ և հրաժարվում է որևէ բացատրություն ու խորհուրդ լսել, հատկապես՝ լսել իր հիվանդության պատմությունը, հասկանալ իր հիվանդության պատճառներն ու որևէ պատասխանատվություն ստանձնել իր վիճակի համար։ Ինչ-որ բան թույլ չի տալիս նրան գոնե որևէ մեղավորություն ընդունել, հետևաբար նաև պատասխանատվություն ստանձնել որևէ բան անելու և ապաքինվելու համար։
Դեռ շատ տարիներ առաջ աշխարհի երկրներին նմանեցնում էի փոթորկոտ ծովում լողացող նավերի հետ։ Մեկը հսկա ռազմանավ էր, մյուսը նման էր առագաստանավի և այլն։ Յուրաքանչյուրն իր նշանակությունն ուներ ու նպատակակետը։ Մինչև անկախացումը, մենք ևս ինչ-որ նշանակություն ունեինք և նպատակակակետ՝ փորձում էինք վերածնունդ ապրել, զարգանալ, կյանք վայելել վերջապես և այլն։
Հիմա չգիտենք, թե ուր ենք ընթանում, ընթանո՞ւմ ենք արդյոք, թե՞ ոչ։ Պատկերավոր ասած, անկախացումից հետո նավարկելու ո՛չ քարտեզ ունենք, ո՛չ կողմնացույց, ոչ էլ որևէ նպատակակետ՝ չգիտենք, թե ուր է պետք նավարկել և ինչպես։ Իրականում նավապետ ևս չենք ունեցել։ Բոլորը ժամանակավոր բախտախնդիրներ և օտարի դրածոներ են եղել, անձնակազմը՝ ևս։ Իսկ ուղևորները ապրել են անտարբեր ու մեծամասամբ նավից հեռանալու մասին են մտածել։ Ինչո՞ւ։ Որովհետև նավապետի ամեն պաշտոնակատար նավը կտրատելուց և լափելուց բացի ուրիշ ոչինչ չի արել։
Երկիրը կտրտելն ու լափելը, ծավոք, այնքան երկար պատմություն ունի մեզանում, որ այլևս ուրիշ ոչինչ չենք պատկերացնում։ Նավարկելու՝ որևէ քարտեզ կամ կողմնացույց ունենալու, թիավարելու և որևէ տեղ հասնելու, փոխարեն կտրտում ենք նավն ու լափում։ Իսկ այն շատ քչերը, ովքեր անկեղծորեն ու անմնացորդ մտահոգված են փրկել նավը բոլորի հետ միասին, ո՛չ, լծակ ունեն, ո՛չ էլ որևէ ամբիոն, անմիաբան են ու անկազմակերպ և վախենում են քարկոծվել հենց նույն խորտակվողների կողմից։
Իմ լավ ազգակիցներ, մենք՝ հայ ազգի նվիրյալ զավակներս, խիստ մտահոգված մեր ազգի ներկա վիճակով և մոտեցող անփառունակ ապագայով, գիտակցելով որ մեր բոլոր դժբախտությունների հիմնական պատճառը դարեր շարունակ հայ ազգային ուսմունքի բացակայությունն է եղել, եզրակացնելով, որ հետևաբար դեղատոմսը մեր ազգային ուսմունքն է և այդ ուսմունքից բխող օրենքներն ու մշակույթը, միաժամանակ ընդունելով մեր առաքելությունը և պատասխանատվություն ստանձնելով վերականգնել մեր ազգային ուսմունքի վրա հիմնված համայն հայության ազգային պետությունը, հռչակում ենք «ՀԱՅԻ ՈՒԺ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ» միահամուռ և միասնական ջանքերով հայ մարդու տեսակը, նրա կյանքը, առողջությունը, շահերը, պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու նպատակով, աշխարհի որ ծայրում էլ ապրելիս լինի նա։
Մենք չենք մտնում քաղաքական դաշտ, ազգը պառակտելու միտումով։ Անհնար է պառակտել առանց այդ էլ հարյուրավոր կուսակցությունների և հազարավոր հասարակական կազմակերպությունների միջև խորապես պառակտված ազգը։ Հարյուրավոր կուսակցությունների մեջ ևս մեկի առաջանալը ոչնչով չի խորացնի այդ պառակտումը, սակայն կարող է որոշիչ դեր ունենալ ազգային միաբանության գործընթացում։
Ընդհանրապես, որևէ նոր կուսակցության ստեղծումը, որը միայն անունով է տարբերվելու քաղաքական դաշտում առկա մյուս բոլոր կուսակցություններից, ինչպես նախկինում է եղել միշտ, ոչնչով չի նպաստելու երկրի առջև ծառացած խնդիրների լուծմանը, այլ միայն խորացնելու է պառակտումը։ Այս առումով միանգամայն անօգուտ կլիներ նման կուսակցության առաջ գալը։
Մեր դեպքում, սակայն, իրավիճակը միանգամայն այլ է։ Մեր նպատակը չէ մարդկանց հավաքագրել, միայն քանակ լրացնելու, ընտրություններին մասնակցելու և Ազգային Ժողովում պատգամավորական աթոռներ նվաճելու համար։ Մեր նպատակը չէ իշխանական լծակներ գրավելն ու այդ լծակներն օգտագործելը սեփական շահերի համար։ Մեր նպատակն է մեր ազգային ուսմունքի շուրջ համախմբել անապական, ազնվաբարո նվիրյալներին և ազգային պետություն կառուցել։ Մեր նպատակը կուսակցաշինությունը չէ։ Մեր նպատակը պետականաշինությունն է։ Մեր նպատակը քաղաքական դաշտում ձայների համար պայքարելը չէ։ Մեր նպատակը ողջ ազգի առաջնորդությունը ստանձնելն է, նրան ըստ մեր ազգային ուսմունքի առաջնորդելը։ Վերջապես մեր կուսակցությունը քաղաքական պայքարի համար կազմավորվող սովորական միավորում չէ։ Այն ազգային ուսմունքի շուրջ համախմբված նվիրյալների միաբանություն է, ազգային ուսմունքի դարբնոց, որտեղ պատրաստվելու են մեր ապագա առաջնորդները, ազգային ուսմունքի ուսուցիչներն ու դատավորները, կառավարիչները, ռազմիկներն ու օրինապահները։
Հետևաբար «Հայի ուժ»-ը կուսակցություն չէ, այդ բառի սովորական իմաստով։ Այն վերկուսակցական, գաղափարակերտ կառույց է։ Երկրում առկա օրենսդրական դաշտում այն միայն գործելո՛ւ է որպես կուսակցություն, բնակչությանը կրթելու, ուսուցանելու, բացատրելու, համոզելու և ընտրություններին մասնակցելու միջոցով խաղաղ իշխանափոխության հասնելու նպատակով։
Սիրելի ազգակիցներ, մեզ կարող են անդամակցել հայ ազգային ուսմունքին ծանոթ և այն ընդունող, ազգային պետության կառուցմանը լծված անձնվեր, արդար, անկաշառ, միմյանց հանդեպ հոգատար, կուսակցության նպատակների համար պայքարում անձնազոհ հայ նվիրյալները, ովքեր պատրաստ են գործել միահամուռ ու փոխհամաձայնեցված, եղբայրության, արդարության և իրավահավասարության սկզբունքներով, ի բարորություն մեր պանծալի հայրենիքի, հանուն մեր արիասիրտ նախնիների, նրանցից ժառանգած մեր արարչական գեների և ի պաշտպանություն մեր չքնաղ սերունդների։
Շնորհակալություն
©Դավիթ Միրզոյան. 16 Հունիս, 2020 թ.