Thursday, December 3, 2015

ԲԱՑ ՆԱՄԱԿ/ԴԻՄՈՒՄ ԻՄ ԱԶԳԱԿԻՑՆԵՐԻՆ



Սիրելի ազգակիցներ, դիմում եմ ուղիղ ձեզ, որովհետև մտավորականություն չունենք։


Ներկայումս և՛ իշխանությունները, և՛ իշխանության ձգտողները ձեզ փորձում են խաբել, առաջիններն իրենց դիրքերն ամրապնդելու, իսկ երկրորդները իշխանական լծակների մոտ հասնելու համար։ Նկատեք, որ իշխանության ձգտողները բացի «ազնվորեն» կառավարելուց ուրիշ ոչ մի լուրջ փոփոխություն չեն խոստացել ո՛չ ներքին, ո՛չ էլ երկրի արտաքին քաղաքականության մեջ, ո՛չ տնտեսավարման, ո՛չ էլ կառավարման ոլորտում, ո՛չ սոցիալական ապահովվածության, ո՛չ էլ առաջին անհրաժեշտության ապրանքների գների ու ծառայությունների և ընդհանրապես մենաշնորհության արատավոր երևույթի դեմ պայքարի շուրջ և այլն։


Մինչ այժմ ձեր իմաստուն մոտեցմամբ դուք իհարկե ո՛չ իշխանություններին եք վստահում, ո՛չ էլ իշխանության ձգտողներին։ Ձեզնից յուրաքանչյուրն իրեն բնականաբար հարց է տալիս` «ինչ կստանամ ես իմ զոհաբերությունների դիմաց»։ Պատասխանը մեղմ ասած հուսադրող չի։ Դա է պատճառը, որ ձեզնից շատ շատերը կրավորական կեցվածք են որդեգրել։ Շատերը համոզված են, որ իշխանափոխությամբ, որն իրականում մարդափոխություն է, ոչինչ չի փոխվելու։ Շատ շատերն էլ չեն հավատում, որ թեկուզ հենց այդ մարդափոխությունն է հնարավոր։


Ապագայի հանդեպ անորոշությունը մեծամասնությանը գամել է տեղում։ Ներկայումս ոմանք ոտքի են կանգնել, որովհետև նույնիսկ եթե լիովին չեն հասկանում առաջարկվող սահմանադրական փոփոխությունների էությունը, բայց "ՈՉ" են ասելու հենց միայն այն պատճառով, որ այդ ամենը ներկայիս իշխանությունների նախաձեռությունն է։ Միանգամայն իմաստուն որոշում։


Բայց թե ի՞նչ է լինելու հետո, ինչպե՞ս բարեփոխել երկիրը, որ մարդիկ ապրեն կուշտ ու երջանիկ, ոչ ոք չգիտի։ Թվում է թե իշխանության ձգտողները պիտի իմանային, բայց նրանք ևս չգիտեն, չնայած շրջանառության մեջ են դրել համակարգային փոփոխություններ արտահայտությունը։ Ամեն դեպքում կոնկրետ տնտեսավարման ու կառավարման ոլորտին վերաբերող առաջարկներ չկան։ Ոմանք սկսել են խոսել ազգային ուսմունքի անհրաժեշտության մասին, բայց դեռ ազգայնականությունից բացի ուրիշ ոչինչ չեն պատկերացնում։


Նախ պարզենք, թե ինչ է ուսմունքը։ Ուսմունքը որևէ ազգի գենետիկ կոդին համահունչ արժեքների համակարգի ու դրանից բխող ապրելակերպի նկարագրությունն է։ Այսինքն` ուսմունքն, ի վերջո, ներկայացնում է այն, թե ի՞նչ պիտի անի տվյալ ազգը, ինչու՞, ինչպե՞ս պիտի անի ու ինչի՞ պիտի ձգտի հասնել։


Մեր ազգային ուսմունքի հիմնադրույթներից է բոլորի հավասարազորության դրույթը։ Բոլորի հավասարազորության դրույթից բխում է մարդու կողմից մարդու շահագործման բացառումը, որից էլ բխում է կապիտալիզմի բացառումը։ Հետևաբար մեր ազգային ուսմունքին համահունչ տնտեսավարման ձևը ազգայնացված տնտեսավարումն է։ Տնտեսավարում, որտեղ ոչ ոք իրավունք չունի մասնավոր սեփականություն ունենալ ու շահագործել մյուսներին, որտեղ հողը, ջուրն ու ընդերքը և այլն, չեն կարող լինել որևէ մեկի մասնավոր սեփականությունը։


Մեր ազգային ուսմունքին համահունչ տնտեսավարումը նահապետական տնտեսավարումն է, երբ ամեն ընտանիք իրավունք ունի զբաղվել իր նախընտրած տնտեսական գործունեությամբ։ Փաստորեն, ընտանեկան տնտեսությունները մեր ազգային ուսմունքին համահունչ միակ տնտեսավարման ձևն են։ Ընտանեկան տնտեսությունները կարելի է անվանել նաև նահապետական տնտեսություններ, որտեղ տնտեսական գործունեության գլուխն ընտանիքի հայրն է կամ գերդաստանի մեծ հայրը` գերդաստանի նահապետը։ Նահապետական տնտեսավարումից բխում է նաև երկրի նահապետական կառավարում, որտեղ համայնքի գլուխը համայնքի ամենատարեց ու ամենաիմաստուն նահապետ է։ Նույնը քաղաքի ու երկրի մաշտաբով։ Երկրի գերագույն նահապետը արքան է։ Համայնքի ու քաղաքի նահապետների պես, նա երկրի գերագույն նահապետն է` գերագույն դատավորը, զինված ուժերի գերագույն հրամանատարը, տնտեսության գերագույն կառավարիչը։ Բայց առաջին հերթին արքան իր ազգի արժեհամակարգի` ուսմունքի, կռողն է, կրողը, ուսուցիչն ու պահապանը։


Չի կարելի հավատալ այն իշխանության ձգտողներին, ովքեր որպես համակարգային փոփոխություն չեն առաջարկում` տնտեսության տոտալ ազգայնացում և միապետություն, այլ փոխարենը միայն ազնիվ կառավարում են խոստանում։


Եթե շատերը կարծում են, թե հնարավոր է ներկայիս կապիտալիստական տնտեսավարման ու դեմոկրատական կառավարման պայմաններում ազնիվ ու բարեկեցիկ երկիր ունենալ, թող գոնե փորձեն հավաստիացում ստանալ իշխանության ձգտողներից, որ իշխանավորների ու նախարարությունների բոլոր պաշտոնյաների աշխատավարձերըը կախված կլինեն բնակչության ընդհանուր բարեկեցությունից։ Չի կարելի թույլ տալ, որ օրենսդիրների, օրինապահների, դատավորների, ընդհանրապես բոլոր նախարարությունների պաշտոնյաների աշխատավարձերն անփոփոխ բարձր մնան անկախ ժողովրդի բարեկեցության մակարդակի։


Հարգանքներով,
Դավիթ Միրզոյան
3 Դեկտեմբեր, 2015


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ փաստաթղթին կարող եք ծանոթանալ այստեղ`
https://www.facebook.com/tagavorutyun/