Friday, October 10, 2014

ՄԵՐ ՊԱՌԱԿՏՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ` ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆ

Մեր պառակտվածության պատճառը շատ խորն է նստած մեր գենետիկ կոդում։
Ու ոչ մի բան չի փոխի այն, գոնե ներկա էտապում ոչինչ չի փոխի։ Հետագայում գուցե մեր ուսմունքի սերմանումը փոխի, բայց հիմա հնարավոր չի։
Այսինքն, ազգի մասին մտահոգ մարդկանց` մտավորականներին, համախմբելու մեկ կուսակցության կամ նույնիսկ խմբավորման մեջ անհույս է։ Ամեն հայ իր գոռոզության պատճառով չի մտնում մյուսի դրոշի տակ։ Եթե նույնիսկ գտնի էլ, որ այդ մյուսի գաղափարը ճիշտ է, միևնույն է չի մտնի։
Ուրեմն իզուր ջանքեր են կանչել, մանավանդ հորդորել հայազգի մտավորականներին կենտրոնացված կառավարմամբ գործող խումբ կազմել ու գործել որևէ մեկի դրոշի տակ։ Ի՞նչ անել։

Ինչպես ասել եմ նախկինում, իսկական հեղափոխությունը գաղափարական հեղափոխությունն է։ Հեղափոխությունը փողոցներում չեն անում։ Այլ մարդկանց սրտերում։ Իսկ դա կարելի է անել ցանկացած միջոցով։ Համացանցը վատ միջոց չի։ Ֆեյսբուքում են մեր ազգի բանիմաց ու հայրենասեր մարդիկ։ Ոչ բոլորն իհարկե, բայց շատ կան։
Քանի որ գաղափարի տարածումը միակ հեղափոխությունն է, ապա ամենևին կարիք չկա, որ մտավորականները միավորվեն մեկի առաջնորդության տակ։ Բավական է, որ այդ մտավորականները գործեն միայնակ ու տարածեն գաղափարը։ Միայն հարկավոր է, որ տարածողներն այդ գաղափարը սեփականը համարեն։
Իսկ դրա համար անհրաժեշտ է որ գաղափարի հեղինակը չերևա որպես առաջնորդ, մնա ստվերում։ Այս դեպքում մեր թշնամիները չեն կարող գլխատել շարժումը, որովհետև չի լինի մեկ գլուխ։ Կլինեն հազարավոր գլուխներ։ Հազարավոր գլուխների հետ դժվար է։ Բոլորին չես գլխատի։
Փաստորեն հարկավոր է գաղափարը վիրուսի պես գցել ու հետևել զարգացումներին։ Գաղափարն ընդունելություն կգտնի ամենապատրաստ միջավայրում ու կսկսի ինքն իրեն բազմանալ ու այդպես շարունակ։
Այսքանը։


Իսկ երբ գաղափարը համազգային տարածում ստանա, դրա դեմն էլ ոչ ոք չի կարող առնել։

©Դավիթ Միրզոյան
Սեպտեմբեր 2014

ՄԵՐ ՃԳՆԱԺԱՄԻ ԱԽՏԱՆՇԱՆՆԵՐԸ

Մեր ազգի ներկա ճգնաժամի ախտանշանները բոլորն են տեսնում` հանցագործ օլիգարխիկ համակարգ, համատարած կոռուպցիա ու իշխանավորների անպատժելիություն։

Սակայն շարունակաբար մատնանշելով ու հայհոյելով դարդին դարման չես անի։
Հարկավոր է հասկանալ հիվանդության պատճառն ու բուժամիջոց գտնել։

Ամբողջ մեղքը դրսի ուժերի վրա գցելը ճիշտ չէ. մարմինը հիվանդանում է ոչ միայն հիվանդածին բացիլների պատճառով, այլ հիմնականում մարմնի իմունային համակարգի թուլության պատճառով։ Հիվանդածին բացիլներ միշտ էլ կան ու շրջապատում են բոլորին. սակայն հիվանդանում են ոչ բոլորը։ Ուժեղ իմունային համակարգ ունեցող ազգերը չեն հիվանդանում։

Ուրեմն պատճառը հիմնականում մեր մեջ է։ Մեր խուժան ու հանցագործ իշխանավորներն ու նրանց ծառայողները դրսից չեկան։ Նրանք բոլորն էլ ծնվել ու մեծացել են ներսում։ Աննկատ։ Չնայծ` նկատողներ կային։ Պարզապես նրանց լսող ու հավատացող չկար։ Չկար այն իմունային համակարգը որ կզսպես այդ բացիլներին ու թույլ չէր տա հզորանալ ու բազմանալ, թույլ չեր տա ոհմակներ կազմել ու գրավել իշխանությունը։

Ամեն ինչ եղել է մեր թողտվությամբ։ Մինչև չվերականգնենք մեր իմունային համակարգը` մեր ազգային ուսմունքն ու չսերմանենք այն, ապա կշարունակենք ընթանալ դեպի կործանում։

Անհատի կամ ազգի առըջընթացի գրավականը անկեղծ որոնումը, բացահայտումն ու ազնիվ ինքնախոստովանությամբ ինքնամաքրումն է, առանց որի ազգը դատապարտված է մահվան։ Իր ապագան վտանգված ազգի միակ փրկությունը սեփական վերադաստիարակությունն է (Արարչական օրենքներից)։

©Դավիթ Միրզոյան,

Հունիս 2014