Thursday, April 14, 2016

ՌՈՒՍԱՍՏԱՆ ԹԵ՞ ԱՄԵՐԻԿԱ

ՌՈՒՍԱՍՏԱՆ ԹԵ՞ ԱՄԵՐԻԿԱ
Ադրբեջանի կողմից վերջին լայնածավալ հարձակումը մեր երկրի վրա ստիպեց բոլորիս կենտրոնացնել մեր ողջ ուշադրությունը այդ երկրի ուղղությամբ։ Որոշ լրատվական շրջանակներ, հատկապես ռուսական, ռազմական գործողությունների հենց սկզբից սկսեցին ամեն ջանք գործադրել ադրբեջանի հարձակման մեջ տեսնելու միայն թուրքիայի ձեռքը։ Իսկ որոշ քաքաքագետներ, համոզված եմ ռուսամետ, նույնիսկ փորձեցին վերջին սրացման մեջ «տրամաբանական» բացատրություններ ներկայացնել, մեղադրելով միացյալ նահանգներին։ Իբր` միացյալ նահանգներն են կազմակերպել ադրբեջանի հարձակումը ադրբեջանին պատժելու համար, հետևաբար` Հայաստանի օգտին;)) Ընթերցողներին նման անհեթեթության մեջ համոզելու համար հոդվածագիրը նույնիսկ «ոչխար» անվանեց նրանց, ովքեր դեռ չեն տեսնում միացյալ նահանգների ծրագիրը։ Ի՞նչ ասեմ... ես հենց նրանցից մեկն եմ երևի։ Ո՞վ ինձ կբացատրի, թե ինչո՞վ էր միացյալ նահանգներին «տրամաբանորեն» ձեռնտու ադրբեջանի հարձակումը, այն դեպքում երբ ադրբեջանն արդեն վերջնական կողմնորոշում է դրսևորել դեպի Ռուսաստանը։
Կարծում եմ ռուս-ադրբեջանական մերձեցումը գաղտնիք չէ. նույնիսկ շատ ակնառու է։ Ի հակադրություն, ադրբեջանի հարաբերությունները միացյալ նահանգների հետ հասել են այն աստիճանի, որ նահանգները ամենախիստ տնտեսական պատժամիջոցներն են հայտարարել Ադրբեջանի նկատմամբ։
Գուցե կողմերը կրկնակի խաղե՞ր են խաղում։ Այսինքն` Ռուսաստանը ցույց է տալիս, թե ադրբեջանի հետ բարեկամ է, բայց իրականում Հայաստանի դաշնակիցն է։ Այդ դեպքում ինչպե՞ս բացատրել այն, որ ադրբեջանական կողմից զին տեխնիկայի կուտակումների մասին Հայկական կողմին չի զգուշացրել։ Թե՞ ուզում էր, որ Ադրբեջանը հարձակվի, որոշ տարածքներ գրավի, որ հետո ինքը միջամտի ու... ի՞նչ անի։ Ո՞վ կասի ինձ` ի՞նչ նպատակ էր հետապնդում ռուսը հայկական կողմին ադրբեջանական զին ուժի կուտակումների մասին չտեղեկացնելով։ Գուցե նպատակը խաղաղապահների անհրաժեշտության մեջ հայկական կողմին համոզե՞լն էր։ Իսկ եթե մերոնք չկարողանային դիմադրել ու թուրքերը գրավեին շատ ավելի մեծ տարածքներ ու սրի քաշեին Ղարաբաղի ողջ բնակչությա՞նը, ապա հետո ի՞նչ իմաստ կունենար խաղաղապահների տեղադրումը (իրականում սովետական միության փլուզման հետևանքով վերացած ռուսական ռազմաբազայի վերականգնումը), եթե թուրքերը վերադարձնեին իրենց կորցրած տարածքները, Ղարաբաղը ներառյալ։ Ու հետո` ինչո՞ւ պիտի հայերը վճարեն այն ռազմաբազայի վերականգնման համար, որը վերացրել են անկախ Ադրբեջանի իշխանությունները։ Իսկ գուցե ադրբեջանի հարձակումը կառավարվո՞ղ հարձակում էր։ Այսինքն ռուսները հենց սկզբից գիտեին, թե ադրբեջանցիք երբ են հարձակվելու, ինչ ուժերով ու որքան են առաջանալու հայկական տարածքի մեջ։ Հետաքրքիր է` որքա՞ն տարածք ու որքա՞ն մարդկային զոհ էին նախատեսել։ Պատկերացնո՞ւմ եք` ի՞նչ հոգեվիճակ կտիրեր Հայաստանում, եթե մեր մարդկային ու տարածքային կորուսներն ավելի մեծ լինեին քան` այսօր։ Չնայած, մեր ազգի հանդեպ մեր դաշնակցի դավադրության չափը ոչնչով չի նսեմանում նրանից, թե որքան տարածք ենք կորցրել ու որքան զոհեր ենք տվել։ Թեկուզ մեկ անմեղ մարդկային կյանքի զոհաբերությունը հրեշավոր է նման ծրագիր իրականացնելու համար։ Հրեշավոր է հենց ծրագրի մտահղացումը, այն էլ` դաշնակցի կողմից։
Դառնանք Միացյալ Նահանգների տարբերակին։ Ինչպես ասացի, որոշ քաղաքագետներ պնդում են, թե ադրբեջանի ռազմական ներխուժման թույլտվությունը եկել է այնտեղից։ Եթե այդպես է, ապա ինչո՞ւ ռուսները կասեցրին մեր հակահարձակումը, ինչո՞ւ թույլ չտվեցին գոնե հրթիռահարել Ադրբեջանի ստրատեգիական նշանակության ենթակառուցվածքները. ասենք` հենց արևմուտքին պատկանող նավթամուղը և այլն։ Կամ եթե Նահանգները դա արել են ադրբեջանին պատժելու համար, ինչը ներկայացվում է որպես այնքան պարզորոշ մի բան, որ չհասկացողը միայն ոչխար կարող է լինել, ապա ուրեմն Նահանգների ու Ադրբեջանի հարաբերություններն իրոք շատ վատ են։ Ուրեմն իրոք Ադրբեջանը բացահայտ ռուսական կողմնորոշում է ընտրել։ Բայց եթե Ադրբեջանն իրոք բացահայտ ռուսական կողմնորոշում է ընտրել ու Նահանգները փորձում են պատժել Ադրբեջանին, ապա ինչպե՞ս։ Ի՞նչ պիտի հետևեր ադրբեջանի կողմից Հայաստանի վրա լայնածավալ հարձակմանը։ Գուցե հենց Նահանգների կողմից Ադրբեջանին պախարակե՞լը, կամ գուցե Ղարաբաղի ինքնիշխանությունը ճանաչե՞լը։ Գուցե կա մեկ այլ բան, որ չեմ հասկանում։ Ո՞վ կբացատրի։ Ինչպե՞ս պիտի Ադրբեջանը պատժվեր հարձակվելով Հայաստանի վրա։ Ադրբեջանին պատժելու համար Նահանգները կարող էին պատժամիջոցներ կիրառել։ Կամ նրա ռուսաստանին միանալը կանխելու համար կարող էին սպառնալ ճանաչել Ղաաբաղի անկախությունը։ Կամ եթե զայրացած էին նրանից, որ ադրբեջանն արդեն անցել է ռուսների կողմն ու փակել Աֆղանստանից արևմուտք ամերիկյան ռազմաօդային ուժերի թռիչքների ճանապարհը, ապա կարող էին պարզապես ճանաչել Ղարաբաղի անկախությունն ու վերջ։ Ինչո՞ւ հրահրել ադրբեջանին հարձակվել Հայաստանի վրա։ Որ Հայաստանը հակահարձակում գործի ու ավելի մեծ տարածքներ գրավի՞։ Բայց չէ՞ որ Նահանգները մեզ իրենց դաշնակիցը չեն համարում, այլ` ռուսի։ Ինչո՞ւ պիտի մեզ, կամ ռուսին, հնարավորություն տային ընդարձակել մեր ազդեցության ոլորտը։ Իրոք` ոչինչ չեմ հասկանում։
Ամեն դեպքում կարծում եմ, որ առաջին տարբերակն ամենաճիշտն է։ Ռուսը վճարել է Հայաստանով, մեր հայ զինվորների ու խաղաղ բնակչության կյանքերով Ադրբեջանին իր կողմը գրավելու համար։ Այլապես չէր արգելի մեզ հակահարձակման անցնել ու հրթիռակոծել Ադրբեջանի տարածքը։ Ակնհայտորեն ադրբեջանի վերջին հարձակումը վերահսկվել է ռուսների կողմից. Դա հենց իրենք են խոստովանում։
Մի խոսքով, ինչպես գրել էի հարձակման հենց առաջին օրերին, այդ հարձակումը ձեռնտու էր միայն ռուսներին ադրբեջանին իրենց կողմը գրավելու և իրենց ազդեցութան ոլորտը Անդրկովկասում ընդարձակելու նպատակով։ Այսպես, թե այնպես ռուսական խաղաղապահներ մտցնելը, իրականում ռուսների նախկինում կորցրած ռազմաբազայի տեղակայումը, մեր «դաշնակիցների» նպատակն է։
Այդ ծրագիրը ընթացքի մեջ է դրվել Զորի Բալայանի նամակով։ Շուտով կերևան պտուղները։
©Դավիթ Միրզոյան
13 Ապրիլ, 2016

No comments:

Post a Comment