Thursday, April 14, 2016

ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ

ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ

Շատերը մեծ ոգևորություն են ապրում, այս օրերին համազգային միասնություն տեսնելով։ Նկատել եմ, որ ոմանք նույնիսկ ազգային դավաճանություն են համարում այդ միաստության ֆոնին մեր իշխանությունների հասցեին որևէ վատ բան ասելը, նույնիսկ մտածելը։ Կարծես միայն մեր իշխանությունները շահեցին ադրբեջանի վերջին հարձակումից։ Կարելի էր նույնիսկ մտածել, որ հենց մեր իշխանություններն էին կազմակերպել այդ հարձակումը։

Ինչևէ, անցնենք համազգային միասնության ֆենոմենին։ Նախ նկատենք, որ ներկայիս համազգային միասնությունը աննախադեպ չի։ Ղարաբաղյան շարժման ընթացքում մեր ազգն ավելի սերտ համազգային միասնություն ուներ։ Բայց դա երկար չտևեց։ Շատ շուտով այն իսպառ անհետացավ։ Ինչու՞։ Բանն այն է, որ ղարաբաղյան շարժումն ու ժողովրդի միասնությունը հիմնված էին միայն ազգի ինքնապահպանման բնազդի վրա։ Թուրքերն եկել, լցվել էին, ճագարի պես բազմանում էին ու քանակական գերակշռություն ձեռք բերելով, մեզնից խլելու էին մեր երկիրը. այնպես, ինչպես արեցին Նախիջվանում։ Այդ ամենը հասկանալով, ազգովի ոտքի էինք կանգնել։ Բայց երբ թուրքի ոտքը կտրվեց երկրից, մեր ինքնապահպանման բնազդը հանգստացավ. հետևաբար վերացավ միաբան լինելու անհրաժեշտությունը։

Ղարաբաղյան շարժման ժամանակների ազգային միաբանության նման մի բան տեղի է ունենում նաև ներկայումս։ Ադրբեջանի կողմից ագրեսիայի սրացումը միաբանել է ազգին ընդհանուր վտանգի դեմ։ Պարզ ասած, բոլորս հասկանում ենք, որ եթե թուրքը մտավ, ապա կենդանի մարդ չի թողնելու։ Թե որքան կտևի մեր միաբանությունը, դժվար է ասել։ Երբ կա երկրից հեռանալու տարբերակը, կարծում եմ երկար չի տևի։

Բայց կայուն միաբանության հասնելու համար պարտադիր չէ ունենալ մշտական ոչնչացման վտանգը։ Մշտական ոչնչացման վտանգը առկա էր նույնիսկ վերջին հարձակումից առաջ, երբ երկիրը անհույս շրջափակման, կամ ռազմական լեզվով ասած, պաշարման մեջ էր, երբ այդ պաշարման ընթացքում ներսի բացիլները կողոպտում էին մյուսներին, թալանում երկրի հարստությունն ու գրպանները լցնում, կեղծում ընտրությունները և այլն։ Պատմության ընթացքում ոչնչացման վտանգը մեր ազգի գլխին մշտապես է կախված եղել այս կամ այն չափով։ Մեր կողմից խնդիրը չնկատելն ու հատկապես այն արհամարհելը մեր ազգին ի վերջո բերեց Մեծ Եղեռնի իրողությանը։ Մեր ներկա խնդիրները, հատկապես ներքին խնդիրների վրա աչք փակելը, մեզ հանգեցրեց վերջին ռազմական գործողությունների սաստկացմանն ու մեր անպատրաստությանը։ Եթե շարունակենք այսուհետև չնկատել մեր խնդիրների պատճառներն ու ոչինչ չանենք իրադրությունը շտկելու համար, ապա մեզ միայն շարունակական արհավիրքներ են սպասվում։

Ի՞նչ անել կայուն ու տևական միաբանության հասնելու համար։ Բոլորս գիտենք, որ անմիաբան ազգը նույնիսկ ինքնապաշտպանության համար բավարար ուժ չի ներկայացնում։ Ինքնապահպանման բնազդից բացի կա միաբանության մղող մեկ այլ գործոն։ Բայց նախ նկատենք, որ ինքնապահպանման բնազդը տևական արդյունք չի ապահովում։ Միաբանությունը վերանում է վտանգի վերացման, կամ վտանգի զգացողության վերացման հետ։ Ուրեմն միաբանության հասնելու համար հույս դնել վտանգի առկայության կամ մանավանդ վտանգի զգացողության վրա առնվազն անհեռատես ու բախտախնդիր մոտեցում է։

Ո՞րն է մյուս տարբերակը։ Ինքնապահպանման բնազդից բացի, որն ի դեպ հատուկ է բոլոր կենդանի օրգանիզմներին, բակտերիաներից ու վիրուսներից սկսած մինչև սողուններն ու կաթնասունները, մարդ արարածը ներառյալ, կա նաև մարդու բարձր ինտելեկտի գործոնը։ Մարդը տարբերվում է բակտերիաներից ու սողուններից հենց այդ բարձր, երբեմն աստվածային, ինտելեկտով։ Հետևաբար մարդն ունակ է միաբանության ոչ միայն ինքապահպանման բնազդով, ոչ միայն վտանգի դեպքում, այլ նաև ապահով ու երջանիկ ապրելու համար։

Մարդու ինտելեկտի առկայության անտեսումը նրան հավասարեցնում է սողուններին ու դրանով կասեցնում ու հետ շրջում նրա կատարելագործումը։ Մարդը չի ծնվել միայն ուտել խմել, քնել ու բազմանալու համար, նաև ինքապաշտպանության իհարկե։ Մարդու առաքելությունը այդ ամենից բացի նաև աշխարհը բարեփոխելն է, արարելը, արարման միջոցով ինքնակատարելագործվելը։ Ինքնակատարելագործվելը մայր նախանյութին, հետևաբար նաև մարդու գենետիկ կոդին ներհատուկ մղում է։

Փաստորեն միայն ինքնապաշտպանությունը դեռ բավական չէ մարդ համարվելու համար։ Դա նույնիսկ սողուններն են անում։ Մարդն ունի աստվածային ինտելեկտ ու համապատասխան առաքելություն։ Մարդու ինտելեկտից բխող առաքելության` նրա անելիքների ու նպատակների, նկարագրությունը կոչվում է ուսմունք։ Մեր Արարչական ուսմունքը հենց այն գործոնն է, որի շուրջ կարող է միաբանվել ազգը։ Ու այդ միաբանությունը կլինի կայուն ու տևական։ Այն կախում չի ունենա ընդհանուր վտանգից կամ վտանգի պատրանքից։

Ընդհանրապես կարելի է միաբանվել միայն մեկ գաղափարի կամ ուսմունքի շուրջը ու միայն մեկ ուսմունքով։

©Դավիթ Միրզոյան
14 Ապրիլ, 2016

No comments:

Post a Comment