Wednesday, May 20, 2020

ՄԵՐ ԱՆԵԼԻՔԸ

ՄԵՐ ԱՆԵԼԻՔԸ
Ներկայումս հայ ազգը գտնվում է իր ազգային պետությունը վերականգնելու նախաշեմին։

Մեր անցյալի պատմությունը մարող փառքի և դեգրադացվող ժողովրդի պատմություն է եղել։ Մեր անցյալում հաճախ են եղել կտրուկ և անչափ ողբերգական իրադարձություններ, եղել են նաև հույս արթնացնող կարճատև զարթոնքներ։ Բայց մեր պատմությունը հիմնականում կրճատվող տարածքների, մեր անհետացող տեսակի, մեր մարող արվեստի ու գիտության, փչացող ու անհետացող փիլիսոփայական մտքի, բայց ամենակարևորը՝ անհետացող, իսկ վերջին մի քանի հարյուրամյակում արդեն անհետացած ուսմունքի և մշակույթի պատմություն է։ Ու այս ամենի մեղավորը մենք ենք՝ մեր նախնիներից սկսած մինչև ներկա սերունդը։ Այդ մենք ենք գործել առաջին և հետագա բոլոր սխալները և դեռ շարունակում ենք սխալներ գործել։ Մեր անսահման գոռոզության, տգիտության, տկարամտության, եսամոլության, մեծամտության, ամբարտավանության, գավառամտության, անպատասխանատվության և միմյանց հանդեպ թունավոր վերաբերմունքի հետևանքով, ինքներս մեզ խորասուզել ենք անդունդի հատակում գտնվող ճահիճն ու դեռ շարունակում ենք ընկղմվել։

Ժամանակն է սկսել ինքնափրկության գործընթացը, այլապես անհետանալու ենք աշխահի պատմության թատերաբեմից։ Ովքեր գոտեպնդում են իրենք իրենց և մյուս բոլորին սին համոզմունքով, թե հնագույն ազգերից միայն մենք ենք մնացել, թե հետևաբար գերբնական կարգավիճակ ունենք տիեզերքում և երբեք չենք վերանա, լավ կլինի հաշվի առնեն, որ ի տարբերություն այն բոլոր դեպքերի, որ նկատի ունեն, մենք մեծաքանակ ու օվկիանոսից օվկիանոս տարածված ազգ ենք եղել, մինչդեռ մյուս բոլոր անհետացած ազգերը միայն այս կամ այն գետի ափին ծվարած փոքրաթիվ ժողովուրդներ են եղել։

Ինչևէ... տիեզերքն իր օրենքներն ունի և նրա համար «ֆավորիտներ» չկան։ Տիեզերքը գործում է արդարության սկզբունքով։ Եթե որևէ ազգ իրեն արժանավայել չի պահում՝ չի կատարում իր գենետիկ կոդից բխող առաքելությունը, ապա ոչնչացվելու է, կա՛մ ուրիշ ազգերի ձեռքով, կա՛մ, ինչպես մեր դեպքում, ուրիշ ազգերի մեջ ձուլվելով ու ըստ այդմ անհետանալով։ Մենք շատ վաղուց արդեն կորցրել ենք մեր ազգային ուսմունքն ու մշակույթը և դարձել ենք օտարամոլ, հաճույքով ուծանում ենք և դասեր չենք քաղում։

Մենք՝ մի խումբ հայ մտավորականներ, ծայրաստիճան անհանգստացած ենք մեր ազգի ներկա վիճակով և շատ հնարավոր անփառունակ ապագայով։ Փոխաբերական իմաստով ասած՝ գործ ունենք ծանր, համարյա մահամերձ հիվանդի հետ, որը սակայն իրեն ամենևին էլ հիվանդ չի համարում, ոչինչ չի ուզում հասկանալ և հրաժարվում է որևէ բացատրություն ու խորհուրդ լսել, հատկապես լսել իր հիվանդության պատմությունը, հասկանալ իր հիվանդության պատճառներն ու որևէ պատասխանատվություն ստանձնել իր վիճակի համար։ Հիմնականում հիվանդի գոռոզությունն է, որ թույլ չի տալիս նրան որևէ մեղավորություն ընդունել, հետևաբար նաև պատասխանատվություն ստանձնել որևէ բան անելու և ապաքինվելու համար։

Մեր նպատակն է բացատրել մեր ազգի շարունակական դժբախտությունների պատճառներն ու ներկայացնել դեղա-տոմսը։ Գոնե կատարած կլինենք մտավորականի մեր պարտքն ու առաքելությունը։

Մենք ևս մեկ անգամ հայտարարում ենք, որ մեր ազգի բոլոր դժբախտությունների պատճառը ազգային ուսմունք չունենալու մեջ է, հետևաբար դեղատոմսը ազգային ուսմունքն ու այդ ուսմունքից բխող մշակույթն ու կարգը վերականգնելն է։ Եթե հիվանդը չի ընդունում բժշկի բացատրությունն ու դեղատոմսը, չի ուզում ընդունել իր մեղավորությունն ու պատասխանատվություն ստանձնել բուժվելու համար, ապա հարկ կլինի հիվանդի կամքին հակառակ բուժել նրան, եթե իհարկե կան բավարար ուժեր ու բժիշկներ։

©Դավիթ Միրզոյան. 20 Մայիս, 2020 թ.

No comments:

Post a Comment