Friday, May 29, 2020

ՕՐԵՆՔԻ ՀԵՏԱԴԱՐՁ ՈՒԺԸ ԱՐԳԵԼՈՂ ՍԿԶԲՈՒՆՔԸ ՈՐՊԵՍ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ԽԹԱՆՈՂ ՄԻՋՈՑ
Օրենքներն ընդհանրապես գրվում են հասարակության մեջ առկա հանցամտության, հատկապես հանցագործության արատավոր երևույթները պատժամիջոցների սպառնալիքով կանխելու համար։ Նկատենք, որ առաքինի և պարկեշտ հասարակությունները որևէ օրենքի և օրենսդրության կարիքը չունեն, որ ընդհանրապես օրենսդրության անհրաժեշտությունն ու դրանց խստությունը ուղիղ համեմատական են հանցամտության և հանցագործության աստիճանին՝ որքան բարձր է հանցամտության ու հանցագործության աստիճանը երկրում, ապա այնքան բարձր է օրենքների անհրաժեշտությունն ու խստությունը։ Հանցագործությունների աճը բերում է օրենքների խստության աճին, իսկ հանցագործությունների նորանոր տեսակները բերում են նոր օրենքների։ Ուրեմն՝ երկրում նոր օրենքներ գրվում են երկրում որևէ նոր հանցագործության տեսակ կանխելու համար։ Մինչև չլինի հանցագործության նոր տեսակը, ապա այն կանխելու նպատակով նոր օրենք գրելու միտք օրենսդիրների մտքով չի անցնի։
Կա մի հանրահայտ սկզբունք։ Դա օրենքի հետադարձ ուժը արգելող սկզբունքն է։ Այսինքն չի կարելի դատել մեկին, ով այնպիսի հանցագործություն է կատարել, որը հանցագործություն չի համարվել և որի համար պատիժ չի սահմանվել մինչ այդ։ Ու ստացվում է, որ նոր տեսակի հանցագործության առաջին «գյուտարարը» միշտ կմնա անպատի՞ժ։ Մտածել է պետք՝ գուցե հենց օրենքի հետադարձ ուժն արգելող սկզբո՞ւնքն է մեղավոր նորանոր տեսակի հանցագործությունների առաջացման համար՝ մարդիկ, ավելի ճիշտ հանցամիտ մարդիկ, մշտապես նորանոր տեսակի հանցագործություններ են հորինում առաջինը լինելու և անպատիժ մնալու համար։ Բայց եթե նոր օրենքը ունենար հետադարձ ուժ, ապա դժվար թե հանցագործները հանցագործության նորանոր տեսակներ հորինեին։ Ինչևէ...
Կա նաև մեկ այլ սկզբունք՝ օրենքի չիմացությունը հանցա-գործին չի ազատում պատասխանատվությունից։ Այսինքն եթե անգամ հանցագործը չի իմացել, որ իր արարաքը հանցանք է, ապա դա ամենևին էլ չի ազատում նրան պատասխանատվության կանչվելուց և դատվելուց։ Այստեղ տրամաբանությունն այն է, որ հանցագործությունը մնում է հանցագործություն, անկախ նրանից հանցագործը, կամ թեկուզ ամբողջ հասարակությունը այն հանցագործություն համարո՞ւմ է, թե՞ ոչ, կամ, եթե շարունակենք տրամաբանությունը, հանցագործությունը մնում է հանցագործություն, անկախ նրանից այն հանցագործություն համարող և պատիժ սահմանող օրենք կա՞, թե՞ չկա։ Ուրեմն եթե հանցագործը չի իմացել արդյո՞ք ինքը հանցագործություն է գործում, թե՞ ոչ, միևնույն է, նրան պետք է պատասխանատվության կանչել, դատել ու դատապարտել։ Իսկ քանի որ հանցագործությունը հանցագործություն է անկախ նրանից այն հանցագործություն համարող օրենք կա՞, թե՞ ոչ, ապա չի կարելի անպատիժ թողնել, անգամ եթե հանցագործ արարքը հանցագործություն համարող օրենքը գրվել է դրանից հետո։
Փաստորեն հանցագործին անպայմանորեն պատժելու սկզբունքը, անկախ նրանից հանցագործն ինչ կարծիքի է եղել իր արարքի մասին, և օրենքի հետադարձ ուժն արգելող սկզբունքը ակնհայտ հակասության մեջ են։ Մեր հասարակությունը պետք է որոշի, թե ո՞ր սկզբունքից է պետք հրաժարվել։ Հաշվի առնելով, որ օրենքի հետադարձ ուժն արգելող սկզբունքը հանցագործներին մղում է հանցագործությունների նորանոր տեսակներ հորինելու, ապա նպատակահարմար է հրաժարվել հենց այդ սկզբունքից։
©Դավիթ Միրզոյան. 29 Մայիս, 2020 թ.

No comments:

Post a Comment