Thursday, October 8, 2020

ՁԱԽՈՂՈՒՄ

Բազմիցս նկատել ու բարձրաձայնել եմ, որ մեր մեծագույն դժբախտությունն այն է, որ դարեր շարունակ ուսմունքի բացակայության պատճառով, չենք ունեցել մտավորականություն (և դեռ չունենք) ու չենք կարողացել տարբերել լավը վատից, ճիշտը սխալից, արժեքավորն անարժանից, ազնվաբարո մարդուն անբարոյականից, իմաստունին անխելքից, բայց ամենակարևորը՝ հայրենանվեր մարդուն հանցագործից կամ թշնամուց ու դեռ չենք կարողանում։ Մեր պատմության ընթացքում միևնույն՝ ուսմունքի բացակայության, պատճառով մեկը մեկից ճակատագրական սխալներ ենք թույլ տվել ու դեռ շարունակում ենք։ Մինչև չվերականգնենք մեր ազգային ուսմունքը, շարունակելու ենք ոչխարի հոտի պես գնալ տարբեր «առաջնորդների» հետևից, առանց հասկանալու, թե ինչ են ասում նրանք և ուր են տանում մեզ։ Կուրացած նրանց շողոքորթ ու խաբուսիկ ճառերի փայլից և թմրած նրանց փուչ ու անորոշ խոստումներից, սխալ ընտրություն ենք կատարելու և փորձանքի մատնենք մեզ ու մեր սերունդներին։ Ոչինչ չենք հասկանալու նաև այն ժամանակ, երբ արհավիրքը բախի մեր դուռն ու անդառնալի կորուստներ պատճառի մեզ ու մեր երկրին։

Ոմանք ինձ մեղադրում են մեր ազգային խնդիրների պատճառները որոնելու, գնտնելու և բարձրաձայնելու համար։ Հանդգնում են անգամ քարկոծել ու հայհոյել, երբ ներկայացնում եմ բուժամիջոցը։ Ես գիտեմ, որ դրանց մեծ մասը չգիտես ինչ ուժերի ծառայող «ֆեյքեր» են, սակայն հավատացած եմ, որ կան նաև իրական, գուցեև հայրենասեր, անձիք։ Բոլորն էլ, դժբախտաբար, խնդիրների լուծման ճանապարհը տեսնում են խնդրի մասին լռելու, այն չնկատելու, խնդրի պատճառները չփնտրելու, չբացահայտելու և համապատասխան բուժամիջոց չգտնելու մեջ և, անպատասխանատու բժշկի պես, խնդրի ախտանշանները կոծկելու, կամ դրանք խլացնելու, իսկ ամենավտանգավորը՝ խնդրի վրա հապճեպ, ժամանակավոր և ոչնչով չհիմնավորված «բուժամիջոց» կիրառելու ուղին են որդեգրել, իսկ հիմնականում՝ կոչեր-մոչեր հնչեցնելու, աղոթք-մաղոթքներ կիրառելու կամ ինքնախաբեությամբ իրենք իրենց և մյուս բոլորին համոզելու, թե ոչ մի խնդիր էլ չկա, թե հիվանդը պարզապես պետք է վեր կենա ու քայլի։
Բազմիցս եմ բացատրել, որ անհնար է բուժել հիվանդությունը առանց դրա պատճառները բացահայտելու և համապատասխան բուժամիջոց գտնելու, որ իսկական հայրենասերը նա է, ով չի կոծկում ազգային խնդիրների ախտանշաններն ու պատճառները, այլ փորձում է գտնել դրանք և բուժամիջոց է առաջարկել։
Հետաքրքիր է՝ սեփական ազգի արատներն ու խնդիրները անտեսել քարոզողների մեջ կգտնվե՞ն մարդիկ, ովքեր նույնը կքարոզեն, երբ հարցը հասնի սեփական առողջությանը, մի՞թե կգտնվի մեկը ով անվրդով կնայի, թե ինչպես են բժիշկները կոծկում իրենց կամ իրենց մահամերձ հարազատի հիվանդության ախտանշաններն ու ոչինչ չեն անում բացահայտելու հիվանդության պատճառները, համապատասխան բուժամիջոց գտնելու համար, կամ ինչպես են անկապ, մանավանդ թանկարժեք դեղամիջոցներ առաջարկում «գուցե օգնի» տրամաբանությաբ։ Արդյո՞ք կգտնվեն մարդիկ, ովքեր բժշկի նման մոտեցումը իրենց սեփական, կամ իրենց հարազատի հիվանդության բուժումը ձախողող ուղի չեն համարի և չեն վրդովվի, եթե չասենք զայրանա, նման բժշկի վրա։ Եվ կամ մի՞թե չեն հորդորի, անգամ՝ ստիպի, բժշկին հաշվի առնել բոլոր ախտանշաններն ու գտնել հիվանդության պատճառը, նաև իհարկե ամենապատշաճ բուժամիջոցը։ Կգտնվի՞ մեկը, ով չի ցանկանա ողջ ճշմարտությունն իմանալ իր կամ իր հարազատի հիվանդության մասին։ Չեմ կարծում։
Անշուշտ գերադասելի է իմանալ ողջ ճշմարտությունը սեփական հիվանդության պատճառերի ու բնույթի և աստիճանի մասին։ որքան էլ անհույս լինի մարդու վիճակը, որքան էլ մահամերձ լինի մարդ, միևնույն է, ցանկանում է իմանալ ամբողջ ճշմարտությունը, ուզում է որ իրեն չխաբեն։ Այդ դեպքում, ի՞նչն է պատճառը, որ մեր ազգի դեպքում գերադասում ենք աչք փակել մեր ազգային խնդիրների վրա, անգամ չենք վարանում քարկոծել նրանց, ովքեր փորձում են նկատել առկա խնդիրները, կամ գոնե այդ խնդիրների ախտանշանները։
Մեր իրականությունում ամատարած մոտեցումն այն է, որ ազգային խնդիրների, կամ այլ կերպ ասած, հիվանդության մասին ճշմարտությունը կարող է խուճապ առաջացնել և հետևաբար խանգարել։Միայն ժպտալ կարելի է։ Եթե Հիվանդության մասին ճշմարտությունը խուճապ առաջացներ ու խանգարեր, ապա ոչ մի հիվանդ կամ հիվանդատեր չէր փորձի իմանալ իր կամ իր հարազատի հիվանդության մասին ողջ ճշմարտությունը և չէր հորդորի, անգամ ստիպի բժշկին բացահայտել այն ու անթաքույց կերպով ներկայացնել։ Ուրեմն, ի՞նչն է պատճառը, որ մեր ազգային խնդիրների, կամ ավելի ճիշտ՝ հիվնդության, դեպքում, վարվում ենք միանգամայ հակառակ կերպ՝ չենք ուզում որևե բան իմանալ մեր հիվանդության ախտանշանների ու պատճառներրի մասին, անգամ քարկոծում ու թշնամի ենք համարում այն բժշկին, ով փնտրել, գտել է դրանք, և փորձում է բացատրել մեզ և ներկայացնել իր առաջարկած բուժամիջոցը։
Ճշմարտությունը երբեք չի կարող խուճապ առաջացնել։ Միայն ճշմարտությունն է հնարավորություն տալիս կշռադատված և նպատակային քայլեր կատարել, քանի որ խնդրի մասին ճշմարտությունն իմանալով է միայն հնարավոր համապատասխան բուժում կամ հակահարված կազմակերպել։ Նմանապես միայն հակառակորդի ծրագրերն ուժերի դասավորությունը իմանալով է հնարավոր խուճապի չմատնվել և արդյունավետ դիմակայում կազմակերպել։ Ընդհանրապես, մարդուն խուճապի է մատնում միայն անորոշությունը, հատկապես անհասկանալի ու հանկարծահաս խնդիրն ու արհավիրքը։ Մարդ խուճապի է մատնվում միայն այն ժամանակ, երբ ոչինչ չգիտի իր հիվանդության կամ սպասվելիք խնդիրների ու դժբախտությունների մասին։ Հետևաբար՝ ցանկացած պարագայում, գերադասելի է փնտրել ու գտնել խնդրի պատճառը, այլ ոչ թե անտեսել դրա ախտանշաններն ու քարկոծել նրանց, ովքեր փորձում են գտնել պատճառն ու լուծել խնդիրը։ Հատկապես, մեղմ ասած, անխոհեմ է խնդիրը լուծելու համար պատեպատ խփվող բժշկին դավաճան ու թշնամի համարել ու քարկոծել։ Սեփական բարօրության համար մտահոգվող մարդը երբեք նման բան չի անի։
Ինչ վերաբերում է ճգնաժամային, օրհասական փուլում գտնվող հիվանդին, երբ կենաց մահու խնդիր կա, այսինքն կորցնելու ժամանակ չկա և այլն, ապա նման դեպքերում ծայրահեղ անհրաժեշտություն ունի հիվանդության պատճառների շուտափույթ բացահայտումն ու արդյունավետ բուժամիջոց գտնելը, այլապես հիվանդը միայն մահվան է դատապարտված։ Մեր ներկա իրավիճակը շատ նման է մահամերձ հիվանդի իրավիճակին, որի շուրջը հավաքված հիվանդատերերը ոչինչ չեն կիրառում բացի ջերմություն իջեցնող միջոցներից և թշնամի են համարում, ընդ որում՝ շատ երկար ժամանակ, հիվանդության պատճառն իմացող և բուժում առաջարկող մասնագետին, չեն էլ ընդունում նրա մասնագետ լինելը, այլ փորձում են ինքնագլուխ բաներ անել, միաժամանակ լսելով ծանոթ-հարևանների խորհուրդները, հորդորներն ու պարտադրանքը։
Բայց, այնուամենայնիվ, ինչո՞ւ ենք ազգովի անտրամաբանական, ավելի ճիշտ՝ անհասկանալի, մոտեցւմ ցուցաբերում մեր ազգային ճգնաժամին։ Բանն այն է, որ եթե սեփական հիվանդության դեպքում չենք կարող խուսափել պատասխանատվությունից, և ինքնապահպանման բնազդով ստիպված ենք ամեն ինչ անել ողջ մնալու համար, ապա ազգի դեպքում խուսափում ենք պատասխանատվությունից, նաև պահանջվող ինքնազոհաբերություններից, մանավանդ որ ընդհանուրի դեպքում ինքնապահպանման բնազդը չի գործում։ Սեփական կաշին փրկելու համար, բավական է պարզապես հեռանալ երկրից։ Անգամ եթե երկրից հեռանալու հնարավորություն չլիներ, ապա միևնույն է, մեր տգիտության ու անձնապաշտության պատճառով անտեսելու էինք խնդիրը, պատասխանատվությունից ու գործից խուսափելու համար։
©Դավիթ Միրզոյան. 5 Հոկտեմբեր, 2020 թ.

No comments:

Post a Comment