Friday, November 3, 2023

ՔԱՔԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երկրի կառավարման (ընտրություններ-մընտրություններ և այլն) հարցում Ժողովրդի կրավորական կեցվածքը բացատրելի է և բնական։ Ժողովուրդը չպիտի մասնակցի պետության կառավարմանը։ Դա ժողովրդի գործը չէ։ Ժողովրդի գործը սեփական անձի և ընտանիքի մասին հոգալն է, առավելագույնը՝ սեփական գերդաստանը կառավարելը, իսկ ամենակարևորը՝ բերք ու բարիք արարելը։ Հետևաբար մեր ժողովուրդը, իր անձնականի և ընտանիքի վրա սևեռված, մեծ կարևորություն չի տվել այն բանին, թե ով կկառավարի երկիրը և այլն։ Ովքեր էլ որ ջանադրաբար ներգրավվել են ընտրությունների գործընթացներում և ընդհանրապես ոտով գլխով ընկղմված են եղել այս կամ այն քաղաքական ուժի ծրագրերում, դա արել են հիմնականում անձնական շահ հետապնդելով՝ պաշտոն-մաշտոն, դրա հետ եկող ազգային գանձարանի անպատիժ կողոպուտի հնարավորություն, կուսակցական ոհմակի կողմից պաշտպանություն և այլն։

Ժողորդի նման անտարբերությունը (որն իրականում մեղադրելու չէ) բերել է նրան, որ երկրի ղեկին մշտապես հայտնվել են «անհայտ» աղբյուրներից սնվող քաղաքական բախտախնդիրները։ Բացառություններ չկան։ Ոչ ոք իր ու իր ընտանիքի բարեկեցությոան համար անհրաժեշտ գումարներն ու ժամանակը չի զոհաբերի մի գործունեության վրա, որի բարենպաստ արդյունքի մեջ լիարժեք վստահություն չունի, իրեն ու իր ընտանիքին սովի չի մատնի ուրիշների համար։ Պարզ ասած՝ բոլոր քաղաքական կուսակցություններն ու կուսակցականները, կամ դրանց սպասարկող լրագրողներն ու աջակիցները ֆինանսավորվել ու դեռ շարունակում են ֆինանսավորվել դրսից, որպես կանոն թշնամի ուժերի կողմից։ Օրինակ՝ ոչ ոք իր անձնական միջոցների հաշվին չի կերակրի փողոցի ցուցարարներին, մանավանդ՝ խորովածով։
Համոզված եմ, որ այս անգամ ևս իշխանության են անցնելու օտար, թշնամական ուժերի կողմից ֆինանսավորվող տարրեր և շարունակելու են երկիրը տանել հայաթափման ու վերացման։ Մի խոսքով՝ ժողովրդի մասին մտածող չկա։ Մեր փրկության խնդիրը մե'ր խնդիրն է։ Եթե ուզում եք փրկվել անձնապես, կամ փրկել ձեր ընտանիքներն ու հարազատներին, ապա նախ պետք է այդ գործը վերցնեք ձեր ձեռքը, հետո՝ պետք է հաշվի առնեք, որ դրսում փրկություն չկա, քանի որ ամբողջ դուրսը մեր թշնամու հսկողության տակ է։ Միակ տեղը որ կարող ենք ինքնապաշտպանություն կազմակերպել, մեր երկիրն է։ Այն կարող եք համարել միջնաբերդ, որը ցավոք վերից վար լի է թշնամիներով ու թշնամիների գործակալներով։ Նման պայմաններում հարկավոր է գործել մտածված։ Չի կարելի հռե-կոպալի փողոց դուրս գալ, մանավանդ երբ բավարար թվով միաբանված զանգված չկա։ Պետք է նախ միաբանվել մեկ գաղափարի շուրջը և շարունակել հետևորդներ հավաքել։ Մնացած քայլերի մասին ավելի մանրամասն կարելի է հետո խոսել։ Եթե կա խնդիր, ապա կա նաև լուծումը։ Հիշեք նաև, որ կախարդական դեղահաբ չկա։ Ցանկացած օրգանիզմի ապաքինումը գործընթաց է և այն պետք է առաջ տանել հետևողականորեն։
Միայն չասեք՝ «ժամանակ չկա»։ Արդեն մի քանի տասնամյակ է, դա եմ լսում։ Եվ հանկարծ չփորձեք հորդորել ինձ փողոց դուրս գալ, ուրիշներից բարձր բղավելու կամ ուրիշների խոստումներից բարձր խոստումներ բարձրաձայնելու համար։ Դա մահացու վիրավորանք է։ Ինչ վերաբերում է խոստումներին՝ ես խոստումներ ևս չեմ տալիս։ Իմ միակ խոստումը ամրագրված է իմ կազմած Հայաստանի Թագավորության Ազգային սահմանադրության մեջ՝ կառավարել ըստ ազգային ուսմունքի և սահմանադրության։
©Դավիթ Միրզոյան. 03 Նոյեմբեր, 2022 թ.

No comments:

Post a Comment