Monday, November 6, 2023

ՈՐ ԼԱՎ ԱՍԵՆՔ ԼԱՎ ԿԼԻՆԻ՞

Երկիրը շտկելու ձեր բոլոր առաջարկները՝ սահմաններն ամրապնդելուց, Արցախի խնդրի վերջնական լուծումից մինչև սեփական արտադրության զենք ու զինամթերք ունենալը, պատմամշակութային հուշարձանների և մատենադարանների պաշտպանություն և այլն (չնայած՝ շատ բան կա, որ չեք մտածել), հնարավոր է միայն երկրի համար հոգատար իշխանության դեպքում։ Մինչև սա չընդունեք, ձեր բոլոր բաղձանքներն այդպես էլ կմնան օդում, և շատ շուտով անիմաստ կդառնան, որովհետև չեք ունենա ո'չ պատմամշակութային հուշարձաններ, ո'չ մատենադարաններ, ո'չ թանգարաններ, ո'չ էլ իհարկե արդյունաբերություն։ Ինչպե՞ս։ Ուկրաինայի օրինակով։ Պա՞րզ է։

Ու հիշեք՝ «լավ ասենք, որ լավ լինի»-ով խնդիրներ չեն լուծվում, դրանով պարզապես բարձրանում է մարդու տրամադրությունը։ Հիշեք նաև, որ խնդիրը կարող է լուծվել միայն, երբ պարզորոշ տեսնում ես այն և դասակարգում պատճառները։ Հարկավ ամեն խնդիր ունի և' հիմնարար պատճառներ, և' ածանցյալ պատճառներ։ Պարզ ասած՝ չի կարելի խառնել հիմնարար և ածանցյալ պատճառները, կամ ընդհանրապես պատճառներ չտեսնել։ Ոմանք վատանում են, որ բացահայտում ու դասակարգում եմ մեր համազգային խնդիրներն ու դրանց պատճառները։ Իրենց բառերով ասած «աղ եմ լցնում մեր վերքերի վրա»։ Անգամ սպառնալիքներ եմ ստանում թե՝ «աղի հանք կլցնեն իմ վերքերի վրա»։ Միայն ժպտում եմ, որովհետև լավը տեսնելն ու լավի հույսով ապրելը մեր ազգային խնդիրների պատճառերից մեկն է, մեր ազգային հիվանդությունը։ Իսկ «աղի հանքով» արձագանքելը արդեն ոչ միայն բորենու սպառնալիք է, այլև մտավոր հաշմանդամության նշան, որը ևս համազգային խնդիր է։
«Վերքը աղով են բուժում, ոչ թե շաքարով» աֆորիզմս ծնվեց ի պատասխան որոշ «շաքարասեր» ընթերցողներիս հարձակումների։ ©Դավիթ Միրզոյան. 06 Նոյեմբեր, 2022 թ.

No comments:

Post a Comment