Monday, November 6, 2023

ԽՈՍՔ և ԳՈՐԾ

Նրանք, ովքեր կարծում են, թե խոսելը անօգուտ բան է, թե պետք է «գործել, գործել, գործել», չեն նկատե՞լ, որ հաճախ կառչում են ինչ-որ մեկի խոսքից, մեծ պատմություն սարքում... ամեն դեպքում հսկա նշանակություն են տալիս նրա խոսքին։ Փաստորեն կրկնակի ստանդարտներ են կիրառում, շահադիտական նպատակով իհարկե։ Մե'կ գործն են արժևորում, երբ ուզում են ասողին տեղից հանել ու փողոց ուղարկել «գործելու», մե'կ էլ խոսքին են անսահաման նշանակություն տալիս, կառչում են անգամ մեկ «անզգույշ» բառից և ամեն ինչ անում խոսքի հեղինակին ի ցույց դնելու և պախարակելու համար, երբեմն էլ գործը հասցնում հաշվեհարդարի սպառալիքների, անգամ հենց հաշվեհարդարի։

Ինչևէ... կողմնորոշվեք պարոնայք։ Գո՞րծն է ավելի կարևոր, թե՞ խոսքը։
Պարզաբանեմ, քանի որ դուք դա չեք անի։ Հավասարապես կարևոր են և՛ գործը, և՛ խոսքը, անկեղծ խոսքը, իհարկե։ Երկուսից էլ երևում է մարդու միտումը։ Վերջապես՝ մարդուն բնորոշում է նրա միտումը, այլ ոչ թե արարքն ու խոսքը։ Մարդու խոսքից ու գործից հնարավոր է կռահել նրա միտումների մասին, բայց միայն կռահել, լիովին գաղափար կազմել հնարավոր չէ, քանի որ խոսքը, նաև գործը շատ հաճախ լիովին չեն ներկայացնում մարդու միտքն ու միտումները, մանավանդ երբ ընկալվում են առանձին, ինչպես ասում են՝ «կոնտեքստից հանված»։
Երբ Քրիստոսն ասում էր՝ «իրենց գործերով կճանաչեք մարդկանց», նկատի ուներ իր ժամանակվա կրոնավորներին, պետական պաշտոնյաներին և այլն ընդհուպ մինչև հասարակ մարդկանց։ Քրիստոսի ժամանակ մտավորականություն չկար։ Մեր ժամանակներն ուրիշ են։ Այժմ կա'ն մտավորականներ։ Հետևաբար Քրիստոսի չափորոշիչը՝ «իրենց գործերով կճանաչեք մարդկանց» չի կարելի կիրառել բոլորի հանդեպ հավասարապես։ Այն, ամեն դեպքում, կիրառելի չէ մտավորականների հանդեպ։ Մտավորականի գործը նրա խոսքն է՝ ասելիքը, խրատը, պարզաբանումը, բացատրությունը, կանխատեսումները և այլն։
Մեր իրականության մեջ պարզապես պետք է ճանաչել սեփական ազգի մտավորականներին։ Բայց դրա համար պետք է նախ ընդունել, որ նրանք կան, քանի որ չեն կարող չլինել։ Պետք է ընդունել նաև այն, որ բոլորը հավասար չեն իրենց ինտելեկտով, անգամ եթե բոլորն էլ ինտելեկտուալ հեռախոսներ ունեն։ Հեռախոսը չի ավելացնում մարդու ինտելեկտը։ Համացանցից օգտվելու հնարավորությունը՝ ևս։ Պետք է ընդունել նաև, որ մտավորականների մեջ ևս բոլորը հավասար չեն իրենց ինտելեկտով, բանիմացությամբ, իմաստնությամբ, նվաճումներով և այլն։ Պարզ ասած մտավորականների մեջ ևս կա հիերարխիա։
Մեծագույն սխալ է սեփական մտքում բոլորին հավասարեցնել և, հաշվի չառնելով ո'չ տարիքային, ո'չ կրթական, ո'չ էլ որևէ այլ գործոն, վերաբերվել հավասարի պես, կամ անհարգալից և այլն։
Պարզ ասած՝ նախքան որևէ մեկին դիմելը փորձեք ճանաչել՝ ում հետ գործ ունեք։ Ովքեր այսուհետև կարհամարհեն նախազգուշացումս և կշարունակեն ինձ իրենց հավասար համարել և դիմել ինձ իրենց մակարդակին համապատասխան փողոցային դիմելաոճով, ապա միանգամից կարգելափակվեն։ Կարգելափակվեն նաև ցինիկ, հետևաբար անպատասխանատու երևույթները։ Մարդու լեզուն չի պտտվում դրանց մարդ անվանի։
©Դավիթ Միրզոյան. 06 Նոյեմբեր, 2022 թ.

No comments:

Post a Comment