Wednesday, January 1, 2020

ԻՆՉՈ՞Ւ ԵՂԵՌՆ


Ապ
րիլի 24-ն է մոտենում։ Շուտով կսկսվի համացանցում աշխարհի ժողովուրդներին մեր ճշմարիտ պատմությունն ու ինքնությունը ներկայացնելու, մեր պատմական տարածքների հանդեպ մեր սեփականատիրոջ իրավունքն ու Մեծ Եղեռնի իրողությունը նրանց ապացուցելու մեր բազմաթիվ ազգակիցների համառ պայքարը։ Որքան էլ որ արդար է այդ պայքարը, որին ես ինքս եռանդուն մասնակցություն եմ ունեցել երկար տարիներ, այնուամենայնիվ հարկ եմ համարում հավաստիացնել, որ դա օտարազգիներին բացարձակապես չի հետաքրքրում, նույնիսկ հաճախ գրգռում է մեր դեմ։ Ավելի արդյունավետ կլինի այդ ամենի փոխարեն մեր ողջ ժամանակն ու հնարավորություններն ուղղենք հենց Մեծ Եղեռնի պատճառերը բացահայտելու գործին։ Մինչև չիմանանք այդ արհավիրքի իրական ու խորքային պատճառները, հետագայում ևս շարունակելու ենք բախվել նման արհավիրքների։ Մեծ Եղեռնի ու ընդհանրապես մեր բոլոր դժբախտությունների պատճառը արտաքին գործոնները չեն։ Իրական պատճառն այն է, որ ազգովի չենք անում այն, ինչ պիտի անեինք, չենք ապրում մեր գենետիկ կոդին համահունչ։ Ապրում ենք միմյանց հոշոտելով և՛ ֆիզիկական, և՛ առաջին հերթին մտավոր ու հոգևոր առումներով։ Որդեգրել ենք անողոք կապիտալիզմի` մարդու կողմից մարդու շահագործման, միմյանց մզելու ու դեն նետելու կանոններն ու ոչնչացնում ենք իմնքերս մեզ ներսից։ Ներսից թուլացած մարմնի վրա անշուշտ կլինեն նաև ոտնձգություններ։ Արտաքին ոտնձգությունը միայն հետևանքն է. պատճառը մեր ներսում է։ Եթե շարունակենք ապրել կապիտալիստական անմարդկային կանոններով, ապա մեր ազգին ավելի մեծ արհավիրքներ են սպասվում։ Երկրի շնչահեղձ վիճակն ու համատարած արտագաղթը դեռ սկիզբն են։ Քանի դեռ չենք վերագտել ու սերմանել մեր ազգային ուսմունքը, ապա դեռ երկար կշարունակենք տառապել։ Հետևաբար հարկավոր է անհապաղ լծվել մեր ազգային ուսմունքը հենց մեզանում սերմանելու գործին։ Եթե այն ժամանակն ու եռանդը, որ ծախսում ենք այլ բաների վրա, ծախսեինք մեր ազգային ուսմունքը սերմանելու վրա, ապա հենց հիմա արդեն ապաքինված ու առողջ երկիր կունենայինք։

No comments:

Post a Comment