Monday, August 17, 2020

ԿԱԼԻ ՅՈՒԳԱ

Եթե մեր ժողովուրդը տարիներ, անգամ դարեր շարունակ չի կարողանում նորմալ ղեկավար ընտրել կամ գոնէ ճիշտը սխալից տարբերել, ապա չի կարելի նրան իմաստուն համարել ու վստահել։


Ժողովուրդը ոչինչ էլ ճիշտ չի արել մինչև օրս ու դեռ շարունակում է միայն սխալներ թույլ տալ։ Ոմանք մեղքը գցում են օտար ուժերի վրա, ոմանք՝ ներսի ուժերի։ Ոմանք անբարենպաստ հանգամանքներն են համարում պատճառը, ոմանք էլ հավատացած են, թե այս ամենի պատճառը ի վերուստ նախասահմանված չարի ու բարու հերթագայության համատիեզերական փուլերն են, որ մենք ապրում ենք «կալի յուգայի»՝ չարի իշխանության, առճակատումների ու բախումների, փուլում, որ հետևաբար կարիք չկա շատ անհանգստանալ կամ մանավանդ որևէ բան անել, բացատրելով որ, միևնույն է, ոչինչ չի փոխվի և այլն։ Վերջինները իրենց համոզմունքին հավատարիմ, իսկապես ոչինչ էլ չեն անում։ Ոչին չեն անում նաև նրանք, ովքեր պարզապես գլուխ են պահում։ Հանրագումարում ստացվում է, որ միայն շատ քչերն են որևէ բան անում երկրում որևէ դրական փոփոխություն առաջ բերելու համար, և հետևաբար ոչինչ էլ չի ստացվում։ Ոչինչ չի ստացվում և «կալի յուգայի» տեսության հետևորդները ուրախանում են, իրենց համոզմունքի ապացույցը տեսնելով և այն իրենց ընդդիմախոսներին որպես ապացույց ցուցադրելով։ Իսկ արդյունքում սայլը տեղից չի շարժվում ու ավելի է ընկղմվում անդունդի հատակում գտնվող ճահճի մեջ։

Գուցեև «կալի յուգայի» հետևորդները ճիշտ են։ Անգամ եթե ճիշտ են, այնուամենայնիվ, դա չի նշանակում ոչ պետք է հավատալ դրան, նստել ու ոչինչ չանել, մանավանդ երբ շուրջդ ոմանք անում են, անգամ իրենց մեջտեղից պատռում են մյուս բոլորի կյանքը բարեփոխելու համար։ Առնվազն անբարոյականություն է, տեսնել ազգի նվիրյալների ինքնազոհաբերություններն ու ոչինչ չանել, սեփական անգործությունը պատճառաբանելով «կալի յուգայով»։ Վերջապես կարևոր չէ բարեփոխումներ կլինեն, թե ոչ։ Կարևորը անբարոյականություն չանելն է։ Այո, անբարոյականություն է զվարճանալ ու «վշտլի տալ» երբ ազգի նվիրյալներն իրենց առողջությունն ու կյանքն են զոհաբերել ու զոհաբերում որպեսզի մյուսները կարողանան ապրել։ Երբ ոմանք իրենց կյանքն են վայելում, միանգամայն մոռացած ու արհամարհած իրենց համար զոհված ազգի նվիրյալներին, ապա դա անարգանք է նրանց հանդեպ։ Ազգի նվիրյալներին անարգող մարդը միայն անարգանքի է արժանի, ոչ թե ճոխ ու բարեկեցիկ կյանքի, իր ամենամյա պարտադիր ճանապարհորդություններով դեպի արտասահմանյան հանգստավայրեր և այլն։

Ազգի նվիրյալների հանդեպ հարգանքը նրանց շիրիմներին տարեկան գոնե մեկ անգամ այցելությունները չեն։ Ազգի նվիրյալներ կան նաև այժմ, ովքեր դեռ շարունակում են իրենց գործունեությունը, չնայած իրենց կորցրած առողջությանը և ընդհանրապես իրենց ու իրենց սերունդների կործանված ապագայի։

Ազգի նվիրյալի հանդեպ հարգանք, կամ գոնե ուշադրություն է պետք, որը չնայած ամենևին էլ բավարար չէ, փոխհատուցելու նրանց ներդրումի դիմաց։ Մեր կողմից ազգի նվիրյալների հանդեպ իսկական հարգանքն ու ուշադրությունը ոչ թե նրանց շիրիմներին մեր այցելելությունները կամ նրանց կենացները դեպքից դեպք խմելը կամ չխմելն են, այլ մեր կողմից նրանց գործի շարունակելը՝ նրանց վայր դրած զենքը վերցնելն ու շարունակելը։ Խոսքը հրազենի մասին չէ։

Ազգի շատ նվիրյալներ գաղափարական ճակատամարտերի մեջ են։ Մյուս բոլորի մի կողմ կանգնելն ու նրանց պայքարին լուռ հետևելը բավարար չէ։ Հարկավոր է որ թևքներս քշտենք ու կանգնեք նրանց կողքին, անենք այն ինչ նրանք են անում։ Այլապես միայն տանուլ ենք տալու ճակատամարտն ու ողջ պատերազմը։ Միայն չասեք թե «կալի յուգայի» դեմ անզոր ենք և թե ինչ էլ անեք, միևնույն է, պարտվելու ենք։ Գուցե անզոր ենք, գուցե, ինչ էլ անենք, պարտվելու ենք։ Բայց գոնե չենք պարտվի անբարոյականի ու դավաճանի պիտակները ճակատներիս։

©Դավիթ Միրզոյան. 17 Օգոստոս, 2020 թ.

No comments:

Post a Comment