Friday, August 7, 2020

ԿԱՆԴԻԴՈԶ

 ԿԱՆԴԻԴՈԶ

«Դեռ նախքան ճառերի գրառելը՝ Մաշտոցը երկրի գաւառներում անողոք պայքար է մղել ժամանակին տարածուած զազրելի, հասարակութեանը եւ պետութեանը վնասող արատների եւ յանցանքների դէմ, որոնց մասին վկայել է պատմագիրը.«Ատելութիւն ու նախանձ իրար դէմ, չարկամութիւն, թշնամութիւն, ոխակալութիւն, իրար խածտել, ընկերին եւ եղբօրը նենգել, սիրելիները սիրելիներին, մերձաւորները մերձաւորներին, ընտանիքները ընտանիքներին, ազգականներն ազգականներին, խնամիները խնամիներին դաւադրութիւններ էին սարքում: Այնտեղ մարդիկ ծարաւ էին մէկը միւսի արիւնը խմելու, ճիգ էին թափում իրար վնասելու, անուղղայ վարքի եւ անխելքութեան պատճռով»: Մի այլ տեղ նշում է. «Նրանք համարձակ գնում էին կորստի ճանապարհով, իրենց կամքով չարիքների մէջ էին ընկնում, դառնում էին բարկութեան որդիներ եւ աշխարհում շրջում էին առանց Աստծու՝ Հայոց աշխարհի այս կամակոր ազգը»:

Փավստոս Բուզանդ, Հայոց պատմություն, Երեւան, 1998, էջ 55: (Համլետ Պ. Մխիթարեան Երեւան, 04.08.2008թ.)

Պարզվում է շատ բան չի փոխվել մեր երկրում Մաշտոցի ժամանակներից, գուցեև ավելի վաղ ժամանակներից, ի վեր։ Եվ դեռ զարմանում ենք մեր հանրահայտ ներազգային գզվռտոցի վրա։ Չգիտենք, որ այն ժառանգություն ենք ստացել մեր նախորդներից։ Կրոնավորները կասեն խորն արհամարհանքով՝ «ձեր հեթանոս նախորդներից»։ Անշուշտ ճշմարիտ նկատառում է։ Սակայն նկատենք նաև, որ իրավիճակը ոչնչով չի փոխվել 301-ից՝ քրիստոնեություն կրոնի հրով ու սրով հաստատումից հետո։ Չէր էլ կարող փոխվել, որովհետև միայն ուսմունքն է ի զորու փոխել մարդկանց մշակույթը, ոչ թե կրոնը։ Եթե հեթանոսությունը կրոնից բացի նաև ուսմունք էր, ապա քրիստոնեությունը միայն կրոն է՝ աստվածաբանություն, սնահավատություն և այլն, մանավանդ որ կրոնավորներն իրենք չէին ապրում ըստ իրենց քարոզների (անգամ եթե որևէ բան քարոզում էին Քրիստոնեություն ուսմունքից)։

Ինչևէ... Ներկայումս ևս, մեր կրոնավորները, Քրիստոնեություն ուսմունքից որևէ գաղափար չունենալով, էլ չեմ ասում հակաքրիստոնեական վարք որդեգրած, միայն աղոթքներ են կարդում, ծեսեր անց կացնում, բայց հիմնականում աշխարհիկ (շատ փափուկ է ասված) կյանք են վարում և իրենց վարքով վատ օրինակ ծառայում հասարակ ժողովրդի համար։ Իսկ երբ վերևներում են աշխարհիկ (դարձյալ շատ փափուկ է ասված) ապա ի՞նչ կլինեն մարդիկ ներքևներում։ Իրենց անուսմունք ու հակաքրիստոնեական վարքով ազգի հոգևոր վերնախավը շարունակում է փչացնել ու փչացած պահել բոլորին։ Իսկ մենք՝ բանից անտեղյակ ու միամիտ մտավորականներս, զարմանում ենք, թե որտե՞ղ է այդ ազգակործան բացիլի «օջախը»։

Միշտ ներսի թշնամին է եղել աննկատ ու վտանգավոր։ Դրսի թշնամին որևէ սպառնալիք չէ, եթե ներսում թշնամի չկա։ Երբ մարմնում բացիլներ չկան և իմունային համակարգը անխափան է աշխատում, ապա դրսի ոչ մի թշնամի որևէ վտանգ չի ներկայացնում։ Ամենավտանգավորը մարմնում եղած վարակի օջախն է, մանավանդ երբ նրան քո սեփականն ու հարազատ ես համարում, հարազատն ես համարում ու երկրպագում, կռվի ելնում ու պաշտպանում նրան անգամ քո սեփական կյանքի գնով։ Քանի՜, քանի՜ ազնվասիրտ հայորդիներ են անձնազոհ կերպով նահատակվել պաշտպանելու այն, ինչ հարազատ են համարել, իրենցն ու միակը։ Ոչ մեկի մտքով չի անցել, որ ազգայինի տակ ապազգային, անգամ հակազգային բացիլների օջախ է թաքնված։ Անշուշտ այն՝ այդ բացիլների օջախը, ամեն ինչ պիտի աներ քողարկվելու, մարմնի առողջ տարրերին ապակողմնորոշելու և նրանց անձնազոհ պայքարի հանելու համար օտար նվաճողների դեմ, որպեսզի կարողանա գոյատևել՝ սնվել մարմնի հաշվին ու բազմանալ։ Նման կերպ է վարվում բացիլների ցանկացած տեսակ։ Կանդիդա բորբոսասունկն, օրինակ, ամեն ինչ անում է քողարկվելու, մարմնի իմունային համակարգի համար անտեսանելի դառնալու, անգամ նրա կողմից պաշտպանվելու և կերակրվելու համար։ Ինչպե՞ս։ Կանդիդան ամենախորամանկ ու թունավոր օրգանիզմն է։ Նա կարողանում է հատուկ նյութեր արտադրել ու ներարկել արյան մեջ, որոնք հասնելով ուղեղին թելադրում են նրան ստիպել մարմնին որոնել, գտնել և ուտել որքան հնարավոր է շատ շաքար։ Չէ՞ որ շաքարն է Կանդիդայի հիմնական սնունդը։ Եվ այսպես, խաբելով ուղեղին, Կանդիդան սնունդ է ստանում, աճում, զարգանում ու բազմանում, տարածվելով ամբողջ մարմնով, միաժամանակ չորս տեսակի մահաբեր թույն արտազատելով հենց նույն մարմնի մեջ։ Մարմինն իրեն վատ է զգում սակայն չի հասկանում թե ինչից։ Իսկ Կանդիդան աճել բազմացել է և ավելի շատ սննդի կարիք ունի։ Ավելի շատ նյութեր է արտադրում, ներարկում արյան մեջ, որոնք էլ ուղեղին հասնելով, ստիպում են նրան թելադրել մարմնին ավելի ու ավելի շատ շաքար ընդունել ներս։ Եվ այսպես շարունակ աճելով, բազմանալով ու տարածվելով ամբողջ մարմնով, Կանդիդան հասնում է ուղեղին և սկսում խժռել այն։ Եվ գալիս է ազգի մտավորականության վախճանը։ Իսկ երբ վազճանվում է մտավորականությունը, ապա շատ հեռու չէ ազգի մարմնի մահը։

Կարիք չկա զարմանալ, հետևաբար, որ մեր մարմինը ոչինչ չի հասկանում և անկանոն ցնցումների մեջ է։ Չէ՞ որ ուղեղն արդեն չկա։ Շատ վաղուց չկա։ Կանդիդան գրավել է գանգատուփի ողջ տարածքը և ուղեղի վերջին բեկորներն է խժռում։ Որքան էլ խորամանկ, Կանդիդան, միևնույն է, չի հասկանում որ ոչնչացնում է այն, ինչն իրեն սնում էր։ Ավելի պատկերավոր ասած՝ Կանդիդան կտրում է այն ճյուղը, որի վրա նստած էր։ Ազգի գահավիժումը արագ է լինելու և կործանվելու են բոլորը՝ և՛մարմինը, և՛ նրա հաշվին սնվող մակաբույծը։

Թե ինչ կլինի հետո՝ միայն Աստված գիտի։

Սակայն գուցե իրավիճակն այնքան էլ անհույս չէ։ Չէ՞ որ նման իրավիճակը շարունակվում է արդեն հազար յոթ հարյուր տարի։ Ամեն անգամ մեր մարմինը նորոգում է ինքն իրեն՝ նորանոր գլուխներ են առաջանում։ Բացիլները, սակայն, հարազատ իրենց կործանարար բնույթին, հարձակվում ու խժռում են նրանց, կամ հանձնում արտաքին թշնամիների հոշոտմանը։ Բայց դարձյալ գլուխներ են ծնվում ու դարձյալ շարունակվում է նույն գործընթացը։ Մարմնի իմունային համակարգը՝ մեր ազգային ուսմունքի հիման վրա ձևավորված մշակույթը, ողջ է պահել օրգանիոզմը այն դարաշրջաններում, երբ գլուխներ չեն ծնվել, ավելի ճիշտ՝ ծնվել են, բայց միանգամից շրջապատվել ու խժռվել կամ խեղդամահ արվել կանդիդայի անողոք ճիրաններում։ Իսկ երբ արտաքին բարենպաստ պայմանների շնորհիվ որոշ գլուխներ ժամանակավորապես խուսափել են կանդիդայի թունավոր ճիրաններից, աճել ու հասունացել են, դժբախտաբար հետագայում այնուամենայնիվ հարձակման թիրախ են դարձել ու գլխատվել։ Մարմինը դարձյալ մնացել է անգլուխ, կամ վախեցած ու վախից կաթվածահար փոքրիկ գլուխների «առաջնորդության» հույսին ու ավելի քայքայվել, քայքայվել ու մահացել։ Աստիճանաբար մահանալով, փոքրացել ենք, ազգովի տարագիր դարձել, հասել ենք այս խղճուկ վիաճակին ու կաթվածահար ընթանում ենք դեպի մեր վախճանն ու ոչինչ չենք հասկանում։ Ոչինչ չի հասկանում նաև բացիլների «օջախը» և ուտել խմելով ընթանում է դեպի իր սեփական կործանումը։

Ի՞նչ անել։ Արդեն չգիտեմ։ Եթե մինչ այժմ ոչ ոք ոչինչ չի հասկացել ու չի պատկերացնում, թե ազգովի ինչ անելանելի իրավիճակում ենք, ապա արդեն անհույս է՝ ինքնուրույն ինքնափրկվել չենք կարող, որովհետև չենք լսում այն, ինչ ահազանգում ու աղաղակում են որոշ առողջ գլուխներ։

©Դավիթ Միրզոյան. 7 Օգոստոս, 2020 թ.

No comments:

Post a Comment