Sunday, August 9, 2020

ՄԵՏԱՄԱՌԱԶՄ

Մեր իրականության մեջ արմատացած գոռոզությունն ու դրան նախորդած տգիտությունը թույլ չեն տալիս մեզ ազգովի որևէ առաջընթաց ունենալ։ Օրինակ՝ ոմանք, ովքեր նոր են լսել «մետամորֆոզ» բառը, իրենց անսահման տգիտության պատճառով չեն էլ մտածում գոնե մտածել, որ դիմացինը գուցե ևս գիտի։ Սրանց անսահման տգիտության մշտական ուղեկից անսահման գոռոզությունը թույլ չի տալիս անգամ ընդունել այն միտքը, որ ուրիշները գուցե ավելի վաղ են լսել։ Իրենց անսահման դատարկության և իրենց անսահման գոռոզության պատճառով համառորեն հավատում են, թե իրենք միակ տեղեկացվածն են։ Իրենց անձին որոշ արժեք հաղորդելու համար մոլեգին կերպով ու կուրացած, ամեն ինչ անում են դիմացինին նսեմացնելու և գետնին տապալելու համար։ Ծիծաղելի տեսարան կլիներ իհարկե, եթե նկարագրածս երևույթը եզակի լիներ մեզանում։ Իրականությունը, սակայն, իրականում ողբերգական է, քանի որ տգետների ոհմակները ամենուր են։ Դեռ ոչինչ, որ իրար են հոշոտում։ Դժբախտությունն այն է, որ պատրաստ են ոհմակով հարձակվել ու հոշոտել ազգի գաղափարակրին, ազգի մտավորականին։ Սրանց համար ամենևին էլ կարևոր չէ իրենց արածի ողջ անբարոյականությունը, կամ այն, որ ազգի գաղափարակրին արհամարհելով ու անտեսելով, ազգը հետաճ կապրի ու կկործանվի։ Կարևորը սեփական վարկն է՝ դիմացինից բարձր երևալու մոլուցքը և այլն։

Սակայն իրավիճակն ավելի ողբերգական է։ Գաղափարազուրկ տհասներին թվում է, թե ազգի գաղափարակրի գաղափարները կարող են գողանալ ու սեփականացնել, առանց որևէ հետևանքի։ Չնայած զարմանաու ոչինչ չկա՝ ցանկացած գող գողություն է անում հենց այդ նույն հա-մոզմունքով, նաև որ ոչ մի արտառոց բան չի անում։ Սա ևս զարմանալու չէ, քանի որ կենդանիների աշխարհում դա գիշատիչ անասունների միակ զբաղմունքն է՝ բոլորը բոլորից գողանում են և դա համարվում է կյանքի նորմ՝ ինչ-պե՞ս կարելի է առանց դրա։ Ինչպե՞ս կարելի է գոյատևել առանց վերցնելու, կլանելու, գողանալու։ Կենդանիների աշխարհում բանը հասնում է անգամ կազմակերպված և խմբակային կողոպուտի։ Օրինակ՝ շնագայլերն ու բորենիները, կարող են ոհմակներ կազմել, հարձակվել և խլել, օրինակ, առյուծից նրա որսը, կամ անգամ հարձակվել ու հոշոտել փղի անպաշտպան ձագին և այլն։

Նույն կենդանական հարաբերություններն են, ցավոք, նաև մարդկանց միջավայրում։ Գողանում են անխնա ու կողոպտում։ Գողանում են ու կոլոպտում ոչ միայն նյութական, այլև ուրիշների հոգևոր սեփականությունը՝ միտքը գաղափարը, ախտորոշումը, առաջարկը և այլն, ու այդ ամենը, ի տարբերություն կենդանիների, քողարկում են տարբեր փիլիսոփայությունների շղարշներով։ Կլսես երբեմն՝ «ՄԻՏՔԸ, հենց միայն այդպիսին, ոչ մեկինն էլ չէ, այլ որ այն համատիեզերական էներգետիկ ծագում ունի, այդ էներգիան մեկին կարող է հաղորդվել մի փոքր շուտ, մյուսին՝ մի փոքր ուշ, պարզապես հասակային-ներքին կուլտուրայի-հայեցական տարբերություններով մեկը մյուսից շուտ կար-տահայտվի հենց այդ նույն ՄՏՔԻՑ: ՄԻՏՔԸ սուբստանց՝ տարածության ու ժամանակի սուբստանցիաների պես»: Կամ մեկ այլ անհոդաբաշխ անհեթեթություն՝ «այսպես թե այնպես ցանկացած մեկը որսալու է ՄԻՏՔ էներգիան, այդ պարագայում առաջնեկության հարցը վերանում է, մնում է ՄՏՔԻ ինտերպրետացիայի կարողունակությունը, այսինքն՝ ՄԻՏՔԸ գիսաստղ է, և էներգիան որսացողները գիսաստղի հետագծի ծիրում են»: Նման տգետ-տհասները անգամ Արարչին են վկայակոչում՝ «Միտքն արարչով է, այն էներգիա է, բոլորն են այս կամ ժամանակում որսում այդ էներգիան՝ ներքին կուլտուրայի հասունության պարագայում»: Լավ է գոնե ներքին կուլտուրայի պարագան չմոռացան։ Ինչևէ... միայն խորամանկ կենդանին է ունակ հորինել անկապ փիլիսոփայություններ սեփական մեղքերը արդարացնելու համար։

Ինչպե՞ս բացատրես սրանց, որ եթե անգամ միտքը մարդուց դուրս առկա ինչ-որ էներգիա է, և բոլորն են այս կամ այն ժամանակ որսում այդ էներրգիան, ապա գոնե ազնվություն պետք է ունենան ընդունելու, որ ինչ-որ մեկն առաջինն է որսացել։ Պետք է նաև ազնվություն ունենան ընդունելու, որ առաջինը որսացողը առաջնայնություն ունի և գուցե արդեն շատ ավելին է որսացել, քան կարելի է ենթադրել։ Պետք է նաև ազնվություն ունենան հարգել առաջնայնություն ունեցողին, չանտեսել նրան, մանավանդ՝ դիտավորյալ կերպով։ Պետք է գոնե հասկանան, որ որևէ բան բացահայտելու համար էներգիա է ծախսվել, նաև՝ ժամանակ, հետևաբար և նյութական միջոցներ։ Պետք է ազնվություն ունենան հաշվի առնել գոնե սեփական բերանից դուրս եկած «ներքին կուլտուրայի հասունության» պարագան։

Բայց դե անուսմունք, անմշակույթ ու բազմապիսի գիտելիքներով ու բարձր տեխնոլոգիաներով օժտված կենդանիներին ի՞նչ ասես։ Ինչ էլ ասես, մի անկապ փիլիսոփայություն մոգոնելու են իրենց կենդանությունը արդարացնե-լու համար։ Իսկ երբ իրենցին գերազանցող քո ինտելկտի ուժով նեղն ես գցում դրանց, հայհոյում են ու հեռանում։ Ինչևէ… կյանքը կարճ է այն կենդանիների միջավայրում վատնելու համար։ Կենդանին երբեք չի հասկանա, որ Մարդկանց միջավայրում ոչինչ չի կարելի գողանալ, որ գողությունն անպատվություն է նրա հանդեպ, ումից գողանում են։ Ավելի մեծ անպատվություն է, երբ լկտիաբար հայտարարում են, որ կգողանան ու կօգտագործեն իրենց շահերի համար։ Այն սրիկա ու լկտի անհատները, ովքեր գաղափարակրին լսելուց հետո հենց նրա երեսին հայտա-րարում են, որ կգողանան նրա գաղափարները, այսինքն՝ կխլեն նրա սեփականությունը, նրան դեն կշպրտեն որպես օգտագործված, խաբված ու անզոր ինչ-որ մեկն ու կանցնեն առաջ, տրորելով ու արհամարհելով նրան, ապա մեծագույն վիրավորանք են հասցնում նրան։ Նման սրիկաներն արժանի են ամենաանողոք հակահարվածի։

Ինչ վերաբերում է «ՄԻՏՔ»-ը «գիսատղ»-ի հետ համեմատելու փորձին, գուցե ավելի լավ կլիներ համեմատել աստղի հետ։ Եվ շարունակելով փոխաբերությունը, երբ մարդիկ համատարած խավարի մեջ առաջնորդվում են ամենապայ-ծառ ու հաստատուն աստղով, ապա չեն անտեսում ու արհամարհում նրան։ Նրանով կողմնորոշվելուց և տեղ հասնելուց հետո, չեն մոռանում ու արհամարհում նրան։ Հետևաբար, եթե ոմանք հավանում են որևե մեկի գաղափարներն ու շտկում են իրենց համոզմունքների համակարգը, անգամ փորձում են սեփական դատողություններ անել ու տարածել, ապա դա կարող են անել միայն գաղափարի հեղինակի անունը նշելով։ Այլապես դա կլինի գողություն, հեղինակին էլ՝ ջնջել՝ արհամարհել նրան, անարգել, մոռացության մատնել ու վերացնել, նման նրան, որ օգտվես աստղից, ապահով տեղ հասնես ու հետո ցած բերես նրան ու թաղես հողի տակ։ Վերջապես տարրական հարգանք է պետք ունենալ, նշելու գաղափարի հեղինակի անունը։ Եթե սովորաբար մեզ պարտավորված ենք համարում նշել հանգուցյալ հեղինակներին, նրանց խոսքերը կամ գաղափարները հիշատակելիս, ապա ինչո՞ւ պարտավորված չենք զգում հիշատակել դեռ չմահացած հեղինակներին։ Այսինքն հանգուցյալներին կարելի՞ է հարգել, իսկ դեռ չմահացածներին ո՞չ։ Մի՞թե չմահացածները հարգանքի արժանի չեն։ Գուցե ուրի՞շ պատճառ կա։

Ամեն դեպքում, անհրաժեշտ է նշել հեղինակի անունը, գոնե հիշատակել, թե ում գաղափարներն եք ներկայացնում, քննադատում, կամ ում գաղափարներն են ձեզ առաջնորդել այնտեղ, որտեղ հիմա եք։ Սա սովորական հպար-տություն չէ։ Ինչպես նշեցի, հեղինակի անունը չնշելը, նրան չհիշատակելը նրա անունը ջնջել է նշանակում։ Իսկ անունը ջնջելը նշանակում է ջնջել նրան, այսինքն սպանել, որը մարդկանց միջավայրում հանցագործություն է։

©Դավիթ Միրզոյան. 9 Օգոստոս, 2020 թ.

No comments:

Post a Comment