Saturday, February 6, 2021

 ՊԱՏՇԱՃ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ոմանք զարմանում են, թե ինչու շատ չեմ գրում, հատկապես ինչու չեմ շարունակում վեպս, ինչու չեմ կազմում համակարգված ուսմունքը և այլն։ Մի քանի պատճառ կա։ Նախ՝ չի կարելի ամեն ինչ հանրամատչելի դարձնել, որովհետև հրապարակում նաև թշնամիներ կան։ Հրապարակումներն էլ չի կարելի մատչելի ու հանգամանալի շարադրել նույն պատճառով, նաև որովհետև հենց մեզանում շատ տարբեր արժեքներով ու ինտելեկտով մարդիկ կան՝ չեն հասկանա ասելիքը, կվատանան անգամ կսկսեն խանգարել։ Հետևաբար հրապարակումներիս մեջ ամեն ինչ չեմ գրում, ինչ էլ որ գրում եմ դիտավորյալ կերպով համակարգված չեմ տեղադրում։ Ուսմունքի շատ դրույթներ ներկայացրել եմ վեպումս, երկխոսությունների մեջ, ոչ բացահայտ ակնարների տեսքով։ Երկրորդ պատճառն այն է, որ բավարար ժամանակ չունեմ։ Ամբողջ ժամանակս ծախսում եմ համացանցում մարդկանց հետաքրքրելու և սթափեցնելու վրա որպեսզի նկատեն ասելիքս, վերլուծություններս ու բացատրություններս և դարձի գան, դառնան համախոհներ ու սկսեն համագործակցել։ Երրորդ պատճառը բխում է երկրորդից` քանի որ համախոհներ շատ չկան ու չեն տարածում գաղափարներս, ապա անիմաստ է նստել ու շարունակել նոր բացահայտումներ ու պարզաբանումներ անել։ Ինչպես ասում են` ասողին լսող է պետք։ Առանց լսողի անիմաստ է որևէ բան ասել։ Չորրորդ պատճառն այն է, որ երբ հեղինակն ինքն է հրապարակավ ներկայացնում իր գաղափարները, ապա դա մարդկանց կողմից դիտվում է որպես ինքնագովազդ ու գոռոզություն։ Մարդիկ շահադիտություն են համարում դա, ընդդիմանում են, մերժում ու հեռանում։ Հետևաբար որևէ առաջընթաց կլինի միայն, երբ ուրիշները տարածեն հեղինակի գաղափարները։ Ինչը ցավոք մեր ազգանվեր զանգվածը դեռ չի հասկանում։ Բոլորի քարացած համոզմունքն է, թե հեղինակն ինքն էլ պիտի տարածի իր գաղափարները, ինքն էլ համախոհներ գտնի, անձամբ էլ դուրս գա փողոց ու առաջնորդի մարդկանց դեպի իշխանափոխություն։ Նախ՝ հասկանանք, որ իսկական առաջնորդը փողոցային ամբոխավարը չէ։ Իսկական առաջնորդը գաղափարական առաջնորդն է, նա ով շատ ավելին է տեսնում քան մնացած բոլորը` գիտի թե ինչ է պետք անել, իսկ ամենակարևորը` ուր է պետք գնալ։ Պատկերավոր ասած` իսկական առաջնորդը նավապետն է, ով ունի բոլոր քարտեզներն ու կողմնացույցը և գիտի այն նշանակետը դեպի ուր պետք է նավարկել։ Իսկ մնացած նավաստիները, նավապետի օգնականներից մինչև թիավարողները, ունեն իրենց նեղ մասնագիտական գործառույթները և գուցե չգիտեն այն ինչ նավապետը գիտի։ Ամեն դեպքում պետք է օրինակ վերցնել բանակից։ Գեներալը նավապետի պես գլխավորում է պայքարը իր շտաբից։ Նա խրամատ մտնելու և իր կյանքը վտանգելու իրավունք չունի։ Կարճ ասած` եթե ուզում ենք որևէ հաջողության հասնել ապա պետք է շարժվենք բանակի կարգ ու կանոնով։ Չի կարելի առաջնորդին կոչ անել դուրս գալ փողոց, կամ այլ կերպ ասած` գնալ առաջնագիծ։ Դա միանգամից կգլխատի շարժումը։
©Դավիթ Միրզոյան. 3 Հունվարի, 2012թ.

No comments:

Post a Comment