Saturday, May 10, 2014

ՀԱՅԿ ԵՎ ԲԵԼ

Կռվի ճշմարիտ էությունը հասկանալու համար, հարկ կլինի մի քիչ հետ գնալ ժամանակի մեջ։ Վաղնջական ժամանակներից սկսած մարդիկ ապրում էին, ազատորեն օգտվելով մայր հողի բարիքներից։

Նույնիսկ «Ծննդոց»-ում ասվում է, որ առաջին մարդկանց արարելուց հետո Արարիչը նրանց տեղավորեց իր հիմնած պարտեզում ու պատվիրեց ապրել, ազատորեն օգտվելով պարտեզի բարիքներից։ Թե կոնրետ ինչ պիտի անեին մարդիկ, շատ պարզ չի երևում «Բազմացեք ու լցրեք աշխարհը» ամենաառաջին պատվիրանից։ Սակայն հաշվի առնելով, որ պարտեզը հիմնել էր հենց ինքը՝ Արարիչը, մարդկանց որևէ գործ չթողնելով, բացի այգին խնամելուց, նաև, մի փոքր մտորելով, կարելի է հանգել այն եզրակացության, որ մարդիկ պիտի անեին այն ինչ Արարիչն էր արել՝ հիմնել պարտեզ, սերունդ տալ, կրթել նրանց, ամուսնացնել ու տեղավորել նորաստեղծ պարտեզում, պատվիրելով նրանց անել նույնը։ Եվ այսպես շարունակ, մինչև չկատարվեր Արարչի առաջին պատվիրանը` բազմանալ ու լցնել աշխարհը։ Լցնել ասելով սովորաբար հասկացվում է միայն` մարդկանց քանակով։ Սակայն հաշվի առնելով, որ Արարիչը ստեղծել էր ոչ միայն մարդկանց այլ նաև նախնական պարտեզի բոլոր բնակիչներին` ընտանի կենդանիներին ու մշակովի բույսերի բոլոր տեսակները, ապա տրամաբանական է ենթադրել, որ հենց դրանցով էլ պիտի լցվեր աշխարհը` այսինքն մարդուն պատվիրված էր ոչ միայն բազմանալ այլ նաև բազմացնել Արարչի ձեռքի բոլոր գործերն ու դրանցով լցնել աշխարհը, այն ի վերջո վերածելով մի մեծ դրախտային պարտեզի։

Ուրեմն` առաջին պատվիրանի կատարումը պիտի բերեր նախնական պարտեզի սահմանների ընդարձակման, մինչև ողջ մոլորակը չվերածվեր մի մեծ պարտեզի ուր մարդիկ կապրեին ազատ ու երջանիկ։ Արարչի այս մտահղացումն, ինչպես գիտենք, չիրականացավ։ Մարդիկ անհնազանդ գտնվեցին, չավարտեցին իրենց կրթությունը, չստացան անհրաժեշտ գիտելիքի ողջ պաշարը, վռնդվեցին պարտեզից, հայտնվելով տափաստաններում, փուշ ու տատասկի մեջ, հետևաբար, ստիպված լինելով իրենց ճակատի քրտինքով ձեռք բերել այն, ինչ առանց չարչարվելու ունեին դրախտում։ Մարդիկ ստիպված էին մաքառելու գնով կառուցել իրենց կացարանը, պարտեզն ու հայթայթել իրենց սնունդը։ Բայց մարդիկ դեռ ազատորեն կարող էին օգտվել մայր հողի բարիքներից։ Ստիպված չէին վճարել շինանյութի, սննդի ու հագուստի համար։ Թեկուզև չկար Արարչի ուսուցանող ներկայությունն ու դրախտի նախկին ճոխությունը, բայց դեռ կար հիմնական պայմանը` ազատորեն` առանց որևէ սահմանափակման, վերցնել մայր բնությունից այն ամենն ինչ անհրաժեշտ էր տարրական կենսագործունեության համար, թեկուզև քրտնաջան աշխատանքով։

Բայց այս ամենն էլ էր դատապարտված։ Մարդկանցից մեկը իր նմանների ոհմակ հավաքեով շուրջն ու, այդպիսով հզորանալով, հայտարարեց, որ սարերն ու ձորերը, ծառերն ու թփերը, անտառներն ու մարգագետինները, ողջ մայր բնությունն իր մասնավոր սեփականությունն է, ու, որ մնացածն իրավունք չունեն առանց վարձատրության օգտվել «իր» սեփականությունից։ Փաստորեն, այդ մարդը՝ Բելը, դարձավ առաջին օլիգարխը ու Հայկի կռիվը հենց օլիգարխիայի դեմ էր։ Այլ կերպ ասած՝ Բելն առաջին ստրկատերն էր, առաջին ֆեոդալը, կամ մոնոպոլիստը, իսկ մեր նախահայր` Հայկը` առաջին հեղափոխականը։

Հետևաբար, Հայկի ու Բելի կռվի պատճառն այն չէր, որ Բելն ուզում էր, որ իրեն երկրպագեն որպես աստված կամ կիսաստված, Հայկն էլ համառորեն կողի էր ընկել։ Իր կյանքը դեռ` ոչինչ, բայց չէ՞ որ վտանգում էր, նաև, իր մերձավորների կյանքը։ Արդյո՞ք Հայկի մերձավորները կվտանգեին իրենց կյանքը միայն այն պատճառով, որ Հայկը կողի էր ընկել ու իր արժանապատվությունից ցածր էր համարում երկրպագել Բելին։ Բայց գուցե բոլորն էլ Հայկի նման համա՞ռ էին։ Նրանցից ոչ մեկը չառաջարկե՞ց՝ «դե, գնանք մի երկու հատ «ալլահ, մալլահ» ասենք պրծնենք»։ Այստեղ խնդիրը հեշտերից չէր` ձևական երկրպագությամբ չէին պրծնի։ Վտանգված էր բոլորի կյանքը։

Բելը, զորք էր հավաքել ու հզորացել, բոլոր տարածքներն իրենն էր հայտարարել ու արգելում էր մյուսներին ազատորեն օգտվել «իր» հողի բարիքներից, կամ վարձատրություն էր պահանջում օգտվելու դիմաց, աշխատանքի կամ դրամական փոխհատուցման ձևով։ Հիմնականում` աշխատանքի։ Բելը նպատակ ուներ մարդկանց մի մասին աշխատեցնել շինարարության, մի մասին` սննդի արդյունաբերության, մի մասին էլ` կենսական անհրաժեշտության այլ պարագաների, հատկապես զենքի ու զինամթերքի արտադրության մեջ, նպատակ ունենալով էլ՛ ավելի հզորացնել իր ոհմակն ու ընդլայնել իր տիրապետությունը։ Գլոբալիզացիայի նախահայրը հենց նա էր։ Մեր նախահայր Հայկն էլ հերոսաբար կասեցրեց առաջին գլոբալիզացիայի փորձը։ Բայց, ավաղ, ոչ մի հաղթանակ վերջնական չէ։ Չարի ուժերն անըդհատ պատերազմի են ելել։ Մեր` հայերիս, պասիվությունը բերեց չարի ուժերի տարածմանն ու հզորացմանը։ Պատմությունն անընդհատ կրկնվում է։

Հիմա էլ «գլոԲԵԼիզացիայի» ոհմակներն իրենց իշխանության տակ են առել աշխարհի բոլոր ժողովուրդներին ու դեռ շարունակում են սեղմել օղակը։ Ո՞վ կարող է բռնել նրանց ձեռքն ու հետ շրջել այդ չարաբաստիկ գործընթացի ահագնացող ալիքը։

Էլի մենք երևի։


Դավիթ Միրզոյան, Հունիս15, 2012

www.davitmirzoyan.com

No comments:

Post a Comment