Monday, May 12, 2014

ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Հնում մարդու աշխարհճանաչողությունը խիստ սահմանափակ էր։ Նրա համար շրջապատը անհուն տիեզերք էր, ինքն էլ` խղճուկ մի կետ։ Մարդը մաքառելով էր քարշ տալիս իր գոյությունը` ճնշված ու վախեցած։ Փորձի, գիտելիքների, նաև, ինքնաճանաչողության աճին զուգընթաց, աճեց մարդու գոռոզությունը։ Ու սկսվեց «քաղաքակրթությունը»։ Ներազգային, նաև ազգամիջյան գզվրտոցն այլ պատճառներ էլ ունի, բայց գոռոզությունը` սեփական անձը ամեն գնով մյուսներից վեր դասելու մղումը, առաջինն է։ Այն, դժբախտաբար, դեռ ամենատարածվածն է, մանավանդ, մեզանում` ամենաբանական ու բազմատաղանդ մարդկանց, շրջանում։ Ու, ցավոք, բերում է ներազգային թշնամանքի, հետևաբար` պառակտման ու թուլացման։

Բայց, միշտ չի, որ այսպիսին ենք եղել։ Երկար հազարամյակներ շարունակ ունեցել ենք Արարչական մշակույթ, եղել ենք օրինակելի ազգ մյուսների համար։ Նույնիսկ սեփական կյանքի գնով պատերազմի ենք դուրս եկել ազատելու մեր հարևան ժողովուրդներին իրենց բռնակալներից։ Երբեք չենք ստրկացրել նրանց։ Ազատագրելուց հետո արդար կարգ ու կանոն ենք հաստատել ու վերադարձել։ Ստրկությունն ու ճորտատիրությունը անհարիր էին մեր մշակույթին։ Բայց ժամանակն իրենն արեց։ Կիսավայրենի ազգերի ահագնացող զանգվածների պայմաններում որդեգրեցինք միայն ինքնապաշտպանության մարտավարություն։ Բարի դրացիական հարաբերությունների մեջ մտանք նրանց հետ։ Հետևաբար` թույլ տվեցինք, որ ներս սողոսկեն նրանց բարքերն ու արժեքները, որոնք էլ քայքայեցին ու, ի վերջո, իսպառ ոչնչացրին մեր մշակույթը։ Փաստորեն, մեր ինքնապաշտպանության անցնելը կործանարար եղավ մեզ համար։ Մյուսները դեռ շատ լավ գիտեն, որ ամենալավ պաշտպանությունը հարձակումն է։ Ու դեռ շարունակում են նույն մարտավարությամբ։ Շրջապատել ու շարունակում են խեղդել մեզ։ Մենք էլ, կիսախեղդ վիճակում, կամ իրար ենք ուտում, կամ, լավագույն դեպքում, հեռանում իրարից, հետո կուլ գնում ու անհետանում։

Եթե այսպես շարունակվի, հնարավոր է` էլ հայ չմնա, ու կտրվի այն հույսը, թե կառաջանա մի ուժ մոլորակի վրա ազնվագույն մշակույթ, հետևաբար` կայուն խաղաղություն հաստատելու համար։ Ուրեմն` պետք է կանգնեցնել մեր մշակույթի քայքայման գոծընթացը։ Մեր դժբախտությունը մեր կառավարողները չեն, ոչ էլ նրանց դրսի տերերը, այլ մեզանում մշակույթի բացակայությունը։ Միայն անմշակույթ ժողովրդի միջից են ելնում գոռոզ ու ամբարտավան, հաճախ էլ տգետ ու հանցագործ իշխանավորներ։ Նաև իշխանության ձգտող լայն զանգվածներ ու նրանց ամեն գնով սատարողներ։

Մեր մշակույթի վերականգնումն ու սերմանումը կբերի կործանարար ուղուց աստիճանական շրջադարձի։ Ժողովուրդը կճանաչի իր գենետիկ էությունից բխող ուսմունքն ու մշակույթը, և կսկսի աստիճանաբար ինքնաշտկվել։ Կբարելավվեն միջանձնային հարաբերությունները։ Հետևաբար, կսկսի նվազել արտագաղթը։ Մշակույթի արմատավորումը կառավարման լծակների մոտ կբերի ազնիվ մտավորականների։ Դրանից հետո, գուցեև, հնարավոր դառնա թագավորության վերականգնումն ու երկրի հզորացումը։ Սա երկար ճանապարհն է։

Ավելի կարճ տարբերակ էլ կա։ Չնայած, անկանխատեսելի հետևանքներով լի։ Բայց, երկու դեպքում էլ մշակույթի վերականգնումն ու ամեն մեկի սեղանին հասցնելը անհրաժեշտություն է։ Ու այդ գործը միայն ազնիվ ու բանիմաց մտավորականները կարող են անել։

Դավիթ Միրզոյան, Մարտ 3, 2012

www.davitmirzoyan.com

No comments:

Post a Comment