Wednesday, May 14, 2014

ԴԻՄԱԿԱՀԱՆԴԵՍ

Նկատում ենք, թե` ոչ, բոլորս էլ մի մեծ դիմակահանդեսի մասնակիցներ ենք։ Թե՛ ներսում` տանը, թե՛, հատկապես, դրսում` միջավայրում` աշխատանքի ընթացքում, փողոցում և այլն։

Թե՛ ներսում` Հայաստանում, թե՛ դրսում` Հայաստանից դուրս, բոլոր հասարակություններն այս կամ այն չափով դիմակակիրներ են։ Բայց, մեր դիմակները տարբեր են կախված անհատի կամ հասարակության արժեքների համակարգից։ Արևմտյան` «քաղաքակիրթ» երկրներինը, օրինակ, նման չի մերին` զուտ Հայկականին։ Բայց թերևս սկսենկ անհատական դեպքերից։

Մարդիկ սովորաբար դիմակ են կրում երկու հիմնական պատճառով`
1. կամ սեփական եսի հանցագործ էությունը քողարկելու, դիմացինի զգոնությունը թուլացնելու ու նրան խոցելի դարձնելու համար, նյութական կամ այլ տեսակի շահ հետապնդելով,
2. կամ դրսի ագրեսիայից պաշտպանվելու համար։

Կան, իհարկե, բազմաթիվ միջանկյալ ու բաղադրյալ պատճառներ ու, հետևաբար` դիմակներ։ Բայց պարզության համար տարբերենք միայն վերոնշյալ երկուսը։ Ուրեմն, կախված մեր անձի էությունից, մեր դիմակները տարբեր են։ Ոմանք այն կրում են իրենց անիրավ ու դաժան էությունը, միտումներն ու ծրագրերը քողարկելու, իսկ մյուսները` ինքնապաշտպանության մղումով, իրենց արդարամիտ ու խոցելի էությունը քողարկելու համար։

Բայց այս ամենը կատարվոում է ենթագիտակցաբար, հաճախ աննկատ, նույնիսկ, սեփական գիտակցությունից։ Ու, մանավանդ, երբ դիմակի ձվավորման գործընթացը սկսվել է փոքր տարիքում, դեմքն ու դիմակն այնքան խորն են սերտաճում, որ շատ հաճախ անհնար է տերբերել դիմակը դեմքից։ Հաճախ նույնիսկ դեմք էլ չկա։ Կա միայն դեմքի ու դիմակի սերտաճ։ Ու երբեմն այդ սերտաճն այնքան խորն է, որ նույնիսկ «վիրահատական» միջոցներն են անզոր։ Այդ սերտաճը երբեմն հնարավոր է հեռացնել միայն գլխի ու իրանի վերին մասի հետ միասին։

Ուրեմն, կախված անհատի էությունից ու մղումներից, դիմակները տարբեր են։ Մեծ մաշտաբով նույն բանը կարավում է հասարակությունների հետ` կախված նրանց արժեքների համակարգից։ Այլ կերպ ասած, եթե հասարակության արժեքների համակարգն ու ազգաբնակչության ներքին էությունը դաժան ու անիրավ են, ապա հասարակությունն ընդհանուր առմաբ կրում է բարի ու քաղաքակիրթ դիմակ, միմյանց զգոնությունը թուլացնելու ու միմյանցից նյութական կամ այլ տեսակի շահ կորզելու նպատակով։

Իսկ երբ հասարակության արժեքների համակարգն ու ազգի գենետիկ էությունը բարի ու արդարամիտ են, իսկ ողջ հասարակությանը պարտադրվել են դաժան կապիտալիստական փոխհարաբերություններ, ապա հասարակությունն ընդհանուր առմաբ ստիպված է ինքնապահպանման մղումով կրել խայտաբղետ դիմակներ` դաժան ու անիրավից մինչև կեղծավոր ու մոլորեցնող։

Առաջին դեպքը նկարագրական է արևմտյան կապիտալիստական, «քաղաքակիրթ» երկրների համար։ Իրենց դաժան, կապիտալիստական արժեհամակարգն ու փոխհարաբերությունները քողարկելու նպատակով, այդ հասարակությունները հիմնականում կրում են քաղաքակիրթ դիմակներ։

Բարի ու անկաշառ մարդկանց գոյությունն իհարկե բացառված չե ոչ մի հասարակությունում։ Խոսքն այստեղ, իհարկե, ընդհանուր երևույթի մասին է։

Երկրորդ դեպքը նկարագրական է մեր` հայկական, իրականության համար։ Ի սկզբանե, ունենալով բարի ու ազնվբարո էություն ու արժեհամակարգ, մեզ պարտադրվել են դաժան կապիտալիստական, մրցակցային փոխհարաբերություններ, երբ մարդու գոյությունը կախված է դիմացինին խեղդելուց, սնանկացնելուց, նույնիսկ ոչնչացնելուց։ Այս պայմաններում` մի կողմից մեր ներսի բարի ու արդարամիտ էությունն է աղաղակում, մյուս կողմից` դրսի դաժան պայմաններն են ճնշում։ Մենք էլ` ինքնապահպանման նպատակով, ընտրում ենք ենթարկվել դրսի ճնշմանը։ Ու տարբեր դիմակներ դրած մտնում ենք մրցակցային պայքարի, այլ կերպ ասած` գզվրտոցի մեջ, միմյանցից պատառ խլելու, կամ այլ կերպ ասած, միմյանցից նյութական, կամ, այլ տեսակի շահ հետապնդելու համար։ Ցավոք, կատարվում է անխուսափելին։ Մեր դիմակները գնալով ավելի ու ավելի խորն են սերտաճում մեր դեմքի հետ։ Ու մի որոշ ժամանակ անց անհնար կլինի անջատել մեկը մյուսից։ Հասարկության էությունը անդառնալիորեն կփոխվի։ Այ, սա է, որ խորապես անհանգստացնում է ազնվաբարո մտավորականներին։ Այ, սա է պատճառը, որ հաճախ ասում ենք` «ժամանակ չկա»։

Այս հրեշավոր գործընթացը կասեցնելու ու իրավիճակը փոխելու համար հրամայական է կապիտալիստական, մրցակցային փոխհարաբերությունների վերացումը։ Բայց, այն ոչ ոք մեզ համար չի անի։ Ոչ էլ կարելի է հույս դնել մեզնից դուրս որևէ հրաշքի աղբյուրի վրա։ Միակ անողներն ու հրաշքի աղբյուրը մենք ենք։

Այնպես ինչպես անհատն է ի զորու վերափոխել սեփական էությունն իր իսկ գիտակցության ուժով, այնպես էլ ողջ հասարակությունն է ի զորու փոխել իր էությունն ու մարմնի էկոլոգիան։ Հասարակության դեպքում այդ գիտակցության դերն ու գործը պատկանում է ազգի մտավորականությանը, քանի որ ազգի մտավորականությունն է ազգի գլուխը` միտքն ու խիղճը։ Ճիշտ է` մարմինը հաճախ չի լսում իր գլխին, խլացնում է խղճի ձայնը, և այլն։ Բայց, երբ այդ ձայնը բարձր է, համոզիչ ու համառ, մարմինն ի վերջո կենթարկվի։ Չի կարող չենթարկվել։ Մեծ դժվարությամբ կլինի դա ու շատ երկար կտևի, բայց կենթարկվի։ հարկավոր է միայն սկսել ամենավերևից։

Հասարակությանը կարելի է համեմատել բուրգի հետ, որի գագաթում նրա գաղափարակիրն է։ Գաղափարակիրն ամեն ջանք ներդրած ձգտում է բարձրացնել հասարակությանը, իսկ հասարակությունը, ծուլորեն ու դժկամությամբ է հետևում նրան, հիմնականում բալաստի նման ներքև քաշելով։ Ավաղ, միայն գաղափարակրի մահից հետո է, որ հասարակությունն ընհանուր առմամբ մի չնչին քայլ վեր է բարձրանում, հետո էլի դեպի նեքև գահավիժելու համար, մինչև չգա մի նոր գաղափարակիր ու տիտանական ջանքեր չգործադրի հասարակությանը կործանումից հանելու ու դեպի վեր ձգելու համար։

Դավիթ Միրզոյան

No comments:

Post a Comment