Saturday, July 1, 2023

ՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 ՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Նախ ասենք, որ ցանկացած կազմակերպված գործունեություն պետություն է։ Պետություն է եկեղեցին։ Պետություն է ցանկացած արտադրական ձեռնարկություն։ Պետություն է ընտանիքը, գերդաստանը և այլն։ Նույնիսկ կազմակերպված հանցագործ խումբը կամ խմբավորումն է պետություն։
Որպեսզի պարզենք՝ ինչ է պետությունը և ինչու է անհրաժեշտ, ապա պետք է սկսենք ամենասկզբից։
Մարդ առողջ ու երջանիկ ապրելու մղում ունի։ Դա, իրականում, համատիեզերական նախանյութի, կամ այլ կերպ ասած՝ Արարչի, մղումն է։ Եվ քանի որ ամբողջ նյութական աշխարհը, մարդը ներառյալ, նախանյութի, կամ Արարչի, տարբեր աստիճանի դրսևորումներն են, ապա մարդը ևս առողջ, անվերջ ու երջանիկ ապրելու մղում ունի։
Ուրեմն՝ մարդու կյանքի նպատակը երջանիկ ապրելն է։ Երջանիկ ապրելու համար մարդուն անհրաժեշտ է ապահովություն, առատություն ու կայունություն։ Թվում է, թե ոչինչ չկա խանգարող։ Բոլորը ձգտում են երջանկության, հետևաբար նաև խաղաղության, և կարծես չպիտի որ միջանձնային և միջազգային պատերազմներ լինեին։ Բայց պարզվում է, որ կա խանգարող բան։ Այդ մասին տարիներ առաջ մի մեծ ու մանրամասն ուսումնասիրություն էի հրապարակել «Մեր հանրահայտ ներազգային գզվռտոցի պատճառը» վեռնագրով։ Այնտեղ մասնավորապես ներկայացնում էի, որ ցանկացած կենդանի օրգանիզմ, վիռուսներից, բակտերիաներից ու բորբոսասնկերից սկսած մինչև մարդ արարածը, սեփական տեսակը պահպանելու, բազմացնելու և ամբողջ տարածքը սեփական տեսակով լցնելու բնազդային մղում ունի։
Հենց այդ մղումն էլ խանգարում է մարդուն երջանիկ լինել։ Սեփական տեսակը պահպանելու, բազմացնելու և ամբողջ տարածքը սեփական սերունդներով լցնելու կենդանական մղումը բոլորին միմյանց հանդեպ թշնամանքի ու առճակատումների է տանում. շատ հաճախ էլ՝ արյունալի բախումների։ Չե՞ որ անհնար է բազմացնել ու տարածել սեփական տեսակը առանց մյուսների հետ բախման գնալու։ Չմոռանանք նաև, որ մեր շրջակա տարածքը անսահման չէ։ Անգամ եթե այն անսահման լիներ, ապա, միևնույն է, մեկ այլ տարածք յուրացնելու և սեփական տեսակի բազմացման համար այն բարենպաստ դարձնելու համար հավելյալ, երբեմն էլ ուժից վեր ճիգ ու ջանք էր պահանջվելու։ Հետևաբար՝ մարդկանց միջև լարվածությունը, մրցակցությունն ու բախումները մշտապես առկա են ու երբեք չեն վերանա։ Ամենակարևորն այստեղ այն է, որ այդ լարվածությունը, մրցակցությունն ու բախումները խանգարում են մարդուն երջանիկ լինել, որովհետև ապակայունացնում են շրջապատը, երբեմն էլ հասցնում ամայացնող պատերազմների։ Վերջապես՝ ինչպե՞ս կարելի է երջանիկ լինել լարված, անկայուն, թշնամաական, բախումներով լի շրջապատում։ Եվ բնականաբար երջանիկ լինելու համար մարդկանց, նաև կենդանների ցանկացած խումբ, համայնք կամ հասարակություն որևէ կայունացնող, զսպող և կարգ ու կանոն հաստատող ձեռքի՝ անձի կամ համակարգի կարիք ունի։ Եվ որքան պինդ է այդ ձեռքը, այնքան ապահով ու հանգիստ ուերջանիկ են զգում իրենց համայնքի անդամները։ Կենդանական աշխարհում դա հոտի կամ ոհմակի առաջնորդն է, մարդկանց համայնքի դեպքում՝ համայնքի նահապետը, իսկ ազգի դեպքում ազգի գերագույն նահապետը՝ Արքան։
Ինչպես կենդանիների առաջնորդն է հոգատար հոր պես կարգ ու կանոն հաստատում հոտի անդամների շրջանում, այնպես էլ մարդկանց համայնքի նահապետն է կարգ ու կանոն սահմանում ու հսկում, որպես համայնքի հոգատար հայր ու դատավոր։ Ազգի գերագույն նահապետը՝ Արքան, լինելով իր ազգի հոգատար հայրն ու գերագույն դատավորը, նույն կերպ օրենքներ է սահմանում, կարգ ու կանոն հաստատում և հսկում որպես ազգի գերագույն դատավոր։ Արքան, ի թիվս այլ գործառույթների, նաև իր ազգի գերագույն ուսուցիչն է։
Դառնանք պետության խնդրին։ Պետությունը, փաստորեն, համայնքի կամ ազգի գերագույն նահապետի կողմից կարգ ու կանոն հաստատող ծառայությունների համակարգն է։ Այդ ծառայությունների հավաքական նպատակը ժողովրդի համար բարենպաստ միջավյրի ապահովումն է, որպեսզի ժողովուրդը կարողանա ապրել ազատ, առողջ ու երջանիկ։ Պատահական չէ, որ աշխարհի ճշմարիտ թագավորություններում կա երջանկության նախարարություն։ Օրինակ՝ Բութանի թագավորությունը։
Անցնենք առաջ։ Պետության նպատակը մարդկանց համար ազատ, առողջ ու երջանիկ կյանք ապահովելն է։ Այստեղ ազատություն ասելով, պետք է հասկանալ ազատություն բռնությունից։ Ցանկացած հանցագործություն՝ գողություն, կողոպուտ, կոռուպցիա և այլն, անգամ հանցամտությունը, բռնություն են դիմացինի հանդեպ։ Չմոռանանք, որ հանցամտությունը իր մահաբեր վիբրացիաներով մեծապես նկատելի է և կործանարար, հետևաբար՝ հանցագործությունից ոչ պակաս ազդեցություն ունի մարդկանց վրա։ Եթե հաշվի առնենք, որ հանցամտությունը՝ հանցագործություն կատարելու միտումը, համատարած է, քանի որ բոլորը բնազդաբար դիմացինի հաշվին սեփական տեսակը պահպանելու, բազմացնելու և ամբողջ տարածքը սեփական սերունդներով լցնելու կենդանական մղում ունեն, ապա կարելի է նկատել, որ բոլորի հանցամտության հավաքական վիբրացիաներն ավելի կործանարար են, քան հանցագործության երբեմն-երբեմն ծածուկ ու քողարկված արտաժայթքումները։
Ցավոք, հանցամտությունը վերացնելը դժվարին ու երկարատև ջանքեր է պահանջում, երբեմն էլ անհնարին է։ Սակայն հանցագործությունը վերացնելը և մարդկանց հսկողության տակ պահելը անհնարին չէ. դրա համար կա օրենքների և օրինապահ մարմինների համակարգ՝ ոստիկանություն, դատախազություն, դատական համակարգ և այլն։ Ընդ որում՝ որքան խիստ են օրենքները, ապա այնքան ցածր է հանցագործությունների դեպքերի հավանականությունը երկրում։ Այս մասին վիճելու, անգամ քննարկելու որևէ կարիք չկա, քանի որ դարերի փորձով ապացուցված է, որ եթե երկրում գողության համար մահապատժի են ենթարկում, ապա վերանում է գողությունը։ Դժբախտաբար, մարդասպանությունը կամ կոռուպցիան վերացնելու համար մահապատիժը բավարար պատժաչափ չէ։ Բայց այս մասին ևս կարիք չկա անհանգստանալ, քանի որ ցանկության դեպքում կարելի է գտնել դրանք վերացնելու համար բավարար պատժաչափեր։
Անցնենք առաջ։ Փաստորեն, փետությունը հիմնականում մարդկանց կյանքի ապահովության, առատության և կայունության երաշխավորն է։ Զարգացած պետությունը նաև մարդկանց կրթության, առողջության, անձնական սեփականության, պատվի և արժանապատվության պահապանն է։ Ինչպես նշվեց վերևում, այդ ամենը ղեկավարությունը կարող է ապահովել օրենքների և օրինապահ համակարգի միջոցով։
Այստեղ հարկավոր է հիշել, որ օրենքները գրվում են հենց այդ նպատակով, կա՛մ որևէ սկզբունքից ելնելով։ Նախքան որևէ օրենք հորինելը օրենսդիր մարմինը, դա կլինի ազգի ծերակույտը, ժողովրդի ընտրյալների որևէ մարմին, կամ ազգի գերագույն նահապետը, առաջնորդվում է կա՛մ որևէ նպատակով, կա՛մ որևէ սկզբունքով։ Հիմնականում՝ սկզբունքով։ Այստեղ մոտենում ենք ամենագլխավորին՝ նրան, որ օրենսդրական համակարգի հիմքում ընկած է սկզբունքների համակարգ։ Պարզ ասած՝ անհնար է որևէ օրենք հորինել, առանց սկզբունքի և նպատակի։
Օրինակ՝ դեմոկրատական երկրների հիմքում ընկած է դեմոկրատիայի սկզբունքն ու լիբեռալիզմի գաղափարախոսությունը։ Դեմոկրատական երկրներում ծերակույտը կամ ժողովրդի ընտրյալների մարմինը օրենքներ է ընդունում ժողովրդավարությունը, մարդկանց ազատությունները և իրավունքները երաշխավորելու համար։ Սա իդեալում, իհարկե։ Կոռումպացված երկրներում, սակայն, օրենսդրական մարմինները հաճախ օրենքներ են ընդունում, առաջնորդվելով անձնական կամ կլանային շահերով ։
Բայց դառնանք տեսությանը։ Ցանկացած օրենսդրական մարմին օրենքներ ընդունելիս առաջնորդվում է սկզբունքներով։ Դեմոկրատական երկրներում՝ դեմոկրատական սկզբունքներով, բռնապետական երկրներում՝ բռնապետական, ազգային պետություններում՝ ազգային և այլն։
Այժմ մոտեցանք ազգային պետության գաղափարին։ Շատերն են սկսել գործածել «ազգային պետություն» եզրույթը, բայց ոչ ոք չգիտի, թե որոնք են ազգային պետության առանձնահատկությունները։ Համարյա բոլորին թվում է, թե դա պարզապես ժողովրդի մասին մտահոգ պետությունն է, կամ նման բան։ Բոլորը, ազգային պետություն ասելով, հասկանում են ժողովրդավար, օրինական պետություն և այլն։ Լավագույն դեպքում կլսես՝ «ազգային արժեքներով առաջնորդվող պետություն»։ Թե որո՞նք են ազգային արժեքները, որևէ հոդաբաշխ, խելամիտ ու տրամաբանական պատասխան չես ստանա։ Շտապեմ հայտարարել, ավելի ճիշտ կրկնել, որ ազգային պետությունը ազգային ուսմունքով առաջնորդվող պետությունն է։ Իսկ թե որոնք են ազգայի արժեքներն ու սկզբունքները և որքանով են ժողովրդավարական սկզբունքները համահունչ մեր ազգային ուսմունքին, սկզբունքներին ու արժեքներին, կարծում եմ պետք է վաղուց պարզ լիներ գոնե մեր մտավորականությանը։ Բայց քանի որ մենք մտավորականություն չենք ունեցել, որ մտածեր այս և նման այլ խնդիրների շուրջ և հանդես գար համապատասխան պարզաբանումներով, ապա կարիք կա ևս մեկ անգամ ներկայացնել։ Նախ ասենք, որ դեմոկրատական արժեքներն ու սկզբունքները մեր ազգայինը չեն կարող լինել թեկուզ հենց այն պատճառով, որ ստեղծվել են օտար ազգի կողմից։ Դա գուցե այդ ազգի համար արդյունավետ էր, գուցեև բխում էր այդ ազգի ազգային էությունից (սակայն շատ եմ կասկածում), այնուամենայնիվ՝ այն մերը չէ, չի բխում մեր ազգային էությունից։ Հետևաբար՝ դեմոկրատիան չի կարող մեր ազգային պետության հիմնասյունը լինել։ Մեր ազգի գենետիկ կոդից բխում են նահապետական արժեքներ և սկզբունքներ, հետևաբար՝ նահապետական, կամ այլ կերպ ասած՝ միապետական կարավարում։
Բայց՝ դեմոկրատական համակարգում, այնուամենայնիվ, որոշ ճշմարիտ սկզբունքներ կան, օրինակ՝ մարդկանց իրավահավասարության սկզբունքը։ Սակայն իր ամբողջության մեջ դեմոկրատիան սխալ, անտրամաբանական և վնասակար սկզբունք է, քանի որ ենթադրում է անխելք մեծամասնության իշխանություն։ Իր ժամանակ դեռ Սոկրատեսն է նկատել, որ անխելք մեծամասնության իշխանությունը չի կարող խելամիտ կառավարում ապահովել, կամ գոնե արդար լինել, թեկուզ հենց այն պատճառով, որ ճնշելու է և իշխի խելացիների և իմաստունների վրա։ Չկա ավելի կործանարար բան, քան անխելքների իշխանությունը։ Իսկ եթե հաշվի առնենք դեմոկրատիայի անխուսափելի վերածումը հանցագործների իշխանության՝ կլեպտոկռատիայի, ապա պատկերն ավելի կամբողջանա։
Անցնենք ազգային պետությանը։ Ինչպես ասվեց վերևում՝ ազգային պետությունը ազգային ուսմունքի արժեքներով ու սկզբունքներով առաջնորդվող պետությունն է։ Մեր դեպքում դա միապետությունն է, կամ այլ կերպ ասած՝ նահապետական կառավարումը։ Ընդհանրապես՝ մարդկանց ցանկացած բազմության մեջ անպայմանորեն կան անխելքների, կիսախելոքների, խելոքների և իմաստունների շերտեր։ Իմաստունների շերտի մեջ անպայմանորեն կա մեկը, ով ամենաիմաստունն է։ Բնության մեջ երբեք միանման ու միարժեք ոչինչ չի լինում։ Բոլորը տարբեր են իրենց իմաստնության աստիճանով, հետևաբար իրենց արժեքով։ Տրամաբանական եզրահանգման կարելի է գալ, որ մարդկանց բազմությանը պետք է առաջնորդի այդ բազմության ամենաիմաստուն մարդը, կամ գոնե ամենաիմաստունների ծերակույտը՝ արիստոկրատիան։
Հիմա՝ ինչպե՞ս ճանաչել նրան՝ ամենաիմաստունին, ի՞նչ չափորոշիչներով։ Սա շատ դժվարին խնդիր է անխելք մեծամասնության համար։ Ինչպե՞ս կարող է անխելք ամբոխը որոշել, թե ով է իմաստուն։ Չի կարող։ Երբեք չի կարողացել։ Ազգի գերագույն իմաստունին կարող են ճանաչել միայն ազգի ամենախելոքները։ Հետևաբար՝ Արքայի ընտրության խնդիր ընդհանրապես չի կարող լինել։ Կարող է լինել միայն նրան ճանաչելո՛ւ խնդիր։ Եվ դա պետք է անեն միայն ազգի ամենախելոքները՝ ճանաչեն ու գահ բարձրացնեն ազգի իմաստունին։ Իսկ մնացածը պետք է միայն ընդունեն ու ենթարկվեն։
Մոտեցանք ազգային արժեքների ու սկզբունքների խնդրին, կամ այլկերպ ասած՝ ինչպե՞ս է կառավարելու Արքան, ի՞նչ սկզբունքներով։ Իհարկե՝ ամենաբարձր՝ աստվածային, սկզբունքներով ու չափորոշիչներով։ Պետք է մեկընդմիշտ հիշել և ականջի օղ անել, որ Արքան ժողովրդի ծառան չէ, հետևաբար՝ նրա առաքելությունը չէ կատարել ժողովրդի պահանջները, մանավանդ՝ քմահաճույքները։ Արքան Արարչի՛ ծառան է՝ Արարչի՛ արժեքների ու սկզբունքների կիրառողն ու պահապանը։ Արքան, իհարկե, ժողովրդի կյանքի, առողջության, սեփականության, պատվի ու արժանապատվության պահապանն է, նաև՝ ժողովրդի գերագույն ուսուցիչն ու դատավորը, բայց դա ոչ թե այն պատճառով, որ պարտավոր է իր ընտրողների առաջ և այլն, այլ այն պատճառով, որ այդ ամենը Արարչի հանդեպ իր պարտականությունն է։ Մեկ անգամ ևս՝ Արքան պատասխանատու է ոչ թե ժողովրդի առաջ, այլ՝ Արարչի։ Արարչի նպատակն է արդարությունը։ Արդարության հասնելու ճանապարհի սկզբունքներն են իրավահավասարությունն ու ազատությունը (ազատությունը բռնությունից)։ Իսկ ամենաելակետային սկզբունքը եղբայրություն սկզբունքն է։ Եղբայրությունից են բխում և՛ արդարություն, և՛ իրավահավասարություն, և՛ ազատություն սկզբունքները։
©Դավիթ Միրզոյան. 29 Հունիս, 2023թ.

No comments:

Post a Comment