Thursday, July 13, 2023

ՄԱՐԴՈՒ ԳԼԽԱՎՈՐ ԹԵՐՈՒԹՅՈՒՆԸ

Մարդը կենդանուց տարբերվում է շատ արժեքավոր որակներով՝ հատկապես, որ իրականության կատարյալ ընկալում ունի, նաև՝ ինքն իրեն ուսումնասիրելու կատարյալ ունակություն, սակայն մեծապես ձախողվում է, որովհետև իր զոհին դնում է անհասկացողի տեղ։

Կենդանիները նման սխալ թույլ չեն տալիս. իրենց հակառակորդին համարում են նույնքան շրջահայաց ու խելացի, որքան իրենք են։ Հետևաբար միշտ զգուշավոր են ու վրիպումներ թույլ չեն տալիս։ Պարտվում են միայն, երբ վերջանում են ուժերը կամ հակառակորդն ավելի խորամանկ է դուրս գալիս։
Ի հակադրություն, մարդը շատ տարօրինակ վարք ունի. իր զոհին անհասկացողի տեղ դնելու հակում ունի։ Հետևաբար՝ վրիպումներ շատ է թույլ տալիս, բացահայտվում է ու պարտվում։
Ո՞րն է պատճառը։ Այն, որ մարդը գերադասում է առաջնորդվել ավելի շատ իր ցանկություններով ու երազանքներով, քան իրականության ճշմարիտ ընկալումով, չնայած՝ կատարյալ հնարավորություններ ունի լիարժեքորեն ընկալել իրականությունը։ Բայց մի՞թե չի հասկանում, որ դրանով իրեն է վնասելու՝ բացահայտվելու է ու խայտառակվի։ Նախ՝ չի ուզում հասկանալ, քանի որ ալարկոտ է՝ գերադասում է չլարվել ու չհոգնել, չի ուզում ավելի շատ ճիգ ու ջանք գործադրել. երկրորդ՝ գուցե իրեն ապահով է զգում իր նմանների և օրինական դաշտի պայմաններում. երրորդ՝ գուցե չունի իր ձեռքբերումը կորցնելու մտավախություն. կարծում է, թե գետակը կրկին մի անգին համաձուլվածք կբերի, գուցեև՝ ավելի լավը։
Ինչ ասեմ՝ պարզունակ ու միամիտ, նաև սահմանափակ ու անհեռատես մոտեցում։ Սեփական բաղձանքներով առաջնորդվելը երբեք ճշմարիտ գնահատականների չի հանգեցրել։ Ավելին՝ մարդկային փոխհարաբերություններում անգամ հանգեցրել է շահագործվելու ու շահարկվելու։
Նրանք, ովքեր դիմացինի հանդեպ չարակամ ծրագրեր ունեին, ի վերջո մնալու են ձեռնունայն, գուցեև մինչև իրենց կյանքի վերջը տառապելու են, գլխներին տալով, որ դիմացինին անհասկացողի տեղ են դրել։
©ԴՄ

No comments:

Post a Comment