Wednesday, July 5, 2023

ՏԱԲՈՒ

Երկիրը և ամբողջ ազգը մինչև մազերի ծայրը խրվել է անդնդի հատակում գտնվող ճահճի մեջ։ Դեռ 2019 թվականին էի ասում, որ ժամանակ չունենք։ Այն ժամանակ դեռ մինչև կոկորդներս խրված չէինք։

Սեփական մազերից բռնած, սեփական մարմինը ճահճից դուրս քաշելու համար ՄԻԱԲԱՆՎԱԾ և տիտանական ջանքեր են պետք։ Բայց անգյալության, ձրիակերության և գլուխ պահելու սովոր մեր ժողովուրդը նման բան դժվար թե անի, մանավանդ, որ զինված չէ հրազենով։ Եթե անգամ զինված էլ լիներ, երբեք իր զենքը չէր ուղղի իր կեղեքողների դեմ։
Ինչու՞։ Որովհետև մեր ազգի մեջ մի անբացատրելի «տաբու» կա հանցագործին ու հանցամիտ տականքին դիմակայելու հարցում։ Պատճառները շատ են։ Նախ՝ դա սովետական շրջանում ձևավորված գողական ու կիսագիողական ենթամշակույթն է, երբ գողն ու ավազակը, խուժան-խուլիգանն ու լկտին, թալանչին և բոլոր կոռումպացված շերտերը, թաղային «հեղինակությունները» և նրանց երկրպագող ու ծառայող փողոցայինները վախի և դրանից բխող «հարգանքի» զգացում էին վայելու իրենց հանդեպ մարդկանց լայն շրջանակների մոտ։ «Բաշարում ա, անում ա» կարգախոսով, բնակչության ճնշող մեծամասնությունը հարգում ու սատարում էր հանցագործությունը։ Բայց որտեղի՞ց ծնվեց այդ կարգախոսը և ինչո՞ւ։
Այստեղ գալիս ենք երկրորդ պատճառին՝ օտարի լծի տակ դարեր շարունակ ապրելուն, սովետական տարիները ներառյալ։ Չէ՞ որ օտարի լծի տակ ապրելը, փաստորեն՝ և՛ իրավական, և՛ իրական տեսանկյունից, նշանակում էր ապրել օտարի երկրում։ Այսինքն, երկրում ամեն ինչ օտարինն էր, մերը չէր։ Հետևաբար կարելի էր, անգամ հերոսություն էր, դողանալը, թալանելը, եթե կարող ես։
Երրորդ պատճառը մեր գաղթականի հոգեբանությունն է՝ կլպել ու յուրացնել, որքան հնարավոր է, որովհետև չգիտես արդյո՞ք նույն հնարավորությունը կունենաս վաղը, թե՞ ոչ։ Նույն՝ գաղթականի, հոգեբանությունը ուներ և՛ հասարակ գյուղացին, և՛ պահեստապետը, և դատավորը, և՛ օրինապահը, և՛ մտավորականը, և՛ անգամ երկրի ամենաբարձրաստիճան ղեկավարը և այլն։ Սա է պատճառը որ գյուղացին, ժամանակ ու եռանդ խնայելու նպատակով, օրինակ՝ արմատախիլ է անում դեղաբույսերի հսկա տարածքներ, առանց մտածելու, որ մյուս տարի գարնանը գուցե խիստ նվազած գտնի բաղձալի դեղաբույսի տարածքները կամ գուցե ընդհանրապես չգտնի։ Գյուղացու միակ մտահոգությունն է հենց հիմա կլպել, որքան հնարավոր է, շուկա հանել ամբողջն ու փողի վերածել։ Նույն հոգեբանությամբ են գործում հասարակության բոլոր շերտերը՝ ամեն ոք, գյուղացուց մինչև երկրի գերագույն ղեկավարը՝ կլպել որքան հնարավոր է, քանի որ վաղը գուցե հնարավոր չլինի։ Վաղը գուցե հնարավոր չլինի, որովհետև արնախում գազանները շատ են, պտտվում են շուրջդ և ամեն ինչ անում են «եկամտի աղբյուրիդ» տիրանալու համար։ «Շատ են»-ը չափազանց մեղմ է ասված։ Չնչին բացառությամբ, բոլորն են արնախում գազան։
Վերջապես եկանք հիմնական պատճառին՝ ազգային ուսմունքի և այդ ուսմունքը կրող դասի՝ մտավորականության, բացակայությանը։ Բազմիցս եմ ասել, որ ուսմունքի բացակայության պայմաններում մարդը դառնում է պարզապես տարբեր տեխնոլոգիաներով զինված ու գրաճանաչ կենդանի՝ գազան, արնախում գիշատիչ։ Ահա և ողջ պատմությունը։ Արնախում գազանը ամեն րոպե պատրաստ է պատառ խլել, կամ ավելի ճիշտ՝ «եկամտի աղբյուր»։ «Եկամտի աղբյուր» ունեցողն էլ շտապում է կթել իր ձեռքի տակ եղած «աղբյուրը», որքան հնարավոր է, քանի դեռ իր ձեռքից չեն խլել, և ամեն ստորության գնում է այն իր ձեռքում հնարավորինս երկար պահելու համար։
Սրան գումարած՝ գողական, կիսագողական, հանցագործ ու կիսահանցագործ ենթամշակույթը, թաղային հեղինակությունների և հանցագործ ոհմակների հանդեպ վախն ու դրանից բխող «հարգանքը», որը շատերի մոտ երկրպագության է հասնում։ Նաև իհարկե օտարի երկրում ապրելու և օտարի ունեցվածքը թալանելու պատճառաբանությունը՝ «օրինական» իրավունքը, եթե չասենք՝ հերոսությունը։
Ընթերցողը կհարցնի՝ բայց չէ՞ որ այժմ, անկախություն ստանալուց ի վեր, չկա օտարի տիրապետություն, ունենք մեր սեփական կառավարությունը, զինված ուժերը, օրինապահ մարմինները և այլն։ Այդ ամենը ճիշտ է։ Չնայած եթե այդ բոլոր իշխանական մարմինները գործում են բնակչության լայն զանգվածների դեմ, ապա ինչպե՞ս կարող են մերը համարվել. էլ չեմ ասում՝ հարազատ։ Երբ իշխանավորները թաղված են կոռուպցիայի մեջ՝ թալանում են ազգային հարստություններն ու ժողովրդին, ինչպե՞ս կարող են մերը համարվել։ Վնասատու իշխանությունները ավելի վատն են քան օտարի իշխանությունը։ Օտարը գոնե միայն հարկ էր հավաքում և պահպանում օրինականությունն ու պաշտպանում արտաքին հարձակումներից։ Իսկ սեփական իշխանությունները և՛ հարկահանությամբ, և՛ համատարած կոռուպցիայով պարզապես քերթում են ժողովրդի կաշին, միանգամայն չմտահոգվելով իրենց կատարած ոճիրների պատճառով երկիրը լքող հոծ զանգվածների մասին։ Միայն գաղթականի հոգեբանությամբ ներծծված իշխանավորը կարող է չմտահոգվել, որ իր ղեկավարած երկիրը բնակչություն է կորցնում, այսինքն զրկվում է իր էությունից։ Չէ՞ որ եթե չկա ժողովուրդ, ապա չկա նաև երկիր։ Միայն տարածքն ու բնական հանածոները բավարար չեն երկիր համարվելու համար։ Անտարկտիդան ևս բաղկացած է տարածքներից և բնական հանածոներից, սակայն երկիր չէ։
Գումարած դրան, կա սոցիալական անարդարության խնդիրը՝ հարուստ կապիտալիստները կեղեքում են նրանց, ովքեր ստեղծում են իրենց հարստությունը՝ կոպեկներ վճարելով նրանց և թքած ունենալով նրանց առողջության վրա։ Ինչպե՞ս կարող է և՛ իշխանությունների, և' սեփական ազգակցի կողմից կեղեքվող անհատը իր երկիրը օտար չհամարել։ Օտար է համարում և ինքն էլ է պատրաստ կողոպտել, եթե միայն իշխանական լծակ կամ այլ հնարավորություն ընկնի ձեռքը։ Սակայն ոչ բոլոր արտագաղթողներն են արդարամիտ և արդարադատ։ Երկրից փախչում են նաև անարդարները։ Փախչում են, որովհետև անգամ անարդարները չեն սիրում անարդարությունը, դավաճանությունը, կեղծիքը, սուտն ու խաբեությունը։ Փաստորեն անարդարությունից փախչում են և՛ արդարները, և՛ անարդարները։
Փախչում են, սակայն չեն ուզում պայքարել անարդարության դեմ։ Հայ ժողովրդի մշակույթում արմատացած «տաբուն» թույլ չի տալիս։ «Գործ չտալու», «չծախելու» կամ այլ կերպ ասած անարդարության ու հանցագործության հանդեպ աչք փակելու մշակույթը շատ վաղուց է արմատացել մեր մեջ։
Սակայն, եթե այսպես շարունակենք, ապա բնակչություն կկորցնենք, հետևաբար նաև՝ երկիրը (չմոռանանք որ երկիրը տարեկան լքում է մոտ հիսուն հազար մարդ, եթե ոչ ավելին)։ Բայց ո՞վ է մտածում այդ մասին։ Չէ՞որ այն օտարի և օտարների երիր է՝ թալանչիների, գողերի անցագործների, կոումպացված զանգվածների, չկամ հարևանների, նախանձոտ «մտավորականների», գոռոզ «խելոքների», տգետ «շակալների» և այլն։
Այս ամենի ծանրության տակ, անհնար է մտածել հայրենիքի մասին։ Հայրենիք չի էլ երևում այս ամբողջ աղբի կույտի տակ։ Աղբի կույտն ավելի ծանր է, քան երկիրը, անգամ հայրենիքը։ Վերջապես՝ ոչ ոք էլ չգիտի, թե ինչ է հայրենիքը։ Այն հաճախ նույնացնում են հողի կամ ջրի հետ, չգիտակցելով, որ հայրենիքը հենց մեր գենետիկ կոդն է, ավելի ճիշտ անապական ու կատարյալ հայի՝ աստվածամարդու, գենետիկ կոդը։ Անասնամարդը՝ հանցագործը, չի կարող ընդհանրապես մարդ համարվել, հետևաբար նաև՝ որևէ ազգի պատկանել։ Ճիշտ են ասում, որ հանցագործը հայրենիք չունի։ Հետևաբար հանցագործների և հանցագործության վրա աչք փակող անհատների հավաքականությունը չի կարող հայրենիք համարվել։ Չմոռանանք Արիական ամենակարևոր դրույթներից մեկը, որ հանցագործության հանդեպ անտարբեր անհատը ավելի մեծ հանցագործ է։
Հետևաբար, եթե ուզում ենք հայրենիք ունենալ, այլ ոչ թե միայն երկիր, ապա պետք է վերացնել հանցագործությունը։ Միայն այս դեպքում մարդիկ կմիաբանվեն ու ոտքի կկանգնեն։ Իսկ հանցագործությունը վերանում է, ոչ թե պատժամիջոցների խստացման հետևանքով, այլ հանցագործության հանդեպ հասարակության անզիջում և անդադար անհանդուրժողականության։
©Դավիթ Միրզոյան. 30 Ապրիլ, 2023թ.

No comments:

Post a Comment