Thursday, July 13, 2023

ԿԱՌԱՎԵԼԼԱ

Վերջերս կառավարման մասնագետներ են առաջ եկել և պրոֆեսիոնալ առաջարկություններ են անում։ Սակայն չեն հասկանում, որ արդյունավետ կառավարումը բավարար չէ երկիր առաջնորդելու համար։ Պարզ ասած՝ կառավարելն ու առաջնորդելը միանգամայն տարբեր բաներ են։ Առաջնորդի առաքելությունն է ուղղություն ցույց տալ, իսկ կառավարչի գործը արդյունավետ կերպով կառավարելն է առաջնորդի սահմանած նպատակներին հասնելու համար։ Ավելի պարզ ասած, եթե համեմատելու լինենք նավի հետ, ապա նավապետի օգնականների, բարձր և ցածր սպայական կազմի գործը փոխհամաձայնեցված թիավարելն է առաջնորդի՝ նավապետի, նախանշած ուղղությամբ։

Անշուշտ նավարկելու ընթացքում կարող են ծագել սպասելի, երբեմն էլ անսպասելի խնդիրներ ու խոչնդոտներ, անգամ աղետներ և ճգնաժամային իրավիճակներ։ Նման իրավիճակներին դիմակայելու և լուծումներ գտնելու համար նավաստիների թիավարելու, նույնիսկ սպայական կազմի կառավարելու հմտություններն ու մասնագիտական պատրաստությունը բավարար չեն։ Հատկապես աղետալի իրավիճակներում անհրաժեշտ են նավապետի արագ և նպատակային որոշումները։ Չէ՞ որ միայն նա գիտի, թե ուր է գնում նավը և ինչու։
Ճիշտ է՝ սովորաբար բարձր և միջին սպայական կազմը ևս տեղյակ է նավի նպատակակետի մասին, հետևաբար նաև ուղղության և այլն, սակայն նավի կործանման դեպքում միայն նավապետն է մնալու նավի մեջ և խորտակվի նրա հետ միասին։ Ամեն դեպքում նավապետն է ընդունում ռազմավարական որոշումները, մարտավարականը թողնելով բարձր ու միջին սպայական կազմին։
Երկրի դեպքում, երկրի առաջնո՛րդը միայն գիտի իր ազգի գենետիկ կոդը, այդ գենետիկ կոդից բղող ուսմունքը՝ իր արժեհամակարգով, օրենքներով, անելիքներով, նպատակներով, ընդհուպ մինչև գերնպատակը, ընդհանրապես՝ իր ազգի առաքելությունը։ Հետևաբար միայն երկրի առաջնորդը կարող է ռազմավարական նշանակության որոշումներ ընդունել՝ և՛ տնտեսության, և՛ ռազմական, և՛ կրթության, և՛ արվեստի, և՛ արտաքին հարաբերությունների, և՛ մյուս բոլոր ոլորտներում։ Կառավարման մասնագետները կարող են միայն, պատկերավոր ասած, մեքենայի առանձին հանգույցներն ու մեխանիզմները լինել, սակայն մեքենայի շարժման ուղղությունն ընտրելը, նաև մանևրելը, վթարներից խուսանավելն ու մրցակիցներից առաջ անցնելը վարորդի՝ երկրի առաջնորդի, առաքելությունն է։
Ցավոք, առաջնորդի բացակայության դեպքում, կառավարման մասնագետները հավակնում են առաջնորդի դերին, նման նրան, որ մեքենայի մեխանիզմները ինքնուրույն ընտրեն շարժման ուղղությունն ու նշանակետը, ինքնուրույն մանևրեն և փորձեն խուսափել վթարներից։ Արդյո՞ք կկարողանան։ Չեմ կարծում։ Նրանք բոլորը արդյունավետ կառավարելու են մեքենան, սակայն վթարից խուսափել, վախենամ, չստացվի՝ երկիրը, ավելի ճիշտ՝ ազգը, չհասնի իր նշանակետին՝ քանի որ չկա մեկը ով իմանա, թե ինչ առաքելություն ունի նա և ինչ նպատակակետ։
©Դավիթ Միրզոյան. 14 Հուլիս, 2020 թ.

No comments:

Post a Comment