Wednesday, July 5, 2023

ԱՐՑԱԽԻ ՀԱՆԴԵՊ ՄԵՐ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ ԱՌԵՂԾՎԱԾԸ

Երբ արցախահայությունը մի երկու ամիս առաջ ոտքի կանգնեց հանրահավաքի, միամտաբար կարծեցի, թե մի նոր 88 է սկսվում, մանավանդ, երբ Երևանում, ի պատասխան, նման մի հանրահավաք տեղի ունեցավ։ Բայց երբ նկատեցի այդ՝ երևանյան հանրահավաքի, արհեստական, թատերականացված բնույթը, միանգամից հասկացա, որ ընդդիմադիր ուժերն էին կազմակերպել այն, չգիտես ում փողերով ու ղեկավարությամբ։ Ե'վ Արցախում, և' Երևանում սկսված հանրահավաքները շարունակություն չունեցան և դրանով հիմնավորեցին այն մտավախությունս, որ հայությունն այլևս ոչ մի 88 չի կարող արարել։ Բայց ինչո՞ւ։ Ինչո՞ւ ենք մենք այսքան անտարբեր Արցախի ճակատագրի հանդեպ, մանավանդ երբ Արցախն արդեն ավելի քան երկու շաբաթ է, ինչ շրջափակման մեջ է, այն էլ այս ցուրտ ձմեռ օրով։ Փորձենք հասկանալ։


Ոմանք փաստարկ են բերում, թե Արցախի հանդեպ հայաստանահայերիս անտարբերությունը նրանից է, որ մենք Արցախում ծառայող որդիներ չունենք այլևս։  Գուցեև լուրջ ընդունեի այս կարծիքը, եթե չհիշեի, որ 1988-ին ևս չունեիք։ Այդ դեպքում ո՞րն է իրական պատճառը, որ համարյա 35 տարի առաջ ամբողջ հայությունը մի մարդու պես ոտքի կանգնեց Արցախի համար, և՛ Հայաստանում, և՛ անգամ սփյուռքում, իսկ հիմա ո՛չ հայաստանցիները, ո՛չ էլ սփյուռքահայերը ոտքի չեն կանգնում, այն էլ այն դեպքում, երբ Արցախն արդեն ավելի քան երկու շաբաթ է գտնվում է շրջափակման մեջ, երբ թուրքերը կտրել են գազի ւանապարհը, երբ ռուս խաղաղապահ զորքերի բարձրաստիճան զինվորականների բերանով արցախահայությանն ուղղված սպառնալիքներ են հնչում և այլն։ 


Մենք ազգովի պարադոքսալ կերպով անտարբեր ենք այն ժամանակ, երբ ներկայումս Արցախին սպառնացող ավելի մեծ վտանգներ կան, քան 35 տարի առաջ։ Չէ՞ որ այժմ Արցախը հսկայական տարածքային կորուստներ է կրել 2020-ի 44-օրյա ռազմական գործողությունների հետևանքով, հայտնվել է մահվան օղակի մեջ, շրջապատված թուրք զինյալների ահագնացող հրոսակներով, միայն Բերձորի, այսպես կոչված, «կյանքի ճանապարհի» հույսին, որի շուրջը վխտում են թուրք հատուկ ջոկատայիններ, որոնց վրա աչք է փակում ռուս խաղաղապահ զորախումբը և այլն։ Չէ՞ որ անհնար է գոնե կարեկցանք չունենալ դառը ճակատագիր ու կյանքի ահավոր հարվածներ ստացած հարազատիդ հանդեպ, նաև անծանոթ որևէ մեկի հանդեպ, անգամ գրքի կամ կինոի որևէ հալածված ու դժբախտ հերոսի հանդեպ։ Ուրեմն ո՞րն է մեր անտարբերության պատճառը ։


Գուցե Արցախի անհույս վիճակի պատճառո՞վ է մեր քար անտարբերությունը։ Այսինքն՝ բոլորս հասկանում ենք, որ Արցախն անվերադաձ կորցրել ենք, որ արցախահայության արտագաղթը պարզապես ժամանակի հարց է և այլն։ Ենթագիտակցական մակարդակում բոլորս էլ հասկանում ենք, որ կորցրել ենք Արցախը, որովհետև գիտենք, որ ռուսական զորքերը վաղ թե ուշ լքելու են տարածքն ու հեռանան։ Հաստատ գիտենք, որովհետև ռուսները անթաքույց հասկացնում են արցախահայությանը, որ վեր կենան ու հեռանան, քանի որ Արցախը ադրբեջանական հող է և այլն։  Այսինքն, պատկերավոր ասած, կանգնած ենք մեր մահամերձ հարազատի մահճակալի մոտ և գիտենք, որ ոչինչ չենք կարող անել նրան փրկելու, կամ գոնե նրա տառապանքները թեթևացնելու համար։ Ամեն դեպքում, հասկանում ենք, որ կորցրել ենք մեր հարազատին և մտածում ենք մեր անձնական փրկության մասին, վախենալով, որ նույն մահացու հիվանդությունը վաղը մեր դուռն է բախելու, կամ գուցե արդեն բախել է, այսինքն վարակված ենք նույն հիվանդությամբ և վաղ թե ուշ մենք ևս անկողին ենք ընկնելու և արժանանալու նույն ճակատագրին։


Բայց գո՞ւցե կա ավելի ծանրակշիռ պատճառ։ Եթե 35 տարի առաջ, 1988-ին արցախահայությունն ուզո՛ւմ էր միանալ Հայաստանին, ապա այժմ չի ուզում։ Ինչպե՞ս կարող ենք օգնել մեկին, թեկուզև անտուն, սոված ու հալածված մեկին, ով մեզ չի ընդունում, այլ իր հայացքն ուղղել է իրեն զրկանքների մատնած, բայց բարերար ձևացող մեծահարուստի կողմը։ Իսկ գուցե պատճառերից մեկն էլ այն է, որ եթե 35 տարի առաջ Արցախի Ազգային Ժողովը պաշտոնական որոշում էր ընդունել միանալ Հայաստանին, ապա այժմ չի էլ մտածում։ (գիտեմ, որ չի մտածում, որովհետև ես նամակով մի քանի անգամ հատուկ դիմել եմ Արցախի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանին այդ առաջարկով՝ Արցախի ԱԺ մակարդակով պաշտոնապես դիմել Հայաստանին վերամիավորվելու համար, սակայն լուրջ պատասխան չեմ ստացել)։ Հայաստանի իշխանություններն էլ չեն կարող որևէ որոշում ընդունել, որովհետև չկա հայցվորը։

Իսկ գուցե հայցվորը՝ Արցախի ղեկավարությունը, չի դիմում Հայաստանի ղեկավարությանը վերամիավորման խնդրանքով, որովհետև նրան թշնամի է համարո՞ւմ, համոզված, որ այդ Հայաստանի ներկա իշխանությոիւնն՛երն ամեն ինչ արեցին Արցախը թշնամուն հանձնելու համար 2020-ի պատերազմի ժամանակ։  Նրանց չես մեղադրի նման կարծիք ունենալու համար։  Այն ամենևին էլ անհիմն չէ, ավելին՝ խնամքով թաքցվող դառն ու ամոթալի ճշմարտություն է։ Ճշմարտություն է նաև այն, որ Հայաստանի ներկա իշխանությունները մեր թշնամիների գործակալներն են, մինչդեռ 1988-ին Սովետական Հայաստանի կոմունիստ ղեկավարությունը թշնամի չէր։ Այն, թեկուզ առերևույթ, բայց կոմունիստական ամենաբարձր բարոյական արժեքներով առաջնորդվող կուսակցություն էր։ Առերևույթ իհարկե, որովհետև իրականում խորապես կոռօւմպացված համակարգ էր և ամեն ինչ անում էր իր կոռումպացված բնույթը ցույց չտալու համար։


Ասելիքս այն է, որ շատ հնարավոր է, որ Արցախի ներկա իշխանությունները չեն ուզում վերամիավորվել, ընդհանրապես չեն ուզում որևէ առընչություն չունենալ հարևան թշնամական երկրի՝ ՀՀ-ի հետ։ Կարելի էր միանգամայն հասկանալի համարել Արցախի իշխանությունների զգուշավոր մոտեցումը։  Սակայն մահվան օղակի մեջ լինելով, և հաշվի առնելով ՀՀ-ում արյունակից հայ ժողովրդի առկայությունը, Արցախի իշխանությունները պետք է որ դիմեին մայր հայրենիքին վերամիավորվելու համար, որովհետև հայ ժողվուրդը արցախցու թշնամին չէ։


Իսկ եթե թշնամի՞ն է։ Իսկ եթե Հայաստանի բնակչությունը ևս թշնամաբար է տրամադրված Արցախի հանդեպ... Բայց ինչո՞ւ։ Գուցե նրանից, որ իր երկրի վերջին երկու արցախցի նախագահների՛ն է համարում իր բոլոր դժբախտությունների պատճառը՝ համատարած կոռուպցիա, թալան, կամայականություններ, իշխանավորների ու նրանց վիժվածքների անպատժելիություն, քաղաքական, նաև անձնական վրեժով պայմանավորված սպանություններ, երկրի հարստությունների օտարում, արտաքին պարտքի աճ, քաղաքացիների տարրական իրավունքների ոտնահարումներ և ապօրինություններ, սփյուռքահայության կողմից հայրենիքին նվիրաբերած միլլիոնների կողոպուտ, Արցախի շուրջ բանակցությունների տապալում և այլն։ Հայ ժողովրդի հիշողությունն, իհարկե, չափազանց կարճ է, պատմության խորքերից պեղելու և մտաբերելու ՀՀ առաջի՛ն նախագահի օրոք և նրա անմիջական հովանավորությամբ կատարված այլանդակություններն ու հատկապես երկրին հասցված կործանարար ու անդառնալի վնասը։  ՀՀ առաջին նախագահի ծագումնաբանությունը ամբողջովին ջրի երես դուրս կգա հետագայում, սակայն, դժբախտաբար, ժողովրդի աչքում նա մեր հարազա՛տ սրիկան է, ամեն դեպքում արցախցի չէ, կապ չունի Արցախի հետ։ Չխոսենք այն մասին, որ արցախցի երկու նախագահների կառավարման ժամանակաշրջանում բազմաթիվ արցախցիներ, լքելով իրենց հայրենի հողը, բիզնես-միզնեսներ դրեցին Հայաստանի տարածքում, շատերն էլ արտագաղթեցին «ռուսաստանները»։ Չմոռանանք նաև Արցախից ՀՀ տեղափոխված հանցագործների հսկայածավալ զանգվածներին, որոնք էլ հենց ամրապնդեցին ՀՀ վերջին երկու նախագահների իշխանությունն ու ավելի խորըկործանման մղեցին երկիրը։ 


Բայց դառնալով Արցախի հասարակ բնակչությանը՝ ախր, ինչպե՞ս կարելի է օգնել, թեկուզ հալածված ու հալածվող բնակչությանը, որն ինքն իրեն օգնելու համար ճիգ ու ջանք չի գործադրում, լքում է ու հեռանում իր հողից։ Դեռ ավելին՝ հանդուրժում է իր հանցագործ ղեկավարներին ու դրանում ոչ մի մեղավորություն չի զգում։ Արցախի հանցագործ «առաջնորդներին» դեռ կանդրադառանք։  Սա ամենահսկա պատճառերից մեկն է, որի մասին խոսել եմ մշտապես, վերջերս էլ մի հակիրճ գրառում էի արել իմ ֆեյսբուքյան էջում։ Այժմ շարունակենք նկատել այլ պատճառներ, այս անգամ՝ արտաքին։  


Եթե 1988-ին համաշխարհային հանրությունը «երկաթե վարագույրի» հետևից ուշի-ուշով հետևում էր արցախահայության և ընդհանրապես ամբողջ հայության ընդվզումներին կոմունիստական իշխանությունների դեմ, ապա այժմ չի հետևում, անտարբեր է, իսկ ավելի պարզ ասած՝ թքած ունի, եթե չասենք, որ բացահայտ կերպով սատարում է թուրքերին, նավթ ու գազի համար։ Չմոռանանք, որ ԲԹՋ (Բաքու-Թիֆլիս-Ջեյհան) խողովակաշարը պատկանում է արևմուտքին՝ հիմնականում Անգլիային, նաև Ամերիկային, Ֆրանսիային, անգամ Ռուսաստանին և այլն։ Այսինքն մենք՝ հայաստանահայերս, նաև սփյուռքահայերը, շատ լավ հասկանում ենք, որ միայնակ ենք թուրքի, ռուսի, արևմուտքի դեմ հանդիման։ Այսինքն՝ ինքներս ենք վտանգված, հետևաբար Արցախի մասին մտահոգվելու սիրտ չունենք, մտածում ենք միայն սեփական կաշին փրկելու մասին, զգում ենք, որ այս ամենը միայն Արցախի վերացումով չի ավարտվելու, որ նույն ուժերի ճնշման տակ հայաթափելու են նաև Սյունիքը, հետո Երևանը և այլն։


Հիմա գանք ամենամեծ ու ամենակործանարար պատճառին։ Եթե 35 տարի առաջ Արցախի ղեկավարությունը ազգանվեր մտավորականներից էր կազմված, ապա վերջին երեսուն տարիների ընթացքում, ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի Ազգային Ժողովում և բոլոր ղեկավար պաշտոններում հայտնվեցին հանցագործ թալանչիներ և երեսուն տարի շարունակ կլպեցին Արցախն ու գրպանեցին ինչ հնարավոր էր, միաժամանակ ժողովրդին մատնելով աղքատության ու սովի, տապալեցին բանակաշինությունը և պատճառ դարձան հազարավոր արցախցիների արտագաղթի։ Դեռ ավելին՝ Արցախի ներկա հանցագործ իշխանությունների շարքերը համալրվել են Երևանի կողմից պարտադրված դրածոներով  (բոլորս գիտենք, թե ինչպես են «ընտրվում» այս կամ այն մակարդակի ղեկավարները՝ ընտրակաշառքներ, ընտրողների հանդեպ ահաբեկչություն տեղի խուլիգանների և կազմակերպված հանցագործ խմբավորումների, այսպես կոչված թաղային կամ ազատագրական պատերազմի մասնակից «հեղինակությունների» միջոցով և այլն)։ Փաստորեն Արցախի բարձրաստիճան ղեկավարները ևս համաշխարհային ջհուդամասոնական, կամ այլ կերպ ասած՝ ֆինանսավարկային օլիգարխիայի կողմից նշանակված գործակալներ են։ Ինչպե՞ս կարելի է որևէ համակրանք ունենալ դրանց հանդեպ։ Անշուշտ ոմանք կառարկեն, թե «չի կարելի նույնացնել Արցախի ժողովրդին Երևանի, վերջերս էլ արդեն Կրեմլի կողմից նշանակված դրածոների հետ»։ Նույնացնելու խնդիր չկա։ Բայց երբ Արցախի ժողովուրդը երեսուն տարի շարունակ հանդուրժել է Արթուր Մկրտչյանին սպանողներին, բոլորին հավասարապես պատկանող հողը, ջուրը, ընդերքն ու սարերը սեփականացրած գող ու ավազակ սրիկաներին և թույլ տվել դրանց, որ ոչ միայն ապրեն ու բազմանան, այլ նաև ամենաբարձր պաշտոնները զբաղեցնեն, ապա քարը քարին չի մնում այն մեծ հարգանքից, սիրուց ու ակնածանքից, որը արցախահայությունը միշտ ունեցել է մայր հայրենիքում։ Ու որքան էլ հայաստանահայությունը կամ սփյուռքահայությունը հասկանան, որ Արցախը կորցնելով տանուլ են տալու նաև ամբողջ Հայաստանը, միևնույն է անհնար է օգնության ձեռք մեկնել, երբ կորցրել ես հարգանքդ, մանավանդ որ դա անելու համար հսկա ինքնազոհաբերություններ են պահանջվելու։


Հայությունը, վերջապես, հասկանում է, որ անիմաստ է որևէ կերպ մտահոգվել, կամ անհանգստանալ Արցախի մասին, քանի որ Արցախի հանցագործ ու մարդասպան, նաև արդեն օտարի գործակալ, ղեկավարների պատճառով շատ վաղուց արդեն տանուլ է տվել այն։ Հայաստանահայությունը հասկանում է նաև, որ նույն պատճառով արդեն տանուլ է տվել նաև Հայաստանը։ Ճակատամարտի ճակատագիրը նախ որոշվում է հոգևոր դաշտում և ֆիզիկական ճակատամարտից շատ առաջ։ Մենք իսկապես տանուլ ենք տվել ամեն ինչ շատ վաղուց՝ այն օրվանից, երբ իշխանության բերեցինք ու ամենաբարձր պաշտոններում տեղավորեցինք մեր թշնամու գործակալներին մեր երկրի անկախացում ստանուց անմիջապես հետո։ Հետո՝ երբ աչք փակեցինք նրանց կամայականությունների և երկրի ողնաշարը ոչնչացնելու վրա, երբ հանդուրժեցինք քաղաքական սպանությունների ու համատարած կոռուպցիայի իրողությունը։ Իսկ եթե ուզում եք ճիշտն իմանալ, մենք ամեն ինչ՝ և՛ Հայաստանը, և՛ Արցախը տանուլ էինք տվել դեռ ավելի վաղ՝ սովետական տարիներին, երբ երկրում համատարծ կոռուպցիա էր, իսկ մենք հանդուրժում, անգամ երկրպագում էինք, դրանց «խառոշի տղա» հորջեորջելով, երբ երկրպագում էինք թաղային «հեղինակություններին» ու ամեն տեսակ խուժանի, անուղեղի ու սրիկայի, փողատեր «ցեխավիկի» ու տականքի, մեծ ու միջին, փոքր ու մանրապճեղ պահեստակերի ու «կոմսոմոլ» անտաղանդի և այլն։


Որպես ամփոփում՝ Արցախի հանդեպ մեր անտարբերության ամենահիմնական պատճառն այն է, որ այլևս ոչ մի հույս չունենք։ Արդեն հասկացել ենք, որ տանուլ ենք տվել ոչ միայն Արցախը, այլ նաև Հայաստանը։ Այլ կերպ ասած՝ Արցախի հանդեպ մեր անտարբերությունը մեր մեծ անտարբերության միայն մի փոքր մասն է։ Մենք ավելի շատ անտարբեր ենք մեր սեփական երկրի հանդեպ։ Հաշվի առնելով, որ հույսը մարդուց հետո է մեռնում, կարելի է պնդել, որ մենք որպես ազգ արդեն մահացել ենք, ամեն դեպքում մեզ մահացած ենք համարում։


Սակայն, ինչպես հնարավոր է մահացածին հետ բերել մահվան ճիրաններից արհեստական շնչառության, արյան փոխներարկման և այլ ագրեսիվ միջոցներով, այդպես էլ հնարավոր է մեր ազգին վերակենդանացնել, կենսատու ներարկումներ կատարելով։ Խոսքը ֆինանսների կամ նման որևէ նյութական բանի մասին չէ։ Խոսքը ազգային ուսմունքի և դրանից բխող ազգի անելիքների ու նպատակների մասին է, ընդհանրապես ազգի գենետիկ կոդից բխող նրա առաքելության մասին։ Ցավոք, մենք ոչինչ չենք հիշում մեր առաքինի անցյալից և, անցյալի մեր հերոսներով ու երևելիներով պարծենալուց բացի, ուրիշ ոչնչի ընդունակ չենք։ Խոսքը բարձր ու առաքինի վարքի մասին է։ Կենդանական բնազդներով առաջնորդվելն ու սեփական սերնդի հարատևությունն ամեն գնով ապահովելու մեր բնազդային մղումներով միմյանց միս ուտելը մարդկության բարձրագույն նվաճումը չէ։ Մենք ավելի՛ն կարող ենք անել և պարտավոր ենք։ Ում շատ է տրված, նրանից շատ էլ պահանջվում է։ Եթե նա, ում շատ է տրված, զբաղված է ստորագույն կենդանական գզվռտոցով, ապա չարաչար պատժվելու է, մինչև խելքի չգա։ Հուսով եմ չենք հասնի այն կետին, որ ո՛չ երկիր կունենանք, ո՛չ էլ արդեն գոյություն։ Ազգովի հասել ենք նրան, որ պետք է կամ խաչ քաշեն ինքներս մեզ վրա, կամ սկսենք ՎԵՐԱԾՆՈՒՆԴ-ը։

©Դավիթ Միրզոյան. 31 Դեկտեմբեր, 2022թ.

No comments:

Post a Comment