Thursday, July 6, 2023

«ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ»

Ազգովի տարօրինակ տրամաբանություն ունենք, ավելի ճիշտ՝ չափորորշիչներ՝ մե՛կ մտածում ենք՝ թող լափածը գա նստի թագավոր, որ այլևս չլափի (տրամաբանությունն այստեղ այն է, որ կերել կշտացել է ու այլևս չի լափի), մե՛կ էլ մտածում ենք՝ թող չլափածը գա նստի, որ չլափի (որովհետև անկարող է՝ լափել չգիտի, մինչև սովորի՝ կփոխենք)։ Նկատենք, որ երկու դեպքում էլ տրամաբանություն չկա, կա միայն սեփական ցանկություններն իրականության տեղ ընդունելու և ինքնախաբեության մոլուցք։ Մենք պարզապես երազում ենք միայն, որ մեզ չխաբեն ու չկողոպտեն։ Եվ իրականությունից փախչելու նպատակով, խաբում ենք ինքներս մեկ, մեկ՝ թե աչքը կուշտը չի կողոպտի, մեկ էլ թե՝ նա, ով չի լափել երբևէ ու ձևերը չգիտի։ Նկատենք, որ մարդու աչքը երբեք չի կշտանում, ձևերը չիմացողն էլ կսովորի։

Ամեն դեպքում ուրիշ չափորոշիչ չունենք։ Չենք մտածում օրինակ՝ «մի ազնիվ, անկաշառ, ազգանվեր մարդու գտնենք, դնենք մեզ թագավոր, որ ազնիվ ու անկաշառ կառավարի, չխաբի, չթալանի, մտահոգվի մեր մասին, կամ գոնե բանիմաց մեկին գտնենք, դնենք թագավոր, որ գոնե իմանա ի՞նչ է անում, ինչպե՞ս է անում, ո՞ւր է առաջնորդելու երկիրը, ի՞նչ ենք լինելու, ու՞ր ենք հասնելու և այլն»։ Զարմանալիորեն կամ թալանչին ու գողն է մեր չափորոշիչը, կամ սովածն ու անճարը։
Ուրիշ չափորոշիչ չունենք ազգովի։ Կարծես ազնվության, անկաշառության ու բանիմացության վրա մի կախարդական արգելք կա մեզանում։ Կարծես մի անտեսանելի ձեռք ինչ-որ կերպ մեր ուղեղներից հանել, տարել է մյուս բոլոր չափորոշիչներն ու թողել միայն կենդանականները՝ մարդասպանություն, գողություն, կողոպուտ, մորթապաշտություն, էգոիզմ և այլն։ Զարմանալի չէ, իհարկե։ Հեռուստաէկրաններից անդադար հորդում է մարդասպանությունը, հանցամտությունը, ընդհանրապես հանցագործ վարքը, գողական կամ կիսագողական ժարգոնն ու կերպարները։
Կործանման է դատապարտված այն ազգը, որի արվեստը ներկայացնում ու սերմանում է հանցավորն ու ստորակարգը, որը ոչ մի դրական կերպար, ոչ մի օրինակելի վարք ու խոսք չի սերմանում։ Կործանված է այն երկիրը, որի օրինապահներն են արդեն ներծծել կիսագողական մշակույթ։ Չնայած՝ ուրիշ կերպ չէր էլ կարող լինել՝ օրորոցից սկսած ներ են ծծում շրջապատի կիսագողականն ու հանցագործը, հանցամիտն ու խորամանկը, անսկզբունքայինն ու թունավորը։ Սովետական տարիներից սկսած եթերը գերհագեցած է այս ամենով ու դեռ շարունակվում է։ Անգամ «մտավորականությունն» է ներծծել ամեն ստորակարգ ու, ցավոք, այլ բան արդեն չի պատկերացնում։
Եթե կործանված է այն երկիրը որի օրինապահներն են կոռումպացված ու կիսագողական, ապա ի՞նչ ասենք այն երկրին, որի «մտավորականությունն» է արդեն ստորակարգ ու բթամիտ և ուրիշ չափորոշիչներ չի պատկերացնում, քթածակ էլ չունի տարբերելու լավը վատից, ազնիվն անազնիվից, ինտելկտը անինտելեկտությունից, լույսը գորշությունից, իմաստնությունը հիմարությունից։
Ախր, ինչպե՞ս տարբերի, երբ հենց ի՛նքն է գլխավորում ազգային գորշության դարբնոցը, ի՛նքն է այդ անինտելեկտ, գորշ ու անբան տհասը, օտարի գրքեր սերտած անգաղափարը, կամ լավագույն դեպքում, օտարի գաղափարների կրողն ու տարածողը։ Անգաղափար թութակից ի՞նչ պիտի սովորեն մյուսները, մանավանդ երբ սովորեցնողները ո՛չ ունակ են, ո՛չ էլ ուզում են որևէ բան սովորեցնել։ Սովորեցնեն, որ կրակն ընկնե՞ն, որ հենց իրենց ուսանողները բացահայտե՞ն իրենց դասախոսների սնանկությունը։ Եվ հենց այդ պատճաով էլ ջանում են տգետ ու տհաս ուսանողություն ունենալ, որ ոչ ոք հանկարծ առաջ չանցնի ու չնկատի իրենց դատարկությունը։ Տհաս ուսանողություն են փափագում ունենալ, որպեսզի չնկատվի իրենց դատարկությունը, և դրանով կործանման են տանում ողջ կրթական համակարգն ու ազգին։ Իսկ թե որևե բան հարցնես՝ կպատասխանեն, որ ջանք ու եռանդ չեն խնայում աճող սերնդին լուսավորելու, իրենցից առաջ մղելու համար, որ երկրի համար են տառապում, ազգի ապագան են կերտում, օրն ի բուն զբաղված են գիտական ուսումնասիրություններով, որ աշխատում են իրենց չխնայելով, որպեսզի առաջ մղեն ազգի գիտական միտքը, որքան հնարավոր է առաջ, որ մաքառում են իրենցից հետո գիտական ժառանգություն թողնել, ոչի՛նչ որ մոմի պես այրվեն, հալվեն ու վերջանան։ Բա, իրե՛նք են ազգի ռահվիրանները։ Ուրիշ ինչպե՞ս են լինում հերոսները։ Եվ երբ հայտնվում է մեկը, ով իրենց պես օտարի գրքեր անգիր արած թութակ չէ, միանգամից վատանում են, հարձակ-վում ու հոշոտում, որ հանկարծ ոչ ոք չնկատի նրա ու օտարահոտ գաղափարներ սերտած իրենց նախիրի միջև ճչացող տարբերությունը։
Հոշոտում են ու անցնում «ազգի ապագան կերտելու» իրենց բուն գործին, ինքնագոհ ու վստահ, որ մեջտեղից հանել ու վերացրել են նրան, ով խանգարում էր։ «Ինչպիսի՜ հանդգնություն՝ հավակնել առաջնորդի դերի՞ն, ի՞նչ իրավունքով։ Միայն իրե՛նք պիտի որոշեն։ Չի՛ կարող առաջնորդ լինել։ Մեզանում բոլո՛րս ենք առաջնորդ, ամեն մեկս մեր տեղում։ Էդ էր պակաս՝ ինչ-որ մեկը գա ու հրամայի մեզ, այն էլ դրսից, ով չի էլ տառապել մեզ պես։ Ինչպե՞ս կարող է առաջնորդել նա, ով մեր չափ չի տառապել, փախել է ու հիմա վերադարձել ու հրամաններ է արձակում։ Ինչպե՞ս կարելի է վստահել նրան, ում ընտանիքը դրսում է և այլն»։
Ինչպե՞ս կարելի է տարրական տրամաբանություն, կամ գոնե սովորական խելք ակնկալել ժողովրդից, եթե դրանից զուրկ է նրա «մտավորականությունը»։ Օրինակ՝ ի՞նչ է նշանակում՝ «չի կարող առաջնորդ լինել, բոլորս ենք առաջնորդ»։ Ինչպե՞ս բացատրես, որ տասնիներորդ դարի քարացած դոգմաները, թե «քանակը բերում է որակի» միշտ չէ, որ ճիշտ է, կամ գուցե ընդհանրապես ճիշտ չէ։ Եթե ճիշտ լիներ, ապա ոքան շատ մարդ լիներ ազգային ժողովում, ապա այնքան իմաստուն որոշումներ կընդուներ այն։ Բայց չէ՞ որ այդպես չէ։ Տրամաբանությունն ու հազարամյակների պատմությունն ապացուցում են, որ իմաստուն լինում են եզակիները, հետևաբար մեծամասնությունը չի կարող իմաստուն որոշումներ ընդունել։ Մի՞թե դժվար է հասկանալ, որ հազար անխելքը, որքան էլ համախմբվեն, միևնույն է, մեկ խելոք չարժեն։ Հնուց ի վեր մարդիկ միշտ առաջնորդ են փնտրել՝ նրան, ով շատ ավելին է տեսնում քան մնացած բոլորը։ Իսկ մերօրյա «խելոքները» հանկարծ որոշել են, որ եթե «խելք խելքի տան», ապա կկարողանան խելոք մտքեր ունենալ ու յոլա գնալ առանց առաջնորդի։ Մտքներով չի անցնում իհարկե, կամ ավելի ճիշտ, չեն ուզում ընդունել, որ աշխարհում ոչ մի հայտնագործություն խմբակային ջանքերի արդյունք չէ, նմանապես՝ ոչ մի արվեստի գործ, կամ բացահայտում։ Ան-գամ ֆուտբոլում խաղի որակը չի բարելավվում խաղացողների քանակի աճի հետ։ Ճիշտ է, երբեմն օգտակար է զրուցել, անգամ բանավիճել արդյունավետ լուծումներ գտնելու համար, սակայն դա վերաբերում է միայն մարտավարական որոշ հարցերի, բայց ոչ երբեք ռազմավարական խնդիրներին։
Բայց մեր «խելոքները» մերժում են առաջնորդի անհրաժեշտությունը ոչ թե, որովհետև չեն հասկանում նրա կարևորությունը, այլ պարզապես որովհետև գոռոզ են՝ չեն կարող հանդուրժել հրամաններ ու հրահանգներ ընդունել մեկ ուրիշից, լսել նրա բացատրություններն ու պարզաբանումները, ենթարկվել նրա ռազմավարությանը, ուղղորդությանն ու խրատներին։ Եվ այսպես խեղդելով ու հոշոտելով առաջնորդներին, անդունդն ենք գլորվում ու չենք հասկանում։ Գալու է ժամանակ, որ անդունդի հատակում, ճահճի մեջ մինչև կոկորդներս խրված ու հազիվ շնչելով հարցնելու ենք՝ «բա, ո՞ւր էր առաջնորդը, ինչո՞ւ չէր առաջնորդում»։ Իսկ «մտավորականությունը» գլուխը կախ ծպտուն չի հանելու, իր մեղավորությունը հասկացող մարդասպանի պես։
©Դավիթ Միրզոյան. 04 Հուլիս, 2020 թ.

No comments:

Post a Comment