Saturday, July 1, 2023

ՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 ՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Նախ ասենք, որ ցանկացած կազմակերպված գործունեություն պետություն է։ Պետություն է եկեղեցին։ Պետություն է ցանկացած արտադրական ձեռնարկություն։ Պետություն է ընտանիքը, գերդաստանը և այլն։ Նույնիսկ կազմակերպված հանցագործ խումբը կամ խմբավորումն է պետություն։
Որպեսզի պարզենք՝ ինչ է պետությունը և ինչու է անհրաժեշտ, ապա պետք է սկսենք ամենասկզբից։
Մարդ առողջ ու երջանիկ ապրելու մղում ունի։ Դա, իրականում, համատիեզերական նախանյութի, կամ այլ կերպ ասած՝ Արարչի, մղումն է։ Եվ քանի որ ամբողջ նյութական աշխարհը, մարդը ներառյալ, նախանյութի, կամ Արարչի, տարբեր աստիճանի դրսևորումներն են, ապա մարդը ևս առողջ, անվերջ ու երջանիկ ապրելու մղում ունի։
Ուրեմն՝ մարդու կյանքի նպատակը երջանիկ ապրելն է։ Երջանիկ ապրելու համար մարդուն անհրաժեշտ է ապահովություն, առատություն ու կայունություն։ Թվում է, թե ոչինչ չկա խանգարող։ Բոլորը ձգտում են երջանկության, հետևաբար նաև խաղաղության, և կարծես չպիտի որ միջանձնային և միջազգային պատերազմներ լինեին։ Բայց պարզվում է, որ կա խանգարող բան։ Այդ մասին տարիներ առաջ մի մեծ ու մանրամասն ուսումնասիրություն էի հրապարակել «Մեր հանրահայտ ներազգային գզվռտոցի պատճառը» վեռնագրով։ Այնտեղ մասնավորապես ներկայացնում էի, որ ցանկացած կենդանի օրգանիզմ, վիռուսներից, բակտերիաներից ու բորբոսասնկերից սկսած մինչև մարդ արարածը, սեփական տեսակը պահպանելու, բազմացնելու և ամբողջ տարածքը սեփական տեսակով լցնելու բնազդային մղում ունի։
Հենց այդ մղումն էլ խանգարում է մարդուն երջանիկ լինել։ Սեփական տեսակը պահպանելու, բազմացնելու և ամբողջ տարածքը սեփական սերունդներով լցնելու կենդանական մղումը բոլորին միմյանց հանդեպ թշնամանքի ու առճակատումների է տանում. շատ հաճախ էլ՝ արյունալի բախումների։ Չե՞ որ անհնար է բազմացնել ու տարածել սեփական տեսակը առանց մյուսների հետ բախման գնալու։ Չմոռանանք նաև, որ մեր շրջակա տարածքը անսահման չէ։ Անգամ եթե այն անսահման լիներ, ապա, միևնույն է, մեկ այլ տարածք յուրացնելու և սեփական տեսակի բազմացման համար այն բարենպաստ դարձնելու համար հավելյալ, երբեմն էլ ուժից վեր ճիգ ու ջանք էր պահանջվելու։ Հետևաբար՝ մարդկանց միջև լարվածությունը, մրցակցությունն ու բախումները մշտապես առկա են ու երբեք չեն վերանա։ Ամենակարևորն այստեղ այն է, որ այդ լարվածությունը, մրցակցությունն ու բախումները խանգարում են մարդուն երջանիկ լինել, որովհետև ապակայունացնում են շրջապատը, երբեմն էլ հասցնում ամայացնող պատերազմների։ Վերջապես՝ ինչպե՞ս կարելի է երջանիկ լինել լարված, անկայուն, թշնամաական, բախումներով լի շրջապատում։ Եվ բնականաբար երջանիկ լինելու համար մարդկանց, նաև կենդանների ցանկացած խումբ, համայնք կամ հասարակություն որևէ կայունացնող, զսպող և կարգ ու կանոն հաստատող ձեռքի՝ անձի կամ համակարգի կարիք ունի։ Եվ որքան պինդ է այդ ձեռքը, այնքան ապահով ու հանգիստ ուերջանիկ են զգում իրենց համայնքի անդամները։ Կենդանական աշխարհում դա հոտի կամ ոհմակի առաջնորդն է, մարդկանց համայնքի դեպքում՝ համայնքի նահապետը, իսկ ազգի դեպքում ազգի գերագույն նահապետը՝ Արքան։
Ինչպես կենդանիների առաջնորդն է հոգատար հոր պես կարգ ու կանոն հաստատում հոտի անդամների շրջանում, այնպես էլ մարդկանց համայնքի նահապետն է կարգ ու կանոն սահմանում ու հսկում, որպես համայնքի հոգատար հայր ու դատավոր։ Ազգի գերագույն նահապետը՝ Արքան, լինելով իր ազգի հոգատար հայրն ու գերագույն դատավորը, նույն կերպ օրենքներ է սահմանում, կարգ ու կանոն հաստատում և հսկում որպես ազգի գերագույն դատավոր։ Արքան, ի թիվս այլ գործառույթների, նաև իր ազգի գերագույն ուսուցիչն է։
Դառնանք պետության խնդրին։ Պետությունը, փաստորեն, համայնքի կամ ազգի գերագույն նահապետի կողմից կարգ ու կանոն հաստատող ծառայությունների համակարգն է։ Այդ ծառայությունների հավաքական նպատակը ժողովրդի համար բարենպաստ միջավյրի ապահովումն է, որպեսզի ժողովուրդը կարողանա ապրել ազատ, առողջ ու երջանիկ։ Պատահական չէ, որ աշխարհի ճշմարիտ թագավորություններում կա երջանկության նախարարություն։ Օրինակ՝ Բութանի թագավորությունը։
Անցնենք առաջ։ Պետության նպատակը մարդկանց համար ազատ, առողջ ու երջանիկ կյանք ապահովելն է։ Այստեղ ազատություն ասելով, պետք է հասկանալ ազատություն բռնությունից։ Ցանկացած հանցագործություն՝ գողություն, կողոպուտ, կոռուպցիա և այլն, անգամ հանցամտությունը, բռնություն են դիմացինի հանդեպ։ Չմոռանանք, որ հանցամտությունը իր մահաբեր վիբրացիաներով մեծապես նկատելի է և կործանարար, հետևաբար՝ հանցագործությունից ոչ պակաս ազդեցություն ունի մարդկանց վրա։ Եթե հաշվի առնենք, որ հանցամտությունը՝ հանցագործություն կատարելու միտումը, համատարած է, քանի որ բոլորը բնազդաբար դիմացինի հաշվին սեփական տեսակը պահպանելու, բազմացնելու և ամբողջ տարածքը սեփական սերունդներով լցնելու կենդանական մղում ունեն, ապա կարելի է նկատել, որ բոլորի հանցամտության հավաքական վիբրացիաներն ավելի կործանարար են, քան հանցագործության երբեմն-երբեմն ծածուկ ու քողարկված արտաժայթքումները։
Ցավոք, հանցամտությունը վերացնելը դժվարին ու երկարատև ջանքեր է պահանջում, երբեմն էլ անհնարին է։ Սակայն հանցագործությունը վերացնելը և մարդկանց հսկողության տակ պահելը անհնարին չէ. դրա համար կա օրենքների և օրինապահ մարմինների համակարգ՝ ոստիկանություն, դատախազություն, դատական համակարգ և այլն։ Ընդ որում՝ որքան խիստ են օրենքները, ապա այնքան ցածր է հանցագործությունների դեպքերի հավանականությունը երկրում։ Այս մասին վիճելու, անգամ քննարկելու որևէ կարիք չկա, քանի որ դարերի փորձով ապացուցված է, որ եթե երկրում գողության համար մահապատժի են ենթարկում, ապա վերանում է գողությունը։ Դժբախտաբար, մարդասպանությունը կամ կոռուպցիան վերացնելու համար մահապատիժը բավարար պատժաչափ չէ։ Բայց այս մասին ևս կարիք չկա անհանգստանալ, քանի որ ցանկության դեպքում կարելի է գտնել դրանք վերացնելու համար բավարար պատժաչափեր։
Անցնենք առաջ։ Փաստորեն, փետությունը հիմնականում մարդկանց կյանքի ապահովության, առատության և կայունության երաշխավորն է։ Զարգացած պետությունը նաև մարդկանց կրթության, առողջության, անձնական սեփականության, պատվի և արժանապատվության պահապանն է։ Ինչպես նշվեց վերևում, այդ ամենը ղեկավարությունը կարող է ապահովել օրենքների և օրինապահ համակարգի միջոցով։
Այստեղ հարկավոր է հիշել, որ օրենքները գրվում են հենց այդ նպատակով, կա՛մ որևէ սկզբունքից ելնելով։ Նախքան որևէ օրենք հորինելը օրենսդիր մարմինը, դա կլինի ազգի ծերակույտը, ժողովրդի ընտրյալների որևէ մարմին, կամ ազգի գերագույն նահապետը, առաջնորդվում է կա՛մ որևէ նպատակով, կա՛մ որևէ սկզբունքով։ Հիմնականում՝ սկզբունքով։ Այստեղ մոտենում ենք ամենագլխավորին՝ նրան, որ օրենսդրական համակարգի հիմքում ընկած է սկզբունքների համակարգ։ Պարզ ասած՝ անհնար է որևէ օրենք հորինել, առանց սկզբունքի և նպատակի։
Օրինակ՝ դեմոկրատական երկրների հիմքում ընկած է դեմոկրատիայի սկզբունքն ու լիբեռալիզմի գաղափարախոսությունը։ Դեմոկրատական երկրներում ծերակույտը կամ ժողովրդի ընտրյալների մարմինը օրենքներ է ընդունում ժողովրդավարությունը, մարդկանց ազատությունները և իրավունքները երաշխավորելու համար։ Սա իդեալում, իհարկե։ Կոռումպացված երկրներում, սակայն, օրենսդրական մարմինները հաճախ օրենքներ են ընդունում, առաջնորդվելով անձնական կամ կլանային շահերով ։
Բայց դառնանք տեսությանը։ Ցանկացած օրենսդրական մարմին օրենքներ ընդունելիս առաջնորդվում է սկզբունքներով։ Դեմոկրատական երկրներում՝ դեմոկրատական սկզբունքներով, բռնապետական երկրներում՝ բռնապետական, ազգային պետություններում՝ ազգային և այլն։
Այժմ մոտեցանք ազգային պետության գաղափարին։ Շատերն են սկսել գործածել «ազգային պետություն» եզրույթը, բայց ոչ ոք չգիտի, թե որոնք են ազգային պետության առանձնահատկությունները։ Համարյա բոլորին թվում է, թե դա պարզապես ժողովրդի մասին մտահոգ պետությունն է, կամ նման բան։ Բոլորը, ազգային պետություն ասելով, հասկանում են ժողովրդավար, օրինական պետություն և այլն։ Լավագույն դեպքում կլսես՝ «ազգային արժեքներով առաջնորդվող պետություն»։ Թե որո՞նք են ազգային արժեքները, որևէ հոդաբաշխ, խելամիտ ու տրամաբանական պատասխան չես ստանա։ Շտապեմ հայտարարել, ավելի ճիշտ կրկնել, որ ազգային պետությունը ազգային ուսմունքով առաջնորդվող պետությունն է։ Իսկ թե որոնք են ազգայի արժեքներն ու սկզբունքները և որքանով են ժողովրդավարական սկզբունքները համահունչ մեր ազգային ուսմունքին, սկզբունքներին ու արժեքներին, կարծում եմ պետք է վաղուց պարզ լիներ գոնե մեր մտավորականությանը։ Բայց քանի որ մենք մտավորականություն չենք ունեցել, որ մտածեր այս և նման այլ խնդիրների շուրջ և հանդես գար համապատասխան պարզաբանումներով, ապա կարիք կա ևս մեկ անգամ ներկայացնել։ Նախ ասենք, որ դեմոկրատական արժեքներն ու սկզբունքները մեր ազգայինը չեն կարող լինել թեկուզ հենց այն պատճառով, որ ստեղծվել են օտար ազգի կողմից։ Դա գուցե այդ ազգի համար արդյունավետ էր, գուցեև բխում էր այդ ազգի ազգային էությունից (սակայն շատ եմ կասկածում), այնուամենայնիվ՝ այն մերը չէ, չի բխում մեր ազգային էությունից։ Հետևաբար՝ դեմոկրատիան չի կարող մեր ազգային պետության հիմնասյունը լինել։ Մեր ազգի գենետիկ կոդից բխում են նահապետական արժեքներ և սկզբունքներ, հետևաբար՝ նահապետական, կամ այլ կերպ ասած՝ միապետական կարավարում։
Բայց՝ դեմոկրատական համակարգում, այնուամենայնիվ, որոշ ճշմարիտ սկզբունքներ կան, օրինակ՝ մարդկանց իրավահավասարության սկզբունքը։ Սակայն իր ամբողջության մեջ դեմոկրատիան սխալ, անտրամաբանական և վնասակար սկզբունք է, քանի որ ենթադրում է անխելք մեծամասնության իշխանություն։ Իր ժամանակ դեռ Սոկրատեսն է նկատել, որ անխելք մեծամասնության իշխանությունը չի կարող խելամիտ կառավարում ապահովել, կամ գոնե արդար լինել, թեկուզ հենց այն պատճառով, որ ճնշելու է և իշխի խելացիների և իմաստունների վրա։ Չկա ավելի կործանարար բան, քան անխելքների իշխանությունը։ Իսկ եթե հաշվի առնենք դեմոկրատիայի անխուսափելի վերածումը հանցագործների իշխանության՝ կլեպտոկռատիայի, ապա պատկերն ավելի կամբողջանա։
Անցնենք ազգային պետությանը։ Ինչպես ասվեց վերևում՝ ազգային պետությունը ազգային ուսմունքի արժեքներով ու սկզբունքներով առաջնորդվող պետությունն է։ Մեր դեպքում դա միապետությունն է, կամ այլ կերպ ասած՝ նահապետական կառավարումը։ Ընդհանրապես՝ մարդկանց ցանկացած բազմության մեջ անպայմանորեն կան անխելքների, կիսախելոքների, խելոքների և իմաստունների շերտեր։ Իմաստունների շերտի մեջ անպայմանորեն կա մեկը, ով ամենաիմաստունն է։ Բնության մեջ երբեք միանման ու միարժեք ոչինչ չի լինում։ Բոլորը տարբեր են իրենց իմաստնության աստիճանով, հետևաբար իրենց արժեքով։ Տրամաբանական եզրահանգման կարելի է գալ, որ մարդկանց բազմությանը պետք է առաջնորդի այդ բազմության ամենաիմաստուն մարդը, կամ գոնե ամենաիմաստունների ծերակույտը՝ արիստոկրատիան։
Հիմա՝ ինչպե՞ս ճանաչել նրան՝ ամենաիմաստունին, ի՞նչ չափորոշիչներով։ Սա շատ դժվարին խնդիր է անխելք մեծամասնության համար։ Ինչպե՞ս կարող է անխելք ամբոխը որոշել, թե ով է իմաստուն։ Չի կարող։ Երբեք չի կարողացել։ Ազգի գերագույն իմաստունին կարող են ճանաչել միայն ազգի ամենախելոքները։ Հետևաբար՝ Արքայի ընտրության խնդիր ընդհանրապես չի կարող լինել։ Կարող է լինել միայն նրան ճանաչելո՛ւ խնդիր։ Եվ դա պետք է անեն միայն ազգի ամենախելոքները՝ ճանաչեն ու գահ բարձրացնեն ազգի իմաստունին։ Իսկ մնացածը պետք է միայն ընդունեն ու ենթարկվեն։
Մոտեցանք ազգային արժեքների ու սկզբունքների խնդրին, կամ այլկերպ ասած՝ ինչպե՞ս է կառավարելու Արքան, ի՞նչ սկզբունքներով։ Իհարկե՝ ամենաբարձր՝ աստվածային, սկզբունքներով ու չափորոշիչներով։ Պետք է մեկընդմիշտ հիշել և ականջի օղ անել, որ Արքան ժողովրդի ծառան չէ, հետևաբար՝ նրա առաքելությունը չէ կատարել ժողովրդի պահանջները, մանավանդ՝ քմահաճույքները։ Արքան Արարչի՛ ծառան է՝ Արարչի՛ արժեքների ու սկզբունքների կիրառողն ու պահապանը։ Արքան, իհարկե, ժողովրդի կյանքի, առողջության, սեփականության, պատվի ու արժանապատվության պահապանն է, նաև՝ ժողովրդի գերագույն ուսուցիչն ու դատավորը, բայց դա ոչ թե այն պատճառով, որ պարտավոր է իր ընտրողների առաջ և այլն, այլ այն պատճառով, որ այդ ամենը Արարչի հանդեպ իր պարտականությունն է։ Մեկ անգամ ևս՝ Արքան պատասխանատու է ոչ թե ժողովրդի առաջ, այլ՝ Արարչի։ Արարչի նպատակն է արդարությունը։ Արդարության հասնելու ճանապարհի սկզբունքներն են իրավահավասարությունն ու ազատությունը (ազատությունը բռնությունից)։ Իսկ ամենաելակետային սկզբունքը եղբայրություն սկզբունքն է։ Եղբայրությունից են բխում և՛ արդարություն, և՛ իրավահավասարություն, և՛ ազատություն սկզբունքները։
©Դավիթ Միրզոյան. 29 Հունիս, 2023թ.

Sunday, June 18, 2023

«ՀԱՅԻ ՈՒԺ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ» ՀՌՉԱԿԱԳԻՐ

 «ՀԱՅԻ ՈՒԺ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ» ՀՌՉԱԿԱԳԻՐ

Իմ լավ ազգակիցներ, ողջունում եմ ձեզ բոլորիդ։ Անչափ ուրախալի է տեսնել ազգի ճակատագրով մտահոգ նվիրյալների ձեր կուռ համախմբվածությունը։ Մեր ազգային խնդիրներին դիմակայելու և դրանք լուծելու անհրաժեշտությունը վաղուց էր հասունացել։ Համոզված եմ, որ միահամուռ ջանքերով կկարողանաք սարեր շարժել։
Պատմության ընթացքում աստիճանաբար կորցնելով մեր ազգային ուսմունքն ու ազգային պետությունը, մենք ազգովի ստիպված ենք եղել պահպանել մեր գոյությունը պետականության տարբեր կազմավորումների տեսքով, հաճախ էլ օտար պետությունների կազմում որպես հասարակ, երբեմն էլ հալածված ու անարգված հպատակներ։ Օտարի իշխանության ներքո երբեմն ունեցել ենք նաև արտոնյալ կարգավիճակ, սակայն համաձայնեք՝ ոչինչ չի կարող փոխարինել սեփական ազգային պետությանը, ագամ եթե այն չի ընդգրկում մեր պատմական բնօրրանի ողջ տարածքը։
Ներկայումս ազգովի կանգնած ենք մեր ազգային պետությունը վերականգնելու հրամայականի առջև։ Մեր ազգի վերջին մի քանի հազարամյակի պատմությունը մարող փառքի, անհետացող ազգային արժեքների ու ազգաբնակչության պատմություն է եղել։ Ցավոք, մեր անցյալում հաճախ են եղել կտրուկ և անչափ ողբերգական իրադարձություններ, եղել են նաև հույս արթնացնող կարճատև զարթոնքներ, բայց մեր անցյալի պատմությունը հիմնականում աստիճանաբար քայքայվող ու խեղաթյուրվող մշակույթի, կրճատվող տարածքների, մեր անհետացող տեսակի և ամենակարևորը՝ անհետացող, իսկ վերջին մի քանի հարյուրամյակում արդեն, իսպառ անհետացած ուսմունքի և մշակույթի պատմություն է եղել։ Մեր ազգային ուսմունքն ու մշակույթը կորցնելով, մենք ազգովի վերածվել ենք իր կենսագրությունը մոռացած և իր իսկական էությունը չճանաչող, ջունգլիների օրենքներով առաջնորդվող խառնափնթոր ու օտարամոլ մի ժողովրդի։
Եվ այս ամենի մեղավորը մենք ենք՝ մեր նախնիներից սկսած մինչև ներկա սերունդը։ Այդ մենք ենք գործել առաջին և հետագա բոլոր սխալները, կորցրել ենք մեր ազգային ուսմունքը, միաժամանակ որդեգրելով օտարների արժեքներն ու օրենքները, օտարի մշակույթը, օտարի նիստն ու կացը, խոնարհվել, կռացել ու գետնին ենք հավասարվել օտարի առաջ։ Եվ, ցավոք, դեռ շարունակում ենք սխալներ գործել ու ավելի նվաստանալ, ուծանալ ու անհետանալ։ Ազգային ուսմունքի չլինելու և մեր համընդհանուր խավարամտության պատճառով, շարունակում ենք չտարբերել լավը վատից, արժանավորին անարժանից և չենք կարողանում դուրս գալ ահագնացող ազգային ճգնաժամից, մեր երկրի իշխանական լծակների մոտ ենք բերում փողամոլ ու ապազգային, երբեմն էլ հակազգային հանցագործ տարրերի, որոնք մինչ այժմ միայն արհամարհել, նվաստացրել, ստորացրել, կողոպտել ու անարգել են բոլորիս և կործանման հասցրել։ Պատկերավոր ասած՝ ազգովի ընկել ենք անդունդի հատակում գտնվող ճահիճն ու շարունակում ենք ընկղմվել։
Մոտ երեսուն տարի առաջ շատերս մեծ ուրախությամբ ընդունեցինք երկրի անկախացումը։ Մեր պայծառ հույսերն ու ակնկալիքները, սակայն, ջարդուփշուր եղան։ Ամեն ինչ հենց սկզբից գնաց սխալ ճանապարհով՝ ընդունվեց օտարից փոխ առնված գաղափարախոսություն, կիսատ-պռատ կերպով փոխ առնված սահմանադրություն, օտար օրենսդրություն, օտար կառավարման և տնտեսավարման համակարգ և այլն։ Երկիրը կողոպտվեց, անարգվեց, արմատացավ ու տարածվեց կոռուպցիան, բարգավաճեց տգիտությունն ու թալանը, տարածվեց «էլիտար» հանցագործությունն ու լկտիությունը։ Երկու տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունները նոր կյանքի հույս ներշնչեցին հայ ժողովրդին։ Սակայն դեռևս ոչ ոք չգիտի, թե ի՞նչ ուղղությամբ է պետք ընթանալ, ո՞ւր նավարկել։ Անորոշության սև ամպն է կախվել ու ծանրացել անդունդի հատակում գտնվող ճահճի մեջ արդեն մինչև կոկորդներս ընկղմված մեր ազգի գլխին։
Իմ լավ ազգակիցներ, վաղուց ժամանակն է սկսել ինքնափրկության գործընթացը, այլապես խայտառակ կերպով անհետանալու ենք աշխահի պատմության թատերաբեմից։ Այն ազնվասիրտ հայորդիները, ովքեր գոտեպնդում են իրենք իրենց և մյուս բոլորին սին համոզմունքով, թե հնագույն ազգերից միայն մենք ենք մնացել, հետևաբար արտոնյալ կարգավիճակ ունենք տիեզերքում և երբեք չենք վերանա աշխարհի երեսից, ինչպես շատ հինավուրց ազգեր են վերացել, ապա լավ կլինի նկատեն, որ ի տարբերություն բոլոր այն դեպքերի, որ նկատի ունեն, մենք՝ հայերս, մեծաքանակ և օվկիանոսից օվկիանոս տարածված ազգ ենք եղել, մինչդեռ մյուս բոլոր անհետացած ազգերը միայն այս կամ այն գետի ափին ծվարած փոքրաթիվ ժողովուրդներ են եղել։ Ինքնախաբեությամբ զբաղվելը անչափ կործանարար զբաղմունք է։ «Լավ ասենք, որ լավ լինի» հանրահայտ ինքնախաբեության տեխնոլոգիան մեր ազգի ողբերգությունն է։ Վատը լավ համարելը, կամ սխալի վրա աչք փակելը ո՛չ վատը լավ կդարձնի, ո՛չ էլ սխալն ու մոլորությունը՝ ճշմարիտ ընկալում։ Վատը լավ համարելը ավելի է մեծացնում այն, իսկ սխալի վրա աչք փակելը թույլ չի տալիս, շտկել այն։ Ինչպե՞ս կարելի է բուժել հիվանդին, եթե աչք փակես հիվանդության ախտանշանների վրա։
Ինչևէ... տիեզերքն իր օրենքներն ունի և նրա համար «ֆավորիտներ» չկան։ Տիեզերքը գործում է արդարության սկզբունքով։ Եթե որևէ ազգ իրեն արժանավայել չի պահում՝ չի կատարում իր գենետիկ կոդից բխող առաքելությունը, ապա ոչնչացվելու է, կա՛մ ուրիշ ազգերի ձեռքով, կա՛մ, ինչպես մեր դեպքում, նաև ուրիշ ազգերի մեջ ձուլվելով։ Մենք շատ վաղուց արդեն կորցրել ենք մեր ազգային ուսմունքն ու մշակույթը և դարձել ենք օտարամոլ, հաճույքով ուծանում ենք և՛ ներսում, և՛ դրսում ու, ցավոք, դասեր չենք քաղում դեռ։
Ընդհանրապես, հիվանդությունը բուժելու համար նախ պետք է ընդունել, որ այն կա, հետո փորձել դիտարկումներ անել, նկատել հիվանդության ախտանշանները, և հանգել ճշմարիտ ախտորոշման։ Ախտորոշելուց հետո հարկավոր է պարզել հիվանդության պատճառները։ Այնուհետև փորձել վերացնել այդ պատճառները, քանի որ շատ հաճախ հիվանդության պատճառները վերացնելուց հետո, վերանում է նաև հիվանդությունը։ Բայց երբեմն անհրաժեշտ է լինում հիվանդին որոշ ժամանակով պահել առողջացման ռեժիմի մեջ, երբեմն էլ դեղամիջոցներ և այլ բուժամիջոցներ գործածել։ Թեթև դեպքերում բավարար է միայն բացատրել հիվանդին իր հիվանդության պատճառներն ու ներկայացնել բուժման ծրագիրը և հիվանդն ունքնուրույն կսկսի կիրառել դրանք և ապաքինվել։ Բայց ծանր դեպքերում երբեմն հարկ է լինում հիվանդին հիվանդանոց տեղափոխել, ժիշկների հսկողության և բուժքույրերի խնամքի ներքո, քանի որ հիվանդն ինքնուրույն չի կարող կատարել բժշկի բոլոր խորհուրդները։ Առավել ծանր դեպքերում անհրաժեշտ է լինում շտապ բուժօգնություն կազմակերպել կամ տանը, կամ էլ հիվանդին անմիջապես հիվանդանոց տեղափոխել, նրա կյանքը փրկելու համար։ Իսկ երբեմն հիվանդի վիճակն այնքան ծանր է, որ բժիշկների անմիջական միջամտության կարիքը կա, վիրահատական մեթոդների կիրառման և դեղամիջոցների ինտենսիվ ներարկման միջոցով։
Մենք՝ հայ ազգի նվիրյալ զավակներս, ծայրաստիճան անհանգստացած ենք մեր ազգի ներկա վիճակով և շատ հնարավոր անփառունակ ապագայով։ Փոխաբերական իմաստով ասած՝ գործ ունենք ծանր, համարյա մահամերձ հիվանդի հետ, որը սակայն իրեն ամենևին էլ հիվանդ չի համարում, ոչինչ չի ուզում հասկանալ և հրաժարվում է որևէ բացատրություն ու խորհուրդ լսել, հատկապես՝ լսել իր հիվանդության պատմությունը, հասկանալ իր հիվանդության պատճառներն ու որևէ պատասխանատվություն ստանձնել իր վիճակի համար։ Ինչ-որ բան թույլ չի տալիս նրան գոնե որևէ մեղավորություն ընդունել, հետևաբար նաև պատասխանատվություն ստանձնել որևէ բան անելու և ապաքինվելու համար։
Դեռ շատ տարիներ առաջ աշխարհի երկրներին նմանեցնում էի փոթորկոտ ծովում լողացող նավերի հետ։ Մեկը հսկա ռազմանավ էր, մյուսը նման էր առագաստանավի և այլն։ Յուրաքանչյուրն իր նշանակությունն ուներ ու նպատակակետը։ Մինչև անկախացումը, մենք ևս ինչ-որ նշանակություն ունեինք և նպատակակակետ՝ փորձում էինք վերածնունդ ապրել, զարգանալ, կյանք վայելել վերջապես և այլն։
Հիմա չգիտենք, թե ուր ենք ընթանում, ընթանո՞ւմ ենք արդյոք, թե՞ ոչ։ Պատկերավոր ասած, անկախացումից հետո նավարկելու ո՛չ քարտեզ ունենք, ո՛չ կողմնացույց, ոչ էլ որևէ նպատակակետ՝ չգիտենք, թե ուր է պետք նավարկել և ինչպես։ Իրականում նավապետ ևս չենք ունեցել։ Բոլորը ժամանակավոր բախտախնդիրներ և օտարի դրածոներ են եղել, անձնակազմը՝ ևս։ Իսկ ուղևորները ապրել են անտարբեր ու մեծամասամբ նավից հեռանալու մասին են մտածել։ Ինչո՞ւ։ Որովհետև նավապետի ամեն պաշտոնակատար նավը կտրատելուց և լափելուց բացի ուրիշ ոչինչ չի արել։
Երկիրը կտրտելն ու լափելը, ծավոք, այնքան երկար պատմություն ունի մեզանում, որ այլևս ուրիշ ոչինչ չենք պատկերացնում։ Նավարկելու՝ որևէ քարտեզ կամ կողմնացույց ունենալու, թիավարելու և որևէ տեղ հասնելու, փոխարեն կտրտում ենք նավն ու լափում։ Իսկ այն շատ քչերը, ովքեր անկեղծորեն ու անմնացորդ մտահոգված են փրկել նավը բոլորի հետ միասին, ո՛չ, լծակ ունեն, ո՛չ էլ որևէ ամբիոն, անմիաբան են ու անկազմակերպ և վախենում են քարկոծվել հենց նույն խորտակվողների կողմից։
Իմ լավ ազգակիցներ, մենք՝ հայ ազգի նվիրյալ զավակներս, խիստ մտահոգված մեր ազգի ներկա վիճակով և մոտեցող անփառունակ ապագայով, գիտակցելով որ մեր բոլոր դժբախտությունների հիմնական պատճառը դարեր շարունակ հայ ազգային ուսմունքի բացակայությունն է եղել, եզրակացնելով, որ հետևաբար դեղատոմսը մեր ազգային ուսմունքն է և այդ ուսմունքից բխող օրենքներն ու մշակույթը, միաժամանակ ընդունելով մեր առաքելությունը և պատասխանատվություն ստանձնելով վերականգնել մեր ազգային ուսմունքի վրա հիմնված համայն հայության ազգային պետությունը, հռչակում ենք «ՀԱՅԻ ՈՒԺ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ» միահամուռ և միասնական ջանքերով հայ մարդու տեսակը, նրա կյանքը, առողջությունը, շահերը, պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու նպատակով, աշխարհի որ ծայրում էլ ապրելիս լինի նա։
Մենք չենք մտնում քաղաքական դաշտ, ազգը պառակտելու միտումով։ Անհնար է պառակտել առանց այդ էլ հարյուրավոր կուսակցությունների և հազարավոր հասարակական կազմակերպությունների միջև խորապես պառակտված ազգը։ Հարյուրավոր կուսակցությունների մեջ ևս մեկի առաջանալը ոչնչով չի խորացնի այդ պառակտումը, սակայն կարող է որոշիչ դեր ունենալ ազգային միաբանության գործընթացում։
Ընդհանրապես, որևէ նոր կուսակցության ստեղծումը, որը միայն անունով է տարբերվելու քաղաքական դաշտում առկա մյուս բոլոր կուսակցություններից, ինչպես նախկինում է եղել միշտ, ոչնչով չի նպաստելու երկրի առջև ծառացած խնդիրների լուծմանը, այլ միայն խորացնելու է պառակտումը։ Այս առումով միանգամայն անօգուտ կլիներ նման կուսակցության առաջ գալը։
Մեր դեպքում, սակայն, իրավիճակը միանգամայն այլ է։ Մեր նպատակը չէ մարդկանց հավաքագրել, միայն քանակ լրացնելու, ընտրություններին մասնակցելու և Ազգային Ժողովում պատգամավորական աթոռներ նվաճելու համար։ Մեր նպատակը չէ իշխանական լծակներ գրավելն ու այդ լծակներն օգտագործելը սեփական շահերի համար։ Մեր նպատակն է մեր ազգային ուսմունքի շուրջ համախմբել անապական, ազնվաբարո նվիրյալներին և ազգային պետություն կառուցել։ Մեր նպատակը կուսակցաշինությունը չէ։ Մեր նպատակը պետականաշինությունն է։ Մեր նպատակը քաղաքական դաշտում ձայների համար պայքարելը չէ։ Մեր նպատակը ողջ ազգի առաջնորդությունը ստանձնելն է, նրան ըստ մեր ազգային ուսմունքի առաջնորդելը։ Վերջապես մեր կուսակցությունը քաղաքական պայքարի համար կազմավորվող սովորական միավորում չէ։ Այն ազգային ուսմունքի շուրջ համախմբված նվիրյալների միաբանություն է, ազգային ուսմունքի դարբնոց, որտեղ պատրաստվելու են մեր ապագա առաջնորդները, ազգային ուսմունքի ուսուցիչներն ու դատավորները, կառավարիչները, ռազմիկներն ու օրինապահները։
Հետևաբար «Հայի ուժ»-ը կուսակցություն չէ, այդ բառի սովորական իմաստով։ Այն վերկուսակցական, գաղափարակերտ կառույց է։ Երկրում առկա օրենսդրական դաշտում այն միայն գործելո՛ւ է որպես կուսակցություն, բնակչությանը կրթելու, ուսուցանելու, բացատրելու, համոզելու և ընտրություններին մասնակցելու միջոցով խաղաղ իշխանափոխության հասնելու նպատակով։
Սիրելի ազգակիցներ, մեզ կարող են անդամակցել հայ ազգային ուսմունքին ծանոթ և այն ընդունող, ազգային պետության կառուցմանը լծված անձնվեր, արդար, անկաշառ, միմյանց հանդեպ հոգատար, կուսակցության նպատակների համար պայքարում անձնազոհ հայ նվիրյալները, ովքեր պատրաստ են գործել միահամուռ ու փոխհամաձայնեցված, եղբայրության, արդարության և իրավահավասարության սկզբունքներով, ի բարորություն մեր պանծալի հայրենիքի, հանուն մեր արիասիրտ նախնիների, նրանցից ժառանգած մեր արարչական գեների և ի պաշտպանություն մեր չքնաղ սերունդների։
Շնորհակալություն
©Դավիթ Միրզոյան. 16 Հունիս, 2020 թ.

Wednesday, May 24, 2023

 ՄԻԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ,ԴԵՄՈԿՐԱՏԻԱ


Ե՛վ դեմոկրատիան, և՛ բռնապետությունը նահապետական կարգից՝ միապետությունից, սերված, բայց աղավաղված ու ծայրահեղության հասցված ձևեր են։

Սկզբում նահապետական կարգն էր, երբ ընտանիքի, գերդաստանի, տոհմի, համայնքի ու ազգի նահապետներն իշխում ու կառավարում էին իրենց ենթակա տիրույթները ազգի գերագույն նահապետ՝ արքայի, գլխավորությամբ։ Առկա էր կառավարման հիերարխիկ ու բրգաձև կառույց։ Այն միմյանց հետ փոխկապակցված ու համագործակցող նահապետների միջև ամուր ու կուռ կառույց էր, սեփական ժողովրդի բարեկեցությունն ու երջանիկ կյանքն ապահո-վելու համար։

Միապետության հիմքում միասնական ուսմունք կ, և իապետի ու ժողովրդի շահերն ու նպատակները համընկնում են։ Հետևաբար կարիք չկա որևէ բռնության։ Նահապետները հոգ են տանում իրենց հպատակների առողջոիւթյան, կրթության, բարեկեցության, պատվի ու արժանապատվության մասին այնպես, ինչպես ընտանիքի հայրն է հոգ տանում իր ընտանիքի մասին։

Բռնապետությունն իր կառավարման ձևով նման է միապետությանը։ Տարբերությունն այն է, որ բռնապետական համակարգում միասնական ուսմունք չկա։ Բռնապետի ու ժողովրդի շահերն ու նպատակները չեն համընկնում։ Հետևաբար բռնությունն անհրաժեշտ է, երկիրը կառավարելու և քաոսից խուսափելու համար։ Բռնապետական համակարգում հաճախ ժողովրդի բարեկեցության փոխարեն բռնապետի ու ողջ իշխանական կառույցի նպատակն է սեփական դիրքի պահպանումն ու անձնական բարեկեցությունը։ Բռնապետությանը բնորոշ է մի կողմից իշխանական կառույցի, իսկ մյուս կողմից ժողովրդի շահերի ու նպատակների բախում։

Միապետությունը կարող է բռնապետության վերածվել, եթե վերանա միասնական ուսմունքն ու առաջանա հակամարտություն մի կողմում իշխանական կառույցի, իսկ մյուս կողմում ժողովրդի շահերի ու նպատակների միջև։ Ասենք, օրինակ՝ երբ միապետը շարունակի մնալ արդար ու բարի, իսկ ժողովուրդը դառնա գող ու ավազակ։ Կամ, երբ միապետը դառնա գող ու ավազակ, իսկ ժողովուրդը շարունակի մնալ արդար ու բարի։ Կամ, երբ երկուսն էլ դառնան գող ու ավազակ։ Վերջին դեպքում բռնապետությունը կարող է չարիք կդառնալ նաև հարևան ազգերի համար։

Դեմոկրատական կառավարման համակարգը ևս շատ արագ բռնապետության կվերծվի, եթե վերանա միասնական ուսմունքն ու հակասություն ծագի մի կողմում իշխանական թևի, իսկ մյուս կողմում ժողովրդի շահերի ու նպատակների միջև։ Մեր դեպքում դա միանգամից տեղի ունեցավ մեր անկախացում ստանալուց հետո, որովհետև մենք ի սկզբանե չունեինք միասնական ու համընդհանուր ուսմունք։ Հիմա՛ ևս չունենք։ Փաստորեն, մեր դեպքում բռնապետությունն անխուսափելի էր։

Բռնապետությունից խուսափելու միակ ճանապարհը մեր ազգային՝ նահապետական, ուսմունքը վերականգնելն ու սերմանելն է։

Միապետությունը ենթադրում է երկրի հիերարխիկ կառավարում միասնական ուսմունքի հենքի վրա, որը փաստորեն համեմատելի է ժամանակակից տերմինաբանությամբ՝ սահմանադրական միապետության հետ։

Բռնապետությունը ենթադրում է երկրի միանձնյա կառավարում առանց որևէ միասնական ուսմունքի առկայության։ Բռնապետի հրամաններն ի կատար են ածվում նույնիսկ, եթե հակասում են ժողովրդի շահերին։ Բռնապետությունը նման է ժամանակակից տերմինաբանությամբ՝ բացարձակ միապետությանը։ Բռնապետության թերությունն այն է, որ միասնական ուսմունքի բացակայության պայմաններում միանձնյա իշխանավորի չարակամ, եսակենտրոն քմահաճույքները կարող են օրենքի ուժ ստանալ։

Դեմոկրատական կառավարման համակարգը ենթադրում է հասարակության բոլոր անդամների իրավահավասարություն, նաև՝ հավասարազորություն, հետևաբար՝ համահավասարեցում։ Հասարակության բոլոր անդամները, համահավասարեցվելով ստանում են ինքնուրույն ու հավասարազոր նահապետների կարգավիճակ ու իրավունք ստանում հավասար կարգավիճակով մասնակցել պետության կառավարմանը։
Չնայած՝ դեմոկրատական կառավարման համակարգը շատերը մարդկության բարձրագույն նվաճումն են համարում, այն իրեն ներհատուկ շատ մեծ թերություններ ունի։ Նախ՝ բոլորը չեն կարող իմաստուն լինել։ Մարդկանց մեծամասնությունը, թեկուզ հենց տարիքի բերումով, բավարար իմաստնություն չունի արդյունավետ որոշումներ ու օրենքներ ընդունելու համար։ Հետևաբար, մեծամասնության կարծիքը կամ ընտրությունը չի կարող ճիշտ լինել։

Երկրորդ՝ ոչ իմաստուն մեծամասնությունը հնարավորություն ունի կառավարման կլծակների մոտ բերել իր ներկայացուցիչներին ու զավթել իշխանությունը։ Իսկ եթե այդ մեծամասնությունը տգետ ու հանցագործ է, ապա կառավարման լծակների մոտ կհայտնվեն տգետներ ու հանցագործներ։ Դեմոկրատական կառավարման համակարգում չկան տգետ մեծամասնության կողմից կառավարման լծակները զավթելու հնարավորությունը կանխարգելող մեխանիզմներ։

Երրորդ՝ դեմոկրատական կառավարման համակարգը անարդյունավետ է։ Նույնիսկ, եթե կառավարման լծակների մոտ են հայտնվել հասարակության որոշ խելացի անդամներ, քվեարկության ճանապարհով որևէ հրատապ որոշման հանգելու համար անհամաչափ շատ ժամանակ կպահանջվի։ Իսկ, եթե հաշվի առնենք տգետ մեծամասնության ներկայացուցիչների առկայությունը, ապա անհնար է պատկերացնել որևէ իմաստուն որոշում։ Կոռումպացված ներկայացուցիչների որոշումները կլինեն միայն սեփական գրպանին ի նպաստ։

Չորրորդ՝ դեմոկրատական կառավարման համակարգը վնասակար է, թեկուզ հենց այն պատճառով, որ հասարակության բոլոր անդամներին կտրում է իրենց հիմնական գործից՝ ստեղծագործ աշխատանքից, ու համարյա մշտապես գամում երկրի կառավարման գործին, տարբեր մկարդակների ներկայացուցիչների ընտրություններով, նրանց գործունեությունը վերահսկելով և այլն, ու համարյա մշտապես խճճում նրանց կառավարման խնդիրների հորձանուտում։

Հինգերորդ՝ դեմոկրատական կառավարման համակարգը հատկապես վնասակար է նրանով, որ երկրի հիմնական տեր չի ենթադրում։ Կան միայն ժամանակավոր կառավարիչներ։ Հետևաբար՝ կա ժամանակավոր ուտող փախնողների առաջացման միջավայր։ Իսկ եթե այն կա, ապա կառաջանան և նրանք՝ կաշառակերներն ու բոլոր տեսակի հանցագործները։ Կոռուպցիան դեմոկրատական կառավարման համակարգի ամենահիմնական ուղեկիցն է։ Իսկ, երբ վերևներում համատարած կոռուպցիա է, նույնը կլինի նաև ներքևներում։

Չնայած այս ամենին, ներկայումս դեմոկրատիայի արժեքը կասկածի տակ դնելն իսկ սրբապղծություն է շատերի համար, նույնիսկ այն համատարած իրողությունն աչքների առաջ, որ դեմոկրատական կառավարում որդեգրած երկրների մեծամասնությունը բռնապետությունների են վերածված, հիմնականում թույլ ու անկազմակերպ բնակչությամբ, ուր ժողովրդի կարծիքը համարյա հաշվի չի առնվում, ուր ժողովուրդը չի կարողանում որևէ կերպ մասնակցել պետության կառավարմանը, ուր պետության կառավարումն իրականացնում են միայն իշխանության հասած կուսակցությունները, փողատերերը և այլն, որոնք իրականում հետապնդում են նեղ անձնական ու խմբակային շահեր։

Մարդիկ միաժամանակ անտեսում են այն իրողությունը, որ ժամանակակից միապետությունները կայուն ու բարգավաճող երկրներ են։ Ի դեպ՝ ներկայումս աշխարհում քառասունչորս միապետություն կա։ Ոչ մեկում չկան ժողովըրդական ընդվզումներ։ Մարդիկ ապրում են խաղաղ, ստեղծագործ աշխատանքով, հաշտ ու երջանիկ։ Օրինակ՝ Բութանի թագավորությունում կա երջանկության մինիստրություն։ Այն պարբերաբար հարցում է անցկացնում բնակչության շրջանում բացահայտելու և միապետին ներկայացնելու բնակչության երջանիկ ու դժբախտ մարդկանց տոկոսը։ Քանի որ միապետն ընդհանրապես իր երկրի հիմնական տերն է, ապա գերդաստանի նահապետի պես, շահագրգռված է կայուն ու հզոր երկիր ունենալ, նաև՝ երջանիկ ու նվիրված ժողովուրդ։

Միապետական կառավարման համակարգում կա երկրի հիմնական պատասխանատու՝ միապետը։ Նա է նշանակում, կամ հաստատում բոլոր պաշտոյանաներին։ Հետևաբար՝ միապետն է պատասխանատու ցանկացած պաշտոնյայի լավ կամ վատ արարքի համար, ընդհանրապես՝ երկրի ընդհանուր իրավիճակի համար։ Միապետական համակարգում չկա ժամանակավոր ուտող փախնողների առաջացման՝ կոռուպցիայի, միջավայր։ Միապետն իր երկիրը չի կողոպտի, ուրիշ ոչ մեկին էլ թույլ չի տա։ Միապետական համակարգում կոռուպցիայի եզակի դեպքերը բացառված չեն։ Բայց, եթե կոռուպցիան համընդհանուր ու շարունակական բնույթ ստանա, ապա մարդկանց դժգոհությունն իրավացիորեն կուղղվի երկրի հիմնական պատասխանատուի՝ միապետի, դեմ։
Իսկ, թե ինչ երաշխիք կա, որ մեր՝ հայ, իրականության մեջ չի շարունակի համատարած կոռուպցիան, եթե նույնիսկ անցնենք միապետական կառավարման, ապա պետք է ասեմ, որ իմ կազմած Հայաստանի Թագավորության Ազգային Սահմանադրության մեջ, ի թիվս մարդու արժանապատվությունը պաշտպանող այլ հոդվածների, ամրագրել եմ հպատակների զենք կրելու, նաև՝ զինված ապստամբության իրավունքը։ Այն նույն իրավունքը, որ նրանք ունեին Նահապետ Հայկի ժամանակ։

Եթե դեմոկրատիան արդյունավետ համակարգ լիներ, ապա այն նույն երկրները, որոնք հորդորում են մեզ որդեգրել դեմոկրատական կառավարում, ապա իրենց երկրներում վաղուց հրաժարված կլինեին միապետությունից։ Չմոռանանք, որ արևմտյան աշխարհի շատ երկրներ միապետություններ են՝ Նորվեգիան, Դանիան, Շվեդիան, Հոլանդիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Մոնակոն, Լիխտենշտեյնը, Անդորրան, Իսպանիան, Ճապոնիան ու Մեծ Բրիտանիան, Կանադայի, Ավստրալիայի ու Նոր-Զելան-դիայի հետ միասին։ Նույնիսկ, Վատիկանն է միապետու-թյուն։ Պապը Վատիկան Քաղաքի միապետն է։

Ամեն պետություն կառուցվում է որևե ուսմունքի հիման վրա։ Դեմոկրատիան նույնպես ուսմունք է։ Ընդ որում՝ մեզ համար օտար ծագում ունեցող։ Փաստորեն, մեր պետականության հիմքում ընկած է օտարի ուսմունքը։ Հետևաբար, մենք անկախ չենք։ Իսկ, եթե հաշվի առնենք, որ ոչ՛ տնտեսական, ոչ՛ էլ քաղաքական անկախություն ենք ունեցել, նաև՝ որ մշտապես արտաքին աշխարհի մշակութային ճնշման տակ ենք, ապա պատկերն ավելի կամբողջանա։

Մենք, ընդհանրապես, կորցրեցինք մեր անկախությունը երբ կորցրեցինք մեր ազգային ուսմունքն ու կախման մեջ ընկանք օտարների ուսմունքներից։ Մեր կախվածությունը դարավոր պատմություն ունի։ Այն շատ վաղուց է սկսվել։ Ուսմունքները, սովորաբար, արագորեն կրոն դառնալու միտում ունեն։ Հետևաբար, ամեն ինչ սկսվեց, երբ օտար կրոնները մտան ու ապականեցին մեր ազգային ուսմունքը։
Ճիշտ է, մեր համաժողովրդական շարժման շնորհիվ ԽՍՀՄ-ը քայքայվեց, ու մենք, ի վերջո, ստացանք պետական անկախություն։ Բայց, քանի որ չունեինք մեր սեփական ուսմունքը, չկարողացանք պահել մեր անկախությունը։ Ընդունեցինք մեզ համար օտար՝ դեմոկրատական կառավարման ու կապիտալիստական տնտեսավարման համակարգն ու կախման մեջ ընկանք դրանցից։ Մենք չենք կարող անկախ լինել քանի դեռ մեր պետության հիմքում ընկած չէ մեր իսկ գենետիկ կոդից բխող մեր ազգային ուսմունքը։ Ներկայումս օտարինն է՝ դեմոկրատիան կապիտալիզմի հետ համաձուլված։ Ոչ՛ դեմոկրատիան է մերը, ոչ՛ բռնապետությունը, ոչ՛ էլ կապիտալիզմը։ Մերը նահապետական կարգն է, կամ այլ կերպ ասած՝ միապետությունը։

Եթե դեմոկրատիան միայն կառավարման ձև է, իսկ կապիտալիզմը միայն՝ տնտեսավարման, ապա նահապետական կարգը և՛ կառավարման, և՛ տնտեսավարման ձև է։ Նահապետական չի նշանակում հետադիմական կամ ագրարային։ Այն միայն կառավարման ու տնտեսավարման ձև է։

Աշխարհում, անդհանրապես, գույություն ունի երկու արժեհամակարգ։ Մեկը՝ մարդկային, իսկ մյուսը՝ անմարդկային։ Առաջինը ներկայացված է «Արարչական Օրենքներ»-ով ու իմ կազմած «Հայաստանի Թագավորության Ազգային Սահմանադրությամբ», ըստ որի բոլոր մարդիկ իրավահավասար անհատներ են։ Հետևաբար արգելվում է ստրկատիրությունը, ճորտատիրությունը, նաև՝ սրանց ժամանկակից ձևը՝ կապիտալիզմը։ Հայաստանում ի սկզբանե ստրկատիրություն ու ճորտատիրություն չի եղել։ Նահապետ Հայկի ժամանակ, նրանից առաջ ու նրանից հետո Հայաստանում մարդիկ ապրել են, ազատորեն օգտվելով մայր հողի բարիքներից։ Դա մեր Հայկ-նահապետական արժեհամակարգն էր։ Նահապետն իր ազգի և՛ հոգևոր, և՛ աշխարհիկ առաջնորդն էր։
Երկրորդը՝ անմարդկայինը, Բելի արժեհամակրգն է՝ կապիտալիզմը՝ մարդու կողմից մարդու շահագործումը։ Հայկի ու Բելի առճակատումը երկու արժեհամակարգերի բախումն էր՝ մի կողմից Հայկ-նահապետական, իսկ մյուս կողմից Բել-կապիտալիստական։ Այդ առճակատման էությունը ներկայացրել եմ իմ «Հայկ և Բել» ակնարկով։
Ըստ մեր Հայկ-նահապետական ուսմունքի, երկրում ամեն ինչ հավասարապես պատկանում է բոլորին։ Հետևաբար, մեր տնտեսությունը պիտի ազգայնացվի։ Տնտեսության կարևորագույն ոլորտները պիտի գտնվեն Համայն Հայոց Արքայի՝ ազգի գերագույն նահապետի, իշխանության տակ։ Արքան է իր ազգի գերագույն նահապետը՝ և՛ հոգևոր, և՛ աշխարհիկ՝ մտավոր, ռազմական, տնտեսական առաջնորդը, գերագույն օրենսդիրը, օրինապահն ու դատավորը։ Ըստ մեր ազգային ուսմունքի մենք պետք է ունենանք ազգայնացված տնտեսություն և միապետական կառավարում։

Բայց՝ Հայաստանում հիմա գուցե միանգամից ոչինչ չստացվի։ Մեր ժողովուրդը, վախենամ, հիմա չհամարձակվի պատասխանատվություն վերցնել իր վրա, ազգայնացնելու երկրի ողջ տնտեսությունը։ Մարդիկ դեռ շատ են վախեցած կոմունիզմից, երբ բոլշևիկյան հեղափոխությամբ հողն ու գործարաններն ազգայնացվեցին, բայց հետո, փաստորեն, դրվեցին կոմունիստ կառավարիչների իշխանության տակ։
Սակայն, չմոռանանք, որ հողի ու ընդհանրապես տնտեսության ազգայնացման գաղափարներն այնքան հզոր էին, որ 1920-ին հայոց բանակի զինվորները, որ հիմնականում գյուղացիներ էին կազմալուծեցին ճակատը և ողջունեցին բոլշևիկյան բանակի մուտքը։

Հայ ժողովուրդը հիմա շնչահեղձ է լինում կապիտալիզմի պատճառով, բայց միևնույն ժամանակ սարսափում է կոմունիզմից։ Ուրիշ ոչինչ չի պատկերացնում։ Չի պատկերացնում, որ կա երրորդ ձևը։ Իրականում՝ առաջին ձևը՝ նահապետական սոցիալիզմը։ Բացատրելու ոչ՛ ժամանակ կա, ոչ՛ էլ՝ հնարավորություն։ Սակայն, ամենամեծ դժբախտությունն այն է, որ չեն էլ լսում։ Ոչ ոք չի լսում՝ ո՛չ ազգի մասին մտահոգ մտավորականները, ո՛չ էլ՝ մնացածը։
Ժողովուրդը կցանկանար օլիգարխներից, ավելի ճիշտ՝ խուլիգարխներից, խլել գողունը, բայց վախենում է չկարողանա պահել այն ներկայիս դեմոկրատական համակարգի միջոցով, հաշվի առնելով վերջին տարիների դառը փորձն ու հատկապես ազնիվ ու ազգանվեր մարդ-կանց անկարողությունը երկրում՝

Ժողովրդին պատասխանատվությունից կփրկի միապետությունը։ Մի բան է գողունը խլել ու չկարողանալ պահել այն իրեն վարկաբեկած դեմոկրատական համակարգի միջոցով, մեկ այլ բան է գողունը խլել ու հանձնել միապետի տնօրինությանը, ողջ պատասխանատվությունը դնելով նրա վրա։ Որն էլ հենց Նահապետական Սոցիալիզմն է։

Ամեն դեպքում, երկրին հիմնական տեր է պետք։ Մեզ ժամանակավոր ուտող փախնողներ պետք չեն։
Իսկ միապետ կարող է լինել միայն ամենաիմաստուն ու բանիմաց մարդը, ով չի տենչում միայն իշխանության, ում միակ նպատակն է ծառայել իր ժողովրդին, ով իրեն վստահված երկիրն ու գանձարանը իր սեփականը չի համարի, ով տոգորված է իր երկրում արդարություն ու բարորություն հաստատելու ու պահպանելու ձգտումով, ով նաև տոգորված է ողջ աշխարհին արդարություն, խաղա-ղություն ու բարորություն բերելու ձգտումով։
Դավիթ Միրզոյան, Հուլիս, 2013
www.davitmirzoyan.com

Saturday, May 20, 2023

ՆԵՈԿՈՄ

 ՆԵՈԿՈՄ

Ովքեր նոոոր սկսել են մտածել, թե լավ կլինի կառավարման և այլ տեսակի մասնագետների խումբ հավաքվի, երկրի ապագան նախանշելու կամ տեսլական ձևավորելու համար և այլն, ապա շատ են ուշացել։ Ես հասկանում եմ շատերի ձգտումը, իրենց ավանդը ունենալ երկրի ապագան կերտելու գործում։ Բայց շատ ուշ է։ Դա պետք է արվեր գոնե 10 տարի առաջ, եթե չասենք անկախացում ստանալուց առաջ։ Անկախացումը անակնկալի պես իջավ մեր գլխին։ Ոչ ոք պատրաստ չէր, հիմա ևս պատրաստ չէ դրան։ Հետևաբար այն ժամանակ ոչ ոք չէր մտածել, թե ինչ երկիր է ուզում ունենալ։ «Հրաշքով» իշխանության անցած գործակալներն էլ որոշեցին անցնել դեմոկրատիայի ու կապիտալիզմի։ Ժողովրդին, ի դեպ, վաղուց էին պատրաստել ընդունելու դեմոկրատիան ու կապիտալիզմը։ Դա արել էին աննկատ և տասնամյակներ շարունակ։ Ինչպե՞ս։ Արտասահմանյան ֆիլմերի միջոցով։ Չէ՞ որ բոլորն էին զարմանում, թե ինչպես է լինում, որ Երկրորդ համաշխարհային պատերազմում պարտված և թալանված երկիրը՝ Գերմանիան, օրինակ, կամ Ճապոնիան հազար անգամ ավելի զարգացած երկրներ են դարձել, քան հաղթած ՍՍՀՄ-ը, կամ ինչպե՞ս է լինում, որ դրսում մարդիկ ավելի բարեկեցիկ ու արժանապատիվ կյանքով են ապրում, քան ամենաառաջադեմ գաղափարների՝ կոմունիզմի, երկրի բնակիչները։ Մի խոսքով՝ գաղափարական դիվերսիան ընթանում էր լայն թափով, ու մարդիկ ոչինչ չէին հասկանում։ Ցավալիորեն, կապիտալիզմի և դեմոկրատիայի, ընդհանրապես՝ լիբեռալիզմի գաղափարներն այնքան խորը դրոշմ են թողել մարկանց ուղեղներում, որ դժվարանում են հասկանալ դրանց մահաբեր բնույթը։ Հետևաբար, հասկանալի է որ նոր են սկսում որոշ բան նկատել ու փորձում են մտածել, թե ինչ կարելի է անել։ Ու քանի որ իրենք անկարող են որևէ լուծում գտնել, ապա առաջարկում են մասնագետների խումբ հավաքել ու հանձնարարել նրանց մտածել և լուծում գտնել։ Մղումը, իհարկե, լավն է՝ հայրենասիրական։ Մտահոգություն կա և այլն։ Զարմանալին այն է սակայն, որ այդ մտահոգ մարդկանց մտքով չի անցնում, որ գուցե հենց նույն մասնագետները վաղուց են մտածել և լուծում գտել։ Ամեն դեպքում, եթե մարդ իրեն մասնագետ չի համարում և գիտի, որ ինքը լուծում չի գտել, որ կան, կամ պիտի որ լինեն իրենից բանիմաց մարդիկ՝ մասնագետներ, ովքեր էլ ի վիճակի են մտածել և լուծում գտնել, ապա այդ մարդը ինչու՞ չի մտածում մասնագետների խումբ հավաքելու և նրանց հանձնարարություն տալու իր մոլուցքը թողնել և մի փոքր մտածել, որ այդ մասնագետները գուցե արդեն գտել են լուծումը, որ պետք է պարզապես հարցնել, փնտրել, փորձել ուսումնասիրել ու հասկանալ այդ մասնագետների բացահայտումներն ու լուծումները։ Չի անցնում, որովհետև գոռոզությունից այդ մտահոգ մարդկանց թվում է, թե իրենք մասնագետներից խելոք են։ Ա՛յ, օրինակ, ոչ մի մասնագետ չի մտածել խումբ կազմել, խելք խելքի տալ, քննարկել, օպտիմալ լուծումներ գտնել և այլն։ Այ, երբ դրանց բոլորին մի տեղ հավաքենք ու հանձնարարություն տանք, նոր կսկսեն մտածել ու լուծում գտնել։
Մի քիչ տարօրինակ չի։՞ Տարօրինակ չի՞, որ չմասնագետը, ով դեռ ոչինչ չի գտել, համոզված է, որ մասնագետները ևս էշի ականջում քնած են, դեռ չեն արթնացել, որ նրանց արթնացնել, ուշքի բերել է պետք և այլն։ Ինչու՞ է միշտ «նեոկոմսոմոլներին» թվում, թե առանց իրենց ոչ ոք ոչինչ չի կարող անել, որ մասնագետը պարզապես անբան գործիք է, որ պետք է այդ գործիքը դարակից հանել ու գործի դնել։ Ինչու՞ են դրանք համոզված, որ «մասնագետ-գործիքին» դարակից հանելը ավելի կարևոր է, քան ինքը՝ «գործիքը», որ կարելի է «գործիքին» արհամարհել, որպես գործիք գործածել, հետո գուցե հետ դնել իր տեղը և գուցե վայելել «գործիքի» ստեղծածը։ Սովետական շրջանի հիվանդությու՞ն։ Իսկ գուցե պարզապես տգետ գոռոզությո՞ւն։ Ամեն դեպքում դժբախտություն է, երբ ոչ մասնագետը իրեն մասնագետից գիտուն է կարծում, մանավանդ, երբ չի էլ հասկանում ինչի մասին է խոսում, ինչ է ուզում որ կատարվի։ Նեոկոմը ո՛չ գիտի, թե որն է խնդիրը, ո՛չ էլ որևէ գաղափար ունի։ Նեոկոմի նպատակն է հանձնարարել և վերջ, դրանով ընդգծելով իր ղեկավար, հետևաբար՝ գերակա դիրքը։ Ուրիշ նպատակ չկա։ Գերակա դիրք։ Որն իրականում գոռոզության ապացույցն է։ Այլապես մարդը պարզապես ականջ կդներ, լսելու և սովորելու համար։ Չէր փորձի մասնագետ հավաքել, առանց փորձելու տեղեկանալ, թե այդ մասնագետներն ինչէր են բացահայտել, ինչ գաղափարներ և լուծումներ ունեն։ Հենց այն, որ նեոկոմը չի ուզում լսել մասնագետներին ու տեղեկանալ այդ ամենի մասին, արդեն վիրավորական է, քանի որ դրանով ասել կուզի, թե մասնագետը ոչինչ չի արել, անբանի պես վեր է ընկել դարակում, որ ինքը վերևից իջել է, աստվածի պես ձեռքը մեկնել է դարակից հանելու անբան գործիքներին, որ գործի դնի։
Ինչևէ... Հիմա հասկացա՞ք թե ինչու մեր սայլը տեղից չի շարժվում։ Եթե վերը նկարագրությունս վերագրեցիք անձամբ ձեզ, ապա գուցե այդ մասին մտորելու անհրաժեշտություն կա, նախքան այն մահացու վիրավորանք համարելը։
©Դավիթ Միրզոյան. 20 Մայիս, 2023թ.

Friday, May 19, 2023

 Մեր բոլոր կուսակցությունները ջհուդի պռոյեկտներն են. մենք ինքնուրույն ոչինչ չենք արել՝ ոչ հայդուկային շարժում, ոչ ասալա, ոչ մասալա, ոչ էլ ղարաբաղյան շարժում։ Մենք ինքնուրույն որևե բան անելու ընդունակ չենք եղել, որովհետև մտավորականություն չենք ունեցել։ Երբ Խաչատուր Աբովյանը նոր-նոր «Վերք Հայասատնին» էր գրում, իրականում «Ողբ հայրենասերին», արևմտյան երկրներում զարգացած գիր ու գրականություն կար, Թոմաս Մորից սկիզբ առած սոցիալ-դեմոկրատական շարժում և այլն։ Կարլ Մարքսը իր Կապիտալն էր գրել... Մի խոսքով՝ մենք դեռ շատ հաց ու պանիր պիտի ուտենք... Բայց մեր դժբախտությունն այն է, որ չենք էլ ուզում ուտել։ Մեզ մյուս բոլորից բանիմաց ենք կարծում ու տապակվում մեր գոռոզության ու տգիտության մեջ։