Saturday, May 20, 2023

ՆԵՈԿՈՄ

 ՆԵՈԿՈՄ

Ովքեր նոոոր սկսել են մտածել, թե լավ կլինի կառավարման և այլ տեսակի մասնագետների խումբ հավաքվի, երկրի ապագան նախանշելու կամ տեսլական ձևավորելու համար և այլն, ապա շատ են ուշացել։ Ես հասկանում եմ շատերի ձգտումը, իրենց ավանդը ունենալ երկրի ապագան կերտելու գործում։ Բայց շատ ուշ է։ Դա պետք է արվեր գոնե 10 տարի առաջ, եթե չասենք անկախացում ստանալուց առաջ։ Անկախացումը անակնկալի պես իջավ մեր գլխին։ Ոչ ոք պատրաստ չէր, հիմա ևս պատրաստ չէ դրան։ Հետևաբար այն ժամանակ ոչ ոք չէր մտածել, թե ինչ երկիր է ուզում ունենալ։ «Հրաշքով» իշխանության անցած գործակալներն էլ որոշեցին անցնել դեմոկրատիայի ու կապիտալիզմի։ Ժողովրդին, ի դեպ, վաղուց էին պատրաստել ընդունելու դեմոկրատիան ու կապիտալիզմը։ Դա արել էին աննկատ և տասնամյակներ շարունակ։ Ինչպե՞ս։ Արտասահմանյան ֆիլմերի միջոցով։ Չէ՞ որ բոլորն էին զարմանում, թե ինչպես է լինում, որ Երկրորդ համաշխարհային պատերազմում պարտված և թալանված երկիրը՝ Գերմանիան, օրինակ, կամ Ճապոնիան հազար անգամ ավելի զարգացած երկրներ են դարձել, քան հաղթած ՍՍՀՄ-ը, կամ ինչպե՞ս է լինում, որ դրսում մարդիկ ավելի բարեկեցիկ ու արժանապատիվ կյանքով են ապրում, քան ամենաառաջադեմ գաղափարների՝ կոմունիզմի, երկրի բնակիչները։ Մի խոսքով՝ գաղափարական դիվերսիան ընթանում էր լայն թափով, ու մարդիկ ոչինչ չէին հասկանում։ Ցավալիորեն, կապիտալիզմի և դեմոկրատիայի, ընդհանրապես՝ լիբեռալիզմի գաղափարներն այնքան խորը դրոշմ են թողել մարկանց ուղեղներում, որ դժվարանում են հասկանալ դրանց մահաբեր բնույթը։ Հետևաբար, հասկանալի է որ նոր են սկսում որոշ բան նկատել ու փորձում են մտածել, թե ինչ կարելի է անել։ Ու քանի որ իրենք անկարող են որևէ լուծում գտնել, ապա առաջարկում են մասնագետների խումբ հավաքել ու հանձնարարել նրանց մտածել և լուծում գտնել։ Մղումը, իհարկե, լավն է՝ հայրենասիրական։ Մտահոգություն կա և այլն։ Զարմանալին այն է սակայն, որ այդ մտահոգ մարդկանց մտքով չի անցնում, որ գուցե հենց նույն մասնագետները վաղուց են մտածել և լուծում գտել։ Ամեն դեպքում, եթե մարդ իրեն մասնագետ չի համարում և գիտի, որ ինքը լուծում չի գտել, որ կան, կամ պիտի որ լինեն իրենից բանիմաց մարդիկ՝ մասնագետներ, ովքեր էլ ի վիճակի են մտածել և լուծում գտնել, ապա այդ մարդը ինչու՞ չի մտածում մասնագետների խումբ հավաքելու և նրանց հանձնարարություն տալու իր մոլուցքը թողնել և մի փոքր մտածել, որ այդ մասնագետները գուցե արդեն գտել են լուծումը, որ պետք է պարզապես հարցնել, փնտրել, փորձել ուսումնասիրել ու հասկանալ այդ մասնագետների բացահայտումներն ու լուծումները։ Չի անցնում, որովհետև գոռոզությունից այդ մտահոգ մարդկանց թվում է, թե իրենք մասնագետներից խելոք են։ Ա՛յ, օրինակ, ոչ մի մասնագետ չի մտածել խումբ կազմել, խելք խելքի տալ, քննարկել, օպտիմալ լուծումներ գտնել և այլն։ Այ, երբ դրանց բոլորին մի տեղ հավաքենք ու հանձնարարություն տանք, նոր կսկսեն մտածել ու լուծում գտնել։
Մի քիչ տարօրինակ չի։՞ Տարօրինակ չի՞, որ չմասնագետը, ով դեռ ոչինչ չի գտել, համոզված է, որ մասնագետները ևս էշի ականջում քնած են, դեռ չեն արթնացել, որ նրանց արթնացնել, ուշքի բերել է պետք և այլն։ Ինչու՞ է միշտ «նեոկոմսոմոլներին» թվում, թե առանց իրենց ոչ ոք ոչինչ չի կարող անել, որ մասնագետը պարզապես անբան գործիք է, որ պետք է այդ գործիքը դարակից հանել ու գործի դնել։ Ինչու՞ են դրանք համոզված, որ «մասնագետ-գործիքին» դարակից հանելը ավելի կարևոր է, քան ինքը՝ «գործիքը», որ կարելի է «գործիքին» արհամարհել, որպես գործիք գործածել, հետո գուցե հետ դնել իր տեղը և գուցե վայելել «գործիքի» ստեղծածը։ Սովետական շրջանի հիվանդությու՞ն։ Իսկ գուցե պարզապես տգետ գոռոզությո՞ւն։ Ամեն դեպքում դժբախտություն է, երբ ոչ մասնագետը իրեն մասնագետից գիտուն է կարծում, մանավանդ, երբ չի էլ հասկանում ինչի մասին է խոսում, ինչ է ուզում որ կատարվի։ Նեոկոմը ո՛չ գիտի, թե որն է խնդիրը, ո՛չ էլ որևէ գաղափար ունի։ Նեոկոմի նպատակն է հանձնարարել և վերջ, դրանով ընդգծելով իր ղեկավար, հետևաբար՝ գերակա դիրքը։ Ուրիշ նպատակ չկա։ Գերակա դիրք։ Որն իրականում գոռոզության ապացույցն է։ Այլապես մարդը պարզապես ականջ կդներ, լսելու և սովորելու համար։ Չէր փորձի մասնագետ հավաքել, առանց փորձելու տեղեկանալ, թե այդ մասնագետներն ինչէր են բացահայտել, ինչ գաղափարներ և լուծումներ ունեն։ Հենց այն, որ նեոկոմը չի ուզում լսել մասնագետներին ու տեղեկանալ այդ ամենի մասին, արդեն վիրավորական է, քանի որ դրանով ասել կուզի, թե մասնագետը ոչինչ չի արել, անբանի պես վեր է ընկել դարակում, որ ինքը վերևից իջել է, աստվածի պես ձեռքը մեկնել է դարակից հանելու անբան գործիքներին, որ գործի դնի։
Ինչևէ... Հիմա հասկացա՞ք թե ինչու մեր սայլը տեղից չի շարժվում։ Եթե վերը նկարագրությունս վերագրեցիք անձամբ ձեզ, ապա գուցե այդ մասին մտորելու անհրաժեշտություն կա, նախքան այն մահացու վիրավորանք համարելը։
©Դավիթ Միրզոյան. 20 Մայիս, 2023թ.

No comments:

Post a Comment