Friday, June 12, 2020

ՊՐԻՄԱՏԻԶԱՑԻԱ

Երբ պրիմատների որևէ հոտ, կամ որևէ կաթնասունի նախիր հայտնվում է ողջ հոտին կամ նախիրին սպառնացող վտանգի առջև, հատկապես օրհասկան իրավիճակում, ապա որպես կանոն, դադարում են ներհոտային գզվռտոցներն ու հոտի, նախիրի կամ երամի բոլոր անդամները, որքան էլ թշնամական հարաբերությունների մեջ լինեն միմյանց հետ, միանգամից համախմբվում են ընդհանուր վտանգից պաշտպանվելու համար, մեկը բոլորի, բոլորը մեկի համար սկզբունքով։ Համախմբվում են և մեծ հաջողությամբ դիմակայում ու հեռու վանում վտանգը։ Մարդիկ, տարօրինակ կերպով շատ հակասական վարք են դրսևորում նման իրավիճակներում։ Հատկապես մենք, ազգովի լինելով շարունակական պատերազմի մեջ, շնչահեղձ լինելով սաստկացող շրջափակման պատճառով, տարօրինակ կերպով ավելի ու ավելի անկազմակերպ ու թշնամական վարք ենք դրսևորում միմյանց հանդեպ, դառնում ենք ավելի ու ավելի անտարբեր, եսասեր ու եսապաշտ, ներփակվում ենք մեր անձնական տարածքում և թշնամանում միմյանց հանդեպ, սաստկացնելով մրցակցությունն ու ներազգային գզվռտոցը։

Նման վարքագծի պատճառները շատ խորն են և շատ հին։ Դրանց մասին շատ եմ գրել ու նկարագրել։ Սովորաբար երբ գիտես խնդրի պատճառներն ու ամեն ինչ պարզ երևում է քեզ, ապա շատ չես նեղվում ու անհանգստանում։ Ամեն երևույթ, որքան էլ նողկալի լինի այն, դառնում է հասկանալի և տրամաբանական։ Եվ երբ ամեն ինչ հասկանալի է և տրամաբանական, ապա բացառվում են ավելի բարձր ակնկալիքները։ իսկ երբ բացառվում են անիրատեսական ակնկալիքները, ապա հանգիստ, նույնիսկ ուրախությամբ ես ընդունում նողկալի ճշմարտությունն ու կործանարար իրականությունը, նաև՝ համատարած հանցամտությունը հանցագործությունն ու կողոպուտը, կոռուպցիան ու կաշառակերությունը։

Սակայն ինձ զարմացնում է մեկ այլ երևույթ՝ այն, որ երկիրը կողոպտած, կողոպտող և երկրի հանդեպ անտարբեր, անգամ թշնամական վերաբերմունք ունեցող մեկին ոմանք կարող են սատարել, անգամ հերոսացնել։ Եթե կողոպտողին կարելի է ինչ-որ տեղ հասկանալ և այլն, ապա ի՞նչ անուն տանք նրանց, ովքեր երկիրը կողոպտողին հերոս են համարում, պախարակելու, ձերբակալելու, դատելու և դատապարտելու փոխարեն։ Ի՞նչ անուն կարելի է տալ այն մարդանմաններին, ովքեր ատամները սրած սատար են կանգնում երկիրը թալանած տականքին, նրան, ով երկրից կողոպտած իր միալիարդները դրսերում տեղավորած, էկզոտիկ վայելքներ ճաշակած, էլիտար դղյակներ ունենալով հանդերձ և օրհասական պատիժը աչքի առաջ դեռ հանդգնում է քիթը խոթել իր ավերած երկրի գործերի մեջ և իր վարձու բորենիներին հարձակման է ուղարկում ազգանվեր մտավորականության վրա։

Դառնանք բորենիներին։ Ինչպե՞ս կարելի է ընդհանրապես մարդ համարել նրանց, ովքեր անգամ առանց վարձատրության պատրաստ են ծառայել երկիրը թալանած «հերոսին»։ Մի՞թե ուղեղի (մարդու լեզուն չի պտտվում ասի սիրտ, կամ սրբություն) որևէ նշույլ կա մեջները։ Եվ մի՞թե հանուն իրենց «հերոսի» ամեն ինչի պատրաստ փողոցային թափթփուկներին կարելի է բացիլից բարձր որևէ նշանակություն տալ։ Վիրուսի պես մտել ու ապականել են երկիրը։ Թունավորել ու կաթվածահար են արել։ Եվ դեռ շարունակում են հոխորտալ ու զրպարտել, առանց հաշվի առնելու դիմացինի տարիքը, վաստակը, հայրենիքին մատուցած ծառայությունները, մատուցած զոհաբերությունները։ Իրենց սեռական ցանկություններից բացի ուրիշ ոչ մի փորձ ու փորձառություն չունեցող թյուրիմացությունները հանդգնում են անգամ «դու»-ով խոսել ում հետ պատահի, առանց հետաքրքրվելու նրա անցած ուղու և ձեռքերումների մասին։ Որևէ արժեք ու արժանիք չունեցող բորենին ինչպե՞ս հետաքրքրվի, ինչո՞ւ։ Չէ՞ որ կպարզվի դիմացինի մեծությունն ու միանգամից կերևա սեփական լեշակեր ոչնչությունը։

Ի տարբերություն մյուսների, խորամանկ բորենին, նկատելով դիմացինի արժանիքը, անգամ նախահարձակ է լինում հոշոտելու նրան, որ հանկարծ չպարզվի սեփական ստոր ու սնանկ էությունը։ Պետք է անպայման ու անհապաղ ոչնչացնել դիմացինին, գոնե նվաստացնել ու տրորել նրան։ Այլապես ինչպե՞ս կարելի է որևէ արժեք հաղորդել սեփական ողորմելի էությանը։ Ու այդպես, ամեն քայլափոխի մահ ու ավեր սփռելով, առաջ են գնում բորենիների ոհմակները։ Ամեն հաջողությունից գոտեպնդված և ամեն անհաջողությունից կատաղած, արյունը բերաններին ու արյան հոտը քթներին առաջ են գնում ու նորանոր զոհեր փնտրում։ Ինչպե՞ս կարելի է կասեցնել ոհմակի հաղթարշավը։ Ո՞վ կարող է... Ինչպե՞ս։

©Դավիթ Միրզոյան. 12 Հունիս, 2020 թ.

No comments:

Post a Comment