Sunday, June 21, 2020

ՆԵՈԿՈՄՈՒՆԻԶՄ

ՆԵՈԿՈՄՈՒՆԻԶՄ
Որքան խորանում է ճգնաժամը, Հայաստանի քաղաքական ասպարեզում ստվարանում են քաղաքական գործիչների, «ակծիվիստների», խորհրդատուների, մարգարեների, մանավանդ առաքյալների շարքերը։ Հատկապես ակտիվացել են նորելուկ դեղնակտուցները։ Չգիտես որտեղից լույս աշխարհ են եկել և թևները քշտած անցել գործի։ «Կոմսոմոլ» քարտուղարների պես (որոնց միակ տաղանդը ուրիշի գաղափարներ գողանալն ու դրանցով լայն զանգվածներին աշխատանքի լծելն էր) գլուխներ են փնտրում, ներ քաշում իրենց տարածքն ու փորձում գործի լծել։ Հանուն հայրենիքի իհարկե։ Տիպիկ «կոմսոմոլ» մոտեցում։ Չէ՞ որ ոչ ոք չի կարող հետ կանգնել ու հրաժարվել համագործակցել հանուն հայրենիքի։ Ո՞վ կհանդգնի հայրենիքը ստորադասել որևէ այլ բանի։ Շատ լավ գիտեն, որ հատկապես ամենագիտակից ու բարեկիրթ՝ ազնվասիրտ մարդիկ, հայրենիքը միշտ ավելի բարձր են դասելու քան սեփական անձը։ Հետևաբար անզուգական ու անխափան աշխատող մարտավարություն է՝ դիմացինի վրա հայրենիք բերել, տապալել, թաղել ամոթի ու պարտականությունների տապանաքարի տակ ու շահագործել։

«Նեոկոմսոմոլ»-ներից յուրաքանչյուրն իր ուղեղի բարձրագույնին հասած, կարծում է, թե հասել է բացարձակ բարձրագույնին և այդ համոզմունքով զինված մարտի դաշտ է մտել, աջ ու ձախ պոզահարելով ու իր սմբակների տակ գցելով ցանկացած մեկին։ Կապ չունի՝ ո՞վ է, ի՞նչ է արել հայրենիքի համար, ի՞նչ զոհաբերությունների է գնացել, որպեսզի լույս աշխարհ գան դեղնակտուց «նեոկոմսոմոլներ»-ն ու հաստացնեն իրենց վիզն ու ճարպամկանային համակարգը, ուտեն, խմեն, լփռվեն, մտքեր ու գաղափարներ գողանան ու մարդամեջ մտնեն։

Զարմանում ես՝ ինչպե՞ս կարելի է գոնե չմտածել, որ դիմացինը գուցե մի փոքր ավելին գիտի հենց թեկուզ այն պատճառով, որ մի փոքր ավելի երկար է ապրել աշխարհում, ավելի շատ բան է տեսել ու փորձվել։ Կամ ինչպե՞ս կարելի է գոնե չմտածել, որ դիմացինը գուցե ավելի բարձր ինտելեկտ ժառանգած է ծնվել, ազնվական գենետիկ կոդ ունի վերջապես։ Չէ, ի՞նչ եմ ասում... ստորատգետագոռոզն ինչպե՞ս կարող է նման բան մտածել։ Նրա համոզմամբ ինքն առաջինն է ու միակը։ Իսկ բոլոր դիմացինները լավագույն դեպքում իրեն միայն հավասար կարող են լինել։ Չէ, մի փոքր ցածր։ Բայց այդ չնչին տարբերությունը կարելի է հանդուրժել «հանուն հայրենիքի»։

«Նեոկոմսոմոլ» ստորատգետների համար չկա ալեհեր իմաստուն հասկացությունը, չկա ոչ ոք իրենցից բարձր, ոչ ոք չի նախորդել իրենց, համատարած խավար ու տգիտություն է եղել իրենցից առաջ ու հենց իրենց լույս աշխարհ գալով է բացվել լույսն աշխարհի վրա, տո, հենց արևն՝ ինքը, ծնվել է իրենցից հետո։ Կամ գուցե հենց իրենք են «արարել» արևն ու ամեն ինչ արևի տակ։ Վատ միտք չի։ Հենց այդպես էլ եղել է։

Եվ գրողի ծոցը պիտի գնան բոլոր նրանք, ովքեր չեն ընդունում պարապած «նեոկոմ» տղերքին ու հանդգնում են քննության ենթարկել «նրանց» գաղափարները։ Բա, իրե՛նք են աշխարհի, հատկապես ողջ ազգի փրկարար գաղափարների հեղինակը, իրե՛նք են աշխարհի ողջ գիտելիքի ու տեղեկության կրողը։ Թող որևէ մեկը փորձվի հանկարծ չընդունել այդ օբյեկտիվ ճշմարտությունը՝ ամեն միջոց գործի կդնեն գետնին տապալելու և տրորելու հանդուգն «սրիկային»։

Սեփական անտաղանդությունը շան պես հասկանալով, և սեփական անտաղանդությունից մոլեգնած «նեոկոմ»-ները եռանդուն կերպով մարդամեջ են մտնում, ճանաչում ձեռք բերելու նպատակով։ Չէ՞ որ ճանաչում ձեռք բերելը որոշ արժեք է հաղորդում ու առանձնացնում։ Որքան շատ մարդ ճանաչի, այնքան լավ։ Քանակը հաստատ որակի երաշխիքն է։ Տրամաբանությունը հետևյալն է՝ եթե շատ մարդ է ճանաչում, ուրեմն շատ արժանիք ունես։ Անարժանին ոչ ոք չի ճանաչում։ Ուրեմն պետք է հնարավորինս շատ մարդ հավաքել շուրջդ ու շարունակաբար լայնացնել ճանաչողներիդ շրջանակը, մեծացնել ոհմակն ու մնալ նրա կենտրոնում։ Որևէ այլ տեղ չի կարող ընդունելի լինել։ Չէ՞ որ միանգամից կանհետանա գերակայությանդ պատրանքը։ Պետք է ամեն գնով պահել ու պահպանել այն։ Իսկ քանի որ ամենալավ պահպանությունը շարունակական ընդլայնումն է, ապա պետք է «փռթել» աջ ու ձախ, ոչ մեկին առաջ չթողնել, ոչ մեկին առաջնայնություն չտալ, ոչ մեկին անգամ արտահայտվելու հնարավորություն չտալ, չէ՞ որ հանկարծ կարող է պարզվեի, որ դիմացինն ավելի համոզիչ (չասենք ճշմարիտ) փաստարկներ ու գաղափարներ ունի, որ այդ գաղափարները նախորդել են հենց իր «նեոկոմ»-ի լույս աշխարհ գալուն։ Ինչպիսի՜ ամոթ։

Եվ սկսվում է անողոք պայքարը։ Կարևոր չէ արդյո՞ք մեթոդները ստոր են, թե՞ ոչ։ Կարևորը ամոթով չմնալն է։ Թքած հայրենիքի վրա։ Չնայած, դա ոչ ոք չպիտի իմանա։ Չէ՞ որ հենց հանուն հայրենիքի շարժումն է զենքը, դիմացինին ծուղակը գցելու և շահագործելու համար։ Ովքեր հասկանում են հայրենիքի կարևորությունը, կգնան զոհաբերության և կընդունեն «նեոկոմ»-ի գործունեությունը, չեն խանգարի, հենց հանուն հայրենիքի։ Չէ՞ որ «ինտելիգենտ» գաղափարակիրը իր էությամբ անզոր ու անօգնական երևույթ է, գործելու անընդունակ խրտվիլակ։ Հետևաբար չի կարող մրցել «նեոկոմ»-ի հետ։ «Նեոկոմ»-ն անպարտելի է։ Եթե չլինի նա, ապա ոչ մի շարժում հաջողության չի հասնի։ Նա է շարժիչ ուժն ու շարժիչը։ Իսկ եթե հանկարծ որևէ մեկը փորձի խանգարել, «նեոկոմ»-ը չի տատանվի, միանգամից հայրենիքի թշնամի կհամարի «իտելիգենտ թշվառին» ու կոչնչացնի նրան։ Հա՜, թքած նրա վրա։ Ի՛նքն է հայրենիքի հերոսը։ Ոչ ոք իրավունք չունի առաջ անցնել։ Առաջ անցածներին էլ պետք է տապալել ու տրորել, կամ որ ավելի լավ է, գողանալ նրա վաստակն ու փառքը։ Դա միաժամանակ կտապալի «իտելիգենտ թշվառին» և անհրաժեշտ փառք ու փայլ կհաղորդի «նեոկոմ»-ին։ Հենց այդպես էլ կանենք։ Եթե չի կարելի լռեցնել, խլացնել կամ ստվերում պահել «թշվառ հիմարի» ձայնը, ապա պետք է գողանալ նրա գաղափարները, ավելի բարձր թմբկահարել ու դրանով սեփականը դարձնել այդ ամենը։ Կարևորը որ մարդիկ առաջինը քեզնի՛ց լսեն դա։ Հետո ոչ ոք չի հարցնի, թե իրոք ո՞ւմ է պատկանում գաղափարը։ Կարևորը որ «նեոկոմը» առաջինը ձայնը գլուխը գցի, հասնի արդյունքի, իսկ ժողովրդի համար ամենակարևորը հենց արդյունքն է։ Ամբոխը միշտ արդյունքի հասածին է արժևորում, հերոսացնում ու երկրպագում, ոչ թե արդյունքի ճանապարհը ցույց տվողին։

Պարզվում է մեր անտաղանդ «նեոկոմ»-ները այդքան էլ հիմար չեն։ Չնայած՝ կենդանական աշխարհում բոլորն են բնազդաբար այդպես վարվում։ Լույսը բացվելուն պես և մենչև արևի մայր մտնելը ամեն աննշան ճնճղուկ ձայնը գլուխն է գցում սեփական անձին արժեք տալու և սեփական անձը պաշտպանելու համար ու «կարևոր չէ՝ ո՞վ կմեռնի, ո՞վ սաղ կմնա»։

©Դավիթ Միրզոյան. 21 Հունիս, 2020 թ.

No comments:

Post a Comment