Monday, June 22, 2020

ԽԱՎԱՐՈԼԼԱ

ԽԱՎԱՐՈԼԼԱ
Երկրի ճգնաժամային վիճակը, հատկապես քաղաքական դաշտի խառնաշփոթն ու ընդհանուր օրհասական, քաոսային վիճակը, տագնապի է մատնել ամեն հայի։ Հատկապես տագնապած ու վախեցած են հայրենասեր կանայք։ Չէ՞ որ կինն ավելի հզոր ինտուիցիա ունի, ավելի սուր է զգում իրավիճակի վտանգավորությունն ու ավելի շուտ ու ավելի շատ է վախենում համընդհանուր կործանումից, քան տղամարդը։ Հետևաբար հենց հայրենասեր ու սրտացավ կանայք են, որ անչափ տագնապել և միաբանության կոչեր են անում տղամարդկանց։ Իսկ տղամարդիկ, դեռ աքլորացած, ամեն մեկն իր ուղեղի կարողության սահմաններում «հանճարեղ» բացահայտումներ արած, սեփական բացահայտումների վրա սիրահարված, դրանք գրկած ու հնարավորինս բարձր պատվանդանի վրա բարձրացած, աքլորի պես ձենները գլուխներն են գցել ու նույնիսկ չեն ուզում նայել հարևանի կողմը։ Մեկը մյուսին իրենց բացահայտումների տապանաքարի տակ թաղելու մոլուցքով տարված, չեն նկատում երկրի մոտալուտ վախճանը։ Կարևորը սեփական բացահայտումն է։ Կարևոր չէ հնացա՞ծ է այն, անճի՞շտ ու անպե՞տք, թե՞ ոչ։ Կարևորը՝ որ սեփականն է։ Ինչպե՞ս կարող է տղամարդը որևէ արժեք ունենալ առանց սեփական գաղափարի, հանճարեղ, բոլորին ճնշող ու առաջատար։ Ինչպե՞ս կարող է տղամարդը որևէ արժեք ունենալ, եթե հայրենիքի համար պայքարի առաջատարը չէ։ Մի՞թե նվաստացնող չէ՞ հետին շարքերում, միայն հրաման կատարողի, որևե մեկի գաղափարին կամ առաջնորդությանը հետևողի կարգավիճակը։ Ի՞նչ հետևել, ի՞նչ բան... Հետևե՞լ... Ինչպիսի՜ ամոթ... Ինչպիսի՜ նվաստասում, ստորացում ու անարգանք... Ոչ մի հետև... Միայն առաջ, ամենաառաջինը, ամենաբարձրը... Ինչպե՞ս կարելի է հանգիստ քնել, երբ հրաման տվողը դու չես, երբ պիտի ենթարկվես ինչ-որ մեկի հրահանգներին, ընդունես նրա գաղափարներն ու առաջնորդությունը։ Չէ՞ որ այդ դեպքում պետք է ցած դնես քոնը, հրաժարվես քոնից, համարես այն ստորադաս, անճիշտ ու անպետք, ինքդ քեզ էլ՝ անարժան ոչնչություն։
Եվ այսպես, յուրաքանչյուրն իր սեփական գաղափան իր գլխից մեծ կացին սարքած, անխնա գլխատում է, ում պատահի։ Կամ պետք է ընդունեն քոնն ու լծվեն քո գաղափարները կատարելուն, կամ... Թքած ընդհանուր գործի վրա։ Կարևորը սեփական վարկն է։ Մնացած ամեն ինչը՝ գրողի ծոցը։
Իսկ մեր ծայրաստիճան տագնապած ու խեղճ հայրենասեր կանայք հույսեր են փայփայում, թե կարող են միաբանել կամ գոնե համագործակցության մղել քաղաքական դաշտում առկա հայ մտքի «տիտաններին», իրականում՝ դատարկամիտ ու դատարկաբան, ինքնահավան ու գոռոզ հայ «տղամարդկանց»։ Անշուշտ մեր գերզգայուն կանայք բավարար ինտուիցիա ունեն շրջակա ամեն մանրուք ճշգրիտ զգալու և գնահատելու համար։ Սակայն տվյալ դեպքում երկրի մոտալուտ կործանման սարսափը կարծես կաթվածահար է արել նրանց ինտուիցիան։ Խեղճերը ահագնացող վտանգից ահաբեկված, հույսեր են փայփայում, լավատեսություն որդեգրում և հավատում իրենց լավատեսությանը, թե հայ տղամարդիկ այնքան խոհեմ կգտնվեն, որ կհամագործակցեն, չեն թողնի, որ երկիրը կործանվի, միահամուռ ջանքերով կփրկեն երկիրն ու ամեն ինչ լավ կլինի։ «Սև սրտի մխիթարանք», ինչպես ասում են։ Բաղձալին իրականության տեղ ընդունելը բոլոր ժամանակների մեծագույն սխալն է եղել։ Եվ այդ սխալը մարդիկ թույլ են տվել հենց ամենավտանգավոր ու օրհասական ժամանակներում, քանի որ հենց այդ ժամանակ է բթանում մարդու ինտուիցիան և իրականությունը ճշգրիտ գնահատելու ունակությունը։ Ցավոք, մարդիկ ամենաշատը սխալվում են հենց այն ժամանակ, երբ ամենավտանգավորն է սխալվելը, երբ ամեն սխալ ամենակործանարարը կարող է լինել։ Մեր ժամանակները ոչնչով չեն տարբերվում՝ նույն օրհասական և վտանգավոր, ավելի ճիշտ, կործանարար ժամանակներն են, ռուբիկոնն անցած, գահավիժած, անդունդի հատակում հայտնված, պառակտված ու իրար կոկորդի հիմնավոր նստած։ Եվ դեռ շարունակում ենք անհիմն հույսեր փայփայել, ինքնախաբեությամբ զբաղվել, սեփական բաղձանքներն իրականության տեղ ընդունել և այլն։ Սակայն ամենաողբալին այն է, որ չենք սթափվում՝ համառորեն շարունակում ենք անհույս հույսեր փայփայել։
Եվ այս ամենի ողջ մեղավորը տգետ ու ինքնահավան «տղամարդիկ» են։ Կանայք էլ տագնապած, շփոթված ու հուսահատ դես ու դեն են նայում ու ամեն ճիգ ու ջանք գործադրում հայ ազգի «տիտաններին» համագործակցության մղելու և երկիրը փրկելու համար։ Խեղճերն ի՞նչ իմանան՝ որն է խնդիրը։ Ի՞նչ իմանան, որ բոլորը դատարկ են ու գոռոզ, տգետ ու ամբարտավան և ամենակարևորը՝ անգաղափար։ Սակայն ամենավտանգավորն այն է, որ ազգի ամենակարկառուն դեմքերը սեփական գաղափարազուրկ «գաղափարները» անփոխարինելի անհրաժեշտություն ներկայացնելով, տրորում ու ոտատակ են տալիս մյուս բոլորին։ Բայց դե խեղճ կանայք ի՞նչ հասկանան՝ ով գաղափար ունի, ով՝ ոչ։ Ամեն սիրուն ու «խելոք-խելոք» բաներ ասող դերասանի հակված են տղամարդու տեղ դնել ու երկրպագել։ Մեղադրելու ոչինչ չկա, սակայն։ Կինն իր գենետիկ բնույթով տղամարդուն է ապավինում գիտելիքի, գաղափարի և ընդհանրապես ինտելեկտի ոլորտում, քանի որ իր համար միևնույն է, թե տղամարդն ինչ գաղափարներ ունի։ Կարևորը՝ որ նա կարողանա փրկել երկիրը, ապահով ու բարեկեցիկ կյանք ապահովել իր ու երեխաների համար, որ վերջապես բոլորն ապրեն խաղաղ ու երջանիկ, սիրված ու գնահատված։
Կինն, այնուամենայնիվ, գուցե ավելի իմաստուն է քան տղամարդը։ Ի՞նչ կա տիեզերքում ավելի կարևոր, քան սերն ու երջանկությունը։ Ո՞ւմ են պետք տղամարդու հորինած գիտությունը, կրոնն ու քաղաքականությունը, եթե չկա սեր ու երջանկություն։ Տղամարդը հաճախ անիմաստ, ավելորդ, հաճախ էլ վնասակար հետաքրքրություններ ունի։ Առանց հաշվելու կամ հաշվի առնելու իր մտքերի, բաղձանքների և արարքների հետևանքները, ներքաշված նորի ու անհայտի բացահայտման մրցավազքի մեջ, տոգորված մյուս բոլորից առաջ անցնելու և հաղթելու մոլուցքով, կարող է փչացնել իր երկիրը, մոլորակը, ավերել ու թունավորել միջավայրը, մթնոլորտն ու անգամ իր մերձավորների կյանքը։
Կինն իր մայր էությամբ ավելի իմաստուն է ու զգուշավոր։ Գուցե չի հասկանում տղամարդուն և նրա գաղափարները, չհասկանալով հաճախ սատարում է ու պաշտպանում, բայց որևէ արդյունք չտեսնելով, կարող է հիասթափվել ու հեռանալ։ Երկրի պարագայում սակայն հեռանալու հնար չունի։ Ազգի «տիտաններին» միմյանց հետ համագործակցության մղելուց բացի ուրիշ տարբերակ չի տեսնում և անսահման ուրախանում է, երբ գոնե մեկին կարողանում է երկխոսության սեղանի մոտ բերել մյուսների հետ։ Բայց որքա՜ն մեծ է կնոջ հիասթափությունը, երբ «տիտանների» համագործակցությունը չի ստացվում։ Կինը չի էլ տարբերում իսկական գաղափարական տիտանին լաչառ ու դատարկագլուխ «նեոկոմ»-ից։ Ցավոք, չհասկանալով ձախողված համագործակցության պատճառը, եզրակացություններ է անում ու հուսահատվում։
©Դավիթ Միրզոյան. 22 Հունիս, 2020 թ.

No comments:

Post a Comment