Sunday, February 3, 2019

ԴԵՊԻ ԿՈՐԾԱՆՈ՞ՒՄ

Հոգևորը իմաստնության ու ճշմարիտ արժեհամակարգի ոլորտն է։
Ուսմունքը, ճշմարիտ արժեհամակարգի հետ միասին, ներառում է ազգի անելիքների շարադրանքը։
Եկեղեցի ասելով ի սկզբանե հասկացել են ուսմունքի հետևորդների համայնք, այլ ոչ թե քահանաների կողմից կնունք- ծնունդի ու հարսանիքների անցկացման, կամ ծածուկ ու հրապարակավ աղոթքներ իրականացնելու վայր։
Կրոն ի սկզբանե նախատեսված չի եղել։ Այն առաջացել է ի հակադրություն ուսմունքը սերմանող մարգարեի քարոզների։ Քրիստոսն, օրինակ, երբեք չի պատգամել եկեղեցիներ սարքել, քահանաներ ունենալ, նրանց սև շորեր հագցնել, խաչը կախել վզներից և այլն։
Ժամանակակից բոլոր քրիստոնեական եկեղեցին հիմնականում աստվածաբանության ինստիտուտներ են։ Հարյուրավոր հատորներով գրքեր, պոեմներ ու բանաստեղծություններ են գրվել երկրպագելու, նաև մի փոքր ներկայացնելու Աստծո «անքննելի» ուղիները, հաճախ էլ Նրան վերագրելու մտացածին որակներ։
Ցավոք քահանաները իրենց ուսանելու տարիներին միայն աստվածաբանական գրքեր են ուսումնասիրում Աստծուն լավ «ճանաչելու» համար։ Ոչ մեկի մտքով չի անցնում որ Նրան կարելի է ճանաչել իր իսկ ուսմունքով։ Եթե մարդուն կարելի է ճանաչել իր ընկերոջ միջոցով, օրինակ՝ «ասա՝ ով է ընկերդ, ասեմ՝ ով ես դու», ապա նրան կարելի է ճանչել առաջին հերթին իր արժեհամակարգի միջոցով։ Նմանապես և՝ Աստծուն։ Նրան ճանաչելու ամենճշմարիտ ձևը նրա արժեհամակարգն ուսումնասիրելն է։
Ցավալիորեն քրիստոնեական կոչված որևէ եկեղեցի գաղափար չունի Քրիստոսի տարածած ուսմունքի մասին։ Եթե ունենար, ապա կաներ այն ինչ Նա էր քարոզում (իսկ Քրիստոսը երբեք չի քարոզել եկեղեցիներ սարքել, քահանաներ պահել և այլն)՝ ստեղծել միմյանց հետ եղբայրաբար, սիրով ու հարգանքով ապրող սրբերի համայնք, այնպիսի համայնք, որտեղ չկան հարուստներ ու աղքատներ։ Չէ՞ որ եթե մարդիկ կատարեն Քրիստոսի ուսմունքի միակ հիմնարար պատվիրանը՝ «Սիրիր մերձավորիդ այնպես, ինչպես քեզ ես սիրում», ապա չեն լինի հարուստներ ու աղքատներ, մարդիկ միմյանց կվերաբերվեն այնպես, ինչպես իրենք իրենց են վերաբերում՝ կմտահոգվեին դիմացինի մասին այնպես, ինչպես մտահոգվում են սեպական անձի մասին, հոգ կտանեին դիմացինի կարիքներն այնպես, ինչպես հոգում են իրենց անձնական կարիքները, մերձավորի ընտանիքը կլիներ նույնքան հարազատ, ինչպես սեփական ընտանիքը, մերձավորի երեխաների հանդեպ կլինեի նույնքան ուշադիր ու հոգատար, որքան սեփական երեխաների հանդեպ, նրա ծնողներին կվերաբերվեին այնպես, ինչպես սեփական ծնողներին։ Կլիներ համագործակցող մարդկանց հասարակություն, որտեղ չկան հարուստներ ու աղքատներ։ Չէ՞ որ եթե սիրում ես դիմացինիդ այնպես, ինչպես քեզ ես սիրում, ապա ամեն ինչ կանես, որ նա ունենա նույնքան, որքան ինքդ։ Օրինակ՝ եթե ունես երկու լավաշ, իսկ մերձավորդ ունի միայն մեկը, ապա դու քո երկրորդ լավաշի կեսը կտաս նրան։
Ճշմարիտ ուսմունքն իր ամբողջության մեջ ներկայացնելը հսկայածավալ ձեռնարկում է։ Ուսմունքի երկրորդ պատվիրանը, որը Քրիստոսն էր քարոզում, շատ կարևոր տեղ ունի և նույնիսկ այն ժամանակ անչափ արդիական հարց էր։ Այն ավելի արդիական է ներկայումս։ Ճշմարիտ ուսմունքի մյուս պատվիրանները նույնպես անչափ կարևոր են, բայց գոնե երկրորդ պատվիրանի էությունը հասկանալն ամենաառաջնային խնդիրն է։
Արարչականուսմունքի 9 պատվիրանները փոքրիշատե ամբողջական պատկերացում են տալիս ճշմարիտ ուսմունքի մասին։
ԱՐԱՐՉԱԿԱՆ ՈՒՍՄՈՒՆՔԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱՆՆԵՐԸ
1 Սիրիր (մի վնասիր, խնամիր) ինքդ քեզ.
2 Սիրիր մերձավորիդ, ինչպես ինքդ քեզ.
3 Սիրիր մայր բնությունը.
4 Պաշտպանիր ինքդ քեզ.
5 Պաշտպանիր մերձավորիդ, ինչպես ինքդ քեզ.
6 Պաշտպանիր մայր բնությունը.
7 Բարեփոխիր ինքդ քեզ.
8 Բարեփոխիր մերձավորիդ, ինչպես ինքդ քեզ.
9 Բարեփոխիր մայր բնությունը.
Առողջ ու բարեկեցիկ հասարակություն դառնալու համար մենք պետք է ընդունենք ու կատարենք Արարչական օրենքների հիմնարար պատվիրանները։
Ցավոք մենք ոչ մեկն էլ չենք կատարում ու դրանով մեր գլխին ենք հրավիրում Արարչի ցասումն ու բոլոր պատիժները։ Գուցե դեռ ոչ բոլորը։ Նրա համբերությունը կարծես դեռ չի վերջացել։ Հիշենք սակայն որ անվերջ լինել չի կարող։ Ոչ ոք, նույնիսկ անձամբ Արարիչը, չի կարող խախտել իր իսկ սահմանած օրենքները։ Ողջ տիեզերքում չկա մեկը, ով շարունակաբար խախտի պատվիրաններն ու մնա անպատիժ։
Մեր ազգը դեռ չի հասկացել, որ Մեծ եղեռնը մի մեծ պատիժ էր մեր ազգի գլխին։ Հազար տարի առաջ պետականությունը կորցնելը ևս մեծ պատիժ էր։ Դրանից յոթ հարյուր տարի առաջ տեղի ունեցածը՝ ևս։ Նմանատիպ պատիժ ստացել ենք դրանից հազար ութ հարյուր տարի առաջ, երբ մեր ազգի մի ստվար մաս հեռացավ երկրից ու ցրվեց այլ ազգերի մեջ։
Ինչևէ, մեր ներկա իրավիճակն օրհասական է։ Պետականության իսպառ բացակայություն, օտար գործակալների իշխանություն, համատարած գողություն, խաբեություն և կողոպուտ, միմյանց հանդեպ անհարգալից վերաբերմունք, հակամարտություն ու թշնամանք, շրջական միջավայրի անխնա աղտոտում, համատարած հանցագործություն ու հանցամտություն, ստորակարգ արժեքներ, վարք ու էություն, անճաշակ, երբեմն էլ այլանդակ արվեստ, գիր ու գրականություն, երգ ու երաժշտություն, իսկ ամենագլխավորը՝ անսահման գոռոզություն ու տգիտություն։
Մեր ազգին մատնելով անսահման գոռոզության ու տգիտության, մեր թշնամիները անվերադարձ հաղթանակ են տարել մեր հանդեպ։ Մեր գոռոզությունը երբեք թույլ չի տա մեզ սեփական ազգակցին վերաբերվել այնպես, ինչպես երկրորդ պատվիրանն է պատգամում, քանի որ գոռոզությանը ներհատուկ է դիմացինին նվաստացնելու, իր բարձրունքից ցած բերելու, տրորելու և, նրա բեկորների վրա կանգնելով, մի փոքր բարձր երևալու մղումը։ Հետևաբար մենք ազգովի դատապարտված ենք ոչնչանալու։
Եթե չգիտակցենք այս ամենն ու չսկսեկ կատարել երկրորդ պատվիրանը, ապա շուտով Հայաստան չի լինի։ Գուցեև լինի որպես վարչական տարածք, սակայն հիմնականում այլազգիներով բնակեցված։
Շատ եմ ուզում սխալված լինել իմ կանխատեսումի մեջ, բայց ցավոք, բոլոր կանխատեսումներս իրականացել են։ Ավելի եմ ցավում որ պայծառ ապագա չեմ տեսնում։ Պայծառ ապագա միայն երազում եմ։ Երազանքը սակայն շատ քիչ է, մանավանդ երբ միայն ես եմ երազում և համառորեն պայքարում դրա համար։ Մյուսները միայն ցանկանում են առանց պայքարելու դրա համար։ Համարյա ոչ ոք չի պատկերացնում այդ պայծառ ապագան։ Ու հենց սա է ամենամեծ խոչընդոտը։ Գուցե այդ պայծառ ապագանշատերի համար չափազանց պայծառ է ու թվում է անիրագործելի։ Համոզվենք սակայն, որ եթե բոլորը ցանկանան, ապա ցանկացած անհավանական ծրագիր իրականությիուն կդառնա։ Խնդիրը հետևաբար բոլորին համոզելու մեջ է։ Եթե չսկսեկ համոզել, ապա երբեք չեն համոզվի։ Բայց նախ պետք է սկսեկ ինքներս մեզնից։ Շատերն, օրինակ, համոզված են միապետկան Հայաստանի առաջարկիս չշմարտության մեջ, սակայն վախենալով դեռ չհամոզվածների հսկա բանակից, թևաթափ են լինում ու ոչինչ չեն անում՝ նույնիսկ չեն փորձում փորձել համոզել սեփական կողակցին կամ ընկերոջը։
Սիրելիներս, ոչինչ չի ստացվի եթե ի սկզբանե չեք հավատում գործի հաջողությանը։ Ոչինչ չի ստացվի նաև եթե ոչինչ չեք անում ձեր երազանքն իրականություն դարձնելու համար։ Միայն հույսով ու աղոթելով սպասելը ոչնչի չի բերի։ Հայկական ինավուրց խոսք կա՝ «Թախտին նստած, բախտի ենք սպասում»։ Այլ ժողովուրդներ ևս նկատել են... Մի իմաստունի աշակերտները հարցնում են՝ «երկար ենք սոպասելո՞ւ բարենպաստ փոփոխությունների»։ Իմաստունը պատասխանում է՝ «եթե սպասելու եք, ապա շատ երկար»։
Մենք ազգովի արդեն ժամանակ չունենք։ Եթե այս տարվա ընթացքում, կամ գոնե 2020 թվականի սկզբներում մի նոր 88-ով հանդես չգանք, ապա մեզ միայն կործանում է սպասում։

ԴՍ03.02.2019

No comments:

Post a Comment