Sunday, July 12, 2020

ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ?

ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ?
Գնալով շատանում են միաբանության կոչեր անողները։ Նախ՝ առանց ԲԱՆ-ի միաԲԱՆության կոչեր չի կարելի անել, ոչմիայն որովհետև առանց ԲԱՆի՝ առանց գաղափարի, միաԲԱՆություն չի ստացվի, այլ որովհետև կոչ անողն ինքը ծաղրի առարկա կդառնա և այլևս նրա ձայնը հետագայում ոչ ոք լուրջ չի ընդունի։

Կան նաև մեկ այլ խնդիր։ Ներկա քաղաքական և հասարակական դաշտը միատարր չէ՝ բաղկացած է հին ու նոր, մեծ ու փոքր կուսակցություններից, հասարակական կազմակերպություններից և անհատ նվիրյալներից։ Սրանք շատ տարբեր ուժի և հնարավորությունների տեր միավորումներ են՝ մեկը զրահապատ գումարտակ է, մյուսը ցնցոտիավոր ու անզեն աշխարհազոր։ Անհնար է միավորել միմյանցից անսահման տարբեր սպառազինություն և հնարավորություններ ունեցող միավորումներին, մեկ բանակ կազմել և ուղարկել մինչև ատամները զինված թշնամու դեմ։ Նման ճակատամարտում, թե՛ հաղթանակի, թե՛ պարտության դեպքում, տուժելու է միայն ցնցոտիավոր աշխարհազորը։

Ավելի պարզ ասած՝ անգամ եթե նման կերպ միավորված ուժերը հասնեն հաղթանակի՝ ցած բերեն թշնամուն՝ ներկա իշխանություններին, ապա նոր իշխանությունների կազմավորմանը (արտահերթ պառլամենտական ընտրություններ և այլն) կարող են մասնակցել միայն կուսակցությունները, պատգամավորության թեկնածուներ առաջադրելու միջոցով։ Հետագայում իշխանական այլ լծակների մոտ ևս կարող են հայտնվել միայն առկա կուսակցությունները, ոչ թե հասարակական կազմակերպությունների անդամները կամ մանավանդ անհատ նվիրյալները։ Կամ այլ կերպ ասած՝ նոր իշխանության ձևավորման գործընթացից դուրս է մնալու անզոր աշխարհազորը։

Որքան էլ օրհասական լինի վիճակը և անսահման իշխանափոխության հրամայականը, միմյանցից տարբեր հատկապես անհամեմատելի հնարավորություն ունեցող ուժերը երբեք չեն միաբանվի։ Անզոր՝ ցնցոտիավոր, անզրահապատ, ուժերը շատ լավ հասկանում են որ իշխանափոխությունից հետո իշխանական լծակների մոտ են հայտնվելու ոչ իրենք, այլ միայն փողատեր ու հզոր կուսակցությունները և որպես հետևանք ամեն ինչ մնալու է նույնը, եթե ոչ ավելի վատ՝ անպատժելիություն վայելող իշխանություններ և ընչազուրկ ու անզոր աշխարհազոր։

Սա է պատճառը, որ միաբանություն երբեք չի ստացվի։ Միաբանության որոշ հույսեր կարող են ծագել միայն երբ լուծարվեն բոլոր կուսակցությունները, կամ երբ աշխարհազորը ստանա նույն սպառազինությունը՝ այսինքն կազմի կուսակցություններ։ Երկուսն էլ քիչ հավանական են։ Ո՛չ ներկա կուսակցությունները կլուծարվեն, ո՛չ էլ հասարակական կազմակերպություններն ու ազգի անհատ նվիրյալները կկարոլանան կուսակցություններ կազմել։

Ի՞նչ անել։ Ոչինչ էլ պետք չի անել։ Կարիք չկա միաբանության կոչեր անել, հասկանալով որ ահնար է համախմբել միմյանցից սպառազինությամբ և հնարավորություններով անսահման տարբեր ուժերին, թեկուզև առկա ընդհանուր թշնամու դեմ։ Ընդհանրապես չի կարելի պայքարել ինչ-որ բանի դեմ, մանավանդ երբ չգիտես ինչով փոխարինել այն ինչին ընդդիմանում ես։ Հարկավոր է գաղափար ունենալ և պայքարել այդ գաղափարի համար։ Ինչին որ դեմ ենք կնահանջի սեփական գաղափարը սերմանելու և տարածելու արդյունքում։

Ամեն դեպքում՝ անհատ նվիրյալներն ու հասարակական կազմակերպությունները դուրս չեն գա պայքարի, եթե հստակ չգիտեն՝ ի՞նչ է լինելու հետո՝ պատժվելո՞ւ են արդյոք մեղավորները, թե՞ ոչ, ինչով է փոխարինվելու կառավարման և տնտեսավարման համակարգը և այլն։

©Դավիթ Միրզոյան. 13 Հուլիս, 2020 թ.

No comments:

Post a Comment