Friday, July 31, 2020

ՄԵՐ ԽԵԼՈՔՆԵՐ...

ՄԵՐ ԽԵԼՈՔՆԵՐ...
Որոշ խելոքներ տիեզերական օրինաչափություններին վստահելով, կոչ են անում մնացած անխելքներիս վստահել այդ օրինաչափություններին, այսինքն ինքնագլուխ ոչինչ չանել։

Իրականում ասել կուզեն, թե մենք տիեզերքից խելոք չենք, հետևաբար չպիտի տեղներիցս վեր կենանք ու ընկնենք նրա ոտքերի տակ , թե տիեզերքն ամեն բան իր հերթով իր տեղը կդնի և այլն։ Չգիտեմ լա՞մ, թե՞ խնդամ։ Մի հարցնող լինի՝ այ խելոքներ, էդ օրինաչափություններից բացի ուրիշ բան չե՞ք իմացել։ Ասենք, օրինակ՝ որ եթե նստես թախտին, բախտդ չի գա մոտդ, կամ ավելի պարզ ասած՝ եթե ոչինչ չանես, ոչինչ էլ չի լինի, կամ՝ մտքներովդ չի՞ անցնում, որ օրինաչափությունները դատարկ տեղը չեն գործում, որ այդ օրինաչափությունները աշխատելու համար նյութ պետք է լինի, որ դրանք նյութի զարգացման օրինաչափություններն են, դատարկության օրինաչափություններ չեն, կամ ինչպե՞ս կարղ են նյութական աշխարհում որևէ փոփոխություններ լինել եթե չկա նյութ, նմանապես ինչպե՞ս կարող են մարդկանց աշխարհում փոփոխություններ լինել, եթե մարդ չկա, կամ երբ մարդը ոչինչ չի ուզում, ոչինչ չի անում ցանկալի փոփոխությունն առաջ բերելու համար։

Միայն ապշել կարելի է մերօրյա խելոքների խելքի ու դաղանդի վրա։ Սակայն գուցե ամենևին էլ խելքի կամ տաղանդի հարց չէ, գուցե պետք է զարմանալ, ավելի ճիշտ, զայրանալ դրանց վախկոտության, պատասխանատվությունից խուսափելու, գլուխ պահելու, ձրիակերության, գուցե նաև տգիտության ու գոռոզության վրա։

Այլապես ինչպե՞ս բացատրես տրամաբանական հակափաստարկներին դիմադրելու դրանց անասնական մոլուցքը։ Լավ, ենթադրենք խորը համոզմունք է առաջացել դրանց մեջ երկարատև ու տաժանակիր ընթերցումներից հետո, որը շատ եմ կասկածում, քանի որ ներկայումս հիմնական տեղեկատվության աղբյուրը «ֆեյսբուքն» է («Յութուբ»-ում կրթություն ստացած պրոֆեսորները իրեն գիտելիքների ողջ զինանոցն են բացել անտեղյակների մութ լսարանում և ուղեղներ են կռտում իրենց կիսագրագիտությամբ, կռտվածների լայն զանգվածներն էլ ագահաբար ընդունում ու տարածում են «գիտելիքն» ու հազարավոր նոր ուղեղներ լվանում։ Ոչ մեկի մտքով չի անցնում մտածի ու փորձի ստուգել տեսած կամ լսած տեղեկության ճշմարտացիությունը։), բայց իչպե՞ս կարող է իսկական մտածողը դադարել մտածելուց, քննելուց, ծանր ու թեթև անելուց, գոնե դիմացինին լսելուց։ Թեկուզ հենց միայն տարրական հարգանքից ելնելով պետք է լսել դիմացինին մինչև վերջ։ Պետք է լսել, գոնե տեսնելու համար, թե երբ է վերրձանում նրա սելիքը։ Փաստորեն մեր խելոքները ոչ միայն խելք չունեն, այլև տարրական հարգանք։ Ախր, ինչպես կարող են թույլ տալ որ խոսես։ Չէ՞ որ եթե թույլ տան, ապա գուցե լսեն այն, ինչ չեն ուզում լսել, ինչ վաղուց թաղել են տապանաքարի տակ ու չեն ուզում ընդունել։ Շատ լավ գիտեն, որ եթե ընդունեն, ապա ստիպված են լինելու ոտքի ելենել և գործել։

Գործե՞լ։ Իսկ եթե հանկարծ սխալ բան անես ու... Չեղավ... Ավելի լավ է թող ուրիշները որևէ բան անեն։ Կամ ավելի լավ է, որ նրանք էլ ոչինչ չանեն։ Մեկ էլ տեսար հաջողուտյան հասան ու առաջ անցան։ Տող ոչ ոք ոչինչ չանի։ Խելոքները ի վերջո միշտ էղ խելոք կերևան։ Չէ՞ որ եթե դու չես անում, ուրիշներն են անում, գործն ի վերջո գլուխ է գալիս, իսկ դու հանգիստ բարձրանում ես պատվանդանին ու ասում՝ «բա որ ասում էի...»

©Դավիթ Միրզոյան. 31, Հուլիս, 2020 թ.

No comments:

Post a Comment