Wednesday, July 29, 2020

ՔԱ(ՂԱ)ՔՆ ԵՆՔ ԸՆԿԵԼ

Մարդիկ չպիտի ապրեն քաղաքներում։ Դա պատմականորեն առաջացած իներցիայի հետևանքն է, նաև գլոբալիստների միտումնավոր ծրագիրը՝ մարդկանց հավաքել քաղաքներում, կախման մեջ գցել աշխատանքից և շահագործել, նաև հիվանդացնել, իհարկե, ու չբուժել, դրանով արնաքամ անելով նրանց ու դատարկելով տաժանակիր աշխատանքով կուտակած նրանց խնայողությունները։ Եթե ուշադրություն դարձնեք ձեր քաղաքային ապրելակերպին ու հատկապես ձեր անձնական կյանքի պատմությանը, ապա կնկատեք ասածներիս ճշմարտացիությունը։

Ինչևէ՝ քաղաքներն առաջացել են թշնամիներից միահամուռ ու փոխհամաձայնեցված կերպով պաշտպանվելու անհրաժեշտությունից։ Հետագայում դրանք վերածվել են արդյունաբերական կենտրոնների ու մինչ այժմ ծառայում են գլոալիստների շահերին։

Քաղաքի՝ մայրաքաղաքի գոյությունը, ցավոք անհրաժեշտություն է ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում։ Մայրաքաղաքում են սովորաբար լինում երկրի օրինաստեղծ և կառավարման մարմինները, նաև իհարկե երկրի դիվանագիտական հարաբերությունները կառավարող և երկրի ընդհանուր դեմքը ներկայացնող ինստիտուտները։

Սակայն մարդիկ պետք է հասկանան, որ քաղաքի՝ մայրաքաղաքի, բնակիչները հատուկ ու բարձր պատասխանատվություն ու առաքելություն ունեն՝ հսկողության տակ պահել երկրի իշխանություններին։ Երկրի մյուս հատվածների բնակիչները նման առաքելություն չունեն, չեն կարող։ Հետևաբար քաղաքում՝ մայրաքաղաքում, պետք է ապրեն միայն բարձր ինտելեկտ, տեղեկացվածություն ունեցող, իսկ ամենակարևորը, հոգով քաղաքակիրթ մարդիկ, քանի որ հենց նրանց ձեռքերում են երկրի ներկայի և ապագայի բոլոր լծակները։ Իսկ քանի որ նրանք, ովքեր ամենամեծ պատասխանատվությունն ունեն երկրի ներկայի ու հատկապես ապագայի համար, ազգի վերնախավն են, նրա արիստոկրատիան, ապա հենց արիստոկրատիան էլ պիտի ապրի մայրաքաղաքում, ինչպես եղել է օրինակ, Հին Հռոմում, Հին Հունաստանում՝ Աթենքում, օրինակ, և այլ դեմոկրատական սկզբունքներով առաջնորդվող երկրներում։

Ներկայիս երկրների մայրաքաղաքները, ցավոք, արդյունաբերական կենտրոններ են դարձել և լցվել արդյունաբերությունը, նաև սպասարկման ոլորտը սպասարկող անձնակազմով, որը խախտել է մայրաքաղաքի իսկական դեմոգրաֆիան։ Դրա հետևանքով թուլացել է ազգի սերուցքի՝ արիստոկրատիայի՝ մտավորականության, ուժն ու համախմբվածությունը։ Իսկ եթե հաշվի առնենք, որ այն լիովին փոխարինվել է պատահական դեմքերով, ապա պատկերն ավելի կամբողջանա։ Մեր դեպքում սակայն ավելի մեծ ողբերգություն է տեղի ունեցել՝ մեր երկրի իշխանական լծակների մոտ են հայտնվել կիսագրագետ, հանցամիտ բախտախնդիրներ, հանցագործներ և օտարերկրյա գործակալներ։ Դա դեռ բավական չէր, ժողովրդի հիշողությունից լիովին ջնջվել է հայ մտավորականի կերպարը այն աստիճանի, որ անգամ բազմակի շփումներից հետո, չի կարողանում տեղը բերել թե ում հետ գործ ունի։

Երբեմն կտեսնես հատկապես համացանցում, իրենց բազմոցներին ապահով բազմած անպատասխանատու տհասների անկիրթ ու բթամիտ մեկնաբանություններն ու հարձակումները, զրպարտությունները, քամահրանքը, երբեմն են լկտի ծիծաղն ու հայհոյանքները։ Ողբալ կարելի է։

Ինչևէ, խնդիրն այն է, որ միայն հոգով քաղաքակիրթն իրավունք ունի քաղաքում ապրել ու քաղաքացի համարվել։ Վերջ։ Սա դատավճիռ չէ, այլ սկզբունք, որին հետևելով միայն կկարողանանք կարգի բերել ու բարեփոխել երկիրը։

Անշուշտ սա միակ սկզբունքը չէ։ Կան սրան նախորդող այլ կարևոր սկզբունքներ ևս։ Ամեն ինչ հերթով...
©Դավիթ Միրզոյան. 29 Հուլիս, 2020 թ.

No comments:

Post a Comment