Sunday, July 12, 2020

ԽԱՌՆԱՇՓՈԹ

ԽԱՌՆԱՇՓՈԹ
Հայաստանի և աշխարհի փրկությունը գալու է միայն Հայաստանից։ Հայաստանը եղել է քաղաքակրթության բնօրրան։ Հայի գենետիկ կոդն ամենակատարյալն է աշխարհում։ Աշխարհի շատ մտածողներ և ուսումնասիրողներ, շփվելով մեր մշակույթի, մեր պատմության և անմիջապես մեզ հետ, նկատել են, որ մենք աշխարհի ամենատաղանդավոր, խելացի, սրամիտ ու ընկալող ազգն ենք։ Սակայն նրանք չեն նկատել ամենակարևորը՝ որ մենք ամենաարդարամիտ, ազնվասիրտ, կամ այլ կերպ ասած՝ միամիտ ու մաքուր գենետիկ կոդն ունենք։ Եվ հենց մեր այդ ամենակարևոր հատկությունն է՝ արդարամտությունը, որ մեր ուսերին է դրել աշխարհն անարդարության ճիրաններից փրկելու առաքելությունը։ Ուրիշ էլ ո՞վ կարող է անել այդ գործը, եթե ոչ մենք։ Ուրիշ էլ ո՞վ կարող էր նկատել, հասկանալ և ներկայացնել մյուսներին աշխարհի ողբալի վիճակը՝ զնդանի մեջ, զնդանում, շղթայված համաշխարհային ֆինանսավարկային համակարգի շղթաներով, գերված ու բանտարկված նույն համակարգի ստեղծած կապիտալիստական փոխհարաբերությունների համակարգի լաբիրինթոսում, բթացված ու կաթվածահար նյութապաշտության կենդանական մղումներով լեցուն, անուսմունք ու անգիտակից։

Ամենաարդարամիտը, ամենակատարյալը լինելով հանդերձ, տարօրինակ կերպով, մեզանում ունենք նաև ամենաբթամիտն ու ամենաստորակարգը։ Եվ ցավալիորեն՝ բոլոր ոլորտներում։ Հատկապես ցավալի է, որ ապականված է ազգի «սերուցքը», ավելի ճիշտ այն մասը, որը իսկական ազնվականության փոխարեն իր վրա է վերցրել ազգի առաջնորդությունը։

Իսկ ի՞նչն է մեզանում ամենամեծաքանակը՝ առաջնորդների բանակը, տարբեր կուսակցությունների ու հասարակական կազմակերպությունների տեսքով։ Բայց ամենավտանգավորը նրանք են, ովքեր իշխանության են բերվել երկրում և իշխում են համարյա անսահմանափակ իրավունքներով։

Պակաս վտանգավոր չեն նաև դրսերում ծվարած կուսակցությունները, տարբեր միություններն ու միացումները։ Անգաղափար ազգայնականների խմբավորումները վտանգավորն են՝ քանի որ իրենց գործունեությունն ապահովելու և ինչ-որ կերպ գոյատևելու համար պատրաստ են ծախվել ում պատահի։ Սրանցից են, այսպես կոչված, «Արևմտայն Հայաստանի վտարանդի կառավարությունը»։ Անձնագիր վաճառելու «անմեղ» բիզնեսից սկսելով, արդեն հասել են «պետական» գործառույթների՝ իրենց իրավունք են վերապահում «պաշտոնական» նամակներ հղել տարբեր պետություններին ու հանդես գալ որպես ճանաչված կառավարություն, համահայկական սենատ՝ ծերակույտ, են փորձում հավաքել և այլն։ Մեկը հարցնող լինի՝ «տո, ձեզ ո՞վ է ընտրել, դուք ո՞վ եք ընդհանրապես, ո՞ւմ փողերով եք գործում, ո՞ւմ ծրագրերն եք իրագործում, ի՞նչ Արևմտյան Հայաստան, ո՞վ է ձեզ լիազորել. Արևմտյան Հայաստանի բնիկների հետնորդնե՞րը. ի՞նչ մեխանիզմով։ Կամ ի՞նչ վտարանդի։ Ո՞վ է ձեզ վտարել, որտեղի՞ց։ Վտարվելուց առաջ մի՞թե գոյություն եք ունեցել։ Չլինի՞ Կիլիկիայի վտարանդի կառավարությունն եք։

Ինքնակոչ կառավրություններ են առաջ եկել, պառակտում են ու վարկաբեկում երկիրը։ Ի դեպ՝ մեկի փոխարեն երկուսն են՝ մեկը Փարիզում իսկ մյուսը ինչ-որ տեղ Գերմանիայում։ Իհարկե միմյանց թշնամի ու պառակտված։ Մարդ չի հասկանում՝ որտեղի՞ց ծլեցին այսքան «առաջնորդներ»։ Ախր չեն էլ հասկանում՝ ով է առաջնորդը։ Մի՞թե կարող են լինել հազարավոր առաջնորդներ։ Երկրում հարյուրից ավել կուսակցություն կա, մի քանի հազարից ավել հասարակական կազմակերպություն։

Դառնալով «առաջնորդի» գաղափարին՝ առաջնորդը նա է, ով մյուս բոլորից ավելին է տեսնում։ Բնական հարց է առաջանում սակայն՝ ինչ ասպարեզում՝ գիտությա՞ն, արվեստի՞, ֆինանսի՞, արդյունաբերությա՞ն, թե՞ գյուղատնտեսության, գուցե ռազմակա՞ն գործի, կամ գուցե կրթության, թե՞ բժշկության կամ իրավունքի։ Ո՛չ մեկը, ո՛չ էլ մյուսը։ Առաջնորդը նա է, ով մյուս բոլորից ավելի շատ բան է տեսնում ազգային ուսմունքի ոլորտում։ Ազգային ուզմունքն է ամենակարևորը։ Երկիրը չի կարող կառավարել միայն տնտեսության կամ ֆինասավարկային ասպարեզի գիտակ, կամ գիտնական կամ արվեստագետ մեկը, կամ էլ բժշկության ասպարեզի նվիրյալ կամ հմուտ գյուղատնտես անձնավորությունը։ Սրանք, պատկերավոր ասած, նավի թիավարներն են, «բոցման»-ը, «կոկ»-ը, կամ առավելագույն դեպքում նավապետի՝ երկրի առաջնորդի, օգնականները։ Միայն նավապե՛տը գիտի, թե ուր է պետք նավարկել և ինչու, ամեն դեպքում նա՛ ունի քարտեզներն ու կողմնացույցը։ Միայն իսկական առաջնո՛րդը պատկերացում ունի երկրի կամ ազգի անելիքների և նպատակների մասին։ Բացի ազգային ուսմունքի ուսուցչից ուրիշ ոչ ոք չի կարող կառավարել, ղեկավարել ու առաջնորդել երկիրը։ Մյուս բոլորը տարբեր ոլորտների նեղ մասնագետներ են և միայն նավապետին ծառայող օժանդակ դեր կարող են ունենալ։ Վայ այն երկրին, որը նավապետ չունի, կամ որի նավապետը նեղ ոլորտի մասնագետ է, կամ ընդհանրապես ոչ մի մասնագետ էլ չի, չգիտի ի՞նչ անել, ո՞ւր նավարկել և ինչպե՞ս, փոխարենը կատարում է իր դրսի տերերի հրամաններն ու շարժվում նրանց նախանշած ծրագրով։

©Դավիթ Միրզոյան. 13 Հուլիս, 2020 թ.

No comments:

Post a Comment