Monday, July 27, 2020

ՓՏԱԽՏ

ՓՏԱԽՏ
Դեռ 2018-ի ապրիլի կեսերից եմ ասում, որ սրանք քանդելու են երկիրը։ Ոմանք նոր սկսել են հասկանալ ու հարցնել՝ ի՞նչ անենք։ Լավ է իհարկե, որ գոնե ուշ, բայց հասկացել են ու մտահոգված հարցնում են՝ ի՞նչ անենք։ Տարօրինակն այն է, որ պատասխան լսելուց հետո, չեն ընդունում, գլուխները թեքում են ուհեռանում, երևի ավելի հարմար պատասխան գտնելու միտումով։ Հիմա ե՛ս եմ հարցնում՝ ի՞նչ անենք այս դեպքում։ Նկատի ունեմ, որ չեն ընդունում պատասխանն ու արհամարհելով հեռանում են։ Ընդհանրապես անչափ տարօրինակ է ու անհասկանալի, նաև անտրամաբանական, երբ հարցնողները, որևէ պատասխան չունենալով հանդերձ, չեն ընդունում քոնը, լուծում չունեն, սակայն չեն լսում ու ընդունում քոնը։ Նույնիսկ եթե անչափ պարտավորեցնող ու ինքնազոհաբերությունների մղող է պատասխանը կամ ուտոպիստական է լուծումը և այլն, միևնույն է, անտրամաբանական է, «կռախի» մատնված երկիրն աչքերի առաջ, երես թեքել իրենց ստացած պատասխանից կամ լուծման առաջարկից, չգիտես ինչ պատճառաբանությամբ։

Եթե «ի՞նչ անենք»-ի հեղինակներն իրոք մտահոգված են երկրի ճակատագրով, ապա ագահաբար պետք է լսեին ու գոնե լրջորեն վերաբերվեին ցանկացած պատասխանի, հատկապես լուծման առաջարկի, էլ չեմ ասում պատրաստ լինեին ինքնազոհաբերությունների, գոնե անձնական ժամանակը զոհաբերելու կամ որոշ ճիգ ու ջանք գործադրելու։ Ֆեյսբուքյան հայրենասիրությունը կարծես չի ներառում սեփական հարմարավետության շրջանից դուրս գալն ու որևէ քայլ կատարելը։ Ֆեյսուքահայությունը, նաև մյուս բոլորը, կարծես սովորել են ձեռքբերումներ ունենալ առանց ինքնազոհաբերությունների։ Կարծես ազգովի սովորել ենք ձրիակերության։ Դեռ սովետական տարիներից, կամ գուցե օտարի իշխանության տակ ապրելու ժամանակաշրջանից սկսած, կորցրել ենք սեփական երկրի հանդեպ մեր պատասխանատվության զգացումը։ Եվ ցավծալիորեն գնալով խորանում ու ամրապնդվում է այն։

Չնայած կարծես անկախ պետականություն ունենք ու սեփական իշխանություններ, միևնույն է, սեփական երկրի հանդեպ մեր անտարբերությունը, գլուխ պահելն ու ձրիակերությունը շարունակում են աճել ու ամրանալ։ Պատճառն իհարկե շրջափակված ու սոված վիճակը չէ, այլ ավելի շատ իշխանությունների ապազգային, հակազգային, օտարամող ու սեփական ժողովրդի ու երկրի հանդեպ թշնամական դիրքը։ Այդ թշնամական դիրքն է պատճառը, որ սեփական իշխանություններին հարազատ չենք համարում և շարունակում ենք անտարբեր, անգամ թշնամական վերաբերմունք ունենալ մեր երկրի հանդեպ։ Մեր երկրի հանդեպ մեր անտարբերությունն է մեր բոլոր դժբախտությունների պատճառը։ Եթե ժողովրդին չես մեղադրի նման վերաբերմունքի համար, ապա մտավորականությանը չես կարող չմեղադրել։ Այլապես մտավորականությունն ինչո՞վ է տարբերվում հասարակ՝ միայն իր անձնական շահի համար մտահոգված, ժողովրդից։

Որքան էլ ծանր լինի խնդիրը և որքան էլ անտարբեր լինի ժողովուրդը, մտավորականությունն իրավունք չունի նմանվել ժողովրդին։ Անկախ ամեն ինչից, մտավորականությունը երկրի ու ժողովրդի հանդեպ, իր նախնյաց հանդեպ, իր գենեւտիկ կոդի հանդեպ անսահման պարտավորություն ունի։ Ուրիշ էլ ո՞վ կարող է լուծել խնդիրը, եթե ոչ մտավորականությունը։ Ժողովուրդն իր հույսը իրավամբ դրել է մտավորականության վրա։ Սակայն միանգամայն անընդունելի է, երբ մտավորականությունն իրեն մատնում է անգործության, տրվում խրախճանքների, իր հույսը դնում ժողովրդի վրա, կամ պատճառաբանություններ հորինում, թե ժողովուրդը չի ընդունի իր առաջարկած լուծումը և այլն։

Նախ մտավորականությունը պետք է գտնի լուծումը և ընդունի։ Հետո նոր կարելի է խոսել ժողովրդի մասին։ Տարբեր պատճառաբանություններ մոգոնելը, թե «եթե անգամ մենք ընդունենք, ժողովուրդը միևնույն է, չի ընդունի» միայն անգյալության, տգիտության և գոռոզության հետևանք են։

Ինչպիսին մտավորականությունն է, այնպիսին էլ ժողովուրդը կլինի։ Հակառակը չի լինում։ Մարմնի բոլոր օրգաններին ու վերջույթներին բոլոր հրամանները տրվում են գլխից։ Գլխի փչացածությունն է մարմնի տկարության ու փչացածության պատճառը։
©Դավիթ Միրզոյան. 27 Հուլիս, 2020 թ.

1 comment:

  1. Pizzeria at Mohegan Sun - Mapyro
    See 13 photos 경상남도 출장마사지 and 11 tips from 1234 visitors 서산 출장샵 to Pizzeria 남원 출장안마 at Mohegan Sun. "The food is amazing. The staff is friendly and the food is 동두천 출장마사지 great. The staff 태백 출장마사지 is good. The food is

    ReplyDelete