Tuesday, April 23, 2019

ԻՍԿԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՐԴԸ

Իսկական առաջնորդը գաղափարակիրն է՝ ազգային ուսմունքի հեղինակն ու ուսուցիչը։ Նրա առաքելությունն է ուսուցանել ազգային ուսմունքն ու ասել, թե ինչ պիտի անեն մարդիկ։

Բայց դժբախտությունն այն է, որ մարդիկ չեն ուզում ոչինչ անել՝ ուզում են, որ առաջնորդն՝ ինքն, անի ամեն ինչ։ Ու հենց դրա համար էլ քարկոծում են իսկական առաջնորդին, երբ հայտնվում է ու փորձում որևէ բան ուսուցանել։

Մարդիկ, ընդհանուր առմամաբ, ո՛չ հավատացող են, ո՛չ էլ միամիտ։ Պարզապես Խորամանկ են ու խուսափում են պատասխանատվությունից։ Բոլոր նախորդ քաղաքական գործիչներին գործելու մանդատ են տվել, որովհետև նրանք սարեր են խոստացել։ Ժողովրդի մի մասը, իհարկե, դեգրադացված է՝ այսինքն փչացած, կամ այլ կերպ ասած հանցամիտ ու տգետ, մյուս մասը եսապաշտ է ու օտարամոլ, բայց հիմնականում խորամանկ ու պատասխանատվությունից խուսափող, անհայրենասեր ու գլուխ պահող։ Դա է պատճառը որ միանգամից մանդատ է տալիս կեղծ առաջնորդին, քանի որ նա ողջ պատասխանատվությունը վերցնելու է իր վրա։ Կեղծ առաջնորդը ողջ պատասխանատվությունն իր վրա է վերցնում որովհետև շատ լավ գիտի, որ դրա հետ նաև ողջ իրավունքն է վերցնելու։ Ողջ իրավունքը վերցնելու համար է սարեր խոստանում, պատրաստ վերցնել ողջ պատասխանատվությունը։ Ժողովուրդն էլ երկրի համար իր ողջ պատասխանատվությունից խուսափելու համար համաձայնում է տալ կեղծ առաջնորդին նաև ողջ իրավունքը։ Ահա և ողջ պատմությունը։ Որոշ մանր դետալները չհաշված))

Իսկ ոմանք էլ՝ հիմնականում իրենց մտավորական համարողները, քարկոծում են իսկական առաջնորդին, որովհետև նախանձում են նրան, նաև վատանում, որ իրենք չեն գաղափարի հեղինակը։ Մի քաղաքական գործիչ, ավելի ճիշտ գործիչուհի, հենց այդպես էլ ասաց ինձ վերջերս։ Ասաց, որ կվերցնի գաղափարներս ու ինքը կանի գործը ու հենց ինչքն էլ կդառնա Հայաստանի առաջնորդ՝ թագուհի))

Ի դեպ, ժողովրդի մասին դիտարկումներս վատատեսություն չեն. իրատեսություն են։ Եթե համատարած լավը լինեինք, ապա որևէ խնդիր չէինք ունենա։

Իսկ ազգային ուսմունքը գովազդելու կարիք չկա։ Եթե մարդիկ փնտրեն, ապա կգտնեն։ Արդեն մի քանի տարի է ներկայացնում եմ, տարածում, տպագրել ու նվիրել եմ գրքերս։ Մինչև հիմա պիտի որ ինքնաբուխ տարածած լինեին։ Չեն տարածել, կարդացել ու նստել են, դրանով կասեցնելով գաղափարական հեղափոխությունը։ Ոմանք նույնիսկ չեն էլ կարդացել։ Վերցրել են գրքերս ու պահել։ Սա գաղափարական հեղափոխությանը հասցված ամենամեծ վնասն է։

Անշուշտ բացառություններ կան ազգի մեջ։ Կան շատ հայրենանվեր ու գիտակից մարդիկ։ Բայց ավաղ նրանք եղանակ չեն որոշում դեռ, քանի որ միաբան չեն։ Ու եթե չմիաբանվեն, ապա ժողովրդին բարեփոխել չեն կարող։ Հետևաբար ոչ մի առաջընթաց չի լինի։ Առաջընթացի բացակայությունը հետընթաց է նշանակում և անխուսափելի կործանում։

Շատերին թվում է, թե ես ուզում եմ կառավարել երկիրը որպես համայն հայոց արքա։ Իրենք էլ փորձում են խանգարել ինձ իրենց, լավագույն դեպքում, չեզոք ու անտարբեր կեցվածքով։ Նախ՝ իմ գահ բարձրանալը միայն ժողովրդի ուզելով պիտի լինի, ոչ թե իմ ուզելով։ Երկիր կառավարելը տաժանակիր աշխատանք է, ոչ թե զվարճալի զբաղնմունք կամ շահադիտական նկրտումների բավարարման միջոց։ Հետո՝ երկիր չի կարելի կառավարել, եթե ժողովուրդը դիմադրելու է։ Ինչպե՞ս կարելի է առաջնորդել զորքին կամ թեկուզ ջոկատին, եթե զինվորները չեն կատարելու հրամանատարի հրամանները։ Զինվորները պիտի հասկանան բանակի դեմ դրված խնդիրներն ու տեսնեն դրանց լուծման ճանապարհը։ Միայն այդ դեպքում կարելի է իսկական թագավորություն ունենալ ու խնդիրներ լուծել։

Իսկ խնդիրներ, ցավոք, շատ կան։ Երկրի առաջնորդ կարող է լինել միայն նա, ով բացահայտել է այդ խնդիրներն ու դրանց լուծման ճանապարհը։ Եթե ժողովուրդն իրոք դժբախտ է զգում իրեն, քանի որ անլուծելի թվացող խնդիրներ ունի և այլն, կամ գուցե նպատակներ ունի որոնց հասնելու ճանապարհը չի տեսնում, ապա պիտի գահ բարձրացնի նրան, ով բացահայտել է այդ ամենը։ Ուրիշ տարբերակ չկա։ Մեկ ուրիշը չի կարող բացահայտումներիս հետ մի թեթև ծանոթանալուց հետո, սկսել խնդիրներ լուծել ու երկիր կառավարել։ Իսկ որպեսզի ժողովուրդը հասկանա բացահայտումներիս արժեքը, ապա նախ ազգի մտավորականները պիտի հասկանան ու սկսեն բացատրել ժոլովրդին։ Այն մտավորականները, ովքեր ձեռքները ծալած կողմ են քաշվել ու սպասում են որ ես՝ ինքս, անեմ ամեն ինչ, այսինքն «նիկոլություն» անեմ ու գահ բարձրանամ, իրենք էլ կողքից նայեն՝ թե հետո ինչ կլինի, ապա ազգի դավաճաններ են ու մորթապաշտ սրիկաներ։ Իսկական մտավորականը ազգային ուսմունքի սերմնացանն է։ Նախ՝ հասկացողը, իհարկե։
©ԴՄ 21 Ապրիլ, 2019

No comments:

Post a Comment