Tuesday, January 20, 2015

ՄԵՐ ՕՏԱՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌԸ

ՄԵՐ ՕՏԱՐԱՄՈԼՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌԸ

Այս երևույթը ևս շատ է անհանգստացրել ու դեռ շարունակում է անհանգստացնել ազգի մասին մտահոգ ազնվաբարո մտածողներին։

Նկատենք, որ երբ ընտանիքում հոր կամ մոր ազդեցությունը թույլ է, կամ, երբ ընտանիքը կուռ, ձևավորված, կայացած, ու ամուր մշակույթ չունի, երեխաները որպես կանոն, ընկնում են շրջապատի ազդեցության տակ։ Հետո ենթարկվում ու, ի վերջո, կուլ գնում այդ շրջապատին։ Ցավոք՝ վատը, ցածրարժեքը, ստորակարգը, պիղծ ու լկտի մտածելակերպն ավելի ազդեցիկ է, քան լավն ու առաքինին։

Մեծ մասշտաբով նույն բանը կատարվում է ազգերի հետ։ Լիարժեքորեն չձևավորված, կամ ընդհանրապես, սեփական ուսմունք ու մշակույթ չունեցող ազգերը հակված են ընդօրինակել իրենցից «առաջադեմ» ազգերի մշակույթը, նիստն ու կացը։

Բարձրարժեք մշակույթ չունենալով, աչքներս միշտ օտարի արժեքների կողմն է լինելու։ Դրսի նվաճումները պաշտելու ենք կուռքի պես։ Բայց նկատենք, որ ամեն դրսի նվաճում չի, որ պաշտում ենք։ Հիմնականում պաշտամունքի առարկա են կայացած ազգերի՝ հզորների, նվաճումները և՛ նյութական, և՛ մտավոր, և՛ կրոնական առումով։ Վերջապես, ուզբեկների, կիրգիզների կամ ուդմուրտների մշակույթը հո չե՞նք ընդօրինակելու։ Չէ որ մեր սեփական արժեքը ճանաչող ու արժանապատվություն ունեցող ազգ ենք։ Մեզ կսազի՞ ջինսի փոխարեն ուրիշ բան հագնել, կամ «Հյուգո Բոս» թողած՝ մի ինչ-որ անհայտ արտադրության վերնաշապիկ, կամ՝ կոստյում հագնել։ Կամ՝ ամոթ չի՞ Հեյդեգեր չիմանալ։

Ճիշտ էր ասում Քրիստոսը, իր դառը փորձից իհարկե, որ սեփական տանը մարգարեներ չկան։ Մարդն ասել կուզեր, որ տնեցիք սեփական տան անդամին չեն գնահատում, աչքները միշտ դրսի «խելոքների» կողմը։

Դավիթ
Միրզոյան, Հոկտեմբեր, 2012
www.davitmirzoyan.com 

No comments:

Post a Comment