Tuesday, January 20, 2015

ՀԱՅԿ ԵՎ ԲԵԼ

ՀԱՅԿ ԵՎ ԲԵԼ

Ընդհարման
ճշմարիտ էությունը հասկանալու համար, հարկ կլինի մի քիչ հետ գնալ ժամանակի մեջ։ Վաղնջական ժամանակներից սկսած մարդիկ ապրում էին, ազատորեն օգտվելով մայր հողի բարիքներից։ Նույնիսկ «Ծննդոց»-ում ասվում է, որ առաջին մարդկանց արարելուց հետո Արարիչը նրանց տեղավորեց իր հիմնած պարտեզում ու պատվիրեց ապրել, ազատորեն օգտվելով պարտեզի բարիքներից։

Թե կոնրետ ինչ պիտի անեին մարդիկ, շատ պարզ չի երևում «Բազմացեք ու լցրեք աշխարհը» ամենաառաջին պատվիրանից։ Սակայն հաշվի առնելով, որ պարտեզը հիմնել էր հենց ինքը՝ Արարիչը, մարդկանց որևէ գործ չթողնելով բացի այգին խնամելուց. նաև, մի փոքր մտորելով, կարելի է հանգել այն եզրակացության, որ մարդիկ պիտի անեին այն, ինչ Արարիչն էր արել՝ հիմնել պարտեզ, սերունդ տալ, կրթել նրանց, ամուսնացնել ու տեղա-վորել նորաստեղծ պարտեզում, պատվիրելով նրանց անել նույնը։ Եվ այսպես շարունակ, մինչև լիովին կատարվեր Արարչի առաջին պատվիրանը՝ բազմանալ ու լցնել աշխարհը։

Լցնել ասելով, սովորաբար հասկացվում է միայն՝ մարդ-կանց քանակով։ Սակայն, հաշվի առնելով, որ Արարիչը ստեղծել էր ոչ միայն մարդկանց, այլ նաև նախնական պարտեզի բոլոր բնակիչներին՝ ընտանի կենդանիներին ու մշակովի բույսերի բոլոր տեսակները, ապա տրամաբանական կլինի ենթադրել, որ հենց դրանցով էլ պիտի լցվեր աշխարհը։ Այսինքն, մարդուն պատվիրված էր ոչ միայն բազմանալ այլ նաև բազմացնել Արարչի ձեռքի բոլոր գործերն ու դրանցով լցնել աշխարհը, այն ի վերջո վերածելով մի մեծ դրախտային պարտեզի։

Ուրեմն՝ առաջին պատվիրանի կատարումը պիտի բերեր նախնական պարտեզի սահմանների ընդարձակմանը, մինչև ողջ մոլորակը վերածվեր մի մեծ պարտեզի, ուր մարդիկ կապրեին ազատ ու երջանիկ։ Արարչի այս մտահղա-ցումն, ինչպես գիտենք, չիրականացավ։ Մարդիկ անհնազանդ գտնվեցին, չավարտեցին իրենց կրթությունը, չստացան անհրաժեշտ գիտելիքի ողջ պաշարը, վռնդվեցին պարտեզից, հայտնվելով տափաստաններում, փուշ ու տատասկի մեջ, հետևաբար՝ ստիպված լինելով իրենց ճակատի քրտինքով ձեռք բերել այն, ինչ առանց չարչարվելու ունեին պարտեզում։

Մարդիկ ստիպված էին մաքառելով սնունդ հայթայթել, հետևաբար մեծ տառապանքների գնով կառուցել իրենց կացարանն ու պարտեզ հիմնել։ Բայց նրանք դեռ ազատորեն կարող էին օգտվել մայր հողի բարիքներից։ Ստիպված չէին վճարել շինանյութի, սննդի ու հագուստի համար։ Թեկուզև չկար Արարչի ուսուցանող ներկայությունն ու դրախտի նախկին ճոխությունը, բայց դեռ կար հիմնական պայմանը՝ ազատորեն՝ անվճար, վերցնել մայր բնությունից այն ամենն ինչ անհրաժեշտ էր մարդու կենսագործունեության համար, թեկուզև քրտնաջան աշխատանքով։

Բայց այս ամենն էլ էր դատապարտված։ Մարդկանցից մեկը իր նմանների ոհմակ հավաքեով շուրջն ու, այդպիսով հզորանալով, հայտարարեց, որ սարերն ու ձորերը, ծառերն ու թփերը, անտառներն ու մարգագետինները, ողջ մայր բնությունն իր մասնավոր սեփականությունն է ու, որ մնացածն իրավունք չունեն առանց վարձատրության օգտվել «իր» սեփականությունից։ Փաստորեն, այդ մարդը՝ Բելը, դարձավ առաջին օլիգարխը ու Հայկի կռիվը հենց օլիգարխիայի դեմ էր։ Այլ կերպ ասած՝ Բելն առաջին ստրկատերն էր, առաջին ֆեոդալը, կամ կապիտալիստը, իսկ մեր նախահայր Հայկը՝ առաջին հեղափոխականը։

Հետևաբար, Հայկի ու Բելի կռվի պատճառն այն չէր, որ Բելն ուզում էր, որ իրեն երկրպագեն որպես աստված կամ կիսաստված, Հայկն էլ համառորեն կողի էր ընկել։ Իր կյանքը դեռ՝ ոչինչ, բայց չէ՞ որ վտանգում էր նաև իր մերձավորների կյանքը։ Արդյո՞ք Հայկի մերձավորները կվտանգեին իրենց կյանքը միայն այն պատճառով, որ Հայկը կողի էր ընկել ու իր արժանապատվությունից ցածր էր համարում երկրպագել Բելին։ Բայց գուցե բոլորն էլ Հայկի պես համա՞ռ էին։ Մի՞թե նրանցից ոչ մեկը չառաջարկե՞ց առերևույթ երկրպագության գնալ ու պրծնել գլխացավից։ Չէ՜, այստեղ խնդիրը հեշտերից չէր։ Ձևական երկրպագությամբ չէին պրծնի։

Բելը, զորք էր հավաքել ու հզորացել, բոլոր տարածքներն իրենն էր հայտարարել ու արգելում էր մյուսներին ազատորեն՝ անվճար, օգտվել «իր» հողի բարիքներից, կամ վարձատրություն էր պահանջում օգտվելու դիմաց, աշխատանքի կամ դրամական փոխհատուցման ձևով։ Հիմնականում՝ աշխատանքի։ Բելը նպատակ ուներ մարդկանց մի մասին աշխատեցնել շինարարության, մի մասին՝ սննդի արտադրության, մյուս մասին էլ՝ կենսական անհրաժեշտության այլ պարագաների, հատկապես զենքի ու զինամթերքի արտադրության մեջ, նպատակ ունենալով էլ՛ ավելի հզորացնել իր ոհմակն ու ընդլայնել իր տիրապետությունը։

Գլոբալիզացիայի նախահայրը հենց նա էր։ Մեր նախահայր Հայկն էլ հերոսաբար կասեցրեց առաջին գլոբալիզացիայի փորձը։ Բայց, ավաղ, ոչ մի հաղթանակ վերջնական չէ։ Չարի ուժերն անըդհատ պատերազմի են ելել։ Մեր՝ հայերիս, պասիվությունը բերեց չարի ուժերի տարածմանն ու հզորացմանը։ Պատմությունն անընդհատ կրկնվում է։

Ներկայումս գլոԲԵԼիզացիայի ոհմակներն իրենց իշխանության տակ են առել աշխարհի բոլոր ժողովուրդներին ու դեռ շարունակում են սեղմել օղակը։ Ո՞վ կարող է բռնել նրանց ձեռքն ու հետ շրջել այդ չարաբաստիկ գործընթացի անիվը։ Էլի մենք, երևի...

Դավիթ Միրզոյան, Ապրիլ, 2012
www.davitmirzoyan.com 

No comments:

Post a Comment