Tuesday, January 20, 2015

ՄԻԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ - ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ - ԴԵՄՈԿՐԱՏԻԱ

ՄԻԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ - ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ - ԴԵՄՈԿՐԱՏԻԱ

Ե՛վ դեմոկրատիան, և՛ բռնապետությունը նահապետական կարգից սերված, բայց աղավաղված ու ծայրահեղության հասցված ձևեր են։

Սկզբում նահապետական կարգն էր, երբ ընտանիքի, գերդաստանի, տոհմի, համայնքի ու ազգի նահապետներն իշխում ու կառավարում էին իրենց ենթակա տիրույթները ազգի գերագույն նահապետ՝ արքայի, գլխավորությամբ։ Առկա էր կառավարման հիերարխիկ ու բրգաձև կառույց։ Այն միմյանց հետ փոխկապակցված ու համագործակցող նահապետների միջև ամուր ու կուռ կառույց էր սեփական ժողովրդի բարեկեցությունն ու երջանիկ կյանքն ապահովելու համար։

Միապետության հիմքում միասնական ուսմունք կա։ Միապետի ու ժողովրդի շահերն ու նպատակները համընկնում են։ Հետևաբար կարիք չկա որևէ բռնության։ Նահապետները հոգ են տանում իրենց հպատակների կրթության, բարեկեցության, պատվի ու արժանապատվության մասին այնպես, ինչպես ընտանիքի հայրն է հոգ տանում իր ընտանիքի մասին։

Բռնապետությունն իր կառավարման ձևով նման է միապե-տությանը։ Տարբերությունն այն է, որ բռնապետական համակարգում միասնական ուսմունք չկա։ Բռնապետի ու ժողովրդի շահերն ու նպատակները չեն համընկնում։ Հետևաբար բռնությունն անհրաժեշտ է երկիրը կառավարելու ու քաոսից խուսափելու համար։ Բռնապետական համակարգում հաճախ ժողովրդի բարեկեցության փոխարեն բռնապետի ու ողջ իշխանական կառույցի նպատակն է սեփական դիրքի պահպանումն ու անձնական բարեկեցությունը։ Բռնապետությանը բնորոշ է մի կողմից իշխանական կառույցի, իսկ մյուս կողմից ժողովրդի շահերի ու նպատակների բախում։

Միապետությունը կարող է բռնապետության վերածվել, եթե վերանա միասնական ուսմունքն ու առաջանա հակամարտություն մի կողմից իշխանական կառույցի, իսկ մյուս կողմից ժողովրդի շահերի ու նպատակների միջև։ Ասենք, օրինակ՝ երբ միապետը շարունակի մնալ արդար ու բարի, իսկ ժողովուրդը դառնա գող ու ավազակ։ Կամ, երբ միապետը դառնա գող ու ավազակ, իսկ ժողովուրդը շարունա-կի մնալ արդար ու բարի։ Կամ, երբ երկուսն էլ դառնան գող ու ավազակ։ Վերջին դեպքում բռնապետությունը կարող է չարիք կդառնալ նաև հարևան ազգերի համար։

Դեմոկրատական կառավարման համակարգը ևս շատ արագ բռնապետության կվերծվի, եթե վերանա միասնա-կան ուսմունքն ու հակասություն ծագի մի կողմում իշխա-նական թևի, իսկ մյուս կողմում ժողովրդի շահերի ու նպատակների միջև։ Մեր դեպքում դա միանգամից տեղի ունեցավ մեր անկախացում ստանալուց հետո, որովհետև մենք ի սկզբանե չունեինք միասնական ու համընդհանուր ուսմունք։ Հիմա՛ էլ չունենք։ Փաստորեն, մեր դեպքում բռնապետությունն անխուսափելի էր։ Բռնապետությունից խուսափելու միակ ճանապարհը մեր ազգային՝ նահապետական, ուսմունքը վերականգնելն ու սերմանելն է։

Միապետությունը ենթադրում է երկրի հիերարխիկ կառավարում միասնական ուսմունքի հենքի վրա, որը փաստորեն համեմատելի է ժամանակակից տերմինաբանությամբ՝ սահմանադրական միապետության հետ։

Բռնապետությունը ենթադրում է երկրի միանձնյա կառավարում առանց որևէ միասնական ուսմունքի առկայության։ Բռնապետի հրամաններն ի կատար են ածվում նույնիսկ, եթե հակասում են ժողովրդի շահերին։ Բռնապե-տությունը նման է ժամանակակից տերմինաբանությամբ՝ բացարձակ միապետությանը։ Բռնապետության թերությունն այն է, որ միասնական ուսմունքի բացակայության պայմաններում միանձնյա իշխանավորի չարակամ, եսակենտրոն քմահաճույքները կարող են օրենքի ուժ ստանալ ու պարտադրվել ժողովրդին։ Բռնապետության առավելությունն այն է, որ արդարամիտ միապետի որոշումները օրենքի ուժ ստանալով օրինապահ մարմինների միջոցով ազպում են գող ու ավազակ ժողովրդի նկրտումներն ու հավասարակշռություն պահպանում երկրում։

Դեմոկրատական
կառավարման համակարգը ենթադրում է հասարակության բոլոր անդամների իրավահավասարություն, նաև՝ հավասարազորություն, հետևաբար համահավասարեցում։ Հասարակության բոլոր անդամները և՛ կին, և՛ տղամարդ, սովորաբար տասնութ տարեկանից հետո, համահավասարեցվելով, իրավունք են ստանում հավասար կարգավիճակով մասնակցել պետության կառավարմանը։

Չնայած՝ դեմոկրատական կառավարման համակարգը շատերը մարդկության բարձրագույն նվաճումն են համարում, այն իրեն ներհատուկ շատ մեծ թերություններ ունի։ Նախ՝ բոլորը չեն կարող իմաստուն լինել։ Մարդկանց մեծամասնությունը, թեկուզ հենց տարիքի բերումով, բավարար իմաստնություն չունի արդյունավետ որոշումներ ու օրենքներ ընդունելու համար։ Հետևաբար, մեծամասնության կարծիքը կամ ընտրությունը չի կարող միշտ ճիշտ լինել։

Երկրորդ՝ դեմոկրատական կառավարման համակարգը ոչ իմաստուն մեծամասնությանը հնարավորություն է տալիս կառավարման կլծակների մոտ բերել իր ներկայացուցիչներին ու զավթել իշխանությունը։ Իսկ, եթե այդ մեծամասնությունը տգետ ու հանցագործ է, ապա կառավարման լծակների մոտ կհայտնվեն տգետներ ու հանցագործներ։ Դեմոկրատական կառավարման համակարգում չկան տգետ մեծամասնության կողմից կառավարման լծակները զավթելու հնարավորությունը կանխարգելող մեխանիզմներ։

Երրորդ՝ դեմոկրատական կառավարման համակարգը անարդյունավետ է։ Նույնիսկ, եթե արդար ընտրություների արդյունքում կառավարման լծակների մոտ են հայտնվել հասարակության որոշ իմաստուն անդամներ, ապա մնացածին համոզելու և քվեարկության ճանապարհով որևէ որոշման հանգելու համար անհամաչափ երկար ժամանակ կպահանջվի։ Իսկ, եթե առկա է տգետ ներկայացուցիչների մեծամասնություն, ապա անհնար է պատկերացնել որևէ իմաստուն որոշում։ Կոռումպացված ներկայացուցիչների որոշումները կլինեն միայն սեփական գրպանին ի նպաստ։

Չորրորդ՝ դեմոկրատական կառավարման համակարգը վնասակար է, թեկուզ հենց այն պատճառով, որ հասարակության բոլոր անդամներին կտրում է իրենց հիմնական գործից՝ ստեղծագործ աշխատանքից, ու համարյա մշտապես գամում երկրի կառավարման գործին, տարբեր մակարդակների ներկայացուցիչների ընտրություններին մասնակցության, նրանց գործունեությունը վերահսկելու միջոցով և այլն, ու համարյա մշտապես խճճում նրանց կառավարման խնդիրների հորձանուտում։

Հինգերորդ՝ դեմոկրատական կառավարման համակարգը հատկապես վնասակար է նրանով, որ երկրի հիմնական տեր չի ենթադրում։ Կան միայն ժամանակավոր կառավարիչներ։ Հետևաբար՝ կա ժամանակավոր ուտող փախնողների առաջացման միջավայր։ Իսկ եթե այն կա, ապա կառաջանան և նրանք՝ կաշառակերներն ու բոլոր տեսակի հանցագործները։ Կոռուպցիան դեմոկրատական կառավարման համակարգի ամենահիմնական ուղեկիցն է։ Իսկ, երբ վերևներում համատարած կոռուպցիա է, նույնը կլինի նաև ներքևներում։

Չնայած այս ամենին, դեմոկրատիայի
արժեքը կասկածի տակ դնելն իսկ սրբապղծություն է շատերի համար, նույնիսկ այն համատարած իրողությունն աչքների առաջ, որ դեմոկրատական կառավարում որդեգրած երկրների մեծամասնությունը բռնապետությունների են վերածված հիմնականում թույլ ու անկազմակերպ բնակչությամբ, ուր ժողովրդի կարծիքը համարյա հաշվի չի առնվում, ուր ժողովուրդը չի կարողանում որևէ կերպ մասնակցել պետության կառավարմանը, ուր պետության կառավարումն իրականացնում են միայն իշխանության ձգտող կուսակցությունները, փողատերերը և այլն, որոնք իրականում հետապնդում են նեղ անձնական ու խմբակային շահեր։

Մարդիկ միաժամանակ անտեսում են այն իրողությունը, որ ժամանակակից միապետությունները կայուն ու բարգավաճող երկրներ են։ Ի դեպ՝ ներկայումս աշխարհում քառասունչորս միապետություն կա։ Ոչ մեկում չկան ժողովրդական ընդվզումներ։ Մարդիկ ապրում են խաղաղ ստեղծագործ աշխատանքով, հաշտ ու երջանիկ։ Օրինակ՝ Բութանի թագավորությունում կա երջանկության մինիստրություն։ Այն պարբերաբար հարցում է անցկացնում բնակչության շրջանում բացահայտելու և միապետին ներկայացնելու բնակչության երջանիկ ու դժբախտ մարդկանց տոկոսը։ Քանի որ միապետն ընդհանրապես իր երկրի հիմնական տերն է, ապա գերդաստանի նահապետի պես շահագրգռված է կայուն ու հզոր երկիր ունենալ, հետևաբար՝ երջանիկ ու նվիրված ժողովուրդ։

Մ
իապետական կառավարման համակարգում կա երկրի հիմնական պատասխանատու՝ միապետը։ Նա է նշանակում, կամ հաստատում բոլոր պաշտոյանաներին։ Հետևաբար՝ միապետն է պատասխանատու ցանկացած պաշտոնյայի լավ կամ վատ արարքի համար, ընդհանրապես՝ երկրի ընդհանուր իրավիճակի համար։ Միապետական համակարգում չկա ժամանակավոր ուտող փախնողների առաջացման՝ կոռուպցիայի, միջավայր։ Միապետական համակարգում կոռուպցիայի եզակի դեպքերը բացառված չեն։ Բայց, եթե կոռուպցիան համընդհանուր ու շարունակական բնույթ ստանա, ապա մարդկանց դժգոհությունն իրավացիորեն կուղղվի երկրի հիմնական պատասխանատուի՝ միապետի, դեմ։

Իսկ, թե ինչ երաշխիք կա, որ մեր՝ հայ, իրականության մեջ չի շարունակվի համատարած կոռուպցիան, եթե նույնիսկ անցնենք միապետական կառավարման, ապա պետք է ասեմ, որ իմ կազմած Հայաստանի Թագավորության Ազգային  Սահմանադրության մեջ, ի թիվս մարդու արժանապատվությունը պաշտպանող այլ հոդվածների, ամրագրել եմ հպատակների զենք կրելու, նաև՝ զինված ապստամբության իրավունքը։ Այն նույն իրավունքը, որ նրանք ունեին Նահապետ Հայկի ժամանակ։

Եթե դեմոկրատիան արդյունավետ համակարգ լիներ, ապա այն նույն երկրները, որոնք հորդորում են մեզ որդեգրել դեմոկրատական կառավարում, իրենց երկրներում վաղուց հրաժարված կլինեին միապետությունից։ Չմոռանանք, որ արևմտյան աշխարհի շատ երկրներ միապետություններ են՝ Նորվեգիան, Դանիան, Շվեդիան, Հոլանդիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Մոնակոն, Լիխտենշտեյնը, Անդորրան, Իսպանիան, Ճապոնիան ու Մեծ Բրիտանիան Կանադայի, Ավստրալիայի ու Նոր-Զելանդիայի հետ միասին։ Նույնիսկ, Վատիկանն է միապետություն։ Պապը Վատիկան Քաղաքի միապետն է։

Ամեն պետություն կառուցվում է որևե ուսմունքի հիման վրա։ Դեմոկրատիան նույնպես ուսմունք է։ Ընդ որում, մեզ համար օտար ծագում ունեցող։ Փաստորեն, մեր պետականության հիմքում ընկած է օտարի ուսմունքը։ Հետևաբար, մենք անկախ չենք։ Իսկ, եթե հաշվի առնենք, որ ոչ՛ տնտեսական, ոչ՛ էլ քաղաքական անկախություն ենք ունեցել, նաև՝ որ մշտապես արտաքին աշխարհի մշակութային ճնշման տակ ենք, ապա պատկերն ավելի կամբողջանա։

Մենք ազգովի կորցրեցինք մեր անկախությունը, երբ կորցրեցինք մեր ազգային ուսմունքն ու կախման մեջ ընկանք օտարների ուսմունքներից։ Մեր կախվածությունը դարավոր պատմություն ունի։ Այն շատ վաղուց է սկսվել։ Ուսմունքները, սովորաբար, արագորեն կրոն դառնալու միտում ունեն։ Հետևաբար, ամեն ինչ սկսվեց, երբ օտար կրոնները մտան ու ապականեցին մեր ազգային ուսմունքը։

Ճիշտ է, մեր համազգային շարժման շնորհիվ ԽՍՀՄ-ը քայքայվեց, ու մենք, ի վերջո, ստացանք պետական անկախություն։ Բայց, քանի որ չունեինք մեր սեփական ուսմունքը, ապա չկարողացանք պահել մեր անկախությունը, ընդունեցինք մեզ համար օտար՝ դեմոկրատական կառավարման ու կապիտալիստական տնտեսավարման համակարգն ու կախման մեջ ընկանք դրանցից։ Մենք չենք կարող անկախ լինել քանի դեռ մեր պետության հիմքում ընկած չէ մեր իսկ գենետիկ կոդից բխող մեր ազգային ուսմունքը։ Ներկայումս օտարինն է՝ դեմոկրատիան կապիտալիզմի հետ համաձուլված։ Ոչ՛ դեմոկրատիան է մերը, ոչ՛ բռնապետությունը, ոչ՛ էլ կապիտալիզմը։ Մերը նահապետական կարգն է, կամ այլ կերպ ասած՝ միապետությունը։

Եթե
դեմոկրատիան միայն կառավարման ձև է, իսկ կապիտալիզմը միայն՝ տնտեսավարման, ապա նահապետական կարգը և՛ կառավարման, և՛ տնտեսավարման ձև է։ Նահապետական չի նշանակում հետադիմական կամ ագրարային։ Այն միայն կառավարման ու տնտեսավարման ձև է։

Աշխարհում, անդհանրապես, գույություն ունի երկու արժեհամակարգ։ Մեկը՝ մարդկային, իսկ մյուսը՝ անմարդկային։ Առաջինը ներկայացված է «Արարչական Օրենքներ»-ով ու իմ կազմած «Հայաստանի Թագավորության Ազգային Սահմանադրությամբ», ըստ որի բոլոր մարդիկ իրավահավասար ու հավասարազոր անհատներ են։ Հետևաբար արգելվում է ստրկատիրությունը, ճորտատիրությունը, նաև՝ սրանց ժամանկակից ձևը՝ կապիտալիզմը։ Հայաստանում ի սկզբանե ստրկատիրություն ու ճորտատիրություն չի եղել։ Նահապետ Հայկի ժամանակ, նրանից առաջ ու նրանից հետո Հայաստանում մարդիկ ապրել են, ազատորեն օգտվելով մայր հողի բարիքներից։ Դա մեր Հայկ-նահապետական արժեհամակարգն էր։ Նահապետն իր ազգի և՛ հոգևոր, և՛ աշխարհիկ առաջնորդն էր։

Երկրորդը՝ անմարդկայինը, Բելի արժեհամակրգն է՝ կապիտալիզմը։ Հայկի ու Բելի առճակատումը երկու արժեհամակարգերի բախումն էր՝ մի կողմից Հայկ-նահապետական, իսկ մյուս կողմից Բել-կապիտալիստական։ Այդ առճակատման էությունը ներկայացվծ է եմ իմ «Հայկ և Բել» ակնարկով։

Ըստ մեր Հայկ-նահապետական ուսմունքի, երկրում ամեն ինչ հավասարապես պատկանում է բոլորին։ Հետևաբար, մեր տնտեսությունը պիտի ազգայնացվի։ Տնտեսության կարևորագույն ոլորտները պիտի գտնվեն Համայն Հայոց Արքայի՝ ազգի գերագույն նահապետի, իշխանության տակ։ Արքան է իր ազգի գերագույն նահապետը՝ և՛ հոգևոր, և՛ աշխարհիկ՝ մտավոր, ռազմական, տնտեսական առաջնորդը, գերագույն օրենսդիրը, օրինապահն ու դատավորը։ Ըստ մեր ազգային ուսմունքի մենք պիտի ունենանք ազգայնացված տնտեսություն ու միապետական կառավարում։

Բայց՝ Հայաստանում հիմա գուցե միանգամից ոչինչ չստացվի։ Մեր ժողովուրդը, վախենամ, հիմա չհամարձակվի պատասխանատվություն վերցնել իր վրա ազգայնացնելու երկրի ողջ տնտեսությունը։ Մարդիկ դեռ շատ են վախեցած կոմունիզմից, երբ բոլշևիկյան հեղափոխությամբ հողն ու գործարաններն ազգայնացվեցին, բայց հետո, փաստորեն, դրվեցին կոմունիստ կառավարիչների իշխանության տակ։

Սակայն, չմոռանանք, որ հողի ու ընդհանրապես տնտեսության ազգայնացման գաղափարներն այնքան հզոր էին, որ 1920-ին հայոց բանակի զինվորները, որ հիմնականում գյուղացիներ էին, հանձնեցին Ղարսի ամրոցն ու կազմալուծեցին ճակատը։

Հայ ժողովուրդը հիմա շնչահեղձ է լինում կապիտալիզմի պատճառով, բայց միևնույն ժամանակ սարսափում է կոմունիզմից։ Ուրիշ ոչինչ չի պատկերացնում։ Չի պատկերացնում, որ կա երրորդ ձևը։ Իրականում՝ առաջին ձևը՝ նահապետական սոցիալիզմը։ Բացատրելու ոչ՛ ժամանակ կա, ոչ՛ էլ՝ հնարավորություն։ Սակայն, ամենամեծ դժբախտությունն այն է, որ չեն էլ լսում։ Ոչ ոք չի լսում ո՛չ ազգի մասին մտահոգ մտավորականները, ո՛չ էլ՝ մնացածը։

Ժողովուրդը կցանկանար օլիգարխներից, ավելի ճիշտ՝ խուլիգարխներից, խլել գողունը, բայց վախենում է չկարողանա պահել այն ներկայիս դեմոկրատական համակարգի միջոցով, հաշվի առնելով վերջին տարիների դառը փորձն ու հատկապես ազնիվ ու ազգանվեր մարդկանց անկարողությունը երկրում։

Ժողովրդին
պատասխանատվությունից կփրկի միապետությունը։ Մի բան է գողունը խլել ու չկարողանալ պահել իրեն վարկաբեկած դեմոկրատական համակարգի միջոցով, մեկ այլ բան է գողունը խլել ու հանձնել միապետի տնօրինությանը, ողջ պատասխանատվությունը դնելով նրա վրա։ Որն էլ հենց Նահապետական Սոցիալիզմն է։

Ամեն դեպքում, երկրին հիմնական տեր է պետք։ Մեզ ժամանակավոր ուտող փախնողներ պետք չեն։

Իսկ միապետ կարող է լինել միայն ամենաիմաստուն ու բանիմաց մարդը, ով չի տենչում միայն իշխանության, ում միակ նպատակն է ծառայել իր ժողովրդին, ով իրեն վստահված երկիրն ու գանձարանը իր սեփականը չի համարի, ով տոգորված է իր երկրում արդարություն ու բարորություն հաստատելու ու պահպանելու ձգտումով, ով նաև տոգորված է ողջ աշխարհին արդարություն, խաղաղություն ու բարորություն բերելու ձգտումով։

Դավիթ
Միրզոյան, Ապրիլ, 2013
www.davitmirzoyan.com

No comments:

Post a Comment