Thursday, November 15, 2018

ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ թե՞ ՈՒՍՄՈՒՆՔԻ ԿՈՐՈՒՍՏ

ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ թե՞ ՈՒՍՄՈՒՆՔԻ ԿՈՐՈՒՍՏ
Մեր ժողովրդի բոլոր խնդիրների՝ հատկապես, այսպես կոչված, պետական մտածելակերպ չունենալու, սեփական երկրի հանդեպ անտարբերության, «առնել փախնել» մտածելակերպի և նման արատավոր երևույթների պատճառը շատերը, եթե ոչ բոլորը, համարում են մեր պետականության կորուստը՝ այն որ դարեր շարունակ պետականություն չենք ունեցել։
Սա կարծես ընդունելի ու համոզիչ փաստարկ է։ Բայց չէ՞ որ արդեն հարյուր տարի է, ինչ պետականություն ունենք։ Արդեն մի քանի սերունդ են մեծացել պետականության պայմաններում, ընդ որում մեծ մասը՝ շատ խստապահանջ պետականության։ Սովետական տարիների պետականությունն այնքան խստապահանջ էր, հզոր ու ամուր, որ ոչ մեկի մտքով չէր անցնում, որ մի գեղեցիկ օր այն կարող է փլուզվել։ Ընդհանրապես, որքան խստապահանջ է իշխանությունը, ապա այնքան կարգապահ են մարդիկ։ Օրինակ՝ ֆաշիստական Գերմանիան։ Իշխանությունը ֆաշիստական Գերմանիայում այնքան խստապահանջ էր, որ իր գոյության ընդամենը մեկ տասնամյակի ընթացքում կարողացավ այնպիսի ազդեցություն ունենալ ժողովրդի վրա, որ մինչև այժմ գերմանացիները, նույնիսկ այդ երկիր ներգաղթած անձիք ամենաօրինապահ ու ամենակարգապահ մարդիկ են աշխարհում։
Սովետական իշխանությունը նույնքան, եթե ոչ ավելի, խստապահանջ էր ու հզոր։ Հատկապես ստալինյան շրջանում օրինակելի էր ու կարգապահ, անձնվեր ու անձնազոհ, հատկապես հայրենական պատերազմի տարիներին։ Եթե ֆաշիստական Գերմանիայի առաջնորդն ու վերնախավը հսկա հարստություններ էին կուտակել, ապա սովետական երկրի առաջնորդը անձնական ոչ մի հարստություն չուներ ու մյուսներին էլ թույլ չէր տալիս ունենալ։ Եթե ֆաշիստական Գերմանիան պարտվեց պատերազմում, ապա Սովետական Միությունը հաղթեց։ Ուրեմն ինչպե՞ս եղավ, որ գերմանացիները մինչև այժմ ամենաօրինապահ ազգն են, իսկ Սովետական Միության ազգերը մեղմ ասած չեն փայլում օրինապահությամբ ու կարգապահությամբ։ Հատկապես մենք՝ հայերս, ինչո՞ւ միանգամից մխրճվեցինք կոռուպցիայի ճահիճը, իսկ ասենք, օրինակ, ռուսները, հատկապես մերձբալթյան երկրների ժողովուրդները՝ ոչ։
Բանն այն է, որ ի տարբերություն ռուսների ու մերձբալթյան ժողովուրդների, սովետական տարիների միջավայրը մեզ կիսով չափ էր ապաքինել։ Նկատենք, որ արևելյան Հայաստանի, ավելի ճիշտ ռուսական տիրապետության տակ հայտնված Հայաստանի հայերը դեռ Առաջին համաշխարհային պատերազմից առաջ արդեն փչացած մշակույթ ունեին։ Մեր անվանի գրողների հանճարեղ վեպերն ու պիեսները այդ փչացածության վկան են։ Պատճառն այն է, որ Ռուսական կայսրությունը կապիտալիստական տնտեսավարման էր անցել դեռ 19-րդ դարի կեսերից ու իր տիրապետության տակ եղած բոլոր ժողովուրդներին ներգրավել կապիտալիստական փոխհարաբերությունների մեջ։
Ի տարբերություն ռուսահայերի, Օսմանյան կայսրության միայն արևմտյան, ափամերձ քաղաքների հայերն էին որ կապիտալիստական փոխհարաբերությունների մեջ էին ներգրավված։ Մնացածը ապրում էին նահապետական կարգով։ Նրանք, չնայած դարեր առաջ կորցրել էին իրենց պետականությունը, բայց դեռ պահպանում էին իրենց վաղեմի ուսմունքը՝ նահապետական կարգը։ Գյուղերում գործում էր տեղական ինքնակառավարումը, ընդ որում նահապետական, և մարդկանց բոլոր փոխհարաբերությունները կառուցվում էին նահապետական ուսմունքի հենքի վրա։
Փաստորեն օսմանյան իշխանության տակ ապրող հայերն ապրում էին իրենց նախնյաց ուսմունքով՝ առանց կապիտալիզմի՝ նահապետական կառավարման պայմաններում, իսկ նրանց, ռուսական տիրապետության տակ ապրող, ազգակիցները ապրում էին օտարի ուսմունքով՝ կապիտալիզմի պայմաններում, որտեղ, գումարած դրան, ներ էին թափանցել օտարերկրյա՝ արևմտաևրոպական, «արժեքներ» ու սկսել էին քայքայել նահապետական կարգն ու մեր վաղեմի ուսմունքը։ Օսմանյան հայերը պահպանել էին իրենց ուսմունքն ու մշակույթը, իսկ ռուսահայերն արդեն կորցրել էին իրենց ուսմունքն ու մշակույթը։ Ընդհուպ մինչև առաջին համաշխարհային պատերազմը օսմանյան տիրապետության տակ ապրող հայերը օրինապահ ու կարգապահ ազգ էին, իսկ ռուսահայերը՝ ոչ։ Սա է պատճառը, որ երբ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին մոտ առաջացավ Հայաստանի առաջին հանրապետությունը, ապա այդ տարածքի բնակիչներն այնքան էին փչացած, որ անհնար էր կարգ ու կանոն ապահովել երկրում։ Հետագա, սովետական տարիները որոշ չափով օրինապահ քաղաքացիներ հղկեցին նախկինում փչացած ժողովրդից, բայց երբ սովետական երկրի ուսմունքն ու խստապահանջ իշխանությունն անկում ապրեց, ապա մենք միանգամից փչացանք ու սկսվեց համատարած կոռուպցիան։
Սովետական տարիների վերջում Հայաստնն արդեն լիովին կոռումպացված էր։ Նկատենք սակայն, որ նույնիսկ սովետական շրջանում Սովետական Հայաստանի տարածքում ապրող արևմտահայերը՝ ներգաղթյալները՝ ախպարները, չմասնակցեցին երկրում մոլեգնող համատարած կոռուպցիային։ Աստիճանաբար հեռացան երկրից։ Հեռացան հիմնականում կոռուպցիայի ու վայրենի միջավայրի պատճառով, այլ ոչ թե կոմունիստական ռեժիմի։ Նրանք սկսեցին հեռանալ այն ժամանակ, երբ արդեն չկար ստալինյան ռեպրեսիան, անհիմն ձերբակալություններն ու կամայական աքսորները։
Որպես եզրահագում՝ ազգի փչացածության պատճառը ոչ թե պետականության կորուստն է, այլ ուսմունքի կորուստը։

Դավիթ Միրզոյան
15Նոյեմբեր 2018

No comments:

Post a Comment