Monday, November 19, 2018

ԵՐԿԸՆՏՐԱՆՔ

ԵՐԿԸՆՏՐԱՆՔ
Կյանքում ամեն մարդ մշտապես երկընտրանքի առջև է՝ ընտրե՞լ հոգևորը, բերկրալին ու լուսավորը, թե՞ նյութականը, հաճույքն ու խրախճանքը։ Հատկապես ծանր է կանանց վիճակը, երբ երկընտրանքի առջև են՝ ընտրել բանիմաց, իմաստուն ու առաքինի տղամարդու, թե՞ փողատեր մեկին նույնիսկ եթե տգետ է ու հաստավիզ։
Մի կողմից կնոջն անհրաժեշտ են տղամարդու իմաստնությունն ու ինտելեկտը, նրա բացահայտումները, նաև իհարկե կնոջը լսելու, նրան փարատելու և սիրելու կարողությունը, իսկ մյուս կողմից կինը ձգտում է նյութական ապահովության, լիության, նույնիսկ ճոխության, անհատնում առատության, ուրախության, խրախճանքի, էկզոտիկ ու հարմարավետ միջավայրի, շրջապատված ուշադրությամբ, նույիսկ երկրպագուներով և այլ։
Ի՞նչ անել։ Ընտրել առաջի՞նը։ Չէ՞ որ կինն առանց տղամարդու իմաստնության ու հոգևոր գիտելիքեր բացահայտելու կարողության չի կարող։ Կինն ուզում է ամենն ինչ իմանալ, սակայն միկրոկոսմի ու մակրոկոսմի օրենքներն ու օրինաչափությունները կարող է բացահայտել միայն տղամարդո՛ւ ինտելեկտը։ Առանց այդ օրենքներն ու օրինաչափություններն իմանալու, կինը կարող է մոլորվել, խճճվել ու ի վերջո խելագարվել։ Միայն համատիեզերական օրենքների ու օրինաչափությունների մասին տղամարդու բացատրությունները կարող են փարատել կնոջ խռովահույզ հիոգին, սփոփել ու հանգստացնել նրան։ Կինը, որքան էլ շրջահայաց ու խելամիտ, միևնույն է, չի կարող ինքնուրույն հոգևոր ոլորտի բացահայտումներ կատարել։
Կինը շրջապատի սուր ընկալում ունի ու կարողանում է անմիջապես նկատել դիմացինի, հատկապես տղամարդու, բնավորությունն ու ողջ էությունը, սակայն չի կարող իմաստուն որոշումներ ընդունել։ Կինը կարող է միայն նկատել դեպի իրեն կամ դեպի իր տղամարդն եկող վտանգն ու զգուշացնել նրան, սակայն չի կարող կողմնորոշվել՝ ինչ անել։ Կնոջը շատ չեն հետաքրքրում արտաքին աշխարհի խնդիրները, երկրի ընդհանուր վիճակն ու ապագան։ Կնոջը վախեցնում է դրսի գործերում տղամարդու ներգրավվածությունը, և նա փորձում է համոզել իր տղամարդուն չեզոքություն պահպանել։ Կինը վախենում է մեծ փոփոխություններից, հատկապես տղամարդու հանդուգն ծրագրերից և փորձում է տղամարդուն ամեն կերպ պահել տանը։
Կինը տղամարդու ուշադրության կարիքն ունի, նրա իմաստուն մտքերի ու բացատրությունների։ Կինն աննկարագրելի բերկրանք է ապրում, երբ տղամարդը համբերատար կերպով լսում է իր անկառավարելի ու հուզական խոսքը, ընդ որում մինչև վերջ։ Չնայած իրականում դրան վերջ չկա։ Կինն ավելի մեծ բերկրանք է ապրում, երբ տղամարդը կարողանում է սպառիչ կերպով պատասխանել կնոջ բոլոր հարցերին, պարզաբանել կնոջը վշտացնող խնդիրները, հարթել բոլոր խոչնդոտներն ու այդպիսով փարատել նրան, գրկել ու գուրգուրել։
Բայց չէ՞ որ կյանքը միայն հոգևոր ոլորտով չի սահմանափակվում։ Կինը չի կարող հանդարտվել միաժամանակ չունենալով նյութական բարիքների առատություն։ Նյութական բարիքների առատությունն ու հատկապես դրա անհատնում բնույթը միայն կարող են հիմնավոր կերպով խաղաղություն բերել նրան։ Սակայն բանն այն է, որ մարդուն, նաև կնոջն իհարկե, ներհատուկ է ունեցածով չբավարարվելու հատկությունը։ Ամեն ձեռքբերումից հետո մարդ ավելիին է ձգտում, միաժմանակ իր ունեցածն անբավարար համարելով։ Նյութական բարիքների կամ ստացած հաճույքների ցանկացած մասնաբաժին շատ շուտով անբավարար է համարվելու, և մարդու մեջ մղում է առաջանալու դեպի ավելի շատ նյութական բարիքն ու ավելի շատ, սուր ու անսովոր մարմնական հաճույքները։ Չբավարարվելով, օրինակ, խոհարարական արվեստի սեփական ձեռքբերումներով, մարդ անպայման ձգտելու է ճաշակել տարբեր ժողովուրդների նորանոր ճաշատեսակներ, խմիչքներ և այլն։ Չբավարարվելով կար ու ձևի ու ձևավորման արվեստի սեփական շնորքով, մարդ անպայմանորեն ձգտելու է նորանոր ու ավելի ճոխ զգեստներ պատվիրել ու կրել և ապրել ավելի ու ավելի հարուստ ու արտասովոր կացարաններում։ Չբավարարվելով իրեն բաժին հասած տարածքով, ձգտելու է դուրս գալ, այցելել տարբեր վայրեր, ճանապարհորդել ու լինել ավելի ու ավելի էկզոտիկ երկրներում։ Չբավարարվելով ունեցած փոխադրամիջոցով ձգտելու է ունենալ նոր ու ավելի ու ավելի շքեղ փոխադրամիջոցներ։ Չբավարարվելով ունեցած հարստությամբ, ձգտելու է ունենալ ավելի ու ավելի շատ հարստություն։ Չբավարարվելով ստացած սեռական հաճույքներով, ձգտելու է ավելի ու ավելի հաճախ, սուր ու բազմազան սեռական հաճույքներ ունենալ։ Չբավարարվելով մեկի ուշադրությամբ, ագահաբար ձգտելու է գրավել հնարավորինս շատերի ուշադրությունն ու երկրպագությունը։ Չբավարարվելով մեկի հետ սիրախաղերով, ձգտելու է հնարավորինս շատերին ներգրավել սիրախաղերի մեջ։ Ու այդպես շարունակ, մինչև սեփական նյութապաշտական նկրտումների ողբերգական զոհը դառնալը։
Բայց մարդու նյութապաշտական նկրտումների ու ագահության պախարակումն ամենևին չի նշանակում, որ մարդ պիտի ամբողջովին մերժի որևէ նյութական։ Ի վերջո հոգևորն ու նյութականը մեկ ամբողջություն են։ Անհնար է տարանջատել մեկը մյուսից։ Սակայն բանն այն է, որ նյութականը, ավելի ճիշտ մարմնականը, պիտի պահվի հոգևորի սահմաններում։ Այլ կերպ ասած, որևէ նյութական ոչ մի արժեք չունի, նույնիսկ կործանարար է, եթե համապատասխան հոգևոր պլատֆորմ չունի, կամ բխում է անինտելեկտ ու հոգևորի մասին որևէ գաղափար չունեցող աղբյուրից, կամ եթե անկեղծ սեր ու նվիրում չի պարունակում։ Ի հակադրություն, նույնիսկ անբավարար նյութականը մեծագույն բերկրանք կարող է պարգևել, եթե անսահման սեր ու նվիրում է պարունակում։
Ամեն դեպքում անհնար է զսպել նյութականի հանդեպ մարդու անդադար աճող պահանջարկը։ Ամեն զսպում հղի է անսպասելի շրջադարձերով ու պայթյունավտանգ պոտենցիալով։ Ի՞նչ անել։ Մի կողմից վտանգավոր է հոգևորի սահմաններից դուրս որևէ նյութական ու մարմնական, իսկ մյուս կողմից առկա է մարմնականի հանդեպ մարդու անհագ ծարավը։ Ելքը հոգևորի շարունակական աճն է։ Տիեզերքի պես մարդու ինտելեկտն ու հոգևոր նվաճումները սահման չունեն, անեզր են։ Մարդու ամեն բացահայտումին կարող են հաջորդել ավելի բարձր ու լուսավոր հորիզոններ։ Միայն առաջադիմելով իր հոգևոր ու մտավոր զարգացման սանդուղքով, մարդ կարող է համեմատաբար ապահով կերպով, համապատասխան նյութական ու մարմնական հաճույքներ վայելել։
Բայց վերջապես ի՞նչ է հոգևորը։ Հոգևորը արժեհամակարգային բարձր որակներն են՝ առաքինությունը, սերն ու նվիրումը։ Ի դեպ, սերն իր մեջ կրում է մնացած երկուսը։ Եթե կա սեր ապա այն միայն առաքինի է ու անկեղծ։ Եթե կա սեր, ապա կա անսահման նվիրում ու հոգատարություն։ Եթե երկու հոգեհարազատ էակ լիակատար սեր ու նվիրում ունեն միմյանց հանդեպ, ապա նրանց համար բաց են նյութական առատության բոլոր դռները։ Սիրող սրտերն ունակ են աներևակայելի հաջողությունների հասնել ֆինանսական ու մասնագիտական բոլոր ոլորտներում, համընդհանուր ճանաչում ունենալ ու վայելել մարդկանց ակնածանքն ու երկրպագությունը, դառնալ բարի նախանձի ու ընդօրինակության օբյեկտ։
Եթե կինն, իր տղամարդու ինտելեկտուալ պոտենցիալը տեսնելով, այնուամենայնիվ համապատասխան նյութականի պակաս է զգում, ապա չպիտի փորձի սեփական ուժերով լուծել այդ խնդիրը, կամ նյութականի աղբյուր գտնելու մոլուցքով փորձի մեկ այլ տղամարդ գտնել։ Կինը պարզապես պիտի ավելացնի իր տղամարդու հանդեպ ճառագող իր սերն ու նվիրվածությունը։ Տղամարդը, իր կնոջ կողմից սիրո ու նվիրումի ավելացող դոզաներ ստանալով, չի կարող ձեռքերը ծալած նստել։ Վեր կկենա ու կանցնի գործի, իր կնոջը նյութական բարիքների առատությամբ պարգևատրելու համար։ Տղամարդն այլ կերպ չի կարող։
Բայց երբ տղամարդն իր կնոջ կողմից սեր ու նվիրում չի տեսնում, փոխարենը տեսնում է անտարբերություն, մանավանդ դավաճանություն, ապա երբեք ոչինչ չի անի նրա համար։ Տղամարդն ընդհանրապես ոչինչ չի անի իրեն չլսող, իր կարծիքը հաշվի չառնող, ինքնագլուխ ու գոռոզ կնոջ համար։
ԴՍ
19 Նոյեմբեր 2018

No comments:

Post a Comment