Saturday, November 17, 2018

ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ

ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ
Ափսոսում եմ որ շատ ազգանվեր հայորդիներ դեռ պայքարում են երկրում ծավալվող անբարենպաստ փոփոխությունների դեմ, միանգամայն անտեսելով այդ փոփոխությունները հովանավորող իշխանություններին։

Հետևանքների դեմ պայքարելով բացարձակապես ոչնչի չենք հասնի։ Քանի դեռ չի վերացել ապազգային ու այլասերված երևույթներ ու շարժումներ արտոնող իշխանությունը, ապա երբեք չեն վերանա նրա ապազգային ու այլասերված գործունեության հետևանքները։

Ներկայումս ընթանում են տեղեկատվական պատերազմներ։ Նոր իշխանությունները դեռ շատ հետևորդներ ունեն։ Շատերն են դեռ հավատում, թե ամեն ինչ դեպի լավն է գնում, չնկատելով, որ աննախադեպ ակտիվացել են լգբտ-ները, քարուքանդ է արվում ու պղծվում մեր մշակույթի հնագույն վկա Քարահունջը, ազգի մեծագույն հանցագործները դեռ ազատության մեջ են ու դեռ իշխանության գալու ծրագրեր ունեն, անորոշ է Ամուլսարի հարցը, երկրի տնտեսությունը խթանելու նպատակով օտարերկրյա ներդրողներ են հրավիրվում երկիր, անկախ նրանից թե ինչ տնտեսական գործունեություն են ծավալելու նրանք ու արդյոք այդ գործունեությունն օգտակար է լինելու մեր երկրին, թե՝ ոչ, և այլն։

Մեր ազգանվեր ջահելներն էլ թևները քշտած պայքարի են ելել իշխանությունների սարքած խնդիրների դեմ։ Անիմաստ ու ժամանակ վատնող, ավելի ճիշտ՝ վնասակար, զբաղմունք է պայքարել հետևանքների դեմ։ Հետևանքների դեմ պայքարելով, ոչ մի հիվանդություն չի բուժվում։ Ամեն հիվանդություն բուժվում է միայն վերացնելով հետևանքների պատճառը։ Մեր դեպքում՝ իշխանություններին։ Բայց հիվանդության պատճառը վերացնելը դեռ քիչ է։ Այն վերացնելուց հետո հարկավոր է հիվանդին դնել ապաքինման ռեժիմի մեջ։

Մեզանում բոլոր քաղաքական ուժերը վարկաբեկել են իրենց։ Ոչ մի քաղաքական ուժ գիտականորեն հիմնավորված որևէ ծրագիր չունի երկիրը քաղաքական ու տնտեսական ճգնաժամից հանելու համար։ Բոլորը միայն խոստումներ են տալիս ու իշխանության ձգտում։

Հետևաբար, հարկավոր է ընտրել մեկին, ով խոստումներ չի տալիս սակայն հիմնավոր ծրագիր ունի։

Եթե դեմոկրատական կառավարումն ու կապիտալիստական տնտեսավարումը ժողովրդին մատնել են մրցավազքի ու տնտեսական կործանման, ապա պետք է անցնել կենտրոնացված կառավարմանն ու ազգայնացված տնտեսավարմանը։

Դեմոկրատիայի անտագոնիստը միապետությունն է իսկ կապիտալիզմինը՝ ազգայնացված տնտեսությունը։
ԴՍ
30 Հոկտեմբեր, 2018

No comments:

Post a Comment