Friday, May 19, 2023

ՀԱՄԱԽՄԲՈՒ՞Մ ԵՔ ՈՒԶՈՒՄ

 ՀԱՄԱԽՄԲՈՒ՞Մ ԵՔ ՈՒԶՈՒՄ

Ուրեմն հրաժարվեք ձեր կուսակցություններից, լուծարեք դրանք, ընդունեք միապետության գաղափարն ու միապետին։ Միայն այդ դեպքում ժողովուրդը ոտքի կկանգնի։ Այլապես, որքան էլ «պիցա» բաժանեք, ոչինչ չի ստացվի։ Չնայած՝ եթե ձեզ համար «պիցա»-ն է կարևոր, ապա շարունակեք նույն ոգով։

Առանց ձեր կուսակցություններից դուրս գալու և առանց ձեր կուսակցությունները լուծարելու, ձեր համախմբման կոչերը նման են, տանկի մեջ նստած, հետևակ հավաքելու կոչերին։  Փոխաբերական իմաստով իհարկե։ Փորձեմ մի փոքր պատկերավոր ներկայացնել փոխաբերությունս։

Պատկերացրեք, որ կա ընդհանուր թշնամի։ Բնականաբար զորահավաք եք հայտարարում, զորք հավաքելու և երկիրը գրաված թշնամու դեմ պատերազմելու համար, նպատակ ունենալով գրավել նրա տեղը և կառավարել նրա փոխարեն։ Բայց ժողովրդին չեք ասում, թե ինչպես եք կառավարելու, չեք ասում, թե ով է լինելու գերագույն կառավարիչը։ Չեք էլ ասում թե ինչպես եք վարվելու թշնամու հետ, ինչ եք անելու նրան և այլն։ Չեք ասում, թե ով է առաջնորդելու զորքին, ինչ և ինչքան զոհեր են լինելու պատերազմի ընթացքում, ինչ օգուտներ են ոնենալու պատերազմի մասնակիցները և այլն։ Բայց ամենակարևորն այն է, որ զորակոչում եք մարտին անպատրաստ մարդկանց։ Ոմանք ցնցոտիներով են ու անզեն, ոմանք որոշ հանդերձանք ունեն, սակայն անզեն են, ոմանք էլ զրահաբաճկոններ ունեն և զինված են, իսկ դուք կռվելու եք տանկի մեջ նստած և թշնամուն տապալելուց հետո իշխանությունը զավթելու միակ հավակնությունն ունեք։ Ի՞նչ եք կարծում, կկարողանա՞ք զորք հավաքել և մարտի տանել։ Չեք կարողանա։

Ինչ պետք է անե՞ք։ Պատկերավոր ասած՝ պետք է նախ դուրս գաք ձեր տանկից։ Մասնատեք այն, զրահաբաճկոններ սարքեք ու բաժանեք բոլորին։ Բոլորին զինելը և հավասար պայմանների մեջ դնելը առաջին քայլն է։ Դրանով ժողովրդին պետք է երաշխիք տաք, որ ձեր տանկով չեք զավթի իշխանությունը։ Հետո պետք է ժողովրդին ցույց տաք պատերազմական գործողությունների ծրագիրը, հատկապես՝ ով է ղեկավարելու պատերազմը։ Պետք է ասեք նաև այն, թե ինչ է լինելու հաղթանակից հետո, ով է լինելու երկրի ղեկավարը, ինչպես է կառավարելու՝ ինչ սկզբունքներով և այլն։

Ուրեմն՝ պետք է լուծարեք բոլոր կուսակցությունները, գործողությունների ծրագիր ունենաք, պետք է ունենաք նաև կազմակերպչի անունը, նաև թե ով է լինելու երկրի գերագույն ղեկավարը հաղթանակից հետո։ Իշխանապոխության ելնողները պետք է իմանան այդ ամենը։ Այլապես ոչ ոք փողոց դուրս չի գա, մանավանդ որ չգիտի, թե ինչ փոփոխություն է լինելու կացութաձևի հարցում։

Ժողովուրդը ոչ մեկիդ հետևից չի գա, որովհետև դուք ոչ մի ծրագիր չունեք՝ ո՛չ գործողությունների ծրագիր, ո՛չ էլ երկիրը կառավարելու ծրագիր։  Ժողովուրդը երբեք ոտքի չի կանգնի, որովհետև ոչ մի կուսակցություն կացութաձևի ոչ մի փոփոխություն չի ցանկանում։ Եթե պահպանվելու է դեմոկրատական կառավարումն ու կապիտալիստական տնտեսավարումը, ապա ժողովուրդը մինչև կոկորդը կուշտ է դրանից և իր կյանքը չի վտանգի ամեն ինչ նույնը թողնելու համար։ 

Միայն բոլորին ձեռնտու կացութաձևն է ի զորու ոտքի հանել մարդկանց։ Ամենալավ կացութաձևը հազարամյակներ շարունակ փորձված կացութաձևն է՝ միապետական կառավարումը և ազգայնացված տնտեսավարումը։ Միապետությունը առաքինի ուսմունքի իշխանությունն է, երբ կյանքի բոլոր ոլորտները կառավարվում են առաքինի արժեքների վրա հիմնված օրենքներով ու մշակույթով։ Արքան ամենաիմաստուն, արդարամիտ և արդարադատ անհատն է, ազգային ուսմունքի ուսուցիչը և գերագույն դատավորը։ Ազգայնացված տնտեսությունը ևս բխում է ազգային ուսմունքից։ Հողը, ջուրը ընդերքը և այլն չեն կարող լինել որևէ մեկի մասնավոր սեփականությունը։ Հանքերը պետք է լինեն համազգային սեփականություն. հանկերի ամբողջ եկամուտը պետք է մտնի ազգային գանձարան։ Հողը պետք է մշակի նա, ով դրա կարիքը ունի, ընտանիք կերակրելու համար։ Ով դրա կարիքը չունի, ապա պետք է զիջի նրան, ով դրա կարիքը ունի։ Հողօգտագործումը կարգավորվելու է գյուղական համայնքի գերագույն նահապետի և նրա երկու օգնականների կողմից։ Արդյունաբերության այն մասը, որը վերաբերում է ռազմականին  և արտադրության գործիքների արտադրությանը չի կարող մասնավոր լինել։ Արտաքին արևտուրը ևս պետք է լինի պետության մենաշնորհը։ Երկրի ներսում առևտրի կազմակերպումը, ռազմավարական նշանակություն չունեցող մնացած ամեն ինչը՝ սպասարկման ոլորտը, հագուստի արտադրության և սննդի վերամշակման մանր ու միջին ձեռնարկոպւթյունները կարող էն լինել մասնավոր։

Երկրի արտաքին հարաբերությունները հիմնականում համայն հայոց Արքայի առաքելությունն է։ Արքան է որոշելու այս կամ այն ուժի կամ երկրի հետ դաշնակցելու հարցը։ Ըստ իմ կազմած ազգային սահմանադրության Արքան երկիրը կառավարելու է իր երկու խորհրդականների, 15 հոգուց բաղկացած Արքայական խորհրդի, տարբեր ոլորտների նաարարությունների և տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով, որոնցից են մարզպանները, գավառապետերն ու համայնքապետերը իրենց աշխատակազմերի հետ միասին։

©Դավիթ Միրզոյան. 28 Հունվար, 2023թ.

No comments:

Post a Comment