Friday, May 19, 2023

ՊԱՏ

 ՊԱՏ

Մեր հասարակությունը, կամ ժողովուրդը, ինչպես ուզում եք կոչեք, կարծես արդեն մահացել է։ Ես  մեզ, որպես ազգ, մշտապես համեմատել եմ հիվանդ մարմնի, ավելի ճիշտ՝ անբուժելի հիվանդի հետ, որին շարունակաբար չեն բուժել ու հասցրել են մահամերձ վիճակի։ Ավելի պատկերավոր ու մանրամասն ասած՝ մեր ազգը նման է այն հիվանդին, որը սկզբում չէր զգում, որ հիվանդ է, հետո ինչ-որ տկարություն էր զգում, բայց մտքով չէր անցնում, որ հիվանդ է, հետո խիստ տկարություն էր զգում, սակայն հրաժարվում էր ընդունել, որ հիվանդ է, հետո անկողին էր ընկել, սակայն չէր ուզում բժշկի դիմել, կարծելով թե ոչ մի լուրջ բան չկա, հետո հիվանդանոց էր ընկել, սակայն բժիշկները հիվանդությունն ախտորոշելու փոխարեն, անդադար նրա ախտանշաններն էին գրանցում և վատաբանում հիվանդին։ Հիվանդն այդպես էլ չապաքինվեց ու ի վերջո հայտնվեց վերակենդանացման բաժնում, իսկ բժիշկները շարունակում էին ախտանշաններ գրանցել ու վատաբանել հիվանդին, նրան ախտորոշելու փոխարեն։ Հետո «հանկարծ» հայտնվեց մի ինքնակոչ արտասահմանցի «բժիշկ» ու առաջարկեց իր ծառայությունները։ Հիվանդն ու հիվանդանոցի բժիշկները անմիջապես ընկան նրա ոտքերն ու ապավինեցին նրան։ Ինքնակոչ «բժիշկը», ախտորոշելու և բուժելու փոխարեն, խաբեց ու, թույներ ներարկելով, ավելի վատացրեց հիվանդի վիճակը։ Հիվանդանոցի բժիշկները շատ ուշ գլխի ընկան, սակայն անզոր էին որևէ բան փոխել կամ որևէ բան հասկացնել հիվանդին։ Բայց երբ հայտնվեց մեկը, ով գտավ ու ներկայացրեց հիվանդի հիվանդությունների պատճառն ու բուժամիջոց առաջարկեց, և՛ մահամերձ հիվանդը, և՛ հատկապես հիվանդանոցի բժիշկները մերժեցին նորահայտ անծանոթի խորհուրդներն ու առաջարկները։ Սակայն տեսնելով հիվանդի անդամալույծ ու անգիտակից վիճակը և նրան ուշքի բերելու իրենց անկարողությունը, սկսեցին հուսահատ փորձեր անել հիվանդին տեղից շարժելու և վերակենդանացման բաժանմունքից նրան դուրս հանելու համար։ Հիվանդն, իհարկե, տեղից չէր շարժվում, իսկ բժիշկները անդադար հրմշտում էին ու քաշքշում նրան։

Այս ամենը, իհարկե՝ շատ պատկերավոր։ Իրականում, ինչպես միշտ եմ ասել, մեր ազգը իր ազգային ուսմունքը՝ իմունիտետը, կորցնելու պատճառով հիվանդացել է, ավելի ճիշտ՝ զրկվել իր մարդկային դիմագծից, գազանացել ու արնախում գիշատիչ է դարձել։  Զսպաշապիկի բացակայության պայմաններում ազգովի սկսել ենք միմյանց միս ուտել ու ներքաշվել ներազգային գզվռտոցի հորձանուտը, միաժամանակ անկարող լինելով կասեցնել օտարի հարձակումները։ Միմյանց միս ուտող մարդկանց հանրությունն ինչպե՞ս կարող է կասեցնել օտարի ձեռքը։ Չի կարող։ Մենք՝ ազգովի, իմյանց այնքան ենք ատում, որ պատրաստ ենք իշխանության բերել որևէ օտարի, անգամ թշնամու որևէ գործակալի, միայն թե մեր ազգակիցներից որևէ մեկը մեզ չկառավարի։ Այս ամենի պատճառները շատ են ու շատ խորը։ Դրանց մասին բազմիցս եմ խոսել իմ տարբեր հոդվածներով ու ակնարկներով։ Ունեմ մի հսկա ուսումնասիրություն՝ «Մեր հանրահայտ ներազգային գզվռտոցի պատճառը» վեռնագրով։ Հիմա, սակայն, հարկ եմ համարում ներկայացնել մի շատ կարևոր դիտարկում-եզրահանգում, թե ինչու մեր ժողովուրդը ներկա փուլում անհույս անտարբեր է և ոտքի չի կանգնի իշխանափոխության համար։

Բաց թողնենք համընդհանուր ճշմարտություն հանդիսացող այն վաղեմի դիտարկումը, որ բոլորս «նապոլեոններ» ենք, իրականում գոռոզ ու ինքնահավան, միաժամանակ տգետ ու ամբարտավան արարածներ և այդ պատճառով չենք ընդունում մեր ազգակցի ասելիքն ու չենք համաձայնվում, եթե անգամ համոզիչ ենք համարում այն և ոչ մի լուրջ հակափաստարկ չունենք։ 

Մեր ժողովրդի ներկայիս համատարած անտարբերության արմատները շատ խորն են։ Դարեր շարունակ օտարի տիրապետության պայմաններում ապրող և իր բոլոր իրավունքներից զրկված ազգը կորցրել է սեփական երկրի հանդեպ իր պատասխանատվության զգացումը, դարձել է գլուխ պահող ու ձրիակեր։ Սովետական տարիներն ավելի խորացրին մեր ժողովրդի անտարբերությունն ու ձրիակերությունը, հավելելով դրանց նաև համատարած հանցամտությունն ու հանցագործությունը, գողական ու կիսագողական մշակույթը և այլն։ Սովետական տարիներին հաջորդած ժողովրդավարության, լիբեռալիզմի և կապիտալիզմի թունավոր միջավայրը, հատկապես իշխանավորների հանցավոր, անգամ խուլիգան, նաև տգետ գործունեությունը է՛լ ավելի խորացրեցին մեր ժողովրդի վերը նշածս արատները, հավելելով դրանց նաև այլասերվածությունը, օտարալեզությունն ու պոռնկությունը։ Մեր ժողովուրդն իր անտարբերության, գլուխ պահելու, ձրիակերության, հանցամտության, գոռոզության ու տգիտության պատճառով դեռ շարունակում է զրկանքներ կրել, եթե չասենք դժբախտություններ, և հասել է կործանման եզրին։ Անշուշտ, ինչպես մյուս բոլոր ժողովուրդները, մեր ազգը ևս բարեկեցիկ ու ապահով կյանքի՝ երջանկության, մղում ունի և բնականաբար երազում է ունենալ ազնիվ ու հոգատար իշխանավորներ։ Սակայն ի վիճակի չէ, գուցե չի էլ ուզում, ճիգ ու ջանք գործադրել, ճիշտ ընտրություն կատարելու համար։ Չէ՞ որ ճիշտ ընտրություն կատարելը ժամանակի, ուշարության, ճիգ ու ջանքի մեծ ներդումներ է պահանջում և, վերջապես, հսկա պատասխանատվություն է, որը հետագայում գուցե ավելի մեծ, անգամ ահռելի զոհաբերություններ պահանջի։ Այստեղ չմոռանանք, որ մարդիկ իրենց բնույթով ալարկոտ արարածներ են՝ ամեն ինչ անում են էներգիա խնայելու, այն անհրաժեշտից ավել չծախսելու համար, հակված չեն ժամանակ և նյութական բարիքներ վատնել, եթե դրանից պակաս են հետ ստանալու այդ ամենի արդյունքում։ Էլ չխոսենք ինքնազոհաբերությունների մասին, մանավանդ ինչ-որ վերացական, հեռավոր և ուտոպիական գաղափարների մասին։ Փաստորեն մարդիկ ամեն ինչի պատրաստ են, միայն թե ոչինչ չանեն՝ ո՛չ որևէ անօգուտ աշխատանք, ո՛չ էլ մանավանդ ինքնազոհաբերություններ։ Հետևաբար մարդիկ շատ խելամիտ կերպով խուսափում են ընտրություն կատարելուց։ Գերադասում են ընտրակաշառք վերցնել, որպեսզի ընտրություն ողջ ծանրությունն ընկնի կաշառք տվողի վրա։ Բայցև միևնույն ժամանակ բարենպաստ փոփոխություններ են երազում։ Սրանով է բացատրվում մեր ժողովրդի պարադոքսալ թվացող վարքը, երբ ընտրակաշառք է վերցնում կամ սատարում այս կամ այն ուժին, միաժամանակ երազում, որ մի առաջնորդ գա առաջ, սպիտակ ձիու վրա նստած, մինչև ատամները սպառազեն ու միայնակ հաղթի վիշապին։ Ընդ որում՝ այն վիշապին, որին հենց իրենք էին կերակրում։ Գա հաղթի, բայց իրենք ոչինչ չանեն, միայն հեռվից, մի կիսաբաց դռան արանքից նայեն ու հարմար պահի սպասեն դուրս գալու իրենց թաքստոցներից, որ վայելեն ազատ ու ապահով կյանքի պտուղները։

Չմոռանանք նաև, որ ընդհանրապես ամեն մարդ իր անձնական շահն ունի, և ոչ ոք մտադիր չէ իր անձնական ծղոտը զոհաբերել բոլորի բարեկեցության համար։ Բոլորն իրենց ժանիքներով խրվել են մյուսի կոկորդն ու, մի ահռելի գունդ ու կծիկ դարձած, գլորվում են անդունդը։ Այլևս ոչինչ չի կարող ուշքի բերել ու կասեցնել մեր ընթացքը։ Ոչ ոք ոտքի չի կանգնի ու ոչինչ չի զոհաբերի մյուսի համար։ Մեր, հատկապես անկախության շրջանի բոլոր կառավարիչները, նախագահներից բռնած մինչև վերջին առևտրականը, միայն իրենց աձնական շահը հետապնդելով, կողոպտել են մարդկանց ու խլել նրանց բոլորի իրավունքները։ Կողոպտված, իրավազրկված, անարգված ազգը երբեք իր վրա ոչ մի պատասխանատվություն չի վերցնի և ոչ մի քաղաքական պայքարի դուրս չի գա, մանավանդ որ տարիներ շարունակ, ում իշխանության է բերել, կողոպտել ու հետևաբար հիասթափեցրել են իրեն։ Գործին խանգարում են այն քաղաքական գործիչները, վերլուծաբանները կամ մտավորականները, որոնք հիվանդանոցի բժիշկների պես միայն դիտարկումներ են անում, անկապ կարծիքներ հայտնում, վատաբանում միմյանց ու ժողովրդին, սակայն խնդրի լուծման ոչ մի գաղափար չունեն։ Լավագույն դեպքում իրենց չեղած գաղափարները դրոշ են սարքել ու ջանում են մտցնել մյուսների աչքը։ Ոչ մեկի մտքով չի անցնում ուշադրություն դարձնել նրան, ով իր տարիների քրտնաջան աշխատանքի շնորհիվ բացահայտել է ազգային բոլոր խնդիրների պատճառների պատճառը և լուծում առաջարկել։ Ովքեր էլ որ բախտ են ունեցել տեղեկանալ, միայն երեսներն են թեքում ու լռության մատնում ազգի իսկական մտավորականի բացահայտումները, նրան ստվերում պահելու հանցավոր միտումով։ Ինչպե՞ս կարելի է ընդունել նրա բացահայտումներն ու լուծումները։ Ամոթ։ Թող մնա ստվերում, անհայտ ու չճանաչված։ Ինչպե՞ս կարելի է թույլ տալ, որ ինչ-որ մեկը լինի ամեն ինչ, իսկ մյուսները ոչինչ։ Չի կարելի նրան դուրս բերել ստվերից։ Թող ինքն էլ դուրս գա, եթե այդքան ամենակարողն է։ Ոչի՛նչ որ հետաձգվի ազգի փրկությունը։ Եթե երկիրը կործանվի, կկործանվի նաև ինքը։ Ինքն իրեն փրկելու համար պետք է որ անի։ Թող անի միայ ակ, հաղթահարելով մեր դիմադրությունը։ Մենք ոչինչ չենք անելու։ Էդ էր պակաս...

Ամեն դեպքում՝ ժողովուրդը ոտքի չի կանգնի հենց միայն այն պատճառով, որ շարունակաբար խաբվել ու վերջնականապես հիասթափվել է բոլորից, բոլոր քաղաքական կուսակցություններից ու անհատներից։ Ժողովուրդն այնքան է զզված նախկին ու ներկա քաղաքական գործիչներից, կառավարիչներից, վերլուծաբաններից ու մեկնաբաններից, որ պատրաստ է ապրել թուրքի հետ, միայն թե իրեն խաբածներից որևէ մեկը չգա իշխանության։ Չեմ ուզում թևաթափ անել ընթերցողին։ Միայն ներկայացնում եմ դառը իրականությունը։ Ժողովուրդն այնքան է զզված ու հիասթափված, որ նախկինները ոչ մի շանս չունեն։ Ազգը ավելի պատրաստ է հանդուրժել ներկա իշխանություններին, անգամ թուրքի հետ ապրել, միայն թե նախկինները հետ չգան իշխանության։ Տարիներ շարունակ դրանք բոլորը այնքան են կլպել ու իրավազրկել մեր ժողովրդին, որ դարձել է անհույս անտարբեր։ Ու հիմա կոպալով էլ ծեծես, ոտքի չի կանգնի։

Հիմա՝ ի՞նչ անել։ Հաշվի առնել, որ ժողովրդին հին դեմքերը միայն վանում են, որ ժոլովուրդը անգամ նոր դեմքերի հետևիից չի գնա, եթե ոչ մի նոր գաղափար,, կամ այլ կերպ ասած, լուծում չի դրվելու սեղանին, ամեն ինչ մնալու է նույնը՝ և՛ կառավարման, և՛ տնտեսավարման ձևը։ Իրականում ժողովուրդը արդեն չի վստահում ներկայիս կառավարման և տնտեսավարման ձևին, քանի որ արդեն հասկանում է, որ հենց դեմոկրատական կառավարման և կապիտալիստական տնտեսավարման կացութաձևն է իր բոլոր դժբախտությունների պատճառը։ Համընդհանուր ճշմարտություն է, որ կեղեքվածն ու իրավազրկվածը երբեք ոտքի չի կանգնի իրավազրկողին, հարստահարողին ու նրա սեփականությունը պաշտպանելու համար։ Ժողովրդին իշխանափոխության կհանի միայն նոր գաղափարը՝ նոր կացութաձևի առաջարկը, մանավանդ եթե այն միակ  ճշմատրիտ գաղափարն է։ Դա միապետական կառավարման և ազգայնացված տնտեսավարման գաղափարն է։

Նախկին ամեն ինչից ու անձանցից անհույս հիասթափված ժողովրդին միայն նոր կացութաձևի գաղափարը կարող է ոտքի հանել իշխանափոխության։ Միան նոր կացութաձևի առաջարկը կարող է ՊԱՏ-ից դուրս բերել մեզ ու ճանապարհ բացել կայուն խաղաղության ու բարեկեցության հասնելու համար։

©Դավիթ Միրզոյան. 04.04.2023թ.

No comments:

Post a Comment