Friday, May 19, 2023

ԹՇՆԱՄԻՆ ՏՆԻՑ

 ԹՇՆԱՄԻՆ ՏՆԻՑ

Ես զարմանում եմ, թե որքան անուղեղ շերտեր կան մեզանում, մանավանդ ջահելների շրջանում։ Վերջերս մի կիսագրագետ ջահել սկսեց վիճել ինձ հետ, այն պատճառով, որ գրել էի, որ չէր կարելի Արցախը դուրս հանել Հայաստանի կազմից։ «Արցախը  Հայաստսնի կազմի մեջ էլ ա՞ եղել։)))»,– հնչեց նրա առաջին ցինիկ արձագանքը։ Երբ բացատրեցի իրական պատմությունը, հետևեց՝ «ո՞նց 1989 թվականին»։ Հետո, թե՝ «Բա ես ինչի էդ մասին չգիտեի, այսինքն` բացի ձեզանից ինչի որևէ մեկն էդ մասին չգիտեր։))» Ինչ ասես սրա պես անուղեղ ու ինքնահավան զանհվածին։ Այնուամենայնիվ փորձեցի մանրամասնել, սակայն հետևեց՝ «հմմմ, փաստորեն Արցախը 1989֊ին Հայաստանի կազմում ա եղել։))) Սենց զավեշտ լսած չկաի։»

Հիմա հասկանո՞ւմ եք ինչ երևույթի հետ գործ ունենք։  Տոտալ անուղեղություն ոչ միայն ամենաստորին հանցագործ ու նախակենդանական մակարդակում, նաև կենդանական, իհարկե, բայց նաև համացանցն իրենց բնակության վայրը դարձրած լրագրողա-մրագրողական վերնախավում։ Եթե հաշվի առնենք, որ իրեն ամպերից վեր համարող ակադեմիական դիպլոմավորները ևս տհաս են, ապա պատկերը համարյա կամբողջանա։ Հենց միայն այն, որ ինտելեկտի բարձունքներում ճախրող ֆեյսբուքահայության լայն զանգվածները տարրական նախադասություն չեն հասկանում, արդեն ողբերգության նյութ է։ Օրինակ այն, որ մայրենի մեծատառերով գրում ես «ՈՎՔԵՐ ՉԵՆ ՏԱՐԱԾԵԼՈՒ, ԼԱՅՔ-ՄԱՅՔ ՉԴՆԵՆ» ու տեսնում, որ լայքեր են դնում առանց տարածելու, չգիտես ինչ մտածես, մանավանդ որ մի քանի անգամ հայտարարել եմ, որ ինձ լայքեր պետք չեն, որ ես լայքահավաք առաքելությամբ չի որ մտել եմ «ֆեյսբուք»։ Մի քանի անգամ բացատրել եմ, որ «ֆեյսբուք» մտնելու նպատակս գաղափարական հեղափոխությունն առաջ մղելն է, այլ ոչ թե սեփական տաղանդով ու նվաճումներով հպարտանալու մղումը։ Քանի անգամ ասեմ, որ հասկանալի լինի՝ «ֆեյսբուք» մտնելու նպատակս մեկն է՝ սեփական գաղափարներս ներկայացնելը, համախոհներ գտնելը, որպեսզի միասնաբար լուծենք ազգային ճգնաժամի խնդիրը։

Ի տարբերություն սրճարանային աստղայինով տարված «խելոքների» զանգվածների, ես երբեք ուրիշի կարծիքը հաշվի չեմ առել, ուրիշի գաղափարների ազդեցության տակ երբեք չեմ եղել և երբեք ուրիշների, անգամ ազգային հեղինակությունների գնահատականի կարիքը չեմ ունեցել։ Ինձ, առավելևս, չի հետաքրքրում շահել ուրիշների գնահատանքը, ուրիշների կողմից իմ գործունեության ու գաղափարների արժևորումը, անգամ նրանց ուշադրությունը և այլն։ Ես ինքնահաստատվելու, կամ սեփական արժեքս հասկանալու խնդիր չունեմ ու երբեք չեմ ունեցել։ Ինչ էլ որ բացահայտել եմ, արել եմ լուռ և միայն բերկրանք եմ ապրել դրանից։ Երբեք իմ բացահայտումներով չեմ աղաղակել, մեկ ուրիշին ճնշելու, մանավանդ նվաստացնելու կամ ահաբեկելու նպատակով։ Միապետության գաղափարներն էլ երկար ժամանակ հրապարակ չէի հանում, որովհետև համոզված էի, որ հայությունը պատրաստ չէ այն ըստ արժանվույն ընկալելու և ընդունելու համար։ Սակայն հետո հասկացա, որ եթե չասվի ու չխոսվի, ապա երբեք էլ պատրաստ չի լինի։ Վերջապես որոշեցի հրապարակել։ Հասկացա, որ ժամանակը մարդիկ են կառավարում, որ եթե այն առաջ չմղենք, ապա ժամանակն այդպես էլ տեղում կմնա։

Ինչևէ... «ֆեյսբուքում» իմ գործունեության հենց սկզբից հայտարարել եմ, որ իսկական հեղափոխությունը գաղափարական հեղափոխությունն է, որ իսկական առաջնորդը գաղափարն է, որ առաջնորդում է առանց առաջնորդի։ Ասել եմ նաև, որ նրանք, ովքեր գաղափարն ընդունելուց հետո չեն տարածում այն, ապա կասեցնում են հեղափոխությունը, հետևաբար հեղափոխության թշնամիներն են։

Գաղափարական հեղափոխությունը կասեցնելը ոչ միայն հետ է պահում այն, այլ նաև դեպի անդունդն է գլորում երկիրը։ Դա չնկատելը և, կրավորական կեցվածք պահպանելով, հեղափոխությունը կասեցնելը գուցեև մտավոր տկարության նշան լիներ, եթե չլինեին ռեալ գործունեություն ծավալելու ինձ ուղղված հորդորները։  Պարզ ասած, ոմանք համառորեն չեն հասկանում մարտավարությունս և փորձում են ինձ գործի դնել, «ռեալ» գործունեության մղել ինձ, առաջնորդելու ժողովրդին։ Շատերին թվում է, թե առաջնորդը ամբոխավարն է, գործունեությունն էլ՝ փողոցային հեղափոխությունը։ Ես ձեզ համար ո՛չ ամբոխավար եմ, ո՛չ էլ կողմ եմ փողոցային հեղափոխությանը։ Մի քանի անգամ բացատրել եմ, որ առաջնորդ նշանակում է գաղափարական ուսուցիչ, իսկական հեղափոխությունն էլ գաղափարական հեղափոխությունն է, որ հնարավոր է անել համացանցով։ Համացանցով գաղափարական հեղափոխությունը իմ ամբողջ գործունեությունն է և իմ մարտավարությունը։ Եթե բոլորն ընդունեն գաղափարս՝ միապետության վերականգնումը, ապա հեղափոխությունն ավարտված կլինի։ Գաղափարական հեղափոխության ավարտից հետո, կամ ավելի պարզ՝ գաղափարափոխությունից հետո միայն կարելի է անցնել իշխանափոխության փուլին, որն իրականում իշխանության անցումն է նոր քաղաքական ուժի ձեռքը, մեր դեպքում՝ կիսաօրինական ճանապարհով «ընտրված» իշխանավորներից ազգային ուսմունքի կրող վերնախավին։

Թե երբ կլինի այդ իշխանափոխությունը, ևս մեկ անգամ կրկնելու կարիք կա։ Իշխանափոխությունը կլինի միայն գաղափարափոխությունից հետո։ Որքան շատ լինի գաղափարափոխված մարդկանց տոկոսը այնքան անարյուն ու հանգիստ կկատարվի իշխանափոխությունը։

©Դավիթ Միրզոյան. 05 Հունվար, 2023թ.

No comments:

Post a Comment