Friday, May 19, 2023

ԳՐԱՄՈԼՈՒԹՅՈՒՆ

 ԳՐԱՄՈԼՈՒԹՅՈՒՆ

Բոլորն են նկատել, որ մարդիկ հիմա գիրք չեն կարդում։ Եթե անգամ կարդում են, ապա միայն արտասահմանյան, օտար հեղինակների գրքեր։ Գիրք ասելով, իհարկե, գեղարվեստական երկ նկատի ունեմ՝ վեպ կամ գոնե ծավալուն պատմվածք։

Պատճառները շատ են։ Դրանցից են հոգևորի համատարած բացակայությունը, կապիտալիստական մրցավազքի և դրա հետևանքով մարդկանց միջև թշնամանքի պատճառով, նաև, իհարկե, ժամանակի բացակայությունը, գունագեղ ու դինամիկ իրադարձություններով լի կինոժապավենների առկայությունը, եթե չասենք հեղեղը, համացանցում դրանց  մատչելիությունը, նաև, իհարկե, համացանցում տարբեր բնույթի ճոխ ու գունագեղ տեսահոլովակների անսահման առատությունը և այլն։ Սոցցանցերում միմյանց հետ շփվելու հնարավորությունը ևս մեծ գործոն է։ Չէ՞ որ միմյանց հետ հոգեհարազատ մարդկանց շփումը վեր է ամեն ինչից։ 

Հազարավոր տարիներ առաջ, երբ գրքեր չկային, մարդիկ բավարարվում էին մտքեր փոխանակելով ու այդպես էին առաջ մղում իրենց հոգևոր զարգացումը, կամ բերկրանք ստանում իրենցից բանիմաց մարդու հետ շփվելով, լսելով նրա մտքերը, գաղափարները, ծանոթանալով նրա ներաշխարհին և խորացնելով սեփականը։

Բայց եկավ ժամանակ, երբ իմաստուն մարդիկ շատ պակասեցին, և ամեն քայլափոխի անհնար էր հանդիպել նրանց ու զրուցել։ Իմաստուններն էլ, հայտնվելով մեկուսացման մեջ, սկսեցին գրի առնել իրենց մտքերը, որպեսզի, նախ, չմոռանան ու չկորցնեն իրենց գլխում ծագած արժեքավոր դիտարկումները, գաղափարներն ու բացահայտումները և կարողանան փոխանցել դրանք իրենց ժամանակակիցներին և հաջորդ սերունդներին։ Չէ՞ որ դա առաջընթացի միակ շարժիչ ուժն է՝ հաջորդ սերունդներին փոխանցել նախորդ սերնդի կատարած բացահայտումները, որպեսզի հաջորդ սերունդը տեղում չդոփի, անդադար նույն բացահայտումները չանի, կարողանա ավելի խորացնել իր աշխարհճանաչողությունը։ Նկատենք, որ բացահայտումներ անում են միայն անհատները։ Իսկ անհատի կյանքը անսահման չէ։ Անհատն իր սահմանափակ կյանքի ընթացքում չի կարող անսահման բացահայտումներ անել։ Ամեն անհատ կարող է միայն մի քանի քայլ առաջ  տանել աշխարհճանաչողության սահմանները։

Մարդիկ սկսեցին կարդալ իմաստունների գրած գրքերը և կրթվել ու հարստանալ։ Հնում գրքերը շատ սահմանափակ էին և հիմնականում ուսմունքային դրույթներ էին պարունակում։ Մարդկանց լայն զանգվածների համար ուսմունքային դրույթների ուսուցանումը մատչելի ու հետաքրքիր դարձնելու համար, դրանք ներկայացվում էին երկխոսություններով և իրադարձություններով լի պատմությունների և էպոսների տեսքով։ Շատ ավելի ուշ, հատկապես տպագրության գյուտից հետո, սկսվեց տարբեր բնույթի զվարճալի պատմությունների, անգամ վեպերի արտադրությունը, որը սարի գագաթից ցած գլորվող ձնեգնդի պես, մեծացավ, արագացող արագացումով հասավ սողանքի, լցվեց մարդկանց գլխին ու իր անսահման թվացող ծավալի տակ թաղեց ամբողջ մարդկությանը։ Գրքերի քանակությունն այժմ այնպիսի ծավալների է հասել, որ մարդը ի վիճակի չէ կարդալ անգամ սեփական ազգի գրողների թողած գրական ժառանգությունը։ Չնայած, մեր հայ ազգային գրականությունն այնքան մեծաքանակ չէ, որքան մյուս ազգերինը, այնուամենայնիվ, մեկ մարդու համար անհնար է կարդալ և ուսումնասիրել այդ ամենը, մանավանդ որ համացանցի հեղեղը ժամանակ չի թողնում այդ ուղղությամբ մտածելու համար։

Բայց կա ևս մեկ գործոն՝ մեր անսահման գոռոզությունը։ «Ինչպե՞ս թե գրիք կարդալ, ո՞ւմ գրածը, սեփական ազգակցի՞, այն էլ ժամանակակցի՞, էդ էր պակաս, էդ ո՞վ եղավ, որ կարդամ դրա գրածը, ես էլ կարամ գիրք գրեմ, ես էլ եմ համալսարան ավարտել, դա ինձանից ինչո՞վ ա ավել, որ», կկարդաս շատերի թունավոր հայացքներում, խոսքում և վարքում։ Եվ իրոք՝ շատերն են դիպլոմավոր, գրաճանաչ և այլն։ Կարդացած են։ Ճանաչում են հայտնի բանաստեղծներին։ Ծանոթ են նրանց գրական ժառանգությանը։ Ոմանք անգամ անգիր գիտեն նրանց որոշ հայտնի ստեղծագործություններ։ Հետևաբար կարող են և կրկնօրինակել։ Ու անում են։ Ամեն օր հեղեղի պես դաշտ են նետվում բանաստեղծություններ-մանաստեղծություններ և այլն։ Կարևոր չէ, ուսանելի ու կարևո՞ր է ասելիքը, թե՞ ոչ։ Միայն թե լցոնեն, «որքան շատ, այնքան լավ» նշանաբանով։ Համացանցում գրառումների, բացահայտումների, վերլուծությունների, սեփական կարդացածությունը, տեղեկացվածությունն ու ինտելեկտի փայլատակումները ցուցադրող գրառումների ու մեկնաբանությունների պակաս չկա։ Ամեն օր հայ օգտատերերը նորանոր նվաճումներ են գրանցում ու անձնական ռեկորդներ սահմանում սոցցանցերում։

Բայց դժբախտությունը միայն համացանցով չի սահմանափակվում։ Ամեն, իրեն հարգող «գրագետիկ», հարկ է համարում գիրք գրել։ Եվ որքան ծավալուն, այնքան լավ։ Չէ՞ որ անողոք մրցակցային դաշտում ինքնահաստատվելու, ուրիշների, նաև սեփական աչքում սեփական վարկը բարձրացնելու և բարձր պահելու խնդիր կա։ Դարձյալ՝ կարևոր չէ, թե ինչ կարևրության ասելիք ունեն, կամ ունե՞ն ընդհանրապես որևէ ասելիք, թե՞ ոչ։ Միայն թե գրեն ու գիրք սարքեն, մխրճեն ազգային գրականության նմուշների ցանկիի մեջ, խցկվեն հայ գրողների շարքերն ու անձեռակերտ հուշարձան դառնան հետագա սերունդների համար։ Եվ քանի որ շատ են նման գրող, ավելի ճիշտ՝ մրողները, նաև սեփական ազգակցի գրածը առանց կարդալու արհամարհող ու նվաստացնող գոռոզները, ապա ոչ ոք ոչինչ չի կարդում։ Ճիշտն ասած կարդալու արժանի շատ բան էլ չկա։ Ի՞նչը կարդան։ Քաղաք եկած, համալսարան ավարտած միլիոնավոր գեղացիների կյանքի պատմությո՞ւնը, հիշողություննե՞րը, այս կամ այն գրողի կամ բանաստեղծի ոճի ընդօրինակումները, եթե չասենք կապկումը, թե՞ այս կամ այն գիտական ոլորտում ուսումնասիրությունները, որնք շատ դեպքերում պարզապես «հեծանիվ հորինել»-ուց շատ առաջ չեն, թե՞ հիանաս մեր անցյալի գրողների վեպերի միջակից ցածր որակի վերապատմումներով, կամ կիսաֆանտաստիկ պարզունակ ու զգացմունքային զեղումներով լի վեպերով, կամ գուցե հռոմեական անցյալի իրական և կիսահիվանդ ու այլանդակ կայսրերի կյանքի իրադարձությունների «գեղարվեստական» շարադրանքներով և այլն։ Հայ գրականության մեջ վերջին լուրջ ու լայնածավալ վեպը Սերո Խանզադյանի «Մխիթար սպարապետ»-ն է։ Ամեն դեպքում մեծ ասելիք պարունակող գրական երկ չկա հայ գրականության մեջ, մանավանդ նախորդ դարավերջի և ընթացիկ ժամանակաշրջանի։ Հայ «մտավորականությունն ընդհանրապես ոչ մի ասելիք չունի. էլ ուր մնաց՝ կարևոր ասելիք, գոնե համազգային նշանակության ասելիք։ Համաշխարհային նշանակության ասելիքի մասին էլ չխոսենք։ Հայ «մտավորականությունը» գավառական մակարդակից չի կարող ավելին լինել։ Զարմանալու ոչինչ չկա։ Հայ գրող-մրողները գավառական ծագում ունեն։ Դրանց լավագույն նվաճումը օտար հեղինակների կամ մեր միջնադարյան անցյալի հեղինակների մտքերն ու ոճը կապկելն է եղել։ Գավառական ծագումը դեռ ոչինչ։ Գոնե անկեղծություն ունենային և գոռոզության բացակայություն, ինչպես Թումանյանը։ Քաղաքում ինքնահաստատվելու մոլուցքով տարված, ամեն ինչի ընդունակ գեղաբարո, լավագուն դեպքում քաղքենի, զանգվածը միայն աղտոտում ու հետ է պահում հայ գրականության ու հայ մտքի առաջընթացը։

Հետրևաբար շատ մեղադրելու չէ, որ աճող սերնդին պատկանող որոշ եզակի երիտասարդներ, որքան էլ ցանկանան, միևնույն է, մրցունակ հայ գրականություն չեն կարող գտնել։ Ստիպված կա՛մ Գուրջիև են կարդում, կա՛մ Մարկես, կա՛մ Կոելո։

Ու երբ առաջարկում ես կարդալ, անգամ պատրաստ էս նվիրել գրածդ վեպը, ոչ մի հետաքրքրություն չի առաջանում ոչ մեկի մոտ, քանի որ հայ գրականությունը և հայ գրողները գավառական, միջակից ցածր աստիճանի համբավ են վաստակել հայ ժողովրդի մոտ։ Ճիշտ է՝ ընթերցողների քանակը շատ ավելի է պակասել վերջին տասնամյակում։ Սխալված չեմ լինի եթե ասեմ, որ ընդհանրապես չկա որևէ մեկը, ով հետաքրքրվի որևե բան կարդալ հայ գրականությունից, մանավանդ ժամանակակից հեղինակի որևե գործ։ Անգամ նրանք, ովքեր ձեռք են բերել ու կարդացել վեպիս առաջին հատորն ու հիացմունքի արձագանքներ են ուղղել ինձ, այժմ չեն էլ ուզում նվեր ստանալ երկրորդ հատորը։ 2013 թվականից ի վեր աղետալի անկում։ Ուրիշ կերպ անհնար է որակել երևույթը։ Փաստորեն, որքան շատանում են գրամոլները, այնքան պակասում են ընթերցողները։ Գրամոլ միջակությունները, հետևաբար, այնպիսի ահռելի և բազմակողմանի վնաս են պատճառել, որ   գուցե երբևէ անհնար լինի դասակարգել ու ներկայացնել։ Իրենց միջակություններով ու ինքնագովազդով էթերը աղտոտելուց և արժեքավոր ստեղծագործությունները ստվերելուց, եթե չասենք սև տապանաքարի տակ կորցնելուց բացի սասանել ու ջարդուփշուր են արել հայ ընթերցողի հայ գրականության և սեփական ազգի հանդեպ ակնածանքն ու հարգանքը։

Իմ «Վերածնունդ» վեպի երկրորդ հատորում շատ ավելի մանրամասն եմ ներկայացրել հայ գրող-մրողների կողմից հայ ազգին ու գրականությանը պատճառած վնասի բնույթն ու ծավալը։

Գյուղից քաղաք ներհոսքը բնական գործընթաց է, սակայն չի կարելի թույլ տալ որ գյուղացին միանգամաից բարձրագույն դիպլոմ ձեռք բերի և մրցավազքի ու պայքարի մեջ մտնի քաղաքաբնակ ինտելեկտուալների հետ։ Այդ պայքարը իր էությամբ հակազգային է ու շատ կործանարար, մանավանդ երբ քաղաքացի ինտելեկտուալները հավասարի պես են վերաբերվում գյուղացիներին։ Ճիշտ են ասում, որ ստորակարգ արարածները, երբ հարգանքով ես վերաբերվում, նստում են գլխիդ, և այլևս ոչ ոք չի կարող դրանց իրենց տեղը վերադարձնել։  

©Դավիթ Միրզոյան. 22 Ապրիլ, 2023թ.

No comments:

Post a Comment