Friday, May 19, 2023

ԻՄ ՀԱՄԱԽՈՀՆԵՐԻՆ

 ԻՄ ՀԱՄԱԽՈՀՆԵՐԻՆ

Եթե իսկապես պատրաստ եք մարտնչել երկիրը կործանումից փրկելու համար, ապա ամեն ինչ դեռ կորած չէ։ Կարելի է գործել։ Սակայն գործել չի նշանակում անպատրաստ մղվել ռազմի դաշտ։ Պետք է նախապատրաստվել ճակատամարտից առաջ՝ զորք հավաքել, զինել այն և այլն։ Հետախուզել ևս պետք է։ Չնայած համարյա ամեն ինչ պարզ է՝ թե ով է թշնամին, որտեղ է, ինչ ուժեր ունի, ինչ միջոցներ, ինչ ծրագրեր, ինչպես է իրագործում, ում միջոցով և այլն։ Ներկա իրաիճակում մենք, ցավոք սրտի, դեռ բանակ հավաքելու փուլում ենք։ Հետևաբար ոչ մի կարիք չկա հրազենի դիմել կամ անզեն փողոց դուրս գալ. նկատի ունեմ բարձրախոսով, պլակատներով և այլն։ Ներկայումս գաղափարական հեղափոխության փուլն է՝ հարկավոր է առաջ տանել գաղափարական հեղափոխությունը։ Երբ բավարար թվով մարդիկ հավաքվեն ու պատրաստ լինեն փողոց դուրս գալ, ապա կարելի է անցնել իշխանափոխության փուլին։ Ի՞նչ պետք է անել հիմա։ Հիմա պետք է պարզապես ամեն օր սեփական ֆեյսբուքյան էջը ողողել միապետության գաղափարներով, այսինքն՝ միապետության գաղափարի հետ սեփական համաձայնությամբ և հիմնավորումներով. կարելի է հավելել ազգային սահմանադրությունից հատվածներ, հատկապես դրոշն ու զինանշանը և այլն։ Միապետությունից բացի կարիք չկա այլ անկարևոր նյութեր փակցնել։ Դա միայն խանգարելու է և թուլացնի գաղափարի ուժը։

Միանգամայն հասկանալի է, որ մարդիկ շտապում են՝ արագ լուծումներ են ուզում և ինձ հորդորում են կտրուկ գործողությունների անցնել։ Նախ պետք է նկատեմ, որ 2010 թվականից ի վեր ֆեյսբուքում տարածում եմ գաղափարներս և տասերեք տարի շարոինակ նույն բանն եմ լսում՝ «ժամանակ չկա»։ Եթե իսկապես գտնում եք, որ ժամանակ չկա, ապա կատարեք այն, ինչ ասում եմ։ Մի քանի անգամ ասել եմ՝ գաղափարն իմն է, մարտավարությունը ևս։ Եթե ուրիշ գաղափար ունեք, կամ ուրիշ մարտավարություն՝ ավելի արագ և արդյունավետ մարտավարություն, ապա անցեք իրագործելու։ Ինձ մի սպասեք. Մի էլ հորդորեք ինձ։ Միապետությունը՝ երկրի փրկությունը, ինձ համար չէ, այլ ձեզ համար։

Եթե ոչ մի ուրիշ գաղափար ու մարտավարություն չունեք, իմ առաջարկն էլ մերժում եք, ապա կնշանակի գերադասում եք գլորվել անդունդը։ Ես դեռ 88-ից զբաղված եմ եղել ազգային ճգնաժամի պատճառները բացահայտելու և լուծումներ գտնելու գործով։ Գտել եմ, գրել ու հրապարակել եմ, երբ հնարավորություն եմ ունեցել։ Ավաղ մինչև 2010 թվականը «Ֆեյսբուք»-ի պես հնարավորություն չկար։ Հիշեցնում եմ, որ բոլոր ԶԼՄ-ները խուլիգան փողատերերի սեփականությունն էին և դեռ են։ Հետևաբար իմ միակ հնարավորությունը, իմ միակ և ամենազորեղ զինատեսակը «Ֆեյսբուքն» է։ Ցավում եմ, որ դուք «Ֆեյսբուքը» սեփական նվաճումներն ու արժանիքները ցուցադրելու նպատակով եք օգտագործում։ Ովքեր էլ որ «լայվ»-եր են անում ու տարածում, կամ դեսից-դենից լուրեր ու բացահայտումներ են փակցնում, անում են դա հիմնականում իրենց արժեքը բարձր ցուցադրելու նպատակով։ Եթե անգամ տարբեր լուրերի ու բացահայտումների ձեր նպատակը ժողովրդի մեջ իրազեկություն տարածելն է, ապա այդ ամենը անիմաստ է, եթե ազգային ճգնաժամի լուծումն ու իշխանափոխութան համար պայքարի հանգուցալուծումը չեք պատկերացնում, այսինքն, չգիտեք ինչով է պետք փոխարինել տիրող կացութաձևը, կամ եթե իշխանափոխություն ասելով, միայն մարդափոխություն եք պատկերացնում։

Ամեն դեպքում, եթե չունեք նոր կացութաձևի առաջարկ, ապա կատարեք այն, ինչ ասում եմ։ Բայց գուցե մտածում եք, թե արդեն շատ ուշ է, ամեն ինչ իզուր է, բանը բանից անցել է և այլն։ Իսկ գուցե դա նրանից է, որ ալարում եք, կամ գոռոզությունից դրդված չեք ուզում կատարել ուրիշի հրահանգները։ (Ի դեպ, ոչ ոք չի ստիպում ձեզ, չի էլ կարող, բայց մի մոռացեք, որ երկիրը ձերն է, կործանվողը դուք եք. եթե թուրքերը մտան, կոտորելու են ու բռնաբարեն ձեզ ու ձեր կանանց ու աղջիկներին)։ Իսկ գուցե կարծում եք, թե համացանցում գաղափարներ տարածելը անօգո՞ւտ է։ Այդ դեպքում պետք է հիշեցնեմ, որ բոլոր ԶԼՄ-ները չեն զլանում իրենց գործունեությունը ծավալել նաև ֆեյսբուքում, առավելապես ֆեյսբուքն ու համացանցը ամեն օր ողողում են իրենց նյութերով։ Ես կասեի՝ համացա՛նցն են համարում ամենաակտիվ ու արդյունավետ միջավայրը, շա՛տ անագամ ավելի արդյունավետ քան իրենց տնօրինած ԶԼՄ-ները։ Թշնամին անխելք չէ։ Համացանցում են մարդկանց մեծամասնությունը։ Անխելքը մենք ենք։ Հենց այդ անխելքներն են ինձ հորդորում հեռուստացուցով հարցազրույցներ տալ կամ սեփական ռադիո կամ հեռուստաալիք ունենալ։ Նախ՝ ինձ ոչ ոք չի հրավիրել հարցազրույցի։ Չեմ զարմանում իհարկե, որովհետև թշնամին չի կարող ինձ հարցազրույցի հրավիրել։ Ինչևէ... նկատեք, որ անգամ ԶԼՄ-ները հաճախ հրապարակում են ֆեյսբուքյան օգտատերերի գրառումներ։ Մի քանի տարի առաջ իմ գրառումները ևս հրապարակավ կարդում էին հեռուստաալիքներով։ Սակայն երբ նկատեցին, որ իրենց համար վտանգավոր գրառումներ եմ հրապարակում, դադարեցին։

Հուսով եմ պատկերացրեցիք իրավիճակը։

No comments:

Post a Comment