Friday, May 19, 2023

ՄԻԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՎՈԼՅՈՒՑԻԱՆ

 ՄԻԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՎՈԼՅՈՒՑԻԱՆ

Սկզբում՝ պալեոլիթից ի վեր, ցեղի առաջնորդը, եղել է  ցեղի հիմնականում ռազմական  առաջնորդը, քանի որ նա էր ցեղի պաշտպանության, հարևան ցեղերի հետ հարաբերությունների, սեփական ցեղի սննդի ապահովման, նաև նրա ներքին խնդիրների պատասխանատուն ու երաշխավորը։ Աճող սերնդի նախնական դաստիարակությունը ցեղի մեծ մոր ուսերին էր։ Այստեղից էլ՝ մատրիարխատը։

Բայց երբ ցեղը մեծացավ՝ անդամների քանակը շատացավ, և ներցեղային փոխհարաբերությունները սկսեցին բարդանալ և դուրս գալ ցեղի առաջնորդի ուշադրության շրջանակից, ապա առաջացավ լրացուցիչ կառավարիչներ ունենալու անհրաժեշտությունը։ Ցեղը բաժանվեց գերդաստանների, և գերդաստանի նահապետները իրենց վրա վերցրեցին իրենց գերդաստանների կառավարումը։ Փաստորեն Ցեղը դարձավ համայնք։ Հետո համայնքները ավելի մեծացան։ Ներհամայնքային փոխհարաբերություններն ավելի բարդացան, առաջացավ աշխատանքի բաժանում և այլն։ Համայնքի առաջնորդի դերն ավելի ծանրացավ։ Առաջ եկավ ռազմական՝ համայնքի պաշտպանության, և այլ ներհամայնքային խնդիրները կառավարելու գործառույթները միմյանցից անջատելու անհրաժեշտություն։ Կառավարիչներն ավելի շատացան։ Նրանց գործառույթներն ավելի բարդացան ու դարձան ավելի բազմազան։ Փաստորեն՝ աստիճանաբար առաջացավ երկրի կառավարման ներկայիս համակարգը՝ համայնքի գաղափարական առաջնորդի՝ համայնքի գերագույն նահապետի, գլխավորությամբ։ Համայնքի գաղափարական առաջնորդի գործն էր վերահսկել համայնքի ողջ անց ու դարձը՝ ռազմական թևը, ներքին խնդիրները, տարբեր գերդաստանների միջև վեճերը, արտաքին առևտուրը և այլն։

Հետագայում շատ փոփոխություններ եղան։ Ուսմունքի, աստղագիտության և այլ ոլորտների մասին գիտելիքների ծավալի և բարդության աճին զուգընթաց, աճեց այդ ոլորտների կառավարիչներ ունենալու անհրաժեշտությունը։ Սկզբում արքան վերահսկում էր բոլոր ոլորտների կառավարիչներին, բայց հետո արդեն արքայի՝ ազգի առաջնորդի ինստիտուտը մեծ ճեղքվածք տվեց. այն բաժանվեց երկու մասի՝ աշխարհիկ և հոգևոր։ Հոգևոր գործառույթները իր վրա վերցրեց հոգևոր առաջնորդն, ու աշխարհիկ կառույցին զուգահեռ առաջ եկավ հոգևոր կառույցը, որը հետագայում վերածվեց կրոնականի։

Մինչ այժմ եղած բոլոր թագավորություններում դարեր շարունակ Արքան՝ ազգի առաջնորդը, հիմնականում կենտրոնացած է եղել ազգի պաշտպանության, ներքին անվտանգության, ընդհանրապես ամբողջ աշխարհիկ կյանքի վրա, հոգևորի, թաքնագիտության, աստղագիտության, տոմարի, գյուղատնտեսության, արտաքին առևտրի և այլ ոլորտներ հանձնած առանձին մասնագետներին։

Իմ առաջարկած համակարգում արքան լինելու է ազգի գաղափարական առաջնորդը։ Առանձին հոգևոր ոլորտ, կամ կրոն չի լինելու։ Հոգևորը ազգի արժեհամակարգի, ազգի անելիքների և նպատակների մասին գիտությունն է։ Հոգևորն, ընդհանրապես, դիմացինին չվնասելու արվեստն է։ Փաստորեն իմ համակարգում արքան լինելու է գաղափարական առաջնորդը, ով ազգային ուսմունքի կրողն է և ուսուցիչը, գերագույն օրենսդիրն ու դատավորը, քանի որ ազգային ուսմունքի մասն է օրենսդրությունը։ Ուսմունքն, ընդհանրապես, բաղկացած է արժեքներից, արժեքների համակարգից բխող ազգի անելիքներից՝ պատվիրաններից և օրենքներից, ազգի նպատակներից, ընդհուպ մինչև գերնպատակը։

Իմ արքան ունի երկու խորհրդական՝ իր ամենամտերիմ զինակիցները՝ ուսմունքի գիտակները։

Կա նաև արքայական խորհուրդ՝ ծերակույտ՝ ուսմունքի գիտակների և համախոհների ամրակուռ կորիզ, որը երկրի համար և՛ աշխարհիկ, և՛ հոգևոր ոլորտի կարևորագույն խնդիրներ քննարկող և արքային խորհուրդներով աջակցող մարմին է։ Չմոռանանք, որ չի կարելի տարանջատել աշխարհիկն ու հոգևորը։ Բնության մեջ չկա նման տարանջատում։ Հետևաբար չպիտի լինի նաև երկրի կառավարման համակարգում։  

Բացի ծերակույտից, կա նաև երկրի աշխարհիկ ոլորտները կառավարող նեղ մասնագետ-կառավարիչների մարմին։ Արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, արտաքին առվտուրը, կրթությունը, բժշկությունը, լրատվությունը, տրանսպորտը և այլ ոլորտներ կառավարող կառույցները կոչվելու են վարչություններ, իսկ այդ բոլորին համակարգողը՝ վարչապետ։

Զինված ուժերի, ներքին գործերի և անվտանգության ոլորտների կառավարիչները կկոչվեն նախարարներ և անմիջապես կզեկուցեն Համայն Հայոց Արքային։

Արքան կունենա նաև իր և իր ընտանիքի անվտանգությունը ապահովող թիկնապահ գունդ, որի հրամանատարը ուղղակիորեն ենթարկվում է Արքային։

©Դավիթ Միրզոյան. 19 Մարտ, 2023թ.

No comments:

Post a Comment